Աղվես և թղթատար գայլ
ԱՂՎԵՍ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼ
Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այս չափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար: Եվ ոչ շուն և ոչ մարդ քեզ չպիտի նեղեն»: Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները, և մարդիկ և նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր»:
Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»: