Արծիվ չեմ գուցե,
Բայց ունեմ երկինք,
Բայց ունեմ լեռներ,
Նաեւ՝ արծվություն։
Եվ թե թռիչքս ծանր է այսքան,
դա նրանից է,
Որ իմ թեւերին տանում եմ լեռներ,
Եվ թե երգելու փոխարեն մեկ-մեկ
ճիչ եմ արձակում կապույտների մեջ,
Դա նրանից է,
Որ իմ կտուցին պահում եմ հատիկ,
Ծլունակ մի հունդ,
Որից արեւներ պիտի ընձյուղվեն...