ՄԱՍ ՈՒՆԵՄ


Տեսել եմ գույնը ծաղկին լքելիս,
երբ աշնան հոտ են օրերը առնում,
առուն՝ ժայռերի կողը քերելիս,
անձրեւաջուր են երբ ջրին խառնում։

Երկնքում՝ արեւ, իսկ հողին՝ մրջյուն,
տեսել եմ՝ ոնց են զուգահեռ քայլում,
ոնց է եղեգը ափին մրմնջում,
երբ որ ծովի մեջ հողմեր են վայում։

Տեսել եմ՝ ոնց են վարդերը տխրում,
հաճախ ժպիտն ենք միայն նկատում,
աղջկա այրող շուրթն ենք համբուրում,
բայց գիտե՞նք ինչ կա կրծքի տակ, սրտում։

Տեսել եմ արծաթ լուսնի շողի տակ
գիշերաշորում բուրող ծաղիկներ,
եւ նրանց շուրթին՝ գարնան ցողը տաք,
եւ նրանց շուրթին՝ սիրո խաղիկներ։

Տեսել եմ՝ դեմքը երկնքին հառած
ոնց է անձրեւով աղջիկը բերկրում,
ոնց է կուսական լեռների առաջ
արբեցած հովը հոգին քրքրում։

Տեսել եմ՝ ցասկոտ ամպրոպի պահին
ամպի փեշի տակ մտած թփերի
եւ՝ մի փոքրիկ ծիլ՝ պարզ, արեւային,
հեղեղին պարզած զորությունը իր։

Լեռնոտ երկինքը տրվում է քիչ-քիչ,
արեւը մոտ է, արդեն հասնում եմ.
տեսնում եմ այսպես ամեն-ամեն ինչ,
եւ ամեն ինչից իմ մեջ մաս ունեմ։