ԱՂՋԻԿԸ ՔԱՅԼՈՒՄ Է


Ինչ գեղեցիկ է աղջիկը քայլում
եւ ինչ հպարտ է իր գեղեցկությամբ։
Նա հպարտ է, որ
գարուն է արդեն,
որ արեգակը վերից նայում է
         այնքան սիրալիր
ու ինքնամոռաց,
որ այս փողոցը ծաղիկներ ունի,
որ իմ քայլերը համահնչյուն են
այդ ամենի հետ...
Հպարտությունը՝ նռած կրծքերում,
խոնարհության մեջ,
        վառվող աչքերում,
հայացքո՛ւմ,
սրտո՛ւմ...
Անցնում է այնպես շքեղ, վեհագեղ,
Ասես ամենքը՝
երկրագնդի բոլոր ծայրերից,
կանգնել այդ պահին, նայում են իրեն...
Ժպտում է թեթեւ, ոչ թե սակայն ինձ,
անցնում-գնում է՝
մոլորությունս պահած աչքի տակ...
Թթու խոսքերի բառ ու խրատով,
ես ինձ հրելով տանում եմ հեռու.
նոր սիրո համար ես արդեն չկամ։
Իմ այս տարիքում իրավունք չունեմ
այսքան մեղավոր նայելու այնքան
անմեղ աղջկան:
Դա ինձ չի սազում։
Սակայն եւ այնպես -
ի՜նչ գեղեցիկ է աղջիկը քայլում
եւ ի՜նչ հպարտ է իր գեղեցկությամբ։