Այստեղ
երկնքի
խառնվածքն ուրիշ է․
վերադառնում ես
մանկություն՝
պատերազմ է,
հետ ես գնում
երիտասարդություն՝
պատերազմ է,
քայլերդ
ուղղում ես դեպի
ծերություն՝
նույնն է։
Ճակատագիրը
ճոխ
հասկացություն է
այս լեռներում․
տարիքը՝
ոչինչ չասող
ոչինչ․․․
Սա միակ
երկիրն է,
ուր ծննդատունը
զինկոմիսարիատ է․․․
․․․և հակառակը։
Բոլոր
Համազգեստներն այստեղ
նույնն են․
անգամ
հարսի շորը։
Ի դեպ՝
հարսներն այստեղ
ապրում են
հարսանիքից-հարսանիք․․․
(․․․Արցախում սիրո խոստովանությունները
վաղուց խրամատաբույր են)։