Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Դժգոյն ոճրագործի մասին

ԴԺԳՈՅՆ ՈՃՐԱԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ.

Դուք չէ՞ք ուզում սպանել, ո՛վ դատաւորներ ու զոհի քրմեր, նախ քան կենդանու գլխով անելը։ Տեսէ՛ք, դժգոյն յանցաւորը գլխով արեց․ նրա աչքից մի մեծ արհամարհանք է խօսում։

«Իմ Եսը մի բան է, որ պիտի յաղթաՀարւի, իմ Եսը մեծ արհամարհանքն է մարդի», այսպէս է խօսում այդ աչքը։

Որ նա ինքն իրեն դատեց՝ այդ նրա լաւագոյն րոպէն էր․ մի՛ թողէք վեհին վերստին իր ցածութեան մէջ ընկնելու։

Փրկութիւն չկայ նրա համար, ով տանջւում է այսպէս ինքն իր մէջ, իր վատութեան համար․ աւելի լաւ է արագ մահը։

Ձեր սպանելը, ո՛վ դատաւորներ, թո՛ղ կարեկցանք լինի և ոչ վրէժ։ Եւ երր սպանում էք, աշխատեցէ՛ք դրանով կեանքը արդարացնել։

Բաւական չէ, որ դուք հաշտւում էք նրա հետ, որին սպանում էք։ Ձեր տխրութիւնը թո՛ղ սէր լինի դէպի Գերմարդը․ այսպէս միայն կարող էք արդարացնել ձեր կեանքը շարունակելը։

«Թշնամի» պիտի ասէք, բայց ոչ «չարագործ»․ «Հիւանդ» պիտի ասէք, բայց ոչ «սրիկայ», «յիմար» պիտի ասէք, բայց ոչ «մեղսաւոր»։ Եւ դո՛ւ, կարմիր դատաւոր, եթէ բարձրաձայն ասել կարողանայիր, ինչ որ դու կատարել ես արդէն քո մտքում՝ ամեն ոք կգոչէր, «թող կորչի՛ այդ գարշելի արարածն ու թունաւոր որդը»։

Այլ բան է սակայն միտքը և այլ բան գործը, և բսլորովին այլ բան—գործի պատկերը։ Հիմքի անիւը չի գլորւում դրանց միջև։

Մի պատկեր այս դժգոյն մարդին գունատեցրեց։ Հաւասար էր նա իր գործին, երբ այդ կատարեց, բայց դրա պատկերը տանել չկարողացաւ, երբ գործը արդէն կատարւած էր։

Միշտ ինքն իրեն մի գործի գործողն էր համարում։ Խենթութիւն եմ անւանում ես այդ․ բացառութիւնը նրա համար էութիւն դարձաւ։

Գիծը կախարդում է հաւին․ այն քայլը, որ նա կատարեց, կախարդեց նրա բանականութիւնը — գործից յետոյ երևան եկող խենթութիւն եմ անւանում ես այդ։

Լսեցէ՛ք, ո՛վ դատաւորներ, մի այլ խենթութիւն էլ կայ․ դա երևան է գալիս գործից առաջ։ Ա՜հ, դուք չէք կարողանում հարկաւոր չափով թափանցել այդ հոգու մէջ։

Այսպէս է խօսում կարմիր դատաւորը, «ի՞նչ է սպանել այս ոճրագործը․ նա կողոպտել էր կամենում»։ Բայց ես ասում եմ ձեզ․ նրա հոգին արիւն էր ուզում և ոչ կողոպուտ․ նա ծարաւի էր դանակի երջանկութեա՜ն։

Նրա խեղճ բանականութիւնը սակայն չըմբոնեց այս խենթութիւնը և համոզեց նրան։ «Ի՞նչ բան է արիւնը, ասաց նա, եթէ չես ուզում գոնէ մի կողոպուտ էլ անել, մի վրէժ առնել»։ Ու նա լսեց իր թշւառ բանականութեան․ որպէս կապար ծանրացաւ նրա խօսքը իր վրայ—և նա կողոպտեց սպանելիս։ Նա չէր ուզում իր խենթութիւնից ամաչել։

Եւ ահա՛ իր մեղքի կապարը ծանրանում է իր վրայ, ու վերստին անշարժ է նրա խեղճ բանականութիւնը, այնպէս ընդարմացած, այնպէս ծանր։

Եթէ գոնէ իր գլուխը թափ տալ կարողանար՝ ցած կգլորւէր նրա բեռը․ բայց ո՞վ կարող է այդ գլուխը թափ տալ։

Ի՞նչ է այս մարդը․ հիւանդութիւնների մի կոյտ, որոնք ոգու միջոցով աշխարհ են մտնում և այնտեղ իրենց որսն անել կամենում։

Ի՞նչ է այս մարդը․ վայրի օձերի մի կծիկ, որոնք շատ սակաւ են հանգչում իրար կողքի և հեռանում իրենց համար ու որս փնտրում աշխարհում։

Նայեցէ՛ք այս խեղճ մարմնին․ ինչ նա կրեց ու ցանկացաւ, այդ մեկնեց այս խեղճ հոգին ըստ իր հասկացածի,—այդ մեկնեց իբրև հաճոյք ու մոլութիւն դանակի երջանկութեան։

Ով Հիւանդանում է այժմ, նրան տիրում է չարը, որ չար է հիմա․ ցաւեցնել է նա ուզում նրանով, ինչ իրեն ցաւ է պատճառում։ Բայց եղել են և այլ ժամանակներ, և այլ չար ու բարի։

Չար էր երրեմն և կասկածը ու դէպի ինքը ձգւող կամքը։ Այն ժամանակ հիւանդը հերձւածող և վհուկ էր յայտարարւում։ Իրրև հերձւածող և վհուկ տանջւում էր նա և տանջել կամենում։

Բայց այս չի մտնում ձեր ականջը. ձեր բարիներին վնասում է այդ, լսում եմ ձեզնից. բայց ի՞նչն նշանակութիւն ունեն ինձ համար ձեր բարիները։ Ձեր բարիների շատ բանը զզւեցնում է ինձ, և ոչ ձեր չարը։ Կցանկայի, որ դուք մի խենթութիւն ունենայիք, որ ձեր կեանքը խորտակէր, որպէս այս գունատ ոճրագործը։

Ճշմարի՛տ, ես կցանկայի, որ ձեր խենթութիւնը ճշմարտութիւն կամ հաւատարմութիւն կամ արդարութիւն կոչւէր․ բայց դուք առաքինութիւն ունէք երկար ապրելու և այն էլ մի եղկելի գոհունակութեան մէջ։

Ես գետի ափի վանդակապատն եմ․ ո՛վ կարող է, թո՛ղ բռնի ինձնից․ ձեր թիկնացուպը սակայն ես չեմ։—

Այսպէս խօսեց Զրադաշտը։