Ամբաստանություն Վանա Պողոս Վարդապետին վերա
«ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱ ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԵՐԱ»
Խմբագրությունը ստացավ անհայտ հեղինակից վերոհիշյալ վերնագրով մի տետրակ, տպված Կ. Պոլսում 1874 ամի 15 հունվարի, որ բաղկանում է 77 երեսից: Այդ տետրակը հետաքրքրական է նորանով, որ, մի կողմից տալիս է բավականին ճիշտ տեղեկություններ Վասպուրականի ազգաբնակությանց և նոցա դրության մասին, մյուս կողմից` ցույց է տալիս Կ. Պոլսի Ազգ. Սահմանադրության անխնամ և թույլ ազդեցությունը տեղային հայերի վիճակը բարվոքելու համար, այլև` հայոց հոգևոր առաջնորդի հարաբերությունները թե՛ յուր ժողովրդի և թե՛ օտարազգիների հետ:
Վասպուրականի նահանգը յուր Վան քաղաքով ունի 180 հազարի չափ հայ բնակիչ, 40-ից ավելի վանքեր, հարյուրավոր եկեղեցիներ և բազմաթիվ թե՛ կուսակրոն և թե՛ աշխարհային հոգևորականներ: Այդ բոլորի վերա իշխում է վիճակային հոգ. առաջնորդը: Քրդերն, ասորիներն ու եզըդիք բնակիչների շատ փոքր և աննշան մասն են կազմում, վարում են թափառաշրջիկ կյանք և պարապվում են մեծ մասամբ անասնապահությամբ: Երկրի արհեստը, վաճառականությունն և երկրագործությունը կենտրոնացած է հայերի ձեռքում:
Վաղեմի սովորությամբ հայոց առաջնորդն, ոչ միայն ընդարձակ իրավունքներով իշխում է յուր վիճակի հոգևոր կառավարության վերա, այլև քաղաքական կառավարության կողմից նա համարվում է որպես ներկայացուցիչ ազգի և միջամտություն է անում նորա ամեն մի դատաստանական գործերում: Այդ իրավունքն առաջնորդի տարածվում է` բացի հայերից` և մյուս մանր ազգերի վերա, որպես են` ասորիները, քրդերն, եզըդիներն և այլն: Առաջնորդն է նշանակում վանքերի վանահայրերը, եկեղեցիների ծխական քահանաները, նա հոգում է նոցա եկամուտների վերա: Առաջնորդն է նշանակում գյուղերի ռեիսները (տանուտերերը) և ամեն մի թե՛ քրեական և թե՛ քաղաքական գործերի համար, նախ դիմում են հայոց առաջնորդարանը, իսկ եթե այնտեղ դատը չէ վճռում, ապա փաշային: Իսկ փաշային մեջլիսում ազգի կողմից նախագահում է դարձյալ առաջնորդը:
Մի այդպիսի պաշտոնը վարում էր երկար տարիներով Պողոս վարդապետը: Այդ վարդապետի վարմունքը միանգամայն ներկայացնում է մի տխուր երևույթ` այդ հոգևորականը բարձր իշխանության հասած, փոխանակ գործ դներ իր իրավունքը դեպի բարին, գործադրում է դեպի չարը: Պողոս վարդապետը հանդիսանում է այն հմուտ որսորդներից մինն, որ շատ լավ ուղղել գիտե յուր զենքը նպատակին դիպցնելու համար: Նա կշռել էր յուր ուժը, նա գիտեր, որ յուր ժողովուրդը Բարձ. Դռան առջև ձայների ավելի մեծ բազմություն էր կազմում: Կառավարության ամեն մի պաշտոնակալը` փաշան, գայմագամը, ղադին, մեմուրը, զափթիան` ստիպված էին հնազանդել Պողոս վարդապետին, և նորա հաճույքին համեմատ վարվել, որովհետև հակառակ ընթացքում` նոքա զրկված կլինեին յուրյանց տեղերեն: Բավական էր հայր սուրբի մի խոսքը, իսկույն պատրաստ էր ժողովրդից մի հանրագրություն, հազարավոր ստորագրություններով, փաշայի կամ գայմագամի դեմ:
Այդպիսի միջոցներով ենթարկելով յուր ազդեցությանը կառավարության պաշտոնակալները, Պողոս վարդապետը հասնում է այն իրավունքին, որ կարողանում է տիրել և մանր ազգությունների, որպես են քրդերի իշխանների վերա: Յուզբաշի Ալի աղան, Զազա Էոմերը, Շեմսկի Տրպոն, Պաշկալայի Քոռ Էոմերը, բոլորը հպատակում են նորան: Նորտուզա Տրպազ աղան, որ Հոգվոց վանքը թալնեց. Շատախու Գյուլ-Մեհմեդը, որ տեղային եկեղեցիները կողոպտեց և յուր անասունների գոմեր դարձրուց, Մոգաց երկրի Ավդալ բեկը, որ Նեթոյի պես նշանավոր հային սպանեց, Դեվրիշ բեյը` այն հազարավոր հայերի արյունը թափող խան-Մահմուդի եղբայրը — և Մուքուրցվոց Մեհմետ-Ալի աղան, որ Սաթմանից եկեղեցին պղծեց` բոլորը Պողոս վարդապետի ամենահավատարիմ բարեկամներն են դառնում: Եզըդիներու աղաները` Չաթոն և Սատոն, Հայտարանցոց բազմաթիվ ցեղապետները, նոցա գլխավորը` Ալի աղան, որք Տաճկաստանից կողոպտելով անցնում են Պարսկաստան, և այնտեղից կողոպտելով պատսպարվում են Տաճկաստանում` այդ բոլոր չարագործները, — գաղտնի կապեր են կցում Պողոս հայր սուրբի հետ և նորանից կախումն ունեն: Ինչո՞ւ: Որովհետև Պողոս հայր սուրբը փաշային շատ մոտ մի անձն է, եթե այդ ավազակապետներից մինը մեղադրվում էր որևիցե հանցանքի մեջ, միշտ կարող էր նորա միջնորդությունից օգուտ քաղել և ազատվել:
Պողոս վարդապետն յուր պաշտպանությունը դեպի վերոհիշյալ ամենասոսկալի ավազակապետները գործ էր դնում ոչ միայն այնպիսի դեպքերում, երբ նոքա որևիցե չարագործություն էին անում օտարներին, այլև երբ հարստահարվածները լինեին նույնիսկ յուր ժողովուրդը — հայերը: Անուրանալի է այն անցքն, երբ Մուքուրցվոց Մեհմեդ Ալի աղան Սաթմանից եկեղեցին կողոպտեց և պղծեց, երբ տարվում էր նա Պոլիս պատժվելու համար, կես ճանապարհից, այն է Կարինից, ետ դարձավ Պողոս հայր սուրբի պաշտպանությամբ:
Այլ փաստեր.
Պողոսի պաշտպանությունը վայելող Հեյդարանցի քրդերը Խժիշկ գյուղի եկեղեցին կկողոպտեն, հայր սուրբը գյուղացիներեն 6000 ղուրուշ ընծա հավաքելով կտա ավազակների գլխավորին և կողոպուտը ետ կգնե: Մի հայոց եկեղեցի պղծել տվող Մեհմետ Ալիին ազատելու համար Պողոսը կառավարության ատյանի մեջ վկայում է, թե չարագործն անչափահաս մանուկ լինելով, ազատ է պատժվելուց, մինչդեռ նա ահագին մորուք ուներ: Կոջայի աղան` Շերիֆը ճանապարհին մի խավենցի հայ կին է բռնաբարում, և ազատվում է հայր սուրբի օգնությամբ: Շատ անգամ ինքը հայր սուրբը այդպիսի անիրավությունների միջնորդ էր դառնում, որպես է այն դրամատիկական անցքը, երբ զորապետ Ֆերիկ փաշան Պողոսեն մի հայ կին է ուզում, նույն միջոցներում տըհերցի Պետրոսն յուր կնոջ ծեծած լինելով, հայր սուրբը լսում է և բերել տալով, փաշայի մոտ է ուղարկում:
Ի՞նչ էր պատճառն, որ Պողոս վարդապետը, կապեր ուներ այդպիսի եղեռնագործների հետ: Պատճառը շատ պարզ է: Երբ նոքա հափշտակում էին, հայր սուրբը մասն ուներ կողոպուտի մեջ: Երբ նոցա ցեղերի մեջ որևիցե մարդ կամենում էր վաճառականության առիթով կամ այլ գործով գնալ, յուր անձի և ապրանքի ապահովության համար ստիպված էր հայր սուրբից մի հանձնարարական թուղթ առնել այս կամ այն իշխանի վերա, իհարկե, միևնույն ժամանակ ընծայելով հայր սուրբի «աջահամբույրը»: Բացի դոցանից, այդ ավազակներից ամեն մինը, լինելով միևնույն ժամանակ մի ամբողջ ցեղի իշխան, նոքա միշտ պատրաստի գործիքներ էին հայր սուրբի ձեռքում յուր հակառակորդներին սարսափեցնելու համար, և երկրի մեջ ցանկացած խռովությունները հարուցանելու համար:
Օրինակի համար Տփխիսից Վանա երկու Անապատներին հատկացյալ մի կտակի մասին Պողոսի և Թոփուզյան հայր սուրբի մեջ անհամաձայնություն է բացվում: Քանի օրից Թոփուզյանի վանահայրությանը ներքո գտնվող Անապատի խոտի մարագները հրդեհվում են, վնասը հասնում է մինչև 30,000 ղուրուշի: Չարագործը հայտնվում է Պողոսի հավատարիմ քրդերից մինը:
Մի այդպիսի ճարպկություն, որով Պողոս վարդապետը կարողացավ հպատակեցնել յուրյան` թե՛ տեղային կառավարության ներկայացուցիչներին, և թե՛ թափառական ցեղերի զանազան իշխաններին, մենք վերաբերում ենք նորա ամենահնարագետ խորամանկությանը և հմուտ քաղաքականությանը: Արդարև, նա երևում է բարձր բնավորության տեր մարդերից մինը: Եթե նա յուր այդքան ազդեցությունը գործ դներ դեպի ժողովրդի բարօրությունն, անուրանալի է, որ Վասպուրականի հայերը կարող կլինեին շատ բարիքներ վայելել: Մենք չենք հերքում այն բանը, որ, Վասպուրականի նման նահանգում, ուր առաջնորդը ժողովրդի և՛ հոգևոր, և՛ մարմնավոր գլխավորի ներկայացուցիչն է, նորան մինչև անգամ հարկավոր է մյուս մանր ազգությանց իշխանների հետ կապեր ունենալ, կառավարության հարստահարությունների առաջն առնելու համար: Բայց երբ որ մի այդպիսի մարդն յուր ուժերը դեպի չարն է գործադրում, այդ ներելի չէ:
Բայց շուտով Պողոս վարդապետը անտանելի է դառնում ժողովրդին և սկսվում են անդադար և ձիգ բողոքներ դեպի Կ. Պոլսի Ազգ. Վարչությունը: Պատրիարքարանի 1860 թվից սկսած արձանագրություններից հանելով, տետրակի հեղինակը հիշում է հետևյալ հանցանքները. ա. Վանա Այգեստանի մեջ կասկածավոր կնոջ տունը հաճախելը. բ. Յուր սիրելի նժույգը գինիով արբեցնելը, և արհեստական կատաղությամբ վարժեցնելով, նորանով զվարճանալն. գ. Ավանցի Մանուկի կինն ամուսնի կենդանության ժամանակ ուրիշին հետ պսակել տալն. դ. Ռեիս (տանուտեր) Սինանին ծեծի տակ անողորմաբար կաշին քերթելը. ե. Տրլաշենցի քահանային մահու չափ գանակոծելը. զ. Սխկայեցի ռեիս Գրիգորին չարաչար ծեծելով աչքերը կուրացնելը. է. Հարություն ժամկոչին նույն վիճակի մեջ գցելը, Վարդավառի տոնախմբության օրում, Վարագա վանքի մեջ, Դրախտ անվանյալ պարտեզում, Ըրղատբաշի Հակովբի հարսին հետ ունեցած կոմեդիան… թ. Մի փոքրիկ երեխայի գողության համար մորը ժամկոչին շալակն տալով չարաչար ծեծելը. ժ. Ժողովրդից անասելի բռնաբարությամբ փող հավաքելը տաճիկների համար զորանոցներ շինելու և այլն:
Վերոհիշյալ հանցանքները մանրամասնաբար բացատրելեն հետո, տետրակի հեղինակը մեջ է բերում մի քանի նշանավոր անձինքների նամակներն, ուղղած Պոլսի պատրիարքին, որոնք նույնպես երևան են հանում Պողոսի այլ մեղադրանքներն, որոնք մենք ավելորդ ենք համարում հիշել:
Ազգ. Վարչությունն, ուշադրություն դարձնելով ժողովրդի բողոքներին, Պողոս վարդապետին բերել է տալիս Կ. Պոլիս քննության համար, նորա տեղը նշանակելով Իգնատիոս եպիսկոպոսին: Իսկ Պողոսը Պոլսից փախչում է, կրկին վերադառնում է Վան, և յուր հին բարեկամները գլխին հավաքելով, հարձակվում է առաջնորդարանի վերա և արյունահեղությանց պատճառներ է տալիս: Այնուհետև նա սկսում է յուր հին դերը խաղալ: Անապատի վանքի հարստությունքը վատնում է զանազան անբարոյականների հետ, մինչև անգամ նույն վանքի վարագույրների հետքում Դերվիշ բեկին հետ չենկի (պար եկող պատանի է) խաղցնում: Եվ Կտուց Անապատի միաբան Ռափայել վ. Պողոսից չարաչար ծեծվելով, ոսկորները փշրվում է և մեռնում: Այնուհետև նա սկսում է վրեժխնդիր լինել այն անձանց, որք նորա մասին Պոլսում բողոքել էին: Դոցանից մինն էր Տ. Օհաննեսյան Կարապետը: Պողոս վ. գիշերով յուր երևելի քուրդ դերվիշին մի քանի ծառաների հետ ուղարկում է Տ. Օհաննեսյանի տունը, անկողնից քարշում են և ձեռքն, ոտքը կապած բերում են Պողոսի մոտ: Հայր սուրբն յուր զոհին պառկեցնում է, գլուխը Նազար անուն ծառային բռնել տալով, և ոտները ուրիշներին, յուր հաջի ռաճապով8 այնքան ծեծում է, մինչև երիտասարդի բերնեն արյուն է հոսում և շատ չէ տևում, որ մեռնում է:
Այնուհետև տետրակի մեջ նկարագրվում է Պողոսի մինչև հիսունի չափ սարսափելի բարբարոսություններն, որք արտահայտում են նորա գազանային, ցած և անբարոյական բնավորությունը: Մենք լռում ենք նոցա մասին, որովհետև չենք ուզում զզվեցնել ընթերցողին:
Նորից բողոքները թափվում են դեպի Պոլսի Ազգ. Վարչությունը: Քաղաքական ժողովը գործը գցում է Կրոնական ժողովին, վերջին այդ խնդիրն յուր վրա չէ առնում: Խրիմյանը ստիպված է լինում ինքնին գործի վճիռը տալ. Բարձ. Դռան հրամանով և յուր պատրիարքական թադիրով9 Պողոսին Վանից աքսորելով, Ուչ Քիլիսայի վանքն է ուղարկում: Այնտեղ Պողոսն անտանելի է դառնում, աքսորը դարձյալ Խրիմյանի հրամանով փոխվում է Կարին: Բայց Կարինում Պողոսը նույնպես հանգիստ չէ մնում, նորա հին բարեկամների, քրդերի զանազան իշխանների գաղտնի և հայտնի հարաբերությունները նորա հետ դարձյալ շարունակվում են: Պողոսը Կարինում դառնում է ոչ միայն անտանելի, այլև վտանգավոր: Այնտեղից բողոքում են Պոլսի Ազգ. Վարչությանը Պողոսի աքսորանքի տեղը փոխել: Ազգ. Վարչությունը մի քանի «պողոսյանների» միջնորդությամբ որոշում է` ներկա հունվարի 10-ին, որ Պողոսը Բարձ. Դռան հրամանով կրկին Վան երթա և մնա Անապատում, այն անապատում, որտեղից նա քանի տարի առաջ սպառազինյալ քուրդերով Վանա առաջնորդարանին վերա հարձակվեցավ և խեղճ Իգնատիոս եպիսկոպոսի գլխին այն սարսափելի դրաման խաղաց:
Պոլսի Ազգ. Վարչության մի այդպիսի որոշումը մեծ խռովություն է բարձրացնում Վասպուրականի մեջ: Ժողովուրդն ամենևին չէ ուզում այն մարդին կրկին յուր մեջ ունենալ, որից այնքան չարիքներ կրած էր: Բայց Ազգ. Վարչությունը բոլորովին անտես առնելով ժողովրդի բողոքը, մնում է հաստատ յուր որոշման վերա, որովհետև Պողոսին պաշտպանողները ժողովրդի մի քանի նշանավոր անձինքներն էին10:
Ինչո՞վ է վերջանում այդ խռովությունը: Ժողովրդի ներկայացուցիչները վերոհիշյալ տետրակը առաջարկելով Պոլսի Ազգ. Վարչությանը, երեսները դարձնում են այդպիսի խոսքերով` «Եթե Ազգ. Վարչությունը նորեն անփոփոխ պահե իր ըրած որոշումն, մեզ կմնա վերջինը համարել խոհեմություն... և դիմել բարձրագույն կառավարության ներկայացնելու մեր այս կենաց և մահու խնդիրը...: Ալ ազատ պիտի մնա մեր խիղճը, մեր պատիվն ալ»:
Մենք հուսով ենք, որ Պոլսի Ազգ. Վարչությունն այնքան խոհեմ կլինի, որ չի արհամարհի ժողովրդի ձայնին, որպես ճշմարտության ձայնին, ի նկատի ունելով այն սարսափելի հետևանքն, որ կարող է ծագել այդպիսի դեպքերից: Որովհետև երբ Ազգ. Վարչությունը, չհարգելով ժողովրդի բողոքները, նորանց առիթ կտա դիմել Բարձ. Դռանը, այսպիսով նա ինքը ճանապարհ կբաց անե հայերի դեմ դեպի տաճիկների դիվանատները դիմելու:
Այդ է կառավարության իսկական նպատակը: Երբ որ այդպիսի դեպքերը կկրկնվեն հաճախակի, կառավարությունը մի օր կասե. հայեր, մենք տվեցինք ձեզ սահմանադրություն և ազգային ինքնակառավարության իրավունքներ, բայց դուք անընդունակ եղաք վարելու, ուրեմն ետ տվեք: Արժե՞ արդյոք մի այդպիսի կորուստը զոհել մի քանի շահասեր «պողոսյանների» հաճույքին, որք Խրիմյանի անկումից հետո, աշխատում են Պողոսին այդ միջոցով կրկին Վանա առաջնորդության աթոռը նստեցնել…