Այն ո՞վ է ստոր այն պոետը

Այն ո՞վ է ստոր այն պոետը


<. . . . . . . . . . . . . . . . . . . . . . >
<. . . . . . . . . . . . . . . . . . . . . . >
Այն ո՞վ է ստոր այն պոետը, որ
Իբրև անցյալի դրոշակակիր -
Երգով, նկարով, պոետի խոսքով
Դեպի անցյալի գիրկն է կամեցել
Քշել մեր կյանքի ընթացքը վսեմ,-
Իբրև օձ՝ իր մոր գիրկը սողացող․․․

Ոչ:- Չեմ հավատում, որ նաիրական
Աշխարհում ամբողջ գտնվի գեթ մի
Պոետ, որ այսօր իր բախտը գտնի
Իր ժողովրդի վսեմ, տիրական

Երթը խափանող ուղիների մեջ․․․
Ես չեմ հավատում, որ միայն վերին
Շնորհքով մղված պոետ Մահարին
Անգամ նա լինի դավաճան մի գեջ:

Որ նաիրական ոսկե քնարով,
Մատներով իր նուրբ եւ պոետական -
Ցերեկը գրի երգեր դյութական,
Իսկ գիշերային իր սև քանքարով -

Ձգտի խորտակել և՛ լույս, և՛ անգին
Իր նաիրական ոգով հղացած -
<. . . . . . . . . . . > անեղծ թովչությունը
Եվ երգիչ դառնա անիղձ տարփանքի․․․

Օ, չե՛մ հավատում, թե Ակսելն անգամ,
Որ Եսավի պես, պժգնելի մի օր
Իր առաջնության իրավունքը բորբ
Եղծի,- հանուն ինչ տենչի անձնական՝

Կշտության,- մի բուռ ապուրով ոսպե
Ծախելով տաղանդն իր աստվածային,-
Օ, չե՛մ հավատում, որ անգամ ահից
Խելահեղ դարձած այրն այս իսկապես

Ելնի շողոքորթ, իբրև սրիկա,-
Եվ շքե՛ղ ոգով իր հանճարափայլ
Դառնա մատնության մարգարե մռայլ,-
Եվ կյանք աղերսե - իր դեմքը ներկած

Իր նվիրական հույզերն անարգող,
Սև, հայրենակոխ իղձերի գույնով,-
Լավ չէ՞ - հրկիզված մահաբեր թույնով -
Հեռանալ կյանքից՝ իբրև [մարդ անկոր]․․․

<. . . . . . . . . . .. . . . . . . . . . . . >
<. . . . . . . . . . .. . . . . . . . . . . . >
Կյանքում դարձած մի <անձ տիրական>
Դափնու փոխարեն՝ իր արյամբ ցողված․․․

Ես չե՛մ հավատում, որ Թոթովենցի
Ձեռքը, որքան էլ լինի հանցապարտ՝
Իր ժողովրդի ինքնությամբ հպարտ՝
Բարձրանա մի օր, որ որոմ հնձի․․․

Եվ չեմ կամենում սրտով պոետի
Ես վայրկյանին այս՝ տխրությամբ անհուն՝
Հավատալ անգամ, որ խեղճ Վշտունու
Կյանքում կա հանցանք՝ ստոր և հետին․․․