Այցետոմս Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ձայն)

Վարդան Հակոբյան

Նատյուրմորտ
ՁԱՅՆ


Ձայն եմ,
ունեմ կենսագրություն,
ունեմ ճամփա, չէ՝ ճամփաներ,
եւ մի անսուտ
անմահություն։
Գիտեմ՝
ինչ է տոնայնություն,
ծանոթ եմ ես ուժին հողի,
արյան կանչին,
ճանաչում եմ սահմանը ձեր
լսողության,
անտեղյակ չեմ, ասենք, թեկուզ
պատմությունից խլականջի։
Ձայն եմ,
որին ոչ մի դարում,
ոչ մի իշխան ու բռնակալ
չկարեցավ լռեցնել,
եւ չինական պարիսպն անգամ,
չի կարող ինձ խլացնել,
տոնս փոխել,
փոխել ոճս կամ տալ երանգ։
Ձայն եմ,
անցած ձեր սրտերի արձագանքով,
հասկանում եմ՝
ում ականջի դառնալ որոտ,
ում ականջի փարվել-շոյել,
ում ականջի կողքով անցնել
կամ ի՞նչ ասել։
Ձայն եմ,
արմատ, չէ՝ արմատներ,
որոնց երբեք դու չես ասի՝
այսպես ձգվիր.
գիտեմ ես իմ ճանապարհը։
Ձայն եմ,
փոքրիկ, գուցե եւ թույլ,
սակայն ելած ձեր հավատից,
սակայն ձեզ պես հավերժական,
սակայն անմեռ -
քանզի իմ մեջ
ավի՜շն ունեմ սուրբ ճշմարտի։