Այնպես նազիկ, այնպես թեթև, այնպես օրոր…
* * *
Այնպես նազիկ, այնպես թեթև, այնպես օրոր
Քայլում ես դու։
Ոսկելուսիկ, օ, հրաթև, այնպես բոսոր
Փայլում ես դու։
Դու վիթ ահոտ, դու խուսափուկ, այնպես անուշ
Նայում ես դու։
Եվ այնպես տոթ, այնպես փափուկ, այնպես քնքուշ
Փայում ես դու։
Նայվածըդ տեգ, ժպիտըդ նետ, օ, խնայի՜ր,
Խայթում ես դու։
Ինքըդ արեգ, սերըդ աղետ, օ, մի՛ նայիր,
Դյութում ես դու։
Աշխարհն ամեն քո ոտքի տակ` թագուհու պես
Տիրում ես դու։
Օ, հրեղեն, չար արեգակ, ում որ նայես`
Այրում ես դու…