ՃՆՃՂՈԻԿՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ

Բարին աստված անգամ մը ինքզինք պստիկ թռչուններու խումբի մը առջև գտնելով արմանք զարմանք կհայտնե թե՝ ինչպես անոնք երկիրեն երկինք անհուն միջոց մը ճամփա կտրած իրեն կներկայանային։ Ճնճղուկներ, ամենքն ալ հողի գույն փոքրիկ ճնճղուկներ, մեկը մեջերնեն համարձակությունը կունենա իր բութ կտուցին բացվածքովը հետաքրքրող պատճառներու պատմություն մը ընել ան իրենց հանդուգն վերելքին, որուն տեսակը իրավ որ ժայռերու շահապին՝ բազեին ալ միտքեն չէր անցներ:

Երկինքի, երկրի մեծ ստեղծողը «ասոնց ի տես», կթողու վերջապես զարմանքը ու պահ մը իր գութի զգացումին տեղ կուտա այն պզտիկ բաներուն վրա ակնարկ մը ձգելու վայրկյանին։

— Գիտեմ թե՝ ես ձեզ ալ ստեղծեցի, ճնճղուկներ, կըսե, ձեռքիս կավին զանգվածովը երբ մեծություններ մը ծրագրեցի ու նետեցի երկրի վրա. մնացածը՝ այն կավեն մանր, ավելորդ փշուրներ, ձեռքս թոթվեցի ու դուք եկաք, ես ապա ինչպես մարդուն, մրջյունին, ձեզի համար ալ կյանքի աղվոր, աժան պայմաններ ապահովեցի. մացառը ձեր զբոսավայրը, մարդկային բնակարաններու այն ինչ բարձրությունները ձեր անմատչելի բույները. ա՛լ ի՞նչ ուզածնիդ. հա՛, աս ալ կար որ ինչպես դուք ալ կտեսնաք, ձեր քովերը մարդիկ երբ պատառ մը հացի համար գլուխնին քարեքար կզարնեն ու նորեն չի պարտկված անոթություն մը կուլան, ձերը բախտ մը չէ՞ որ դուք չի ցանած ալ կհնձեք. անցորդը ճամփուն շատ բան կթափե, դուք կժողվեք. դաշտին երեսը միջատն ու մարախը կար, շատ մը անոնցմե ձեզի բաժին կիյնա չէ՞, ալ ի՞նչ է ուզածնիդ։

— Մերը ուրիշ խնդրանք, տե՛ր, կպատասխանե մեկը առաջ անցնելով, մեր ըսելիքը շատ կարճ, բայց շատ բանավոր։

— Ըսե՛ք, շուտ ըսեք, վախնամ սխալ մը պիտի տաք երեսիս։

— Չէ, մեղա իմ լեզվիս։

— Է, ուրեմն, մտիկ պիտի ընեմ։

— Մերը գանգատ մը ու մեր գեղին տերտերին դեմ միայն, տե՛ր. նա անցած օր մեզի անանկ մը երևաց հանկարծ, որ մեզ ամենքս ալ զարմանքի ու զայրույթի մեջ քարացուց։

— Ձեր գեղին տերտե՜րը, ես այն մեկը բարի կրոնավոր մը կճանչնամ սակայն։

— Մենք ալ այդպես, տե՛ր, մենք ալ բարի դրացի մը գիտեինք զինք։

— Վե՞րջը:

— Իրիկվա կողմը խաչ մը ձեռքը ժամ կուգար, մենք ան ատեն սայլակներեն թափթփած հասկեր կծվենտեինք ճամփուն մեջտեղը, իրիկվա ճաշերնիս կընեինք. տերտերը մեր քովեն անցնելուն, բան մը նետեց վրանիս, պզտիկ քար մը, ու ժամ մտավ։

— Այն քարով ի՛նչ ձեզի։

— Մեզնե մեկուն թևը կոտրեցավ, խեղճ պզտիկ մը որ ինկած տեղը մնաց ոտքերու տակ, ու հիմա մեռավ կարելի է։

— Օ՛հ, գեշ բան իրավ որ. տերտե՜րը…

— Գեշ, ու շատ ալ ցավալի, տե՛ր, այն մեկը որուն ա՛լ լմնցած է բանը կըսենք, իր ընտանիքին մեկ հատն էր. երեք էին անոնք, մեկը որին փախցուր, մյուսը անժամանակ թռիչք մը փորձեց ու մեռավ. այն վերջինն ալ, բայց իրավ որ շատ բարի մնացորդ մը այն վերջինը, ժամուն գիժ տերտերի ձեռքովը լմնցավ. գութ ըրեք, տե՜ր. գութ ըրեք, մենք պզտիկ ճնճղուկներ կհավտանք, թե բարին աստված մեզի ալ կխորհի:

— Շատ լավ, շատ ճշմարիտ, ուզածնի՞դ սակայն։

— Ինչ որ դուն կուզես, տե՛ր։

— Տերտերին ձե՞ռքը կտրեի. հրաման մը շանթերուն ու կրլլար այդպես:

— Չէ՛, չենք ուզեր այդպես:

— Աչքե՞րը կուրցնեմ, հրաման մը արծիվներուն ու կըլլար այդպես անոր կոպիճներն անգամ փորել տայի, զույգ մը մութ ծակի վերածեի, ուր ալ միայն մամուները բնակեին։

— Ան ատեն ավելի գեշ, տե՛ր։

— Ի՛նչպես:

— Կույր մը, որ չի տեսներ, կրնա ըլլալ, որ ոտքին տակ ուրիշ կյանքեր, ուրիշ թանկություններ ալ տրորե, վերջն ալ ի՞նչ ըսել անոր. կույր մը շատ աժան կարդարանա։

— Ըսել է դուք ձեր մտքինը ունեք. օ՛ն ուրեմն։

— Շնորհք, տե՛ր, շնորհք հիմա աղաչելու քեզի, որ անմիջական հրաման մը խրկես գեղին սափրիչին, որ այն անբարո տերտերին մորուքն ածիլեր։

— Ըսե, ինչո՞ւ այդպես։

— Մենք որովհետև մինչև հիմա աշխարհիկ մարդուն ներկայությունեն միայն կասկածներ ընելով կփախեինք անոր հենց հոտը առած հեռվեն, ծոցը խաչ կրող կրոնավորե մը ինչպես չարիք սպասել, արդ՝ քանի որ հիմա խաբվածներ եղանք մենք անոր մորուքին կամ դրսերևույթին պատճառովը, մենք ահա անոր այս ծպտանքին մերկացումն է, որ կուզենք քեզնե։ Այս տեսակ պատիժ մը ասկե վերջ անգամ մըն ալ պիտի նորոգեր մեր մեջ այն հավատքը թե՝ տերտեր մը, աստծու մարդը, միշտ այն բարի ու սուրբ մարդն է, որ ոտքին տակ եկած մրջյունն ալ չպիտի ուզե տրորել: Մեր խնդիրը այսչափ միայն։

Բարին աստված կլսե ճնճղուկներուն, իրավունք կուտա անոնց, ու անմիջապես հրաման մը իրենց իսկ ուզածին պես, որ սափրիչը իր գործը կատարե, ու ճնճղուկները անկե վերջ այն մեկը անմորուք ու անփակեղ աշխարհական մը ճանչընալով, անոր հանդիպելուն, վայրկենապես ինքզինքնին ժողվռտեն ու թևերնուն վրա գտնվին:

Ասոր վրա անոնք երկինքեն երկիր զվարթ ճռվողյուններով հպարտ վայրէջք մը կընեն, ու կխորհին, թե իրենց արևին ու բարիին համար ալ բարեգութ աստված մը կա երկինքը։ Երջանի՜կ ճնճղուկներ։

Ու կըսեն, այս դեպքեն ի վեր մարդիկ ալ շատ անգամ այն կրոնականներուն վրա ըրին պահեցին կասկածնին, ու գտան թե անմազ, լերկ փինջ մը ունին, ու գլխնուն վրա ալ ծպտանքը ամբողջացնող կասկածելի փակեղը կցուցադրեն։ Բայց մենք ալ ի՞նչ պիտի ըսեինք։ Վա՜յ այն ճնճղուկներուն, վա՜յ հեք, միամիտ ժողովուրդին մանավանդ, որ անանկներուն շուրջը կթռչկոտե, ու անոնց դուրսի կեղևանքովը ապահովված կմնա։

1908