Միանգամից մութը ընկավ
եւ պաշարեց գիշերը սեւ.
ես մենակ եմ,
մենա՜կ այնքան.
ինձ լքել ես դու, ամենքը,
ինձ լքել եմ ինքս անգամ։
Եվ հանկարծ սեւ մութի միջով
մոտենում է մի ճերմակ ձի.
ճերմակ ճրագ,
ճերմակ կրակ,
դաշտից ելած ձյունի ալիք,
ճերմակ սամում, ճերմակ մրրիկ։
Ինձ առնում է թամբի վրա,
թռչում, գնում, անհետանում.
մութի միջով,
սեւի միջով,
վշտի միջով, ցավի միջով...
Տեսնես ո՞ւր է նա ինձ տանում։