***

Ամանոր է։ Մարդիկ փորձում են ուրախանալ։ Մեկի մոտ ստացվում է այդ խաղը, գրեթե բնականին նման, մեկի մոտ ջղաձգության վերածվում, մեկի մոտ... Չգիտեմ։
- Բարի լույս...
Աստված ինձ հետ է։ Չի լքելու, անգամ եթե դու լքես։ Բայց դու էլ չես լքելու, որովհետեւ ես Աստծու խոսնակն եմ ու գիտեմ, որ... ինքդ քեզանից վախենալուց է, որ փախչում ես։ Բայց՝ ո՞ւր...
Աշխարհի բոլոր ճանապարհները մենք անցել ենք միասին, մենք մշտապես քայլում ենք մի ճանապարհ։ Բազմաճանապարհ։ Եվ մեր անցած հազարավոր ճանապարհներից գոնե մեկը չենք անցել։ Ճանապարհը միշտ նոր է ու միշտ չգնացած-չգնացված։ Ներիր։ Գրեցի «ներիր» բառն ու զգացի, որ շատ եմ օգտագործում այդ, գրեթե, խնդրառականը։ Բայց ինչի՞ց է։ Երեւի նրանից, որ ոչ մի անգամ չես ներում, այլապես շատ չէր ասվի... Կամ՝ մեղքերս են շատ ու շարունակական։ Վերջինը՝ կասեիր...
Ես մեղավոր եմ...
«Երեւի»... Քո «երեւին» հիշո՞ւմ ես։ Երեկվա երեւին։
Ուզում եմ լաց լինել։
Ես ուզում եմ գնալ։ Ես փորձում եմ գնալ։ Չի՛ ստացվում։ Գնալս չի ստացվում։ Ես լույս եմ ուզում, առավոտի լույս, արծաթե լույս, աստվածուհու լույս...
Դու ինչո՞ւ միշտ Ձյունանուշիկ ես, միշտ, նույնիսկ այն ժամանակ, երբ նոր տարի չէ, նույնիսկ այն ժամանակ, երբ ամառ է, երբ... գարուն է, երբ... չգիտեմ՝ ինչ է... Ձյունանուշիկս...
Ուզու՞մ ես, մի երգ գրեմ քեզ համար, արտասանիր... Գրեմ մի հեքիաթ... Իրական։