Աղմկում է իմ սրտում...

Աղմկում է իմ սրտում...


Աղմկում է իմ սրտում ամեն գիշեր մի կարոտ,
Աղմկում է որպես խուլ ու հեռավոր մի քամի,
Աղմկում է մինչև լույս, գանգատվում է վարանոտ
Ու ժամերն է հաշվում իմ, վայրկյանները մի առ մի։

Գիշերի մեջ լռանիստ աղմկում է անորոշ,
Խո՜ւլ ծփում է իմ սրտում, և ուղեղում, և հոգում.
Ու թվում է, թե նրա երգը ուրի՜շ, մի՛ ուրի՜շ
Աշխարհից է մոտենում հեռուներին իմ հոգու։

Զարթնում է մեջս հանկարծ հազարամյա մի քաոս,
Ծփում է հորդ, տարուբեր, օվկիանի պես վարար,
Ժամանակի պես անդեմ, մշտահոլով, մշտահոս,
Զառանցանքի պես շփոթ, ու անհաստատ, ու խավար։

Հնչում է մերթ, որպես երգ անծայրածիր մշուշում,
Հիվանդ մանկան պես անօգ՝ մերթ գանգատվում է կամաց,
Ու ոռնում է մերթ տխուր, հուսակտուր, որպես շուն՝
Լուռ, լուսնկա ու անդորր գիշերի մեջ միգամած։

Եվ լսում է իմ հոգին երգը այդ մութ քաոսի,
Շփոթ աղմուկը նրա, ոռնոցները կատաղի.—
Եվ ես գիտեմ, որ այդպես պիտի իմ կյանքը հոսի
Մինչև մարի հավերժի օվկիանի մեջ աղի...