***

Թռավ-գնաց ծաղիկը՝ թիթեռնակին գտնելու,
Եվ հարսնացավ մի երազ Աստվածամոր աչքերում,
Եվ մի կարոտ մոռացված մի խաչքարի մոմ վառեց,
Եվ ճամփեքի թռիչքում երկինք ու ձոր մերվեցին,
Եվ աչքերս աստղերից կրակ էին դեռ քաղում։

Սլացքի մեջ երանիկ ծառը հավքին գտել է, -
Եվ անձրեւը հեռացած բուրում է թեժ խոտերում,
Եվ գարունքվա հայացքից բռնկվել է մի տաք հուշ,
Եվ խենթացած մի բողբոջ գլխից տարավ արեւին,
Եվ լցվում է օրը լույս մոմաթերթի պես վայրի։

Զանգակատան գմբեթին կապույտը հույս է մանում, -
Եվ Տրտուի ափերով վեր են ելնում բյուր ջահեր,
Եվ մի մրջյուն խոտն ի վեր մոտենում անհունին,
Եվ առաքյալ մի վերին դեմքի փոշին է սրբում,
Եվ աղմուկում ամբոխաց լողում է մի ոսկե զանգ։

Վռազում է ջրիկը՝ որ մերձենա ակունքին, -
Եվ ծլում է աչքի մեջ հորիզոնը երկնաբույր,
Եվ մի նիզակ վերքի մեջ դեռ ճոճում է ցողունը,
Եվ Նեմրութա սարը պերճ ընտրել է իմ տան ուղին,
Եվ իմ սրտին թոնրաթեժ ցող է ցանում մի սուրբ սեր։

Սարը հանկարծ վերհիշեց ֆիդայական հին մի երգ, -
Եվ ձեն-ձենի արթնացան կածան ու քար քնեցված,
Եվ ալիքը գետերում կրկին դարձավ երեխա,
Եվ կտուցին տատրակի երգը նորից թռվռաց,
Եվ Արաբոն տուն եկավ՝ ձիու ոտքին ճերմակ նախշ։