Անբարոյական գրականություն

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակե մը ի վեր մեր լրագրության էջերը կը լեցվին ֆրանսական արդի մատենագրության դեմ մղված ծիծաղելի պայքարի մը փորձերով։

Օր չանցնիր որ քաղաքական հոդվածի մը, առևտրական տեսության մը, կամ տնտեսական կարության մը նկարագրին մեջեն հանկարծ հարձակում մը, ակնարկություն մը, զարտուղություն մը չըլլվի այդ մատենագրության դեմ։

Ժեռոտելի բաստիյներուն ծանուցումները անակնկալներու այսքան գեղեցիկ շարք մը ձևացուցած չէին։

Ռասփայլ կը պնդեր թե կարող է նույնիսկ դատավորաց աթոռներուն մեջեն զառիկի թույնը գտնել, և այսօր այն վիճակին եկած հասած ենք որ օրվան լրագրական մընյուին մեջ, — ստամոքսային բացատրություն մը գործածելով որ հիմա շատ հարգի է — կրնանք անպատճառ պզտիկ հատված մը գտնել Անբարոյական գրականություն վերնագրով։

Որո՞ւ կուղղվին այս ճառերը։

Մեր գրականությունը՝ անշուշտ այն միայն որ քանի մը տարին ի վեր լրագրական հրատարակությամբ լույս կը տեսնե, պետք ունի՛ արդյոք այդ փրկավետ աղդարարությանց. կամ մեր ընտանեկան բարքերը ա՜յն աստիճան մատնված են ապականության որ ամենօրյա բարոյականի քարողները ներքին լուրեր հաղորդելու չափ կարևորություն ստացած ըլլան։


Միանգամ ընդմիշտ ըսենք ամեն անոնց որ տարրական ճշմարտությունները ըմբռնելու ընդունակ են, թե անբարոյականությունը մարմնական զեղծմանց մեջ չի կայանար միայն։

Այդ ստորին կայանը հատկացնելով շարունակ բարոյականին, զայն կարի գռեհիկ ու աննշան բան մը դարձուցած կըլլան։

Սիրո վաճառականությունը մեղադրելի է անոր համար անշուշտ որ կեղծիքի առուտուր մըն է․ և սակայն որքա՜ն մարդիկ ապրուստնին կը ճարեն օրնիբուն իրենց սիրտն ու հոգին կեղծելով։

Փաստաբան մը՝ որ անիրավ դատի մը պաշտպան կանգնելով իր հմտությունը կը ծախե քանի մը ոսկիի փոխարեն, հրապարակագիր մը՝ որ իր խիղճն ու գրիչը միանգամայն կը վաճառն որոշյալ շաբաթականի մը համար, բժիշկ մը՝ որ հիվանդ մը խաբելով, խաբխբելով, իր այցելագիրներու արդյունավոր շարունակությունը կը պահպանե, երիտասարդ մը՝ որ աղջկան մը դրամ օժիտին համար կը կարգվի միայն, ինքնամատույց կնոջմեն կը տարբերի՜ն միթե և իրենց ստացած դրամը ճշմարիտ կապենք մը չէ՜ արդյոք։

Հեռո՜ւ մեզմե այն բարոյախոսները՝ որ ընկերական կարգերու ամեն կեղծիքներուն դեմ անտարբեր՝ միաչն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին։

Մտքերնիդ չի՜ գար Թառթյուֆը։

Խոսքդ ուղղելե առաջ ինծի՝ խնդրեմ ա՛ռ
Թաշկինակս ու ծածկե այդ լանջն անպատկառ


Մարդիկ՝ որոնց բարոյականի ամուր ու հաստատ շենքը, Նեվայի ափանց վրա կառուցված ձյունե դղյակի մը պես, մարմնական աննշան մեկ հրապույրին առջև կը կակուղնա, կը հալի, կանհետանա իսպառ և որ ավելին է՝ չեն կրնար գրքի մը մեջ, իրենց դյուրաբորբոք զգացմանց համար անպատուհաս կերպով ընթեռնուլ սիրո մը նկարագրությունը, կնոջ մը պատկերը, դիմագիծը, առանց խռովելու տեսնել Ռյուպենսի մեկ նկարը կամ դիցուհիի մը արձանը։

Եվ այս դառնությամբ կը դառնան մեր գրականության դեմ ալ — այնքան հեռու արդեն եվրոպական գրականութենեն — հոն ալ որոնելու, գտնելու ցանկության միքռոպը, որուն համար կը վախնան թե իրենց դյուրագրգիռ հոգին՝ բերրի ու արգավանդ հող մըլլա։


Գրականությունը իր նպատակովը միայն կրնա բարոյական կամ անբարոյական հռչակվիլ. նկարագրությունները՝ արվեստական խնդիրներ են, որոնք չեն կրնար երբեք անբարոյականության համար իբրև փաստ հառաջ բերվիլ։

Եթե երբեք ախտաբույր կամ ցանկացուցիչ տեսարանի մը նկարագիրը բավեր հեղինակը անպարկեշտ ու անբարոյական համարելու համար, գիտե՞ք որ նախնի ու արդի, աշխարհական կամ սրբազան մատենագիրներեն գրեթե ոչ ոք դուրսը պիտի մնար։

Հելլենական գրականությունը նախ պետք էր կրակը նետեք իր դիցաբանության հետ մեկտեղ։

Կուզե՞ք որ Արինտոփանեն հատվածներ գրեմ հոս։

Հռովմայեցվոց մատենագրությունը տարփանքի նկարագրության մեջ հելլենականեն վար չի մնար. Լյուքռես, Քաթյուլ Փեթռոնե դասական հեղինակներ են։

Բայց ի՞նչ պիտի ըսեք Հոռասի համար, կարդացա՞ծ եք բարեկամի մը ուղղյալ, առ Պառին, առ Մեսեն վերնագրով տաղերը։

Ժյուվենալ կանանց վրա գրած երգիծանքին մեջ անտարակույս

գերազանցած է արդի գրողներուն բոլոր ազատությունները։

Ֆրանսական մատենագրությունն ալ իր նշանավոր ու դասական հեղինակներովը նպաստավոր չէ բոպիկ ոտքե մը կամ անծածկույթ ստինքե մը կարմրող հրապարակագիրներուն։

Ռապըլե իր զվարթախոհ հեշտասիրությամբը երբեք անբարոյական հեղինակ մը համարված չէ։

Բայց անշուշտ պիտի զարմանաք, եթե ըսեմ ձեզ թե տիկին տը Սեվինիե ոչ նվազ համարձակ գրագետ մըն է. տիկին տը Պռենվիլիե անուն կնոջ մը անձնասպանության փորձին առթիվ, իր աղջկան գրած նամակները կրնաք աչքե անցընել։

Ֆլեշիե պերճախոս եկեղեցականը ինքն այ անբարոյականության ամբաստանութենեն ազատ պիտի չի մնար ձեր աչքին, եթե իր հիշատակարանները կարդացած ըլլայիք. և նույնիսկ Ֆենըլոն իր Տելեմաքովը, իր դիցուհիներու, հավերժահարսերու նկարագրությամբ հեշտություն չի բուրեր քիչ մը։

Լաֆոնթենին խոսքը չեմ ըներ, բայց Մոնթեսքիյո անվանի օրենսգետն ու փիլիսոփան, իր Պարսկական նամականիովը անտարակույս անբարոյական գրագետի մը վճիռը պիտի ստանար ձեզմե։


Կուզե՞ք որ քիչ մըն ալ վերջին դարու հեղինակներուն վրա խոսինք. կընդունի՞ք Վոլթեռը, ո՛չ. Տիտռո՞ն ալ չեք ուզեր․ Ժան Ժաք Ռոլսոյեն պզտիկ ընթերցո՞ւմ մը, Նուվել էլոյիզեն Խոստովանություններեն։ Կը փափագիք ակնարկ մը նետել գոնե Թեոֆիք Կոթիեի՝ Օրիորդ տը Մոփենիե, Միշլեի Վհուկին, Տյոլմայի Քամելիադարդ Տիկնոջ վրա։ Ասոնք բոլորն ալ անբարոյական են. ֆրանսական բոլոր գլուխգործոցները մեր մաքուր բարքերուն համար չեն։

Արձակագիրներն են ասոնք. բանաստեղծները տեսնենք շնորհ պիտի գտնեն ձեր աչքին առջև. Ռոնսառ, Տոպինյե հիներեն են։

Անմաքուր գրիչներ անշուշտ բոլորն ալ, որոնց արտագրած խենեշանքը ֆրանսական ստամոքսները կը մարսեն և դպրոցներուն մեջ կը կարդացվին, կուսուցվին։

Բայց քերթողի մը անունը պիտի տամ, զոր պիտի չի կարենաք մերժել, Ալֆռետ տը Մյուսեն։

Ալֆռետ տը Մյուսեն ինքն ալ կապշեր — եթե ողջ ըլլար Նամունայեն առնված հատվածի մը՝ անբարոյական հորջորջված գրականության դեմ, իր գրականությանը դեմ իբրև փաստ մեջտեղ բերվելուն։

Հա՞րկ է թարգմանել հոս թե ինչպես կսկսի Նամունան։


Մեր հին մատենագրությունը՝ սրբազան ու պատմական մատենագրություն մըն է միայն. այսուհանդերձ կրնամ գրականության Թառթյուֆները ահաբեկելու համար ցույց տալ Սողոմոնի Երգ Երգոցը, որոնք, հուսամ թե, խստապահանջ պարկեշտության ու բարոյականի դեմ չեն մեղանչեր, — մասնավորապես Գլուխ է-ն իրենց խորհրդածությանցը կը հանձնեմ։

Եվ մեր վերջին գրականության գալով, Ություճյան Գաղտնիք Հավատա քննությանդ թարգմանելով չենք կարծեր որ լպիրշ գրականության ծառայած ըլլա, և սակայն հոն նկարագրություններ, տեսարաններ չեն պակսիր կիրքեր ու սաստկությունն ու զայրույցքը պատմող։

Իսկ Դուրյան, այն պարկեշտ ու մաքուր հոգին, այդ անբասիր ու շուշանաթույր կյանքը, ա՞յն ալ խենեշանք մը նետած է մեզի իր վերջին թատրերգությամբը, Թատրոնը, որուն նյութին հանդգնությունը՝ խավարամիտ աչքերու կամավոր միամտությունը կրնա շլացնել։


Թողունք ուրեմն այդ անբարոյական գրականության հորջորջումին տակ հարվածված մատենագրությունը, որուն գլխավոր պակասությունը այն է թերևս որ ստամոքսի, ուտելիքի, պարենավորման պայմաններուն, գիներուն վրա չի ճառեք և կը հակառակի ասով գուցե մեր դրական գաղափարներուն։ Գրականությունը այն ատեն միայն անբարոյական է, երբ իր առաջագրած նպատակն ըլլա ընթերցողները ցանկությամբ ու տարփանքով վարակել։

Կը լսենք որ Եվրոպայի մեջ կան գրավաճառներ, առևտրական ձեռներեց ոգիեն մղյալ, որ հատուկ դիրքեր գրել կուտան, կը տպեն ու կը ցրվեն գաղտագողի, անասնական նկարագրություններով և միայն նկարագրություններով լեցուն, որոնք անուն չունին, հեղինակ չունին, հրապարակային գոյություն չունին, այլ կը սողոսկին ձեռքե ձեռք, և կանգ կառնեն սովորաբար հանուն բարոյականի պոռացող մարդոց դարակներուն մեջ. ատոնք են ահա լպիրշ գրությունները։

Իսկ ֆրանսական արդի մատենագրությունը հոյակապ և աննման արվեստի մը մարմնացումն է։

Պալզաք, Ֆլոպեդ, Կոնքուռ, Պոտլեռ, Տոտե, Պուռժե անբարոյակա գրագետներ չեն, այլ մեծանուն մատենագիրներ, որոնցմով Ֆրանսա հավետ կը պարծի։

Զուգահեռական ուսումնասիրություն մը պիտի չընեմ նկարչության և արձանագործության համար, որոնք մարդկային մարմինը այնքան հոլանի ցույց կուտան։

Գիտեմ որ բարոյականի հավատաքննիչները չեն հանդուրծեր ատոր և անշուշտ կը փափագին փակված տեսնել Լուվռի Մյուղեն և Նեշընըլ Կալըռին։


Ո՛չ, մեր ընտանեկան բարքերը, մեր գրականությունը հեռու են ապականությամբ վարակվելե։ Այդ ձրի զրպարտությունը բանով մը չարդարանար, և եթե հարկ անհրաժեշտ է հանուն բարոյականի պայքար մը մղել մեր մեջ, նյութեր չեն պակսիր, ափսո՜ս, որ իրոք արդարացնեն անբարոյականության ամբաստանությունը։

Պարոնյան՝ միակ բարոյագետը, որով պոլսահայերը կրնան պարծիլ, երբեք մեր հեք գրականության դեմ ըսելիք մը չի գտավ, բացի անոր շողոքորթ ու շատ անգամ կեղծավոր ձգտումեն։