Ամենայն հայոց եւ Աստծո սիրով

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան 90-ամյակի առթիվ

Ճանապարհն ասֆալտապատ է, մաքուր, ծաղկապարար, երկկողմանի երթեւեկության իր զույգ թեւերով ասես թռչում է։ Դա աշխարհի ամենալավ ճանապարհն է։ Բայց ոչ թվածս առավելությունների համար։ Ո՜չ։ Ամենալավն է, որովհետեւ այդ ճանապարհը տանում է դեպի Էջմիածին, այնտեղ, ուր իջել է Միածինը։ Այնտեղ, ուր Աստծո հետ հաղորդակցվել են հայ մշակույթի եւ արվեստի բազում մեծեր՝ Կոմիտասից, Հովհաննիսյանից, Իսահակյանից մինչեւ Սեւակ, մինչեւ ավելի նորերը։
Ամեն անգամ, երբ մայր Հայաստան եմ մեկնում, դա նման է լինում ուխտագնացության։ Թարմ ծաղիկների ու համբույրների փունջ եմ թողնում սուրբ մարդու՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի շիրմաքարին... Շատ էի կապված նրա հետ։ Մինչեւ հիմա էլ հոգուս մեջ է Երեւանից Արցախ հասնող նրա ձայնը. «Ի՞նչ նոր լուրեր կան»։ Արցախի համար ամենատխուր ու ծանր վիճակներում իմ պարտքն էի համարում զանգել նրան, տեղեկացնել։ Եվ նա գործում էր, եւ նա մշտապես ուժի մեջ էր պահում օգնության հասնելու բոլոր հնարավորություններն ու ուղիները։
Ավելորդ չեմ համարում պատմել, թե ինչպես եղավ մեր առաջին ծանոթությունը։ Երեւանի հեռուստատեսությամբ կարդացել էի իմ բանաստեղծություններից։ Ու մի օր, երբ Ստեփանակերտի պետական թատրոնից մի փոքր խումբ մեկնել էր Վեհափառի մոտ, նա խոսել է իմ բանաստեղծությունների մասին. «Խնդրում եմ նրան ասել՝ հենց որ Երեւան գա, անցնի նաեւ Էջմիածին։ Ուզում եմ հանդիպել, բան ունեմ ասելու»։ Լուրն ինձ հասավ, շատ ուրախացա ու գնացի։ Դրանում ինձ օգնեց նրա սպասավորներից մեկը՝ հայր Սարգիսը, որից ես սովորեցի Վեհափառին դիմելու, նրա հետ վարվելու կարգն ու կանոնը։ Բայց վեհարանի դռներին չհասած՝ Վեհափառն ընդառաջ եկավ, եւ ես միանգամից շփոթվեցի, քիչ մնաց բարեւն անգամ մոռանայի։ Նրան տեսնելուն պես աչքերիս առաջ կանգնեց դրանից շատ տարիներ առաջ երազումս տեսած ճերմակ միրուքով ծերունին, որն ինձ քաջալերում էր, խորհուրդներ տալիս եւ շատ էր նման իմ Խաչի պապին։ Ուրեմն, այս հանդիպումը Աստծու նախապատրաստած հանդիպումն էր։ Եվ հավատն ավելի խորը արմատավորվեց իմ մեջ։ Վեհափառն անասելի ջերմությամբ ընդունեց ինձ, թեյով ու սուրճով հյուրասիրեց, տեսնելով կաշկանդվածությունս՝ ասաց, որ ինձ զգամ ինչպես տանը։
-Ես դիտել եմ հեռուստատեսային քո ելույթը,- ասաց Վեհափառը,- շատ եմ հավանել «Արցախուհին» բանաստեղծությունդ, մյուսները՝ նույնպես։ Չէի՞ր ուզենա, որ մեր ճեմարանում հանդիպում կազմակերպեինք քեզ հետ։- Ու տեսնելով, որ կաշկանդվածությունը դեռ չի լքել ինձ՝ երազի եւ իրականության վերապրումների մեջ եմ, շարունակեց։ - «Այնտեղ հանդիպումներ ենք կազմակերպում ժողովրդի եւ արվեստի անվանիների հետ, մեզ մոտ եղել են»։ Ու նշեց մեր ժողովրդի երեւելի զավակների անունները։ Մի կերպ ինձ հավաքելով՝ ուժ առա, ասացի. «Ինձ համար Էջմիածնի հոգեւորականների հետ հանդիպելը մեծ պատիվ կլինի...»։
Եկա Արցախ, հեռախոսով նորից պայմանավորվեցինք ու վերջնականապես կանգ առանք նոյեմբերի 23-ի վրա։ Հանդիպումը շատ ջերմ էր։ Խոսք ասացի։ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսակետների վրա կանգ առա, ապա կարդացի բանաստեղծություններ եւ «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» (այն ժամանակ դեռեւս անտիպ) իմ պոեմի առանձին գլուխներ։ Հանդիպման ժամանակ խոսքով հանդես եկավ եւ Վեհափառ Հայրապետը։ Խոսելիս հաճախ արցունքները խեղդում էին ու թաշկինակը աչքերին էր տանում, սակայն եւ անըդնհատ շեշտում էր, որ հայ ժողովուրդը հաղթանակով դուրս կգա, քանզի Աստված եւ արդարությունը մեր կողմն են։
...Տարիներ են անցել այդ օրից։ Հիմա ուխտավորի երկչոտությամբ ու որդու ակնածանքով եմ մշտապես բացում «Աստվածաշունչը», այն սուրբ գիրքը, որ մակագրությամբ ինձ է նվիրել Վազգեն Առաջինը։ Իր ժողովրդի համար այդքան շատ բան արած ու աստվածահաճո մեծագործություններ կատարած Վեհափառ Հայրապետը հիմա պիտի բոլորեր իր 90-ը Աստծո սահմանած բազում հազարամյակներից։ Հայ ժողովրդի անանց սերն ու մաքուր հավատը նրա սուրբ հիշատակի առաջ մեր խոնարհումն է։