Այսպէս խօսեց Զրադաշտը/Առաջին մաս/Լեռան վրայի ծառի մասին

ԼԵՌԱՆ ՎՐԱՅԻ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ.

Զրադաշտի աչքը տեսել էր, որ մի պատանի խուափեց իրենից։ Եւ երբ նա մի երեկոյ մենակ անցնում էր լեռներով, որ պատում են այն քաղաքը, որ «Խայտաբղէտ կով» է կոչւում, յանկարծ պատահեց նա այդ պատանուն, որը նստել էր յենւած մի ծառի և յոգնած հայեացքով հովտին էր նայում։ Զրադաշտը բռնեց ծառից, որի մօտ նստած էր պատանին, և այսպէս խօսեց։

«Եթէ ես այդ ծառը իմ ձեռներով թափ տալ կամենայի՝ չէի կարողանայ։

Բայց քամին, որ մենք չենք տեսնում, տանջում և թեքում է նրան, որ կողմը որ կամենում է։ Մենք ամենից շատ անտես ձեռներից ենք տաջւում ու թեքւում»։

Այս խօսքի վրայ կանգ առաւ պատանին շփոթւած և ասաց․ «ես լսում եմ Զրադաշտին և հենց նոր նրա մասին էի մտածում»։ Զրադաշտը պաաասխանեց, ։

«Ինչո՞ւ ես վախենում դրանից․—ինչ որ ծառի հետ՝ նոյնը պատահում է և մարդի հետ։

Որքան նա դէպի վեր, դէպի ազուրն է ձգտում, այնքան աւելի ուժեղ են նրա արմատները ձգտում դէպի երկիր, դէպ ետ, դէպի մութն ու խորը—դէպի չարը»։

«Այո՛, դէպի չա՜րը, գոչեց պատանին․ Ի՞նչպէս կարողացար ըմբռնել, գտնել իմ հոգին։»

Զրադաշտը Ժպտաց ու ասաց. «Շատ հոգիներ դժւար է գտնել, լաւ է, որ մարդ այդ հնարի»։

«Այո՛, դէպի չարը, գոչեց պատանին նորից։

Դու ճշմարտութիւնն ասացիր, Զրադա՛շտ։ Ես ինքս ինձ էլ չեմ հաւատում այն օրւանից, երբ ես դէպի բարձունքներն եմ ձգտում, և ոչ ոք էլ չի վստահում ինձ,—ինչպէ՞ս կատարւեց այս։

Ես շատ շուտ եմ կերպարանափոխւում․ իմ այսօրը հերքում է իմ երէկը։ Ես ցատկում եմ յաճախ աստիճաններից, երբ ես բարձրանում եմ,—և այս ինձ չի ներում և ոչ մի աստիճան։

Երբ ես վերևումն եմ՝ ինձ բոլորովին մենակ եմ գտնում։ Ոչ ոք չի խօսում ինձ հետ․ մենակութեան սառնամանիքից դողում եմ ես։ Ի՞նչ եմ որոնում սակայն բարձունքում։

Իմ արհամարհանքն ու իմ կարօտը աճում են իրար հետ․ որքան շատ եմ բարձրանում՝ այնքան աւելի եմ ատում նրան, ով բարձրանում է․ ի՞նչ է որոնում նա բարձունքում։

Որքա՜ն եմ ամաչում իմ բարձրանալու և սայթաքելու համար։ Որքան եմ ծաղրում իմ հևիհև գազազումն։ Որքա՜ն եմ ատում ես թռչողին։ Որքան յոգնած եմ լինում բարձունքում»։

Այստեղ լռեց պատանին։ Եւ Զրադաշտը դիտեց այն ծառը, որի կողքին կաննած էին, և այսպէս խօսսեց։ «Այս ծառը կանգնած է մենակ այստեղ լեոան վրայ․ նա աճել, բարձրացել է մարդուց ու անասնից։ Ու եթէ նա խօսել կամենար՝ ոչ ոք չէր ունենայ, որը հասկանար իրեն․ այնքա՜ն բարձր է աճել նա։

Եւ ահա՛ սպասում ու սպասում է նա—սակայն ինչի՞ է սպասում նա։ Նա ամպերի բնակավայրին շատ մօտ է ապրում․ գուցէ՞ նա առաջին կայծակին է սպասում»։

Երբ Զրադաշտը ասաց իր խօսքերը՝ գոչեց մանուկը ուժգին շարժումներով․ «Այո՛, Զրադա՛շտ , դու ճշմարիտ ես ասում, իմ անկմանն էի ձգտում ես, երբ բարձունքներն էի որոնում, և դու ես այն կայծակը, որին սպասում էի ես։ Տե՛ս, ի՞նչ եմ ես դեռ այն օրւանից, երբ դու յայտնւել ես մեզ։ Նախանձը դէպի քեզ—ահա՛ թէ ինչը ինձ խորտակեց»։ Այսպէս խօսեց պատանին ե լաց եղաւ դառնաղի։ Զրադաշտը սակայն ձեոը դրաւ նրա վրայ և տարաւ նրան իր հետ։

Եւ երբ նրանք բաւական ժամանակ գնացել էին իրար հետ՝ այսպէս սկսեց Զրադաշտը խօսել։

Սիրտս կտրտում է այդ։ Աւելի լաւ քան քո խօսքերը՝ քո ամբողջ վտանգը մատնում են քո աչքերը։

Դեռ դու ազատ չես, դու դեռ ձգտում ես ազատութեան։ Չափազանց ձգտելուց շատ ես արթուն ու անքուն մնացել, յոգնել ու դժգունել։

Դէպի ազատ բարձունքներն ես ձգտում դու, աստղերի է ծարաւ քո հոգին։ Սակայն քո վատ հակումներն էլ են ծարաւում ազատութեան։

Քո վայրենի շները ձգտում են ազատւել․ նրանք հաչում են հաճոյքից իրենց նկուղում, երբ քո ոգին բոլոր բանտերի դռները բացել է ջանում։ Դու ինձ համար դեռ բանտարկեալի մէկն ես, որ տենչում է ազատութեան․ ա՛խ, շա՛տ է խելօքանում այսպէս բանտարկեալների հոգին, բայց և խորամանկանում ու վատանում։

Պէտք է իրեն մաքրի նաև ոգով ազատւածը․ նրա մէջ դեռ շատ բան է մնացել բանտի կեղտերից ու ցեցերից․ պիտի մաքրւի դեռ նրա աչքը։

Այո՛, ես ճանաչում եմ քո վտանգը։ Բայց յանուն իմ սիրոյ և յոյսի երդւեցնում եմ քեզ․ դէն մի՛ ձգիր քո յոյսն ու սէրը։

Շատ է ազնիւ քո զգացմունքը և շատ ազնիւ կարծիք ունեն և ուրիշները քո մասին, որոնք զարմացած են քո վրայ և չար հայեացքներ են ուղղում դէպի քեզ։ Իմացի՛ր, որ բոլորի ճանապարհին մի Ազնիւ է կանգնած։

Բարիների ճանապարհն էլ մի Ազնիւ է կտրել․ և երբ դրանք նրան բարի են անւանում՝ դրանով նրան մի կողմ ձգել են միայն կամենում։

Մի նոր բան է կամենում ստեղծել Ազնիւը և մի նոր առաքինութիւն։ Հինն է կամենում Բարին և որ հինը պահպանւի։

Այն չէ սակայն Ազնիւի վտանգը, որ նա բարի կդառնայ, այլ երբ նա յանդուգն, ծաղրող, ոչնչացնող դառնայ։

Ա՛խ, ես ճանաչում եմ շաե ազնիւների, որոնք իրենց ամենամեծ յոյսը կորցրին։ Եւ այժմ անուանարկում են բոլոր մեծ յոյսերը։

Արդ ապրում են նրանք լպիրշ ու մանր հաճոյքներով և հազիւ միայն միօրեայ նպատակներ ունեն։

«Ոգի է նաև հեշտանքը»—ասում են նրանք։ Ու ջարդեցին իրենց ոգու թևերը․ արդ սողում է սա և կրծելով կեղտոտում։

Նախ ուզում էին հերոսներ լինել․ այժմ հեշտասէրներ են միայն։ Ահ ու սարսափ է նրանց համար հերոսը։

Սակայն յանուն իմ սիրոյ և յոյսի երդւեցնում եմ քեզ․ դէն մի՛ ձգիր հերոսին քո հոգուց․ սուրբ պահի՛ր քո ամենամեծ յոյսը։—

Այսպէս խօսեց Զրադաշտը։