Քարերի ձայնը հեռվից հասավ ինձ
Եվ ես մոտեցա,
Իմ քայլերի մեջ՝ հարության երգեր։
Հետո մի պարզ քար ինձ ձեռքով արավ,
Բացվեց իմ առաջ։
Ու... տեսա ես ինձ։
Քարին քանդակված՝ մեսրոպյան տառեր.
Ձեռքս ակամա դողում-սահում է
Քարի վրայով,
Ու իմ ափի մեջ գրերը ասես
խլրտում են տաք։
Գգվանքների մեջ
Իմ ձեռքը մի պահ քարացավ հանկարծ։
Եվ սլանում եմ ինքս իմ միջով,
Միջով դարերի
Ու կանգ եմ առնում.-
Մաշտո՜ցը, ահա՝
Պարզ ու վեհաշուք,
Կանգնել տաճարում,
Մոմի պես վառվող իր լույս մատների
Համբույր-դրոշմն է թողնում այն քարին,
Որին փարված է իմ ձեռքը հիմա։
Ես խոնարհվում եմ վայրկյանի առաջ,
Ինչ հիշողություն ունեք դուք, քարեր։
Հետո քարերը աշխուժանում են,
Հետո քարերի լեզուն բացվում է,
Վիճում են նրանք դարերի հետ հին՝
Գրերի լեզվով,
Լեզվով գեղուղեշ վարդ ու քանդակի,
Ինձ հետ խոսում են,
Իսկ ես լուռ եմ դեռ։ Բառեր չեմ գտնում։
Այստեղ քարերը՝ արվեստ անխորտակ,
ոգի ու անուն,
Իրավունք ունեն հպարտանալու
Որ քա՛ր են ծնվել։
Իմ մեջ քարերի ձայնը ծլո՛ւմ է։