Շրջեց հայացքը,
Ուրիշ ոչ-ոքի,
Միայն ինքն իրեն խաբելու համար.
- Ոչինչ չեմ տեսել...
Եվ սուտը աճեց բաղեղի նման,
Եվ սուտը ձգվեց բաղեղի նման՝
Դալար ծառն ի վեր,
Ասաց.-Ծառ չկա,
Ծառը ես եմ հենց, ոնց չեք նկատում:
Շրջեց հայացքը
Եվ մենակ, զույգ-զույգ անցնող մարդկանց մեջ
Փորձեց անտեղյակ մի անցորդ լինել,
չստացվեց սակայն,
Հանկարծ չգժվի՞...
Գարնան տաք գրկում թպրտաց լացով,
Որ չհասկացավ,
Թե ինչու ինքն էլ գարնան ճամփեքին
Ձյուն չի տրորել,
Ձյուն չի տրորել...
Շրջեց հայացքը,
Բայց խոհը ներսում մեջքին չէր ընկնում.
- Քեզանից դու քեզ թաքուն մի պահիր,
Իզուր կուլ մի տուր արցունքները քո,
դեղահաբեր չեն,
Հնազանդ եղիր քո այրումներին՝
Ախր, ամեն ինչ ինչպես չիմանալ:
Փակ աչքերով է մարդ աշխարհ գալիս,
Բացված աչքերով հեռանում-գնում...
Շրջեց հայացքը
Եվ զգաց հանկարծ. կանաչ չի բուսնում
շրջված հայացքում,
Հավքը չի թռչում, առվակը՝ երգում,
Ծիլերի շուրթով քարը չի շարժվում:
Ու խոր հառաչեց:
Հետո վռազեց (ավաղ, ուշ էր շատ),
Իրեն խլելու՝
Շրջված հայացքով անցնող օրերից:
Եվ էլ չիմացա՝ վերջը ինչ եղավ...