Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Ժուժկալութեան մասին

ԺՈՒԺԿԱԼՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ.

Սիրում եմ անտառը։ Քաղաքներում դժւար է ապրել․ այնտեղ կրքոտներ շատ կան։

Աւելի լաւ չէ՞ մարդասպանի ձեռն ընկնել՝ քան մի կրքոտ կնոջ երազի մէջ։

Եւ դիտեցէ՛ք այս տղամարդկանց․ դրանց աչքերն ասում են—դրանք աւելի լաւ բան չեն ճանաչում աշխարհիս վրայ՝ քան մի կնոջ մօտ պառկելը։

Ցեխ է դիզւած նրանց հոգու խորքում, և վա՜յ, եթէ այդ ցեխը դեռ ոգի ու խելք էլ ունի։

Գոնէ եթէ իբրև կենդանիներ կատարեա՜լ լինէիք։ Սակայն կենդանուն յատուկ է անմեղութիւնը։

Խորհո՞ւրդ տամ ձեր զգայարանքներն ու ցանկութիւները մեռցնել։ Խորհուրդ եմ տալիս զգայարանքների ու ցանկութիւնների անմեղութիւնը պահել։

Խորհուրդ տամ ձեզ ժուժկալութեան. բայց ժուժկալութիւնը շատերի համար առաքինութիւն է, շատերի համար էլ համարեա մոլութիւն։

Սրանք ժուժկալում են, բայց շուն-զգայականութիւնն է նայում նախանձով ամեն բանից, ինչ անում են դրանք։

Իրենց առաքինութեան բարձունքից մինչև սառը ոգին՝ հետևում է դրանց այս կենդանին և իր անհանգստութիւնը։

Եւ ի՞նչպէս շուն-զգայականութիւնը մի կտոր հոդի մուրալ գիտէ, երբ նրան մի կտոր միս են մերժում։

Դուք սիրում էք ողբերգութիւններ և ինչ սըրտ է լացացնոլմ. ես սակայն կասկածանքով եմ վերաբերւում ձեր շուն-զգայականութեան։

Ձեր աչքերը դաժան են և մոլի հայեացքով տանջւողներ էք որոնում։ Ձեր հեշտասիրութիւնը չէ, որ կերպարանափոխւել և կարեկցութիւն է կոչւում։

Մի օրինակ էլ բերեմ. քչերը չեն նրանք, որ իրենցից սատանաները հալածել կամենալով՝ իրենք գնացին խոզերի մէջ մտան։

Ում համար ժուժկալութիւնը ծանր բան է, նրան չպէտք է խորհուրդ տալ, որպէսզի այդ դժոխքի ճանապարհ չդառնայ և ցեխ ու կիրք հոգու համար։

Կեղտոտ բաների մասին եմ խօսում։ Այդ չէ ինձ համար ամենավատ բանը։

Իմացութեան ձգտողը սիրով չէ մտնում ջուրը, ո՛չ թէ, երբ ճշմարտութիւնը կեղտոտ է, այլ երբ այդ ծանծաղ է։

Ճշմարի՛տ եմ ասում, կան իսկապէս ժուժկալ մարդիկ․ որոնք մեղմ սիրտ ունեն, սրանք աւելի ոիրով և առատ են ծիծաղում քան դուք։

Սրանք ծիծաղում են նոյն իսկ ժուժկալութեան վրայ և հարցնում, «ի՞նչ է ժուժկալութիւնը։

Յիմարութիւն չէ՞ ժուժկալութիւնը։ Սակայն այս յիմարութիւնը ինքը եկաւ մեզ մօտ և ոչ մենք նրա։

Մենք սիրտ և տեղ տւինք այդ հիւրին. և նա ապրում է մեզ մօտ,—թո՛ղ մնա՜յ, որքան կուզէ»։

Այսպէս խօսեց Զրադաշտը։