Առաջաբանի տեղ
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ
Ընծայելով պատվելի հասարակությանը «Փունջի» երկրորդ հատորը, մենք մասամբ հասած ենք համարում մեր նպատակին, տեսնելով, որ նորա առաջին հատորը սառն ընդունելություն չգտավ ընթերցողներից: Այլ ընդհակառակն, նա հարուց աղմուկ, գրգռեց հարցասիրություն, իսկ շատերի մեջ կրքեր և զզվանք...: Այդ բավական է մեզ, նշանակում է, որ նա ազդեց, նշանակում է, որ մեր ժողովրդի մեջ դեռ հանգած չեն կենդանի զգացմունքները...
Անտարբեր չմնաց և մեր լրագրությունը: «Մշակը» և «Մեղուն» յուրյանց կողմից ընծայեցին «Փունջին» մի քանի վայրիվերո խոսքեր: Ավելին սպասել չէր կարելի, երբ պակաս էր առողջ կրիտիկան կամ անաչառ քննադատությունը:
Գալով երկրորդ հատորի հրատարակությանը, այսքանը միայն կասենք, որ այս գրքի մեջ պարունակված վեպիկները մենք գրել ենք Թիֆլիսում 1872-1873 թվականներում: Թե որքան է հաջողվել երկու տարվա ընթացքում ըմբռնել մեզ անծանոթ մի երկրի հասարակական կյանքի մի քանի երևույթները, այդ թողնում ենք ընթերցողների դատողությանը: Բայց «Հարեմը», «Սառան» և «Ղույլուբանին» մեր Պարսկաստանում եղած ժամանակվա գրվածներիցն է, երբ արդեն վերադարձած էինք մեր հայրենիքը:
Մենք հարմար համարեցինք այդպիսի փոքրիկ վեպիկներով նախ զարգացնել կարդացողների ճաշակը և նոցա սերը դեպի մայրենի լեզվի ընթերցանությունը, մինչև նոքա պատրաստված կլինեին հետաքրքրվել ավելի ընդարձակ վիպասանական գրվածքներով, որոնց, եթե կհաջողվի մեզ, կմատուցանենք հետագա հատորներով:
Թող կույր վայրախոսներն ինչ որ ուզում են ասեն, մեր վստահությունը կմնա միևնույնը, ինչ որ էր առաջ: Դափնիք վայելելու ցանկությունից հեռու ենք մենք, բայց ուրախ ենք, որ հասարակական կրթության գանձանակի մեջ կարողանում ենք ձգել մի չնչին լումա — մեր ունեցածն այդ է: