Հայ թատրոնի նավաբեկությունը
ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Քայքայված կողերու, լուծքի, ողնափայտի բեկորներ, փտուկ, տամկահար պարաններու մնացորդներ, տախտակամածի մը կոտրտուքները զոր ալիքները հոս հոն կը տանին դեռ իրեն կամակ տարուբերումին հետ. և սյուները անվթար անկորուստ, գետնաքարշ սողալով սակայն, փոխանակ ուղղաձիգ կենալու նավուն վրա որ գոյություն չունի հիմակ։
Ողորմելի տեսարան մըն է, այնպես չէ՞, Հայ թատրոնին պարզած այս տեսիլը։
Հանկարծուստ ելլող փոթորիկ մը պատասխանատու չէ այս նավաբեկության, և սանձակոծ կոհակներու հարձակումին տակ ջախջախված չէ այս շենքը, այլ հանդարտիկ ալիքներու ամենօրյա լիզումովը, խարտոցի համառ ու հարատև աշխատությամբը մաշած, փճացած ու ցրված է ամեն կողմ։
Այդ փայփայող ալիքը, այդ կորստաբեր՝ բայց անխուսափելի խարտոցը, մեր հասարակության մտավոր անկամը, ճաշակի ազնվացման և զարգացման հետզհետե նվազումը
եղած է։ ⁂
Չենք կրնար առանց սարսափի քսան տարի աrաջվանն նայելե վերջը ներկային վերադառնալ, հասարակության մը բարոյական անէացման այսքան հազվագյուտ կերպով տպավորիչ տեսարանի մը երբեք չենք կրնար պատահիլ։
Քսան տարիե հետե իջողության շրջան մը սկսած ենք շարունակ, քուրերը քաշվող դետի մը հարթ երեսին ցածնալուն պես, ամեն կողմե միանգամայն, դանդաղ բայց աներկբայելի խոնարհում մը որ քանի մը տասնյակ տարիներու մեջ գահավեժ անկումի մը տպավորությունը կը թողու։
Տոքթոր մը որ ելլե հիմա Ռյու Պլաս մը թարգմանելու, գրական նոր սեռի մը ճաշակը տալու մեզի, գիտեք որ խնդուք ու ծիծաղ պիտի շարժե, ու մեր այժմու գրական մարդոց գլխու ծանր ծանր երերումին պիտի ենթարկվի։
Պետական մարդ մը ինքզինք պզտիկցած պիտի սեպե մեր մեջ, Օտյանի գրական անհավասարելի փառքին թեկնածու ըլլալով։
Մեծահարուստ մարդ մը այժմ պիտի չկրնա միտքեն անցնեյ թե ի՛նչպես Հակոբ պեյ Պեշիկթաշլյանի, Թերզյանի, Ասեմյանի, Ադամյանի պես մարդոց ընկերությունը կը նախընտրեր ամենեն ավելի։
Եվ հիմա մեր երիտասարդները, պատանիները, որոնք քաջ գիտեն երեկույթներու մեջ անմիտ ու տափակ խոսակցություններով, խաղով և ծեքծեքում ով սպառել իրենց ծանրաբեռնյալ միտքը, Եվրոպայի մեջ ուսած մեր տղաքը որ մինչև իրենց մայրենի գրականության ու արվեստներուն չեն զիջանիր խոնարհելու, — անոր համար գուցե որ տգետ գացած են ապուշ վերադառնալու համար,— ասոնց և ոչ մին հանրային կյանքի, մտքի ու սրտի հաճույքներու ոգին կը կրե իր մեջ։
⁂
Եվ ի՞նչ կուզեք որ ըլլար թատրոնի ճակատագիրը, ա՛յն միայն կանգուն ու բարձր մնար, երբ ամեն բան մեր մեջ կիյնար, կը ցածնար իր շուրջը։ Թատրոնը գրականությամբ կլլա, և հայ դերասանությունը միշտ զրկված անոր ձեռնտվութենեն, թարգմանություններով ապրող, հագված, շքված մուրացիկ մը եղած է ի մեզ, տեսակ մը Տոն Սեզար տը Պազան որ սըվոր լոդիկը կը հագնի ու նըվոր կոշիկը։
Գրողներ պակսած են միշտ հայ թատերաբեմին համար, ինչպես հանդիսատեսները պակսած էին արդեն անոր սրահեն և օթյակներեն։
Եվ վերջ ի վերջո այս թատրոնին ձևն ու տարազը, ֆրանսական բարբառը, «Այո, պարոն կոմս», «Ոչ, տիկին մարքիզուհի» խոսակցությունը հիմարական, խոլ, ցնցուն քրքիչ մը արձակել տված էր հազվագյուտ հանդիսականներուն, որոնք թատրոնեն մեկնելով՝ մեկ մըն ալ հոն չէին վերադարձած։
⁂
Դերասանները իրենք վերը մնացած չեն, երբ իրենց շուրջը ամեն բան վայրէջ շարժումի մը մեջ հետզհետե կը խոնարհեր։ Ո՛չ արվեստի սեր, ո՛չ գրականության գաղափար մնացած է այս մարդերուն մեջ։
Իզուր հիմա նոր սերունդ մը կելլե կը բուսնի իրենց քովիկը, գրականություն մը կը կազմվի իրենց քթին տակ, ամեն ոք ձայն կը բարձրացնե այս քնացող մարդերուն ականջին մեջ. այնքան թմրած են որ չեն արթննար, այնքան հուսահատ են որ չեն հավատար, այնքան խոնջած, անճրկած են որ նոր ոգևորություն մը, նոր ճիգ մը պիտի սպաննե զիրենք։
Եթե իրենց ձեռքեն առնեք Երկու Հիսնապետը կամ Փարիզի Աղքատները պիտի շփոթին։ Եթե ըսեք իրենց թե սովորական ձայնով թող խոսին թատերաբեմին վրա փոխանակ խոռոչային կամ կոկորդալիր ձայներ հանելու, պիտի չընդունին. եթե ըսեք որ հակառակորդի դերին համար երեսնին սևցնելու, ահարկու երևույթ մը առնելու հարկ չկա և կարելի է ամենեն պարկեշտ դեմքն ունենալ և ամենեն վատ չարագործն ըլլալ,— ինչ որ ամենեն հաճախադեպն է — պիտի մերժեն իրենց բոլոր ավանդությունները վեր ի վայր շրջող այս պատվերները։
⁂
Դերասանները պարտին սորվիլ նախ իրենց լեզուն, այն աշխարհիկ բարբառը որ ևս քան զևս աշխույժ և երիտասարդ է, և թողուլ այն հինցած թարգմանությունները, զորս դպրոցական մը այսօր արտադրելն պիտի ամչնա։
Եվ երբ գովելի նորություն մը ցույց տալով կուգան դրված և ոչ թարգմանված կատակերգություն մը ներկայացնելու թատերաբեմին վրա, պետք է ընտրությունը թողուք գոնե անոնց որ գրական հեղինակություն մը ունին, և ոչ թե առաջնորդվին իրենց գրական ճաշակեն ու հանդիսատեսներուն ծիծաղը հրավիրեն ոչ թե խաղին, այլ իրենց անձին վրա։
Մեր դերասանները պետք է պարզությամբ և համեստությամբ ճանչնան թե ռամիկ տարը մըն են այսօր, զոր ոևէ կապ հարաբերության մեջ չի դներ մեր գրական և իմացական աշխարհին հետ։
Կերևակայեմ որ հանդես մը, լրագիր մը գոնե չեն կարդար այս մարդիկը, բացի իրենց ծանուցմանց և նկարագրությանը հատվածներեն ուր շռայլված գովեստը կը փայփայե իրենց միամտությունը և քննադատությունը դառնությամբ կը լեցնե սիրտն այս նավաբեկյալներուն, որ ալիքներու վրա տախտակներու պլլված կը ծփան տակավին։
⁂
Իրենց փրկությունը պիտի ըլլա նոր եռանդով մը ընդգրկել իրենց արվեստը, որ գիտություն մը դարձած [ է ] ալ և այսուհետև գոնե մեր երիտասարդ գրականության հետ հաստատել խնամությունը զոր երբեք խզելու չէին։
Եվ մեր օրվան գրողներուն կիյնա ոչ թե արհամարհել այս աշխատավորները, — ինչ որ ձրի և անիրավ նախատինք մը պիտի ըլլար այս մարդոց ուղղյալ — nչ ծիծաղիլ անոնց վրա, ծաղրի նյութ ընել իրենց դժբախտությանց և տառապանքի անցյալը, այլ բերելու ջանալ զանոնք նոր մտքերու հավասարության։
Մեր գրողներուն կիյնա առաջին անգամ իրենք մոտենալ թատերական ասպարեզին, նույնիսկ թատերաբեմին, որ նշավակ մը չէ անշուշտ։
Թատերագրական սեռը պետք չէ լքենք, ներկայացում մը շատ ավելի աղմուկ կը հարուցանե քան թե պարզ հրապարակագրություն մը և լիուլի գոհացում կուտա մեր ցուցամոլ փառասիրությանը, որով կանուխեն վարակված ենք ամենքս ալ դժբախտաբար, սնապարծիկ մանկուհիներու պես, որ իրենց շողիքոտ կրծկալին Ժանյակներուն դրացի տղուն վրա ընելիք ազդեցությանը կը խորհին ամեն բանե առաջ, երեխայության տարիքեն երևան հանելով կանացի պչրանքը։
Երիտասարդությունը պարտավոր է ժողվել, ամբողջացնել, վերաշինել այս քայքայված նավուն կազմվածքը և ինքը վարել զայն ասկե ետքը։