Տես նաև Աղվեսը (պատկերազարդ)

ԱՂՎԵՍԸ


Աղվեսն եկավ բարձըր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

5 Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պըտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կըտըրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.
10 «Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծըռել վըզին,
15 Աչք է ձըգել մեր խորոզին...
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ...
Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ
20 Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

25 Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներըդ կարճ ու խիստ վազան,
Շըներն ամեն քեզ չըհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

1906