***

Ամեն ինչ չէ, որ կորած է անդարձ, -
Լույսի ափի մեջ լալիս է քարը,
Աչքերը թախծի շատրվաններ են,
Միտքը ճմռթված ցողուն է ծաղկի
Եվ հոշոտում է հուշը ինձ ներսից։

Լուսինը գայլի ցավից ոռնում է, -
Մղձավանջը սեւ մութով է հունցվում,
Հողից արյուն է կաթում իմ սրտին,
Մութը պսակի շորեր է ձեւում,
Եվ չանցած ճամփան օղապարան է։

Մակույկի ափին ծովը մեռնում է, -
Օդը սառել է եղեգի դողում,
Դանակն ուղիղ են խրում հոգու մեջ,
Հազար մի դուռ կա չասված մեկ խոսքում,
Ես աշխարհով մեկ որոնում եմ քեզ։

Ինձ մոտենում է խաչը Հիսուսի, -
Շուրջս վխտում են բյուրավոր դարեր,
Ես ամեն մի պահ կարող եմ հասնել,
Հացը թխվում է հրով վարանցած.
Դեռ ցլի պոզին այգը վարդոտ է։