ԻՇԽԱՆԱՎՈՐ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ

Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն, և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե չկա իրավունք, որ հայրն առնի հարսին: Եվ նա չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «Ինչու աշխարհի յոթանասուներկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի:

Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս, կարող ես անել»: