ՇՈԳԸ


Փշուր-փշուր ստվերի մեջ ծանոթ ծառի
Կանգ է առել
Շոգից փախած մի լավ աղջիկ։
Արեւի տակ գժված ծառի տերեւները
Թվում է, թե էլ չեն շնչում,
Եվ աղջիկը
Բռնում մի ճյուղ,
Քամհարում է շոգն ամառվա։
Ինձ էլ մի քիչ զով է ընկնում։
Ծուռ աչքով է նրան նայում ինչ-որ քեռի։
Քեռին ինչ որ թերթ է բացել
Իբրեւ՝ կարդա,
Բայց այդ թերթի տողերի մեջ
աղջիկն է նույն,
որը ահա
Անփութորեն ետ է գցում իր վարսերը,
Որ դիպչում են
(«Ներողություն քեռի, ներիր»)
Դեմքին քեռու
(«Ոչի՛նչ, ոչի՛նչ»)։
Եվ կրծքի տակ, որքա՜ն զսպել,
Սուրբ բերկրանքի հորդացումից
Մշուշվում են աչքերն այդ անմեղ քեռու,
Նա հանում է ակնոցները,
Սրբում,
Սրբում...
Քեռին քանի բառ է փորձում լեզվի վրա՝
Քարերի պես ծանր-ծանր,
Բառերը նա շուռ է տալիս իր մտքի մեջ,
Որ գոնե խոսք ասած լինի,
Բայց չի ստացվում։

Չսպասելով նա իր ուզած ավտոբուսին,
Պատահական մի «համարով»
Հեռանում է՝
Չիմանալով ուր է գնում.
Փրկություն է փնտրում շոգից,
Որ ներսից է այրում արդեն։
Չմոռանամ հիշեցնել,
Որ այն քեռին ես չեմ, երբե՛ք։

Փշուր-փշուր ստվերի մեջ ծանոթ ծառի
Կանգ է առել
Շոգից փախած մի լավ աղջիկ։