ԱՄԱՌԻՆ ԱՐՄԱՂԱՆԸ

Հեռուն-հեռուն եզերքներե կուգամ, կըսե Պարիկը, հով կանանչ լեռներեն կուգամ, կարմիր կանանչ բլուրներու կողքերեն կուգամ։ Աս տարի կանուխ սկսա ճամփորդել, աս ամառը շատ մը, շատ մը անկոխ, անմատչելի ամայություններե անցա, շատ դժվարություններ քաշեցի, սեպ, սեգ բարձրությունները լափելու հանդգնությունովը բաբախեց սիրտս շատ անգամ, ու հաճախ գահավեժ ափափաներու կառչած պահ մը միայն ան կետերուն վրա կընեի դադար մը վայրկենային, ուր վայրի կաքավն ու քարայծն ալ չեն իշխած ոտք դնել։

Ու բոլոր ատենը միշտ ընկեր մը, անձնվեր մտերիմ ուղեկից մը պահեցի հետո։ Առտվան լույսերով, ոսկի մեղուներու հետ ճամփորդեցի միջօրեի հեղձ տաքերուն, ձորամեջի մենիկ, բյուրեղիկ առվակն եղավ առաջքս, աջ-ձախս։ Իրիկվնե սկսած ու գիշերը բոլոր պուրակներուն անուշիկ շահապը՝ սոխակը ունեցա առաջնորդ, անոր ձայնն օրինակեցի, անոր թևերը հագա, որ արագ ու համարձակ սավառնումով մը ուղած կողմերս թև բանամ, ու հաջողած՝ թանկագին բեռով մը դառնամ։

Գացի, գտա, ժողվեցի։ Հունձք մը՝ շա՛տ արդյունավոր, շատ հաջող, շատ հարմար ի՛մ նպատակիս: Աս տարին հերվանեն ալ գեղեցիկ, սքանչելի փունջ մը, որ երբեք տեսած ըլլար մարդկային աչք մը։ Ծաղի՛կ, ծա՛ղիկ, ծաղի՛կ, Անոնց շատերը աստղերու ցողով ժմնած են, ուրիշներ առհասարակ ասմազուն երկինքին դրացի թևապարներն են մշակեր։ Անուն չունին անոնք, իմ ծաղիկներուս մի՛ փորձեք անուն հարմարցընել։ Անոնք իրենց տեղերնեն վեր առնելու ատենս, մեղուներու հարցուցի, ձայն չի կրցան հանել, անուն մը թիթեռնիկներեն խնդրեցի հասկնալ, ասոնք ալ իրենց քունքերը քերեցին միայն, չենք գիտեր ըսին, միայն թե շատ անգամ մենք մեզմե ամչցեր ենք, երբ անոնց քովերը քիչ մը մեր թևերը լարելու ըղձանքով, ծմակին ծոթրինին ու անանուխին միջնորդության պետքովն ենք սարսռացեր։ Չէ՜, իմ ժողվածներուս, իմ հատ-հատ վեր առած ծաղիկներուս մի՛ տաք անուն։ Կարմիրին, ոսկեշող դեղինին թովանքները թող չի վրիպեցնեն ձեզ ըսել, որ թաղարին վարդն ըլլա ան կամ բոսորը զգլխող շրթունքի մը կամ ձեզի շատ ծանոթ շահպրակը անտառին, ուր անիկա իր շուրջի կանանչ մթությունը օծող ծիվ մը արևի պաշտանքը ունի միայն։

Թողեիք, որ միայն ես գիտնայի ու խղճահարվեի թե՝ ան ատեն, երբ անոնցմով իմ ուզած փունջս ամբողջացուցի ու քիչ մը արտորնոք փախ եկա այն կողմերեն, ետևս ցնորակոծ բույրերու ու գույներու աշխարհք մը լացնելով, ինչե՞ր հասան ականջիս, ի՜նչ ողորմուկ կոծանքներ երկարաձգված ետևես, որ հայտնի ըսել կուզեին, «Ինչո՞ւ խլեցիր, տարիր, մեզ մեր կույս գետիններեն, անոնց ո՞վ կար արժանի քաղաքամեջը, երբ լսված ըլլար, որ մեկը մեզ իր ձեռքը կրելու կամ մեր գեղովն ու գույներովը իր ճակատը պսակավորելու անբիծ մաքրությունով մը ծնած է։ Քաղաքը, գեղը ու հավասարապես խրճիթին ու ապարանքին մեջ, ո՞վ է ան, որուն ո՛րևէ մեկ բարության համար խորհրդավոր գնահատությունը, արմանավոր վարձանքը ըլլա մեր անբաղդատելի ու անստույգ գեղեցկությունը։

Ըսե՜ք, ըսե՜ք, հով կանանչ լեռներեն կուգամ, կարմիր, կապույտ բլրակներու արևեն ու ծմակներեն ժողված ծաղկեփունջով մը կդառնամ աս տարի: Գեղը, քաղաքամեջը, այն կին մարդերու շրջանակը մասնավորապես, ո՞վ ունեիք, ո՞վ կար, ո՞վ ի՛նչ ուներ, որ ձեռքն անոր վրա կարկառեր, ու ես զայն անոր նվիրվելու ատենս, վայրկենապես մոռցած ըլլայի բոլոր տաժանքներս: Թող այսչափն ալ ինծի հանվեր բաժին, որ ես բոլորովին մոռցած ըլլայի իմ հոգնություններս։

Կնիկներու ստվար բազմություն մը, ամեն կողմերե, ձգեցին իրենց ռոքները, թողին ճախրակնին, մոռցան հայելին, սանտրը ու իրենց բուրումնավետ ջուրերը, բոլորը ան օրը անմիջապես, եղը կրակին վրա թողողը, Պարիկին առաջքը վազեց։ Մայրեր ամենքն ալ ամեն տարիքե, ամեն վիճակե, շատերն իրենց փոքրիկներուն ձեոքը բռնած՝ անոնց հետ մեկտեղ կքալեն։ Դեռ բոբիկ գլխաբաց վազողն ալ կա։ Օ՜ն, հրավեր մը կնիկներուն, երբ նույն ատեն անոնց առջև տարօրինակը ցույցի բերվելու ձայնն ալ կլսցվի:

Մայրեր քաղաքե ու գյուղերու հեռավոր անկյուններեն, եկած ևն, կուգան, ետևե հևիհև եկողներու անվերջ տողանցք մը տեղացի տարազներու պեսպիսությամբ, զատիկ առավոտի մը գույներն ու հանղիսավորությունները կհիշեցնե։ Ծառավետ ընդարձակ դարաստան մըն է տեղը, ուր կուգան լեցվիլ։ Այր մարդ չերևնար բնավ, արուի մը ստվերն ալ չի նշմարվիր ան հոծ էգ զանգվածին քովն ու մեջերը։ Շատ լավ հասկցված է հրավերին իմաստը։ Միայն կիներն են կանչվածները։

Պարիկը գործի վրա է, Պարիկը իր թանկագին փունջը գրկած՝ զվարթ շողեր մը կցրցքնե իր շուրջը, ամեն կողմե հպելի ու ամեն կողմե հաճելի, հրավիրող ժպիտ մը կխրկե իր աչքեն ու մեղրիկ շրթունքներեն։ Արևին ան հարազատ հասկնալի լեզվով ու բանաձևով մը կխոսի։ Մեկ մեկ առջևը կկանչե, ու կարելիորեն կարգ մը կդնե իր արարին ու անոնց մեջ, որոնցմէ հավետ կարևորները կնախընտրե լսել։ Ամառի արմաղանը անոր պիտի տամ կավելցնե, վերջին անգամ, երբ այն մեկը անպայման աոաքինության տերը ճանչնամ, կամ որուն ինք տեր ըլլալու ստույգ ու բարձրաբարբառ վկայությոլնը բերե։

Ժամանակ չանցնիր ահա, գեղի կին մը կըլլա առաջին խոսողը, որուն դեռ ճամփու փոշին ալ քիթին բերանին վրայեն չէ ստկված։

— Ես ան գեղեն կուգամ կըսե, քուրի՛կ, աքաղաղին ձենովն արթնցած՝ շատ արկար ճամփա մը քալեցի, անոր համար ուր ըսին թե՝ հոն «քընծ մեզ աղեկ» մը եկեր՝ մեզի պեսներուն մուրազը պիտի տա, երբ մենք անոր մեր ցավերը ըսելով այդ ցավերուն համբերելու ժրություննիս պատմենք։

Աստված մեկ օրդ հազար ընե, քուրի՛կ, դուն կերևի հրեշտակ մ’ես, որ աստված խրկեր է քեզ մեզի։ Ըսեմ, ըսեմ, ցավս ըսեմ, քեզի՝ որ պիտի լսես, տերտերուս ամբողջ տեսակները բանամ։ Անտեր որբ մըն էի երբեմն, տասներեք տասնչորս տարեկան կայի չիկայի, երբ մորաքույրս՝ անոր խնամքին հանձնված՝ զիս իր կռնակին էվելի բեռը՝ դեն նետելու համար, ան մեկուն ամուսնացուց, որ բերանը ակռա չունեցող ծեր մ’էր պարզապես։ Վրայես գիշերները ինչպես կանցնեին, չէի գիտեր, ցորեկի քաշանքներուս ալ վկան ու արգահատողը դրացիները կըլլային։ Գոնե ան մեկը հարուստ հացվոր մը ըլլար, որ կուշտ հաց մը ծամեի, քուրջի կտոր մը, որ մերկություն ծածկեր, չուներ, չի տվավ, չի ցցուց բան մը, որով տարիին մեջ օր մը գոնե երեսս խնդար, պարապ, բոլորովին անհիմ կասկածներու հետևանքով գլուխիս կոտրտած թակերուն թիվն ալ չեմ կրնար ըսել։ Զալըմ մարդ մը, որուն պես գեղին մեջ ա՛լ չի կար ուրիշ մը։ Կարճ խոսեի՝ մեռավ վերջապես, ու սակայն անկե ի վեր զիս ամեն օր բզքտողը անոր գիժ աղջիկը եղած է, որ պաղերես ու օձի արյունով մեծցած տնմնա մըն է, իմ գրողս, իմ մահս, զիս մեռցնող գլխիցավը ամեն օր, որուն ես փոխարեն չարիք ընելու խորհուրդն անգամ միտքես չեմ անցուցած, աստծու դատաստանին ապավիներ եմ, ու կսպասեմ, որ ես ալ աս ճակատագրովս հող գերեզման իջնամ։

Պարիկը․— Կցավիմ վիճակիդ, աղջի՛կս, բայց դուն չես իմ փնտռածս։

Ուրիշ գեղջկուհի մը.– Կյանքիս մեջ, քուրի՛կ, միայն մեկ զատիկի առավոտ մ’եմ խնդացեր։ Դեռ աղջիկ, դեռ հորս տունը, իմ տունս, զատկի առտու մը կարմիր խնձոր մը առի դրացիի տղայեն, որ ետևս առջևս դառնալով բաներ մը կըսեր, ես նախ չէի հասկանար, բայց հասկցա վերջապես, խոսք տվի, որ հակառակ պարագային առևանգելու կերպ մը դյուրացնե։ Ծնողքս չէին ուզեր, որ ես սեր տայի անոր, բայց ես ա՛լ սիրեր էի անգամ մը, բողկի պես թարմ, ժիր ճահիլ մ’էր, որ հարիրներու մեջ հատ մը կհամրվեր։ Սիրեր էի, աշխարհքն աչքիս սև սիսեռ կերևար։

Բայց ո՛վ հոգիիս հրայրքեն ու այրուցքներեն հասկնար, շատ չանցած զատեցին զիս անկե ինտոր միսն եղունկեն կզատեն։ Առջևս, ոտքերուս տակ, ու ամեն կողմերս փուշ ու տատասկ դիզեցին, ծակին մեջ մուկ մը արգիլեցին, որ զիան չընե։

Վերջը-վերջը գյուղապետին տղան եղավ ամուսինս, հիմար մը այնպես, ան աստիճան, որ չեմ կրնար ըսել։ Հավարած մը, կովարած մը, խենթ մը, որ աղի հունձք մը ընելու հիմարությունով, ցորենին տեղը աղ կցաներ հորը արտերը։ Ցավուն տարին մեռավ էրիկս, ու ալ չուզեցի, որ ուրիշ անկողնի մը վերոքը գոտի քակեմ, ճակատագրիս սոսկանքը ոսկորներուս ազդած էր։ Լքված այրի մ’եմ տարիներե ի վեր, տրտունջ չեմ ըներ ու բնավ չպիտի ընեմ, վախենալով թե՝ այնպես՝ ծնողքս կցավցնեմ. հիմա նույն հորս տունը իմ պատսպարանը կմնա, ուսկե այնպես կերևա թե՝ զիս մահը պիտի կրնա զատել։ Ու այս վիճակիս մեջ ես սիրով կհամբերեմ, մանավանդ թե ա՛լ ճերմակ պառավ մը եղած եմ։

Պարիկը.— Քեզի ալ կհամակրիմ միայն, աղջիկս, բայց դուն ալ չես իմ փնտռածս։

Քաղքենուհի մը.— Մենք երեք ներեր, ես պզտիկն եմ անոնց, ու մեծ մեծ տերտերու բույն եղած է հոգիս։ Ներվտիքս ամեն պատեհություն ձեռքերնին ըսին՝ ու միշտ կըսեն ինծի համար թե՝ տունին փեսային դեմ խնտկոտ աչքերով կերևնամ։ Պարկեշտությունս կասկածի տակ ձգեցին ու դեռ կաշխատին, որ էրիկես զատեն զիս դուրս չորս հովերուն հանձնելով, բայց աստված ալ գիտե թե անմեղ մ’եմ։ Սատանան այն մեծ ներըս է, որ աս աչքերովս տեսեր եմ թե՝ կերակուր ուտելու պահուն իմ գլխավորիս գործածած գդալը կփնտռե միշտ, անոր անձեռոցովը կսրբվի, ճամփուն մեջ անոր կոխած տեղը կկոխե, ու ասի շատ բան կնշանակե, որ չեմ կրնար խոստովանիլ։ Աս ցավս և ուրիշներ որ ասկե ավելին են, ուրիշներու ամենևին չեմ ուզած պատմել։ Որո՞ւ պատմեի, ի՛նչ ըսեի, վերջն ի՛նչ սպասեի, ո՛վ պիտի հավտար, երբ ըսեի թե՝ մեծ շուտիկ մըն ալ ան կեսրայրս եղած է, որ գիշերը կես եղած չեղած անկողինիս քովերը կբունբունա ըսելով, թե կորսված լուցկիին տուփը կամ ջրամանն է, որ կփնտռե։ Ու այս գիշերացած սատանան, ան ատեն, որ էրիկս իր արհեստին ստիպողությունովը տունեն օրերով հեռացած կըլլա։ Թող եթե չէին հավատար, ան դուռ դրացիները վկայեին, թե ինչպես է բանը ու ես ի՛նչ համբերող առաքինությունով տարեր եմ ու կտանիմ ճակատագրիս աս թուքումուր դառնությունները։

Պարիկը.— Կհավատամ ըսածներուդ, քուրիկս, բայց դուն ալ չես փնտռածս։

Ուրիշ քաղքենուհի մը.— Ցավուն տարին, մերինին կենճ-կենճ ափուչիք ըլլելե հետո, հինգ-վեց տարիներու ամուսնացած մըն էի, չորս-հինգ պզտիկներ կճվային փեշերուս տակ, անոնց օրական հացին հոգը մինչև քիթիս ծայրը կարմիր կսկծանքներ կշիներ, Որո՞ւ աղաչեի գեթ գարեհաց մը ձեռք ձգելու հույսով։ Ազգականներ՝ կարգվիր կըսեին, ու պզտիկներս ալ անոթի ծարավ իրենց մորը քներգովը կփակեին աչվնին։

Կարգվիր, կըսեին, որ որբերն ալ իրենց ծակտիքը գտնեն, կամ մեկ գերեզման արդեն շատ է անոնց համար։ Մտիկ չըրի սակայն: Գեղեցիկ ալ էի, չեմ ծածկեր, միտքս կուգա, որ իմ դուրս ելլալու կամ ժողվարան երևնալու օրս, հոն երկու հոգի ավելի կաղոթեին։ Զավակներուս սերովը, միայն մոր մը զգացմունքներուն անձնատուր, առի նստա, շահեցի, տունը հարս բերի, տունեն հարսներ խցկեցի՛, բայց ճշմարիտ որ մեկ ցավ, մեկ մտմտուքս հազարներու վերածեցի։ Բաներ ունիմ, որ չեմ կրնար ըսել, ցավեր ունիմ, որ հետս գերեզման պիտի տանիմ վերջապես, թող ան աշխարհքն ալ մեկ ցավ պակաս կարդա ու մեկ պակաս լսե։ Հիմա, քուրի՛կ, կսպասեմ, որ կանթեղին պատրույգը հատնի, ու ես մարած ճրագի մը պես անհետանամ։

Պարիկ.— Քեզի ալ կհամակրիմ, ցաված, մա՛յր, բայց քեզի ալ չպիտի տամ արմաղանս։

Քաղքուհի մը.— Տասնութը՜ քսան տարի է, որ ամուսինիս երեսը չեմ տեսած, ո՛ւր գացեր է, ո՛ր ջուրեր, ո՛ր ցամաքներ, ի՛նչ դրած է միտքը կամ ի՛նչ խղճմտությունով լվացած ձեռքերը, երդում քեզի, որ այսօր ալ չեմ գիտեր։

Տղա մը անկե մնացած մեծացած, հիմա անոր հարս մը բերելու թվականեն, անկե ալ լքված եմ։ Առանձնությունը գերեզմանս եղած է, ու դուրսի աշխարհքն ալ իր արևով, դժոխքի մը ճնշումը կզգացնե հոգիիս։ Խեղճ մը, ժամերը ծանուցված խեղճ մը, ճակատագրի զոհ մը, որ կայրի, կճենճերի ու չի հատնիր։ Քահանային դիմեցի, ձայնս երկնցուցի, մինչև ուր որ կարելի էր երևակայել, ամենքն ալ համբերություն ապսպրեցին։ «Զոր աստուած զուգեաց մարդ մի՛ մեկնեսցէ»։ Աս խոսքով ալ շարունակ լեզվիս վրա դրին խարանը։

Աշխարհք որ այսպես կվարվի հեք կնկան մը խշխշուքներուն հետ, դուք գութ ըրեք գոնե, քուրի՛կ, կըսեն, որ մուրազ տվող հրեշտակ մըն եք, դուք բարի եղիք խոսք մը ըսել, վերքերուս շառայլին վրա, զույգ մը ձեր ծաղիկներուն թերթերեն, բալասանի մը ազդեցությունը պիտի ընե կըսեն, գո՛ւթ ըրեք։

Պարիկ.— Սխալ հասկցեր ես իմ պաշտոնս, վշտահար մայր, քեզի արցունքս միայն, բայց ո՛չ ծաղիկս, առայժմ դուն ալ մեկ կողմ։ Քաղքուհի մը.— Ես շատ խոսված քաղքենուհի մըն եմ, մաքրասերի գովված համբավ մը ունիմ։ Տնաշեն կնկա իմ մաքրասիրությունը իմ եզական առաքինությունս եղած է ու կմնամ միշտ այն, որ իմ շուրջիններս զիս օրինակելու խելքը ընեն։ Աղվոր կհագվիմ, շատ պարզ է հագուստս, կուրծքիս մեկ մանյակ միայն, ձեռքերուս զույգ ապարանջան միայն։ Տունեն դուրս չեմ ելլար, իրիկունները էրիկս երևնալու ատեն միշտ զվարթ գգվանքով մը բարևեր եմ։ Ասոր ալ ինչ կսեիք։

Պարիկ.— Պարտականություն մըն ես կատարեր, տիկի՛ն, ուրիշ ոչի՛նչ։

Ուրիշ մը.– Շատ պատեհություն ներկայացավ ինծի ու ես երբեք անձնատուր չուզեցի ըլլալ իմ շուրջիններուս։ Ամուսինս երկու ոտքով հավ մ’ալ շարժելով մեկ տեղ, ես նորեն փորձությունը չունեցա ան իմ քովերս թևածող որիներուն դին նայել, որոնք քիչ բան ալ չխոստացան կըսեմ։ Ոսկին համբույրի մը փոխարեն ու ադամանդ հենց ժպիտի մը գին առաջարկելու սակարկությունն ալ կդյուրացնեին։ Ըսեք թե՝ տեսակ մըն ալ առաքինություն իմինիս չէ՞ որ անդրդվելի, անտեղիտալի կմնամ մինչև այսօր։

Պարիկ.— Դուն սո՛ւտ կխոսիս, խաթո՛ւն, դուն քու վարձատրությունդ խիղճեդ սպասե։

Ուրիշ մը.— Իրիցկին մըն եմ, աղջկությանս ատեն սիրուն նունուֆար մըն էի, կարգվելիս վերջն ալ, է՜հ, բան չի կորսնցուցի ըսեմ։ Էրիկս պարզուկ համետագործ մը, հետո քահանա ձեռնադրեցին, բայց իրավ է, որ բանիկ չէր գիտեր, ու ասի պատճառ մնաց որ ժողովուրդին մեծը պզտիկը տերտերուկիս մորուքեն, մազերեն ամեն օր մեյմեկ թել քաշեր։

Քաշեցին, քաշքշեցին, մինչև շատ անգամ երեսներն ալ ճանկելու փորձեր ըրին։ Անիրավ մարդիկ, որ բնավ վազ չեկան իրենց հարձակումներեն։

Տերտերուկս չդիմացավ ցավին, փետտած հավ դարձուցին, ո՞րն ըսեի, քո՛ւրուկ, խեղճ մարդուկս ախր աս նախատինքներով մեռավ, զիս ետևը թողելով, որ ես ամեն օր մեռնիմ։ Բայց դուն ալ տես ու վկա եղիր, որ ես դեռ ծախելու միս ունիմ, դեռ թարմ, հերվնեկ հարս մ’ըսել եմ, ինչո՞ւ առնեմ, նստիմ, ինչո՞ւ չի կարգվիմ անգամ մ’ալ։ Աշխարհականը քեզ չառներ, կըսեն, ան իրիցկինը մեռած քահանան ալ մեղք կսեպե առնել, բայց ան քահանան է, որ ամեն ինծի հանդիպելուն, ժամը, ճամփան, ամեն տեղ, չեմ կրնար ըսել թե՝ ինչպես կմռլտա ու ինտոր կքերվտի։ Վերջն ալ թա եկրամներեն ա՛խ, ա՛խ մը կքաշե։ Կհասկնամ ըսածը, շիտակն ըսելով իմ սիրտս ալ այնպես կարձագանքե, բայց արգելքն ի՛նչ ըլլար, թող խաչով պսակեին, թող եկեղեցիին մեջ ըլլար պսակը։

Նա իմ քահանա էրիկիս տեղը քանի որ զույգ ոտքերով կեցած պատարագ կընե, ծուխերուն, ծխատներուն տեր կմնա իրավամբ, ինչո՞ւ ես դուրս մնամ անորն ըլլալե։ Քիչ մը մեղքս կուգա, դեռ շատ կենճ ալ կերևի։ Բան մըն ալ ինծի ըսեք, քուրի՛կ, աստծու սիրուն ըլլա:

Պարիկ.— Ասիկա իմ գործս չէ, աղջի՛կ, քու գանգատներդ Պոլիս հայ վարդապետ մը կա կըսեն, անոր հարցուր «Հանուն օրինաց»-ի այն մեկ քանի դյուցազնիկ հառաջապահներուն, որոնք իրենց փեշերը վրա չի բերված հակասությունները այն ինչ ծայրահեղություններուն հասցնելու համար, հիմա ալ կլսվի թե՝ քահանային վերամուսնությունը արգիլող վճիռներով կքնացնին խիղճերնին։ Բայց, ինչպես ըսի, ուրիշ են քու հայտնություններդ, որոնց ես չէի կրնար միջամտիլ։

Առաքինի կինն է իմ փնտռածս, ան, որ ջինջ բարությունն է, անիկա որ կրնա խրճիթներու մութ խորություններուն մեջ ալ դրախտի համեր ըմբոշխնել տալ։ Անգամ մ’ալ ըսեի, թե՝ հասարակ բարին կամ շրջանակներու մեջ առնված պայմանավոր բարությունը չէ, որ արժանի պիտի ըլլա իմ գնահատությանս։

Պարիկը հարյուրներ լսեց աս շարքով, հազարներ խոստովանցուց մեկ-մեկ, երբեմն առանձին ու շատը հրապարակային հայտնություններով, բայց նա ո՛չ մեկը գտավ հարմար իր նվիրելիքին։ Փունջը ձեռքը մնաց երկար մը ու անանկ կերևար թե՝ հուսահատվելով ու զայրույթով ոտքին տակ տրորեր ձեռքինը ու միայն թուք մը ըլլար վերջին նետելիքը կին մարդերու երեսին, երբ ահա ուշի մնացած վերջին կին մըն ալ դեմը, քիչ մը անոր մտիկ կընե։

― Ուշ մնացեր ես, տիկի՛ն։

― Ուշ, այո՛, հիմա լսեցի։

― Ինչո՛ւ, շա՞տ զբաղված էիր։

― Տարին ի բուն զբաղված մը արդեն, քույրս, շատ մը զավակներ ունիմ, երեք աղջիկ, երկուք ալ մանչեր, որ իբր իմիններս զեղուն կորովով մը սիրեր եմ։

— Երկրորդ էրկա՞ն մը։

— Երկու անգամ ամուսնացա, հրամեր եք։ Իմ ու նոր ամուսինես զավակներուն բոլորին ալ խնամքը իմ վրաս, ես միշտ սիրով կտանիմ։

— Ըսել է նոր էրիկդ առջի կնիկեն ալ ունի բաներ մը։

— Երկու աղջիկ, տղա մը անկե, մնացածը բուն իմիններս։

— Հավտայի՞ թե ամենքն ալ հավասար գորովով կսիրես, մորուի մը համար չի լսված է որ կըսես։

— Թող, կուզեք, ամուսինս գար վկայեր։

— Ան չէ փնտռվածը։

— Կուզեք, դրացիներս լսեցեք։

— Անոնք ալ կկեղծեն։

— Զավակներս, մեկիկ-մեկիկ—թող անոնք խոսին։

— Ամենեն աոաջ դուն ինքդ պետք էիր ապահովցնել զիս, տիկի՛ն, շիտակն ըսե, գիշերը աոաջ ո՞ր մեկուն անկողինը կծածկես, կամ ցորեկը քեզնե հաց ուզելու ատեննին, նախ որո՞ւ կկիսես, կերկնցնես պատառը։

— Որպեսզի ան ակնարկածներդ զվարթ քնանան արթննան, առտուն ալ կերած խմածներեն համ հոտ առնեն, կամ հագած կապածնին ալ չըսեն թե՝ ասեղներ կմխե իրենց կռնակը, հավատա, որ կըսեմ, թե ամեն բան, ամեն անձնվիրություն նախապես անոնց համար տրամադրելի կպահեմ, որ ջանքեր կընեմ, որ զիս իմ մեջս բուն իրենց կորուսածը տեսնեն։

— Ամուսինիդ աչքը մտնելու համար կընես այդ մարդավարությունները։

— Ամուսինս զիս կսիրե արդեն։

— Ու ան երբեք առջի կնիկը չի՞ հիշեր կամ երբեք գովեստի ակնարկներ չընե՞ր անոր հիշատակին։

— Այդ բոլորին ալ սիրով մտիկ ըրեր եմ, ու բնավ նախանձ, ես խիղճիս հետևած եմ։ Ես ամենևին պայման, փոխարեն հենակ չեմ դրած զգացումներուս, որ ունիմ, կպահեմ ինչպես ինծմե ծնվածներուն, նույնքան ու ավելի ալ թերևս, իմ նախորդիս արգանդեն իջածներուն համար։ Ան օրը երբեք հանգիստ չեմ զգա ես զիս, երբ անոնց մեկը կամ մյուսը քիչ մը տրտում, կամ չեն գիտեր ինչպես պատն իվեր քնուկ ինկած կտեսնեմ։ Կուրնա այն աչքը, որ միայն ինքզինք կտեսնե, փրթի այն ձեռքը, որ միայն իր րերանը կերկննա։

— Օ՜ն, ուրեմն, մեծ մա՛յր, առաջ եկուր, խնդրեմ, օ՜ն, ալ վայրկյան մըն ալ մի՛ տնտնար, քեզի պիտի ըլլա ասիկա, արմաղանիս ամբողջը, ամենքը չի մեռնող ծաղիկներ, մշտաբույր անմեռուկներ, համարձակ պարզե թևերդ, որ քեզի տամ միայն, պատիվ քեզի, որ հազարներու մեջեն դուրս եկած՝ դուն միայն հռչակվեցար արժանավորը իմ թանկագին հավաքույթիս։

Բեր որ նույն ատեն ճակատդ ալ համբուրեի ու ըսեի իմ մեծ քրոջս՝ արևին, որ ասկե վերջը իր առաջին շողերը կանուխ առավոտով քու տանիքիդ վրա խրկեր միայն։

1908