***

Այդպես: Հետեւիր թափվող ձյուներին
Եվ փաթիլներից դու մի՛ հարցրու
                 ինչպես են գալիս,
Գնա՝ նրանց պես,
Եվ փաթիլներին երբեք մի՛ ասա,
Որ խենթի նման սիրում ես իրենց,
Չասես, ո՜ւմ է պետք...
Դու փաթիլների շշուկին հլու,
Գնա՝ ինքդ քո ափ ու խորքերով:
Եվ մի վհատվիր:
Ծիծաղիր, երբ որ լացել ես ուզում,
                  Իսկ թե չստացվի,
Թափ տուր ձեռքը քո...
Այդպե՛ս ճակատիր,
Նահանջը... Դե, հո քեզ համա՞ր չէ դա,
Ընդառաջ գնա քո սիրո ցավին.
Ձյունից մրսողը
Մի բուռ ձյուն վերցնում, շփում է դեմքը
Եվ այդպես է նա միայն ջերմանում:
Հասկացա՞ր հիմա,
Կարող ես գնա՜լ...