ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ


Լսո՞ւմ ես, Ֆեոդոր Միխայլովիչ, Մասիսը
ուսերին է առել Սիբիրի բոլոր ձյուները եւ, ինչ փույթ,
դրանից դարձյալ չի թեթեւանում աշխարհի
ոճրաբեռը։

Ոչ մի տեղ այլեւս մեղք
չկա՝ այնքան շատ են
մեղքերը։ Իսկ վաղը, ինչ իմանաս, արդյոք,
կգա՞... Անմեղությունը եւս մեղք է։

Մարդիկ խնամքով թաքցված ինտրիգների
շարադասություն են։ Եվ ով հուշ ունի՝
արդեն ծեր է ու գինեմոլ՝
աստվածագառ գրուշկինաների ետեւից քարշ եկող։

Մեր Հուշահամալիր-Եռաբլուրից քամին մի խոսք է
խփում ունկերիս. «Զոհվածների մեջ
մեռյալներ մի փնտրեք, մեռյալներին փնտրեցեք
ապրողների մեջ»։
Բա՞։ Այսպիսի բաներ։ Միխայլովիչ։

Ամենքը երեխեք են, իհարկե։ Եվ երբ
ձագերն ուտում են իրար,

նշանակում է՝ ուտում են իրենց մորը։
Նշան են բռնում ճակատիդ ամեն օր, եւ դա միայն
պասկալյան զվարճախոսություն է, այնպե՞ս չէ։

Մասիսի ձյունը քաղցրավենիք չէ, ինչ խոսք,
բայց շեյթանը բավականին մարդասեր է դարձել, եւ
թե երեկ խտուտ տալով երեխային՝ ծիծաղեցնում, մոր գրկին,
նոր միայն
կրակում էր ունքամեջին նրա,
հիմա ուրիշ է, Ֆեոդոր Միխայլովիչ, հիմա ուրիշ է բոլորովին.
մանկանը՝ դեռեւս չծնված, խողխողում եմ մոր խոխատան մեջ՝
շիկացած երկաթաձողերի ծայրը դուրս հանելով մոր բերանից։

Ես որտեղ եմ, արդեն մոռացել եմ, բայց հաստատ
ինձանից առաջ մեկն անցել է այստեղով եւ անպայման
երգել է, դա օդից եմ զգում ես, Ֆեոդոր Միխայլովիչ։