Անհետացած սերունդ մը

ԱՆՀԵՏԱՑԱԾ ՍԵՐՈՒՆԴ ՍԸ

ՊՈԼՍԱԿԱՆ ՎԵՊ


ՄԱՍՆ Ա

ՍԵԴՐԱՔ

Երեք ուսանող երիտասարդներ էին ասոնք, երեքն ալ զատ զատ գաղափարներու, զգացումներու և հատկությանց ներկայացուցիչ. այսօր և ոչ մին մնաց անոնցմե, մին մահը տարավ, մյուսը պանդխտությունը տարադրեց և երրորդին ոչ ոք դիտե ուր ըլլալը։ — Հետք ու հիշատակ չի թողացին, ո՞ւսկից եկան և ո՞ւր գացին ասոնք. ոչ ոք կրցավ երբեք իմանալ, բայց անոնց տարօրինակ կյանքեն քանի մը հատվածներ դեռ բերնե բերան կը դրուցվին։ Պարզ ու սրտահույզ է այս անհետացած երիտասարդաց վրայի ավանդությունը։

Երբ ուսանող կըսեմ, կերևակայեք անմիջապես քսակով թեթև, հույսով հարուստ, զվարթ, լքյալ, անտեր ու անհոհ էակ մը. ոչինչ ավելի հետաքրքիր է քան գոյությունն այս արարածին որ ուսման խստությունն իր անսպառ զվարթությամբ կը թեթևցնե, ու շատ անգամ անողոք ճակատագրի դառնության դեմ կը մաքառի։

Ընկերական արդի դիրքին մեջ ուսանողի կյանքն հատուկ գոյություն մ՛է խորին ուսումնասիրության արժանի, այս տարօրինակ կյանքն ընկերական պայքարին մեջ առաջին պատերազմի դաշտն է այսուհետև։ Ուսանողն՝ ամեն բանի փափագող ու ամեն բանե զուրկ հեգնող ու դժգոհ անձնավորություն մէ։

Այն երեք պատանիներն՝ որոց պատմությունը կստանձնենք, Փերայի Համալսարանին ազատ ուսանողներեն էին, ատեն մը երբ իրավաբանական ու երկրաչափական ճյուղերը կը դասախոսվեին հոն։

Երեքն ալ առանց ընտանիքի ու առանց ստակի երիտասարդներ էին. ի՞նչպես գտեր էին զիրար. պարզապես Համալսարանին մեջ հանդիպելով, միատեղ ճամփորդությունը միշտ բարեկամություն հառաջ կը բերե և ուսանողությունը ճամփորդությանը լավագույնն է. ուստի շուտով մտերմացեր էին այս երիտասարդներն որք միասին ճամփա ելած էին դեպի անծանոթն։

Քսակնին սովորաբար պարապ, ու պարտավոր գոլով երբեմն ցերեկվան ճաշն առողջապահիկ կանոնաց հակառակ և հետևաբար ավելորդ դատելու, այս պարոններն երբեք չէին մտաբերած բախտին խստությանը դեմ գանգատելու, բարձրագույն գիտությանը հետևելով, քիչ շատ փիլիսոփա, այլ զվարթ փիլիսոփաներ էին ասոնք։

Դասախոսությանը ժամը լրանալուն պես, այս երիտասարդներն՝ իբրև Փերայի փողոցներուն մշտաշրջիկ ոգիներն՝ վարձու սենյակ որոնելու պատրվակավ տուներու մեջ փակված գեղուհիներն երևան հանելը բան գործ ըրած էին իրենց։

Բայց այս ձրի ու հաճոյալի պարապումը երկար չի տևեց, բաղդատաբար շատ կարճ միջոցի մեջ, վարձու տուն կամ սենյակ ունեցողներուն ամենքն ալ այս երեք թափառիկ այցելուները ճանչցան և իրարու ճանչյցուցին, այնպես որ օր մը բոլոր տուները փակ գտան իրենց առջև։

Այս կացությունը ծանր էր ու չէր կրնար շարունակեի երեք բարեկամներուն ամենեն հանճարեղին կիյնար ճար մը մտածել, գյուտ մը ընել, եթե ոչ ուսմանը մեջ անուն ստանալու գոնե ամենօրյա նոր զբոսանք մը հնարելու համար։

Հարկը մարդս հնարամիտ կընե։

Փերայի տանուտյարք առավոտ մը տեսան երկրաչափական գործիքներով զինված մի քանի երիտասարդներ որք իրենց տանը հատակագիծը շինելու զբաղած էին։

Փողոցներուն նոր ուղղություն մը տալու խոսք կար. ասոնցմե մին տուները երեքական մեթր ներս քաշելու հարկին վրա կը պնդեր... երե՞ք մեթր... տանուտյարք ահաբեկեցան. Թաղապետական Վեցերորդ շրջանակը՝ փողոցի համար փլցուցած տուներուն արժեքը հատուցանելու կողմ են հռչակ հանած չէր, ու ասով երրորդը կըլլար որ երկրաչափները դարձյալ իրենց բնակությունը քանդել կորոշեին։ Կալվածատերներեն մին մոտեցավ այն երիտասարդին որ խումբին մեծը կերևեր ու զայն տուն հրամցուց անոր սիրտը շահելու համար։ Երիտասարդը դժվարություն չըրավ և իր ընկերներով այս հրավերին պատասխանեց։

Այս փոքրիկ քաղաքավարությունը բոլոր այն փողոցի տուները փրկեց, վասնզի երկրաչափներն իրենց գործիքները վերցնելով ուրիշ տեղ փոխադրեցին։ Ավելորդ է ըսել որ այս սպառնալից կատակն ուսանողներուն նորահնար մեկ միջոցն էր։

Ահա այս և ասոր նման հազար խաղերով իրենց ցերեկվան ժամերը կանցունեին այս հովկուլ դատարկաշրջիկներն, ինչպես կըսեր բարեհիշատակ Ռուսինյան։

Գիշերները տարբեր խնդիր էր. զբոսանքի նեղություն չի կար. դժվարությունն ընտրության մեջ էր. Փերայի բուռը Քաֆե շանթաներե հյուրամեծար կը գտնվեին այս տղոց համար, վասնզի ամեն մեկուն մեջ մեկ մեկ երգիչ աղջկան համակրությունը շահած էին։

Երբեմն ազգասիրական զգացում մը մուտք կը գտներ այս զվարճությանը մեջ. օր մը տեսան որ Տիգրան՝ երեք մտերմաց կրտսերագույնը՝ Արևելյան Ալքազարի մեջ նորեկ ու գեղանի գերմանուհվո մը բարեկամությունը շահեր էր. դիտեցին որ այս կապակցությունը սովորականեն ավելի ջերմ էր. Տիգրան ամեն օր մեկ երկու ժամ այս աղջկան տունը կանցուներ։ Ամիս մը վերջը գիշեր մը Տիգրան Համալսարանին բոլոր աստանդական ուսանողները ժողվեց ու Ալքազար տարավ։ Ես եմ զձեզ հրավիրողը, պարոններ, ըսավ Տիգրան ասոնց առջևն իյնալով. երիտասարդներն հոժարակամ հետևեցան իրենց դեռահաս ընկերին։

Թրամվեյի նոր գծին շինվելեն առաջ ամենուն ծանոթ էր այս հռչակավոր սրահն, ուր այսօր Նոր թատրոնը կը բարձրանա իր շքեղ ճակատով։

Ամեն ոք գիտե կամ չգիտե թև ի՛նչ է Քաֆե շանթան մը.— Հոս՝ տեղը չէ բարոյականի տեսակետով քննել այս զբոսանաց վայրերը, սա չափ հարկ է ըսել միայն որ այս սրահներուն մեջ ամբոխը երկու մասի կը բաժնվի, մին որ սրահին մեջ, պարզամիտ ու ապշած, կունկնդրե կիսամերկ ու հրապուրիչ աղջկան մը երգերուն. ասի հանդիսատեսներուն նորեկ, դեռավարժ ու աղքատ մասն է. մյուսն որ արհամարհելով պարզ ունկնդրո մը համեստ դերն, իր ժամերը կանցունե դերասանուհյաց հատուկ սրահներուն մեջ, այս դիցուհյաց մոտ ու ռուլեթի սեղանին քով, իր կյանքը բաժնելով ցոփության ու խաղամոլության մեջ։

Ալքազարի սրահն այս զիջեր կարծես սովորականեն ավելի փայլ մ՛ուներ, երգիչներն իրարու կը հաջորդեին իրենց ճոխ ու շռայլ շրջազգեստներուն երկայն քղանցքովը ծածկելով տեսարանին կեսն, ընդհանուր զվարթություն մը կար սրահին մեջ։

Կարդը գերմանուհվույն եկավ։ Գեղանի երգիչն հառաջացավ տեսարանին առջև, սև ալբակե պարզ ու անզարդ շրջազգեստ մը հագած էր որ իր գեղեցիկ մարմինն ընդգրկելով անոր բոլոր հրապույրը երևան կը հաներ, մազերը ժողված չէր, այլ ցիրուցան թողած ուսին վրա. իր դեմքը խոժոռ ու տրտում արտահայտություն մ՛ուներ։ Աղջիկն սկսավ երգել...։

Եվրոպացիներն իզուր ջանացին բառ մը հասկնալ այս անսովոր արտասանութենեն, մինչդեռ ահագնալուր ու որոտաձայն ծափահարություն մը երգին առաջին տունը կողջուներ։ Երգիչ մը չէր նա, այլ ներշնչյալ ու գերագույն ոգի մը որ կիշխեր բոլոր ներկայից վրա. սրահին մեջ գտնվող բոլոր հայերն ոտք ելեր էին միևնույն զսպանակեն մղյալ. դերասանուհին Մայր Արաքսի առաջին տունը երգեր էր։

Առաջին անգամն էր որ հայերեն երգ մը կը լսվեր այո սրահին մեջ, ու այս հաճոյալից գաղափարը Տիգրանի երևակայության ծնունդն էր։ Տիգրան իրավաբանության ուսանող մ՛էր. ճպուռի մը պես շատախոս, թռչնո մը պես երգող ու անոր պես անհաստատ, աղջկան մը պես քնքուշ, սատանայի չափ խելացի պատանյակ մ՛էր. առաջինն էր Համալսարանին մեջ ուր ամենքը զինքը կը սիրեին, միշտ օգնող ու ձեռնտու գտնված էր իր դասակիցներուն սրոց անբաժանելի ընկերն էր, մասնավորապես Սեդրաքի համար (երկրաչափության ուսանող մը) որու զավկե ավելի սիրելի էր։

Տասնևյոթը տարեկան կար այս պատանին, համեստ իր գիտության մեջ, պարզ, համարձակ, վիճող ու զայրացկոտ տղա մը։ Բարձրագույն գիտությանց հետևելով՝ մայրենի լեզվի գրագիտությունը մեկ կողմ թողած չէր։

Բացե ի բաց կարհամարհեր անոնք որ հազիվ օտար լեզվի մը մեջ դեռավարժ, իրենց ազգությունն ամոթ ու նվաստություն կը համարին ու մայրենի լեզուն կը վճռեն անհամ, կոշտ ու տձև. նույնչափ կարհամարհեր գուցե անոնք որք գիտությանց նախնական ծանոթություններն ստանալով անմիջապես աշխարհաքաղաքացի կը դառնան։

Հետևապես ազգային կյանքի հմուտ ու հետամուտ, քննազատող ու դժգոհ ոգի, ի բնե ընդդիմադիր ամեն վարչության, քիչ շատ մատ ունեցած էր իր բարեկամներուն հետ այն զանազան ժողովրդական ցույցերու մեջ որմե ապիկար վարչություն մը ու նվաստացած երեսփոխանություն մը կը սարսափին։ Քանիցս այս երկու ժողովները պաշարած էր Մատենադարանի սենեկին մեջ որ մեր ազգային փախստական իշխանության սովորական ապաստանն է։

Ղալաթիո եկեղեցվո բակին մեջ շատ անգամ լսված էր անոր ըմբոստ ու գրգռիչ ձայնն որ պանդուխտ մշեցիներն իր շուրջը կը հավաքեր, կը հրահրեր ու կարձակեր. ժողովրդյան պատանի ու սիրելի հռետորն էր ասի՝ զոր ամենքը կը ճանչնային այն ատենները։

Այս վատթարացման դարուն մեջ ուր միտքն հոգին կը մոռցընե, ուր մարդկությունն ազգությունը կանհետացնե, թերևս միակ այս երիտասարդն էր նյութապաշտ փիլիսոփա մը՝ առանց զուրկ լինելու այն բանաստեղծական ոգիեն զոր պատանությունն ու դժբախտությունը կուտան և զոր չափահասությունն ու երջանկությունը ետ կառնուն։

Տիգրանի ընտանիքը ծանոթ չէր ու ինքը բնավ չէր խոսեր անոր վրա. իր մանկությանը Պեշիքթաջ կը բնակեր, վերջեն Օրթագյուղ անցավ ու հետո Փերայի մեջ հանդիպեցան անոր։

Իր ընկերներն Համալսարանին մեջ ճանչցան զինքը. շիկնոտ ու մելամաղձոտ, սրտափակ ու գլխահակ տղա մ՛էր. ժամանակով սրտի մոտ, հպարտ ու զվարթ պատանի մ՛եղավ, քաշված ու առանձնացած էր առաջ, հիմա մոտեցող, թերևս հարձակող մեկն էր։

Այս տղան միջակ ու վայելուչ հասակով, մութ շագանակագույն մազերով պատանի մ՛էր. գեղեցիկ դեմք ու գեղեցկագույն աչքեր ուներ զորս Համալսարանին շուրջը գտնվող տուներուն աղջիկները շուտով նշմարեցին։

Տիգրան սիրեց առաջին աղջիկն որ իրեն ժպտեցավ ու ինքն իսկ իր սիրո սաստկութենեն վախցավ։ Դիցուհվո մը պես գեղանի ու մանկամարդ հելլենուհի մ՛էր այս որ Համալսարանին պարգևաբաշխության հանդիսին մեջ տեսեր էր պատանին առաջին ելլող այնքան տարիքոտ ընկերներու մեջեն. նա մանավանդ զարմացեր ու հավներ էր անոր ձևերուն որոց շնորհը պարզությանցը մեջ կը կայանար։

Կատա՜կ մը, պարզ կատա՜կ մընել կարծեր էր ժպտելով անոր երեսին ու անոր սրտին հաղորդելով յուր աչքերուն ավերիչ կրակը․ վերջեն Տիգրանի հափշտակությունը տեսնելով զբոսներ էր քիչ մը ու հետո ձանձրացեր էր անկից, այս քմահաճույքը լուրջ բան մը չէր աղջկան համար, այլ մահացու կրնար լինիլ պատանվույն սրտին։

Հելլենուհին ամուսնացավ, ահավոր ու սարսափելի հարված մը եղավ ասիկա Տիգրանին որ մազ մնաց պիտի մեռներ. մեկու մը չի բացավ իր վիշտն ու մեկու մը չի գանգատնցավ. արժանապատվության զգացումն որ ամենեն հզոր կը խոսեր յուր հոգվույն, զինքը փրկեց, չի մտածեց այլևս անոր, բայց չի ջնջեց անոր սերն իր սրտեն. ամուսնացող անխոհեմուհին իր սիրած աղջիկը չէր․ իր սիրածը մեռած համարեց այլևս և երկյուղած բարեպաշտությամբ մը իր սրտին մեջ խոր ու շատ խոր թաղեց առաջին սիրո հիշատակն ու ամրացավ ճակատագրին դեմ։

Ոչ ոք իշխեց իրեն սիրով անկից վերջը. ի փոխարեն ինքը բուռն ու կատաղի եռանդով մը նետվեցավ կանանց մեջ. սիրած էր ու խաբած էին զինքը. կարգն իրեն էր խաբելու. Տիգրան ձախորդության կը հավատար, ուստի ծանր չեկավ իրեն միույն վրեժը մյուս են լուծել, հատուցման մեջ կիները մեկզմեկու երաշխավոր կը ճանչնար։

Ուստի ամեն կնոջ միևնույն աշխուժով ու միևնույն համոզմամբ կրկնեց իր սերն ու դիմացինը համոզեց, իրեն համար բաղդատություն ու տարբերություն չի կար կանանց մեջ. մանկամարդը կամ տարիքն առնողը, գեղանին կամ տգեղը, տիրուհին կամ սպասուհին, գործավորուհին կամ իշխանուհին, կրոնավորուհին կամ հասարակաց աղջիկը միևնույն բանն էին իրեն համար։

Սեդրաք երեք բարեկամներուն ամեն են ծանրաբարոն էր ու քսաներեք տարեկան լինելով Տիգրանի համար գրեթե մեծ եղբայր մ՛էր. տժգույն, նիհար ու խարտիշահեր երիտասարդ մորո սովորաբար դալուկ դեմքին վրա նեղ ու բարակ շրթունքն աչքի կը զարներ իր կարմիր գույնովը։

Գեղեցիկ կապույտ աչքեր, լայն ու ժամանակեն առաջ ակոսյալ ճակատ մը, սիրուն մորուք մը ու սև երիզով կախված ակնոց մը կը տեսնվեր այս երիտասարդին դեմքին վրա որ միշտ լուրջ թերևս խոժոռ երևույթ մոլներ. կատարյալ հակապատկեր մը լինելով հանդերձ յուր կրտսերագույն բարեկամին, իր արտաքին ցուրտ ձևերուն ներքև փափուկ ու վեհանձն սիրտ մը կը կրեր։

Անձնվեր մինչ ի մահ առանց բառ մը արտասանելու, գաղտնապահ, խորհրդատու, մեկ բառով եզական ընկեր մէր։

Իր սկզբունքներն ու ճաշակը ծանոթ էին, որոց համար մաքրակրոն անգլիացվո մը պես անողոք էր. կառավարությանը միապետությունը, կանանց մեջ խարտյաշը, գույներուն մեջ սևը կը ճանչնար միայն։

Երաժշտության մեջ Մենտելսոնը կընտրեր իր համր, անորոշ ու տրտում շեշտերովը. նկարչության մեջ Այվազովսքին իր անհուն ու անխուսափելի ծովին, իր ծփծփուն ալիքներով, յուր կապարագույն ու ցիրուցան ամպերուն և այն անբացատրելի խորության հետ որ այս մեծ արհեստավորին հատուկ է։

Բանաստեղծությանց մեջ արևելյան երգերը կը սիրեր։ Երբեմն մելամաղձոտ, հուսակտուր այլ համբերատար ոգի մը կա այս երգերուն մեջ, երբեմն արհամարհոտ շեշտ մը։

Անոնք որք անգետ են օսմանյան գրագիտության, պախարակելե ուրիշ կերպով չեն հիշատակեր զայն. է՜հ, տեր աստված, ո՜վ է սա մուրացիկ երգիչն որ սրճարանին մութ մեկ խորշին մեջ կը նվագե. հարգալից բազմություն մը խոր լռության մեջ կունկնդրե նմա. Արևելքի ժողովրդյան չափ ոչ ոք մեծարած է բանաստեղծներն։

Ու Սեդրաք հոժարափույթ կերթար Պոլսո ամենեն անծանոթ մեկ խորշին մեջ, տաճիկ թաղի մը մեկ անկյունը բարեմիտ ու ծեքունի թուրքաց հետ ունկնդրել այս գնչու բանաստեղծներով։ Երբեմն հայ մ՛է այս համեստ երգիչն՝ որ յուր մայրենի լեզվին անծանոթ օսմանցի բանաստեղծներով մեջ ստացած է փառահեղ անուն մը։ Արդարև թուրք երգիչներն՝ որպես նախնի ժամանակի ասպետներ՝ հատուկ անուն մը ովին իրենց ասպարեզին մեջ որով կը հիշատակվին։

Սեդրաք անհագ հետաքրքրությամբ կը հավաքեր մոռացյալ հայ բանաստեղծներու վրա այն ամեն ավանդությունները զորս ժամանակը դեռ չէր անհետացուցած։ Ու կը պատահեր որ անվանի Նամի մը ելներ ասոնց մեջեն, դեռահասակ ու վաղամեռիկ երգիչ, գրագետ ու փիլիսոփա մը, պարծանք հայ տաղանդին, բոլորովին մոռացյալ ու անծանոթ եսամոլ հայ գրագիտաց մեջ։

Ո՞ւր տեղացի էր և ո՜ր ընտանիքի կը վերաբերեր Սեդրաք. ահավասիկ հարցում մը զոր երբեք չէին մտաբերած անոր բարեկամներն. հեռվե հեռու լսած էին որ Վոսփորի ասիական եզերքեն լավագույն ընտանիքի մը անդրանիկ զավակն էր. իր անկախ գիրքն ու ազատ դաստիարակությունը չէր հարմարած հայրենի տան նահապետական ընթացքին ուր անառակ ու անդարձ որդի մը նկատված էր։

Մայրն, ո՜վ անհավատալի գաղտնիք կանացի սրտին, իր ժպիտը մյուս զավակացը հատկացուցած էր ու խոժոռ ու աններող դեմք մը միայն կար Սեդրաքի դեմը։ Հայրը խրոխտ հանդիմանությամբ ու սպառնալյոք կը հյուրընկալեր այս անշահ զավակն՝ որ իր հոր առևտրական տետրակները բռնել կը մերժեր։ Եղբարքն՝ ամենքն ալ իրմե փոքր իր վրա կը ծիծաղեին. կատարյալ լքում մը տեսավ այս տղան նույնիսկ իր ընտանյաց գրկին մեջ ու ալ առանձին կյանքը անհրաժեշտ դարձավ։

Սեդրաքի բաժանմամբ կարծես բեռ մը վերցավ ընտանյացը վրայեն. ամենքը գոհ ու երջանիկ կարծեցին իրենքզիրենք այս տղուն հեռանալովը, իսկ ինքը չի կրցավ բոլորովին անտարբեր բաժնվիլ մայրենի ծոցեն. ահավասիկ յուր խորհրդածություններեն մաս մը զոր թուղթի մը վրա նշանակած էր.

«1873 տարվո սեպտեմբերի 7-րդ օրը բաժնվեցա ընտանիքես զատ ու ազատ ապրելու համար. բաժանումը միշտ աղեկ ու տխուր բան մ՛է. վերջավորություն մ՛է. հոն նախորդ կյանքը կը դադրի ու ինչ որ ալ ըլլա նոր սկսելիքը, կարելի չէ անտարբեր սրտով առաջինը թողուլ, հետահայաց նայվածք մունինք ամեն բանի զոր կը թողունք կամ որ զմեզ կը թողու, — իսկ բաժանումներու աղեկությունը հոն է որ ոևէ ուժ անջատմամբ չի ջլատվիր այլ կը կրկնապատկվի, աշխարհիս մեջ կյանքը բաժանումով կսկսի, որդին պետք է բաժնել մորն արգանդեն որպեսզի ծնի ու ապրի, ո՛վ դժնդակ ու արդյունավոր ճակատագիր մարդկության»։

Ուրիշ տեղ մը այսպես գրեր էր. «Գիշերները մինակ կը դառնամ ամայի սենյակս որ համեստ կահ կարասիք մը միայն կը պարունակե. ամեն ինչ կանոնավոր շտկված ու իր տեղն է․ ճրագս լուցկիին մոտ, փայտը վառարանին քով, զգեստներս իրենց ծածկոցին ներքև, ժամացույցի պես լարված սենյակ մը որու դեմ իզուր գանգատելու պատճառ կը փնտրեմ, ո՛չ, այս երկրաչափական անխոտորութենեն չեմ ախորժիր. քիչ մը անխնամության երևույթ պետք է ինծի, վարձկան ձեռքի մը ծառայությունը չէ այլ սրտի մտոք անձի մը խնամքն որ կրնա շենցնել այս անարձագանք պատերը»։

Սեդրաքի ընտանեկան բաժանումն ուրիշ պատճառով մալ ծանր ու դժվարին եղավ, հայրենի տունեն մեկնելով հարկ եղավ նաև թողուլ մանկության ընկերուհի մը։

Քույր ու եղբայր ըսվելու չափ տղա հասակե ի վեր, Սեդրաքի հետ մեծցած գեղանի պարմանուհի մ՛էր այս որ բարեկամ ու դրացի ընտանիքի մը մեկ հատիկ զավակն էր։

Յուր տան մեջ լքյալ՝ Սեդրաք անոր քով միայն գտեր էր առաջին գորովո զգացումը։

Պատանին սովորական տղա մը չէր. աղջիկն ամենեն լավ գիտեր զայս. անոր ընտանեկան կացությունը մոտեն ճան շնալով՝ իր մեծարանքն ավելցեր էր այս դառնացյալ հոգվույն նկատմամբ ու ինքնին հանձն առեր էր զայն սփոփել։

Ազգային վարժարանաց ուսումն ավարտելով Սուրբիկ — այս էր Սեդրաքի նորատի բարեկամուհվույն անունն — ինքզինքը խիստ համբակ գտեր էր իր ուսյալ ընկերոջ քով որո հմտությունը, բարձր դատողությունն ու իմաստալից խոսակցությունը զինք կը հմայեին, երիտասարդին մտերմությունը խիստ նպաստած էր այս համակրելի հոգվույն ու մտքին մշակման, և փրկարար ներգործություն մը ըրեր էր անոր վրա։

Ինչ որ ալ լինին մեր ազգային վարժարանաց վերագրված պակասությունք, նոքա՝ անհատական դպրոցներուն վրա ամենաբարձր առավելություն մունին որ ճշմարիտ ազգային կրթություն մը տալու մեջ կը կայանա։

Ֆրանսայի Գթության քերց կամ Բողոքական վարժարաններն միույն մեջ ֆրանսերեն և մյուսին մեջ անգլիերենը կրնան լավագույն կերպիվ ավանդվիլ. ազգային վարժարանը օտար լեզուներ ուսուցանելու մեջ հաջողություն ունեցած չեն երբեք և ճիշտ ասոր համար կը գովեմ զանոնք. ամեն աղջիկ ընկերության մեջ, ընտանյաց մեջ դիրք մունենալն առաջ հայուհի մը պարտի լինիլ և Սուրբիկ ազգային կրթություն ստացող աղջկան տիպար մ՛էր։

Հայ—հռոմեական բարեկամուհի մունեցեր էր որ Փանկալթիի մեջ ֆրանսական գիշերօթիկ վարժարան մը կը հաճախեր, տեսակցություն մունեցան օր մը և երկու աշակերտուհիները փոխադարձաբար իրենց առած ուսմանց վրա խոսեցան. Փերայի օրիորդն արգահատող կարեկցությամբ մը հարցուց Սուրբիկին առած դասերն ու խրոխտ մեծամտությամբ մի առ մի թվեց այն կարևոր գիտելիքները զորս ինքը կուսաներ, Ֆրանսայի պատմություն, Ֆրանսայի աշխարհագրություն, Ֆրանսայի գրականություն ու Պապական եկեղեցվույն սրբազան դավանանքն, ահա՝ ինչ որ այս կանուխեն օտարացյալ աղջիկը թվեց իր ապշյալ ընկերուհվույն. նույն իսկ ֆրանսացի օրիորդ մը պիտի նախանձեր այս արևելքցի ֆրանսուհվույն վրա։ Ֆրանսայի հետին գետակը, սարն ու ձորն, ամենեն աննշան ավանը ծանոթ էին այս հայուհվույն՝ որ իր հայրենյաց Արարատը չէր դիտեր և չէր ուզեր գիտնալ։

Սուրբիկ ապշեցավ, ամչցավ ու զայրացավ, մինչդեռ ամբարտավան պարմանուհին իր չգիտցած հայերեն բառերը կոպիտ ու սխալ արտասանությամբ մը կրկնելով անոնց տգեղությանը վրա կը ծիծաղեր ու հայերեն չգիանալուն վրա կուրախանար։ Արդեն ապագայի պատրաստությունները տեսեր էր. պիտի ամուսնանար եվրոպացի երիտասարդի մը հետ որ զինքը պիտի տաներ այն գեղեցիկ ու պաշտեցյալ երկիրն որուն ամեն բան զոհելոլ պատրաստ էր. հայ երիտասարդաց հետ ամուսնանալ, ազգային պարոններու հետ կենակցիլ, ահա այն սարսափելի հավանականությունը՝ զոր բնավ չպիտի ընդուներ։

Բայց ինչ որ անհանդուրժելի թվեցավ Սուրբիկի, այն նախատալից անտարբերությունն էր որով իր հայրենյաց հիշատակությունը լսեց այս խորթ ու անհարազատ զավկին բերնեն և Սուրբիկ այլևս չտեսնվեցավ անոր հետ։

Ինք՝ մոտեն տեղյակ էր հայոց գրական գործունեության, ամեն նոր երկ կամ պարբերական հրատարակություն իր հետաքրքիր նայվածքեն չէր վրիպած և Սեդրաք հմուտ դատավոր մը ու լավագույն առաջնորդն էր անոր գրական պարապմանը մեջ. իրիկունները ճաշեն վերջը Սեդրաք Սուրբիկի տունը կերթար. որվան լուրերն աչքե կանցունեին, ու հետո ձմեռը, վառ ու ճարճատուն վառարանին ջերմությանը մոտ, նոր հրատարակություններով ծածկված սեղանին շուրջը, կսկսեր այն ջերմ, լուրջ ու հմտալից խոսակցությունն որ մինչև կես գիշեր կերկարեր։ — Ընդհանրապես կը գանգատեին որ բուն ազգային գրականութենե մավելի օտարամուտ ոգի մ՛էր որ հայ հեղինակաց ջարադրությանց մեջ երևան կելներ։

Երբեմն գիտությանց և ուսմանց վրա կը դառնար խոսակցությունը. պարմանուհին, իր սեռին հատուկ բարեպաշտությամբ, ըստ կարի կը դիմադրեր այն կտրուկ վճիռներուն՝ որով գիտությունն իր անխուսափելի ճշմարտությունները կը ծանուցանե. երկրաբանութենե մինչև աստղաբանության վրա կը խոսեին և Սեդրաք իր բարձր կրթության շնորհիվ մի առ մի կը բացատրեր այն անողոք ու մշտնջենական օրենքներն՝ որով անհունապես փոքրիկ հյուլեն ու անհունապես մեծ տիեզերքը միևնույն ներդաշնակությամբ կը կառավարվին։— Ընկերական կենաց մշտահույզ խնդիրներն ի կարգին վիճաբանության նյութ կը լինեին, ազգաց ճակատագիրն, անհատներու ազատությունը, լեզվի ու կրոնքի տարբերությունն հետզհետե կը քննվեին։ — Սուրբիկ հուզյալ ձայնիվ կը պաշտպաներ աշխատավորներու տառապյալ դասն ու հարստության ի գործ դրած բռնության դեմ կորոտար, մինչդեռ երիտասարդն հանդարտ ձայնով կը բացատրեր տնտեսական գիտության այն ամենանվիրական սկզբունքն որ ամեն առուտուրի ազատությունն հարգելու մեջն է և տրտմությամբ կը թվեր այն տարբեր տարբեր պատճառներն որոց մեջ փնտրել պետք է թշվառությանը գաղտնիքը։

Այսպեսով և եվրոպացի հեղինակներու ընթերցանությամբ ստացավ ծաղկահասակ աղջիկն հիմնավոր ու առողջ կրթության մը բոլոր տարերքը։

Սուրբիկ միանգամայն վարպետ գրչի տեր ու մանավանդ տաղանդավոր դաշնակահար մէր։ Դաշնակը փոթորկյալ կամ հանդարտ ծովու մը պես կը պատկերացներ անոր մրրկոտ կամ անդորր ոգին, անզգա գործիքի մը ձայնը չէր որ կը բարձրանար, այլ անոր ճարտար ու փափուկ մատներեն դղրդված անբացատրելի ու հմայիչ ներդաշնակություն մ՛էր հնչուն, պայծառ ու ազատ որ կը սավառներ ունկնդրին զմայլած հոգվույն վրա։ Իր ամենեն սիրած վարպետը Մենտելսոնն էր, վասնզի Սեդրաքի սիրածն էր այն, ճաշեն վերջն երբ խոսակցությանը նյութն սպառեր ու կամենային հանգիստ առնուլ, այն ատեն կը զարներ այն սոնաթներեն մին՝ որոց տրտմությունն ու վսեմությունը միշտ գաղտնիք մը պիտի մնա ամենուն համար։

Հազվագյուտ բացառությամբ մը պատանուհին զերծ էր այն ողբալի ազատամտութենեն՝ որով նորատի աղջիկներն ու պառավ կիներն իգական սեռին անհավասարության դեմ կը բողոքեն շարունակ։

Աշխարհիս վրա աղջիկը՝ պահանջող, պառավը՝ գանգատող պիտի մնա հավիտյան։

Ոչ մեկ գար, ոչ մեկ լուսավորություն պիտի կարենա երբեք գոհացնել այս երկու անձնավորությունները զորս բնությունը միևնույն դժգոհության շրջանակին մեջ միացուցած է։

Աղջիկն՝ հույս ունենալուն վրա կը զայրանա, պառավը չունենալուն համար, ու այս երկու հակառակ պահանջումները միևնույն բողոքով երևան կելնեն։

Դիտեցեք որ երբեք մանկամարդ ու ամուսնացյալ կին մը իգական սեռին գերության վրա չի խոսիր. երիտասարդությունն ու ամուսնությունը կնոջ ամենազորության միջոցն է. բայց ամեն իշխանությունն իր անկումն ունի ու զարմանալի չէ որ տարիքնին առնող կիները, զուրկ ամեն թեկնածութենե, անհամ ու անկարգ գտնեն այն ընկերական կյանքը՝ զոր իրենց երիտասարդության ժամանակ այնչափ հրապուրիչ կը գտնեին։

Սիրող հոգիները միշտ անձնվիրության պատրաստ են ու Սուրբիկ այս անձնվեր էակներեն էր․ բնությամբ խրոխտ, այլ վեհանձն հոժարությամբ երիտասարդին գաղափարաց բարձրությունը ճանչցեր ու մեծարեր էր, առանց սնոտի հպարտություն մը ցույց տալու։ Սակայն այս խորին մտերմությունն առանց վտանգի չէր։ Այս փոխադարձ հարգանքն ու համակրանքն, երկու ծավալման կարոտ հոգիներու ամենօրյա միությունը, տարիքնին, գաղափարաց ու զգացմանց ներդաշնակությունն անքակտելի կապ մը հառաջ բերին։

Պատանուհվույն հրաշալի գեղեցկությունը Սեդրաքի խելքը գլխեն չառավ, բայց անոր գորովալից մտերմությունը զայն շղթայեց ու աշխարհ այս աղջկան վրա միայն հիմնված երևցավ անոր աչքին։

Սեգրաք ու Սուրբիկ զիրար սիրեցին, բայց այս սերը չէր այն վաղանցիկ ու խաբեբա ավյունն՝ որ հովի պես կուգա որ կանցնի, այլ խորին, սուրբ ու հոգեկան միավորություն մը։

Ահա այս պատճառով Սեդրաքի բաժանումը գժնդակ զրկում մը դարձավ, ընտանեկան գորովե արդեն զուրկ, կարոտ մնաց նաև այն միակ երեսին որ իրեն կը ժպտեր։ Անցյալ օրերու հիշատակն հեռավոր ու կորուսյալ երջանկության մը պատկերին պես անոր շփոթ մտքին մեջ կը նկարվեր։ Հայտնի եղավ որ չի պիտի կարենար անկե զատված ապրիլ։ Գաղտնի նամակագրություն մը ըստ կարելվույն մեղմացուց այս անջատման ցավն։ Երկար և անվերջանալի նամակներ էին ասոնք զորս ամեն գիշեր կը գրեր, իր հոգվույն ամեն տպավորությունները, սրտին դառնություններն, հույսերն, պատրանքն և ցնորքը ցրվելով թոթափելով անզգա թղթին վրա. սիրո բառ մը չի կար այս դրությանը մեջ, ոչ. սիրելը շատ չնչին, շատ տկար բառ մ՛էր որ իր անհուն խանդաղատանքը չէր կարող բացատրել, և ոչ մեկ բառի մեջ, և ոչ մեկ նամակի մեջ կարելի էր ամփոփել իր փոթորկյալ հոգին։

Սուրբիկի նամակները միևնույն խռովյալ արձագանքները, միևնույն անհուն անձնվիրությունն ու ապագայի մտահոգությունները կը պարունակեին.

«Սիրելիս, քու սիրովդ ու հմտությամբդ սնուցիր զիս. հիմար եռանդով մը նետվեցա ամեն գաղտնիք իմանալու, դուն քովս էիր ու ամեն ինչ ուսուցիր ինձ. խրոխտ, գիտուն ու սիրեցյալ առաջնորդ մէիր, ահավոր վարդապետություններ ունեիր լեզվիդ ծայրն որք քոլ բերնիդ մեջ իրենց սոսկումը կը կորսնցունեին. իզուր ուզեցի մաքառիլ անոնց դեմ, քու սերդ հաջողեցավ ընել ինչ որ հմտությունդ նախապաշարմանցս դեմ չէր կարող ընել, համոզվեցա քեզի։ Կապված էի քեզի այն միակ սիրով զոր երիտասարդուհին երկու անգամ չունենար իր բոլոր կյանքին մեջ. մոտ թե հեռու միշտ պաշտեցյալ հիշատակ մունիս սրտիս մեջ զոր երկյուղած բարեպաշտությամբ կը պահեմ»։

Ուրիշ նամակի մը մեջ այսպես կըսեր. «Ո՞ւր ես, Սեդրաք։ Ձմրան գիշեր է ցրտին, ձյուն ու բուք կը տեղա, ի՞նչ կընես առանձին ու մթին սենեկիդ մեջ. այս տունը բանտ մ՛է նսեմ քանի որ հոս չես. ծնողացս սերը չի լնուր այն պարապը զոր դուն թողուցիր։ Չըլլա թե հուսահատ քաջությամբ, չափազանց աշխատությամբ առողջությունդ վտանգես։ Անձիդ տըրված հարվածը միայն քեզի չպիտի զարնե»։

Եվ այլուր. «Լսեցի քննությանցդ հաջողությունը, մաթեմաթիքը միշտ կը սիրեիր, ու ճշմարտության գիտությունն է կսեիր. կը տեսնես թե ինչպես կը հիշեմ բոլոր խոսքերդ, սակայն չըլլա թե այդ պարապմունքը Սուրբիկդ մոռցնել տա քեզ։ Ես կուզեմ որ քու համբավդ այնչափ մեծ ըլլա որչափ մինչև հիմա տեսած զրկումդ։ Քու անունդ պետք է, կուզեմ որ մեծարանոք հիշվի ու ես անով պարծենամ»։

«Դուն հարուստի աղջիկ ես, կը գրեր օր մը անոր երիտասարդը, ես ալ հարուստի որդի էի, բայց հիմա ոչինչ եմ. ատեն մը չէի և հիմա ալ չեմ տար կարևորություն հարստության, բայց թե որ միջոց մ՛է այդ քեզ մոտենալու, Սուրբի՛կ, հնդիկ իշխանի մը չափ հարուստ պիտի ըլլամ։ Անվան ու փառքի հետամուտ չէի և չեմ, սակայն եթե քու ծնողացդ աչքին այդ է այն պատվանդանն որով մինչև քեզ բարձրանալ ներյալ է, լա՛վ ուրեմն, պիտի մոռնամ, պիտի փակեմ սիրտս, ու միտքս միայն մաշեցնելով պիտի ստանամ այն դիրքը զոր ընկերությունը կը պահանջե նորեկներն»։

Այս հաստատ համոզմամբ ձեռք զարկավ իր երկրաչափական ուսմանց զորս քանի մը տարիեն աննման հաջողությամբ մը պիտի ավարտեր, և Համալսարանին մեջ ճանչցավ Տիգրանն ու սիրեց զայն եղբոր մը չափ։ Այս երկու պատանիներն այնչափ ավելի զիրար կը սիրեին որքան մինչև ցայն վայր զլացված էր իրենց ամեն գորովանք։ Իրարու համար գաղտնիք չունեցան և ոչ մեկ ժամանակ։

Տարիքի պզտիկ տարբերություն մը պատճառ չեղավ իրենց սրտի կապերը միմյանց հաղորդելու. Սեդրաքի նոր բարեկամն անոր սփոփանք ու քաջալերության օրինակ մեղավ և անոր զվարթ ու խնդուն երեսը՝ մասամբ թեթևցուց ուսման տարիներու աշխատությունն ու տխրությունը։

Տիգրանի միջոցավ ծանոթացավ նաև Խոսրովին հետ որ նույնպես զվարթ ու զվարճախոս ուսանող մ՛էր, և այս ընկերական կյանքով կարծես անզգալի կերպով վերջացուցին տարեշրջաններն ու վերջին քննությունները տվին։

Խոսրով դատավորական ճյուղն ընտրեց. Տիգրան ազատություն կը սիրեր միշտ, ու փաստաբանական ասպարեզը մտավ, պաշտոնեության փառքն, որ Խոսրովին բոլոր ակնկալությունն էր, իրեն համար նշանակություն չուներ։ Այս երեք մարդիկը՝ չորս տարի դասընկերություն ընելե վերջ իրարմե կը բաժնվեին աշխարհի պայքարին մեջ մտնելու համար։

Բայց Խոսրով պարզ ու գոհ սրտով չի զատվեցավ իր ընկերեն, գավառացի՝ այսինքն ի բնե խորամանկ՝ բնավորությամբ խիստ հեռի էր Տիգրանեն։ Սակայն իրավ է որ երբեք միմյանց դեմ մեղադրելի վարմունքի մեջ գտնված չէին ու թե որ Տիգրանին ծանր եկած բան մը միայն կար, այն ալ սա էր թե իր ընկերը ջանացած էր ատեն մը իր հույն սիրուհին ձեռքեն կորզել, բայց աղջիկը՝ բացե ի բաց ծաղր ու ծանակ ըրած էր արդեն իր դժբախտ հակառակորդն ու զայն Համալսարանին բոլոր ուսանողաց կատակներուն ու հեգնությանը մատնած էր։

Խոսրով՝ ամեն բանե ավելի ընկերական դիրք մը ձեռք բերելու հետամուտ՝ հոժարակամ իր նպատակի հաջողության զոհած էր ամեն զգացում, կատարյալ տեր իր անձին, վարժված ծածկելու այն ամեն դառնությունը՝ զոր Համալսարանին մեջ Տիգրանին բարձր դիրքն իր նախանձոտ սրտին մեջ կը թափեր, բայց ամեն ատեն կարոտ անոր օգնության, վկայագիր մը ձեռք բերելու համար, վկայագիր՝ որ ամեն ասպարեզ պիտի բանար իր առջև, խոհեմություն համարած էր զգուշանալ ամեն ընդդիմության ու հակառակության փորձերե։ Ընդհակառակն խոնարհ ու հաճելի ձևերով անոր պաշտպանության ապավինիլ կը ցուցուներ, որով հաջողեր էր Տիգրանի կատարյալ վստահությունը շահելու։

Անգամ մը միայն քիչ մնացեր էր վար առն ու այս կեղծավորության դիմակը։ Վայրենի ու վավաշոտ սերով մը սիրած էր այն գեղեցիկ հելլենուհին որ Տիգրանին կը ժպտեր շարունակ. ինքն երկու տարիե ի վեր մեկ ժպտին կարոտ, մեկ նայվածքին կապված, մաշեր ու սպառեր էր երբ իր երջանիկ ընկերն, ամեն բանի մեջ ճակատագրեն օգտված, անհուսալի հաջողություն մը ձեռք կը բերեր և որ ավելին է, ամեն օր համար կուտար իրեն՝ վայելած բոլոր շնորհներուն։

Ափսո՜ս, վայելչության կողմե չէր կարող մրցիլ իր գեղեցիկ ոսոխին հետ. իր կարճ հասակով, ցած ճակտով, գռուզ մազերով ու ծաղկավեր դեմքով, բարեձևության պահանջումներ չէր կարող ունենալ, բայց իր առավելություններն ալ կը կշռեր անոր փոխարեն, իր հայրենիքեն ոտքով եկած էր Պոլիս, յոթն տարեկան եղած ատենը, և Ղալաթիո վարժարանին մեջ տնտեսին քով ու անոր կերակուրներով ապրած էր մինչև տասներեք տարեկան հասակը երբ հաջողեր էր Շահնազարյան վարժարանը մտնել, ամեն բանի կարոտ, ամեն բան ձեռք բերեր էր աննման հաստատամտությամբ, մանկութենեն դատապարտված ընկերական ամեն մահացումներու, մարդատյաց մեկը դարձած էր ու կիսկատար փիլիսոփայությամբ մը զոր իր մոլար սկզբմանցը կը համաձայներ, շուտով համոզված էր թե չարն ու բարին գոյություն չունին, թե վատությունը տեղին համեմատ ազնվություն է, թե մարդուս գերագույն նպատակն իր եսության մեջ կը կայանա։

Հետևապես գեշ ոգվով ու սխալ դաստիարակությամբ զորացած, և ոչ մեկ բանի մեջ լավ կողմը կրցած էր նշմարել։ Հելլենուհվույն սերն անգամ չէր այն բարձր ու ազնիվ զգացումն որ մարդն անասուններեն կը բաժնե, այլ վայրագ ու ահավոր իղձ մը ու տանջանք մ՛էր։

Երբեք չէր ներած իր պատանի ընկերոջը դասի մեջ առաջնությունը. սիրո ասպարեզին մեջ անոր նախամեծար համարվիլն իր համբերության չափը լեցուց. մութին մեջ սպասող կատարյալ թշնամի դարձավ իր սրտեն, թեև անկարող անոր վնասելու։ Աղջկան մոտ իր խնդիրքն ու հետևանքն հետևյալ օրը Տիգրանին միջոցավ տարածվելով Համալսարանին մեջ, մին իր ծաղրանկարը շիներ էր որուն մեջ իր ծակոտյալ երեսը գեղուհվույն շրթանցը կը մոտեցներ երբ սա զզվանոք գլուխը կը դարձներ, ուրիշ մը փոքրիկ ոտանավոր մ՛էր շիներ անոր վրա որ բոլոր ուսանողներուն բերանն ինկավ։

Այն ատեն անհաշտ ու ոխակալ լռությամբ մը պաշտպանեց ինքզինքը. երկու տարի կար շրջանն ավարտելու, քիչ մը վերջը Տիգրանի լքումն ալ տեսնեչով անհուն գոհացում մը ունեցեր, կատարյալ վրեժխնդրության համ մառեր էր անկից։ Բայց այդ իր նվաստությունը չէր փոխարինած, բախտն հարված մը տված էր Տիգրանին, ինք իր կողմեն բան չէր կրցեր ընել։

Ասոր հետ մեկտեղ մտերմության ու բարեկամության ցույցերը կրկնապատկել հարկ եղավ երբ ավարտման քննությունը մոտեցան։

Արդարև անօգուտ չեղավ այսքան կեղծավորություն, իր վկայագիրը Տիգրանի շնորհիվն ստացավ, ամեն դասի մեջ հետադեմ, իր բարեկամին դասատուաց քով ըրած բարեխոսությամբ ձեռք բերավ այդ պաշտելի թուղթն որու վրա իրավամբ կը հիմներ իր բոլոր ապագան։

Զատվեց ան իրարմե փոխադարձ անձնվիրության խոստումներով. «Դատավոր եղած ատենդ չըլլա որ իմ իրավունքներս անտես ընես», ըսավ Տիգրան, Խոսրովին ձեռքը սեղմելով․ — «Ոչ ոք զքեզ պաշտպանելու հավակնությունը կրնա ունենալ երբ դուն կեցած ես», պատասխանեց իր բարեկամը։

Իսկ Սեդրաքի ու Տիգրանի բաժանումն ավելի սրտահույզ եղավ, երկու եղբայր այնչափ չէին սիրած զիրար որչափ այս երկու ուսանողները, իրենց վիշտերն և ուրախությունը միասին բաժնած էին մինչև այն ատենը։

Սեդրաք իր երկրաչափական վկայագիրն ստանալն հետո Ատանայի երկրորդ երկրաչափ անվանվեցավ ու մեկնեցավ Պոլսեն. անտանելի թվեցավ այս բաժանումը Տիգրանին. ամենքն այս գավառին վատ ու մահաբեր օդին վրա կը խոսեին, իսկ Սեդրաք բնավ չի դեդևեցավ. իր բարձր արժանիքը գործով պիտի ապացուցաներ. իր սիրուհվույն ճանչնալը չէր բավեր իրեն, անոր ընտանիքն ալ համոզել կուզեր։ «Սուրբիկ, քեզի համար կը մեկնիմ», ըսավ նորատի աղջկան։ Սուրբիկ այս զորավոր մարդուն միակ տկար կողմն, այս Աքյուլլեսին միակ վիրավորելի կետն էր։

Տարի մը կա որ երիտասարդ երկրաչափն իր պաշտոնին գլուխն է, ուր հաջողած է իր պաշտոնակցաց և մեծերուն հարգանքն ու համակրանքը շահիր Ատանայի դաշտին մահաբեր օդը բարվոքելու համար եղած ջանքերեն և ոչ մին հաջողած էր. Սեդրաք այս մեծ ու մարդասիրական նպատակին նվիրեց ինքզինքն. իր պատրաստած հատակագիծն ու ծրագիրը բոլորովին պիտի մաքրեին այդ տղմուտ դաշտին վատառողջ ժանտահոտություններն, ու երկրագործին պիտի տային ընդարձակ ու բարեբեր հողեր. Սեդրաքի առաջարկությունը բոլոր գավառին համար կենսատու խնդիր մէր և իր ծրագիրն ամբողջապես ընգունվեցավ. գավառին կառավարիչր Մեճիտիեի չորրորդ աստիճանը խնդրեց այս եռանդուն պաշտոնակալին համար, որ անմիջապես շնորհվեցավ։ Ալ գանգատելու տեղի չի կար. բախտը կսկսեր ժպտիլ։ Իր առանձնության մեջ չէր հուսահատած երբեք, սիրուհվույն պատկերն հոն էր որ զինքը կը քաջալերեր։ Քայլ մ՛ևս և ահա առաջին երկրաչափ պիտի անվանվեր։ Ո՜հ, այն ատեն բաց ճակատով պիտի դառնար Պոլիս ամուսնության խնդրելու իր սիրած աղջիկը. ընտանիքը չէր կրնար դժկամակիլ այլևս։ Երազե իրականության մեջ անցնելու համար այս քայլը միայն մնացեր էր։ Սեդրաք իր աշխատությունը կրկնապատկեր, կառավարության պաշտոնեի մը հարմար հանդարտ գործունեություն մը չէր, այլ հիվանդոտ տենղե մը վարակյալ անձի մը նման կը վարեր իր անտանելի աշխատությունը։ Չորս մարդու գործ էր ստանձներ ու քսան մարդու գործ կը տեսներ. անիմանալի պատերազմ մ՛էր զոր ժամանակը փութացնելու համար կը մղեր ամեն օր. պաշտոնի բարձրացում խոստացեր էին իրեն, բայց վեց ամսեն առաջ չէր կրնար կատարվիլ. ապրիլի վերջն էին. վեց ամիս՝ վեց տարվան չափ երկար թվեցավ իր անհամբեր սրտին։ Եթե զաշխարհ բեռցնեին իր ուսին վրա այս պայմանաժամը կարճցնելու համար, հոժարությամբ պիտի ընդուներ այս նոր Աթլասը։

Մեսաժըրիի Քամպոն երկկայմ շոգենավն, որ այն ատենը Պոլսո և Աղեքսանդրիո միջև թղթատարություն կըներ, իր շաբաթական ուղևորությունը կատարելով մայիսի՝ մեջ կիրակի առավոտ մը Վոսփորի ջուրերը կը մտներ նոր հարսի մը պես քծնելով։ Նավուն կամրջին վրա երիտասարդ ուղևոր մը կը տեսնվի գունաթափ ու դողդոջուն, մակույկներն անմիջապես կը շրջապատեն նորեկ շոգենավն, ասոնց միույն մեջ Տիգրան կը գտնվեր որ առանց սպասելու շոգենավին կենալուն, չվաններեն վեր ելնելով դեպի երիտասարդը վազեց ու զայն ողջագուրեց, Տիգրա՜ն, Սեդրա՜ք, այս երկու բառերը միասին լսվեցան ու երկու բարեկամներն արտասվելով իրարու գիրկ նետվեցան. քիչ մատեն հեծկլտանքե ուրիշ բան չի լսվեցավ. արդարև սրտահույզ տեսարան մ՛էր դիտել այս երկու երիտասարդները՝ զոր ճակատագիրն եղբայրութենե ավելի սերտ կապով մը միացուցած էր. «Արիացիր, Սեդրա՛ք», ըսավ վերջապես Տիգրան վեր առնելով ու համբուրելով իր բարեկամին դալկահար ճակատը. «Ճշմարի՛տ է ուրեմն», հարցուց տարաբախտն հազիվ լսելի ձայնով մը։

Տիգրան լի պատասխանեց, այլ տոմս մը միայն նետեց ուղևորին ոտքը։

Տիկին և Պ. Ք. պատիվ ունին խնդրել... որ հաճին ներկա գտնվիլ այս կիրակի առավոտ իրենց Սուրբիկ դստեր Վսեմ. Արամ էֆենտիի հետ պսակման արարողության որ պիտի կատարվի Քատրգյոսլի ս. Թագավոր եկեղեցվույն մեջ:

Ահա ինչ որ ուղևորին շվարած ու նսեմացած ակնարկը կարդաց այս հեշտաբույր ու ոսկետառ տոմսակին վրա։ Ստույգ էր ուրեմն այն անհավատալի գույժն. և ինքն երեսի վրա թողլով իր պաշտոնն, առանց վայրկյան մ՝սպասելու վազեր և հասեր էր այն օրն հազիվ հորում Սոլրբիկ պիտի պսակվեր։

Քատըգյուղի ս. Թագավոր եկեղեցին քառակուսի, պզտիկ ու գեղեցիկ շենք մ՝է և հոյակապ մարդու մը առատաձեռնության արդյունք։— Խուռն բազմություն մը եկեղեցվույն ամեն կողմը կանուխեն գրաված է. բակը, բանկալը, խորհրդարանին մեջ անգամ կենալու տեղ չի կա. հետաքրքիր ամբոխն հրավիրելոց մուտք անգամ թողած չէ։

Ժամը վեցն է. հանդիսին տերերն հրավիրյալներուն հետ հասան ու անանցանելի մարդկային պատնեշե մը թափանցելով հաջողեցան եկեղեցին մտնել, պսակի արարողություն կա. հանդիսականներուն մեջ կը նշմարվին Պոլսո առևտրական տանը գլխավոր ներկայացուցիչները, դատական իշխանության անդամներ և հայազգի բարձրաստիճան պաշտոնատարը, փեսան քառասնամյա պաշտոնակալ մէ՝ որ վայելչապես կը կրե մյութեմայիզի ոսկեճամուկ համազգեստը. հարսն հագած է սպիտակ կռոնե երկար շրջազգեստ՝ հարսանեկան թափանցիկ շղարշով ու իր կոհակածուփ մազերով ծածկված. դյուրին է նշմարել բարեձև հասակ մը, նեղ, նեղ, ափի մեջ ամփոփվելու ու ճզմվելու չափ նեղ մեջք մը որ թավալուն, հպարտ ու շլացուցիչ կուրծք մը կը կրե, ճակատ մը անամպ արշալույսի պես պայծառ, աչքեր սև ու խոշոր որոց վրա շուք կուտան իր երկար բիբերը, բերան մը գարնան վարդի պես թարմ ու կարմիր. քիթն ուղիղ, ռունգերն ուռած, թափանցիկ, դյուրահույզ ու հրապուրիչ. սպիտակ ձեռնոցներ մինչև թևերը կերկարին ու երևան կը հանեն անոր քնքուշ ու աննմանելի գիծերն, ու նույնպես ճերմակ սնդուսե կիսակոշիկներ կը սեղմեն անոր փոքրիկ ոտները։ — Տասնևյոթը տարեկան կա այս աղջիկն, այս մեհյանին մեջ ճշմարիտ դիցուհին՝ որ կիշխե բոլոր հավատացելոց վրա։

Պսակի արարողությունն սկսավ, մահվան ողբերու նման տխուր երաժշտությամբ մը. միշտ խորին տպավորություն մը հառաջ կը բերեն այս տխրանվագ աղոթքներն. ապստամբ միտքը պահ մը կընդարմանա ու հոգին հմայության մը ներքև կը վերանա ու անմատչելի երկնագավառներու մեջ կը սավառնի. բարեպաշտ լռություն մը կը տիրեր, պսակադիր քահանան ձայնը բարձրացուց ու փեսին դառնալով՝ «Տե՜ր ես այս օրիորդին», ըսավ հանդիսավոր հարցումը կրկնելով. «Այո», պատասխանեց փեսան գլուխը խոնարհեցնելով. «Եվ դու հնազա՜նդ ես, աղջիկս», ըսավ քահանան օրիորդին ուղղելով խոսքն, աղջիկը վեր առավ գլուխն... երկու սլաքներ, ո՛չ, երկու հրացայտ շանթեր պատահեցան իր մոլորյալ ակնարկին, բողոքող, սպառնացող, որոտացող ձայն մը կարծեց լսել, նենգավո՜ր բառը կարծես ականջին զարկավ, աչքերը մթագնեցան, խուլ բժժանքով ականջը լեցվեցավ ու դեմքը մահատիպ թալկություն մը գրավեց. Սեդրաք իր բարկացայտ նայվածքը աղջկան վրա սևեռեր էր։

Սեդրա՜ք, անշուշտ իրական բան մը չէր կրնար ըլլալ ասի, այլ արհավրալից տեսիլ մը զոր իր խռովյալ խղճմտանքը միայն արտադրած էր։ Սեդրաքի ներկայությունն անբացատրելի էր։ Այն վայրկենին իսկ ուր նոր ուխտով մը ավելի հին, ավելի նվիրական ուխտ մը կը դրժեր, ճիշտ այդ վայրկենին երիտասարդին նայվածքը մահատու դաշույնի մը պես շողացեր էր աչքին, թե որ ապտակ մը ուտեր, հոժարակամ պատրաստ էր ներելու, այլ այս անխոս ներկայությունն այնչափ ավելի նախատալից թվեցավ որչափ լռին ու իրավացի էր։

Մարդս ամենեն ավելի անիրավ եղած ատենը կը բարկանա. նույն բանը պատահեցավ Սուրբիկին. կանացի սիրտն անհատակ ու անքննելի վիհ մ՛է. ճշտիվ չէ կարելի անոր հոգվույն վիճակն հաստատել. Եվ սաչափն ստույգ է որ ուրիշի մը հետ ամուսնանալ որոշելով հանդերձ՝ Սուրբիկ իր վաղեմի բարեկամը հավիտյան կը սիրեր։ Անոր հեռացումն ու տաժանելի վիճակն իր գթությունը շարժեր էր, և սերը տարօրինակ երևույթ մը կզգենու երբ գթության կը միանա, տեսակ մը շնորհ կը դառնա որ տվողին բարի կամեցողության ձգված է. սերը չի մուրացվիր այլ կը պահանջվի. ողորմություն մը չէ այլ տուրք մը։

Երիտասարդին վիճակն աղջկան մոտ ավելի պաշտպանության զգացում մը հառաջ բերած ու այս կերպով իր սերը պարտականություն մը լինելե դադրած էր առանց անհետանալու. մյուս կողմե իր ընտանյաց ճնշումն որ բռնության մոտեցած էր, իրեն խոստացված ամուսնույն բարձր դիրքն ու պզտիկ փառասիրության զգացում մը ամենքը միացեր էին հեռավոր անձի մը տված խոստումը մեկդի ընելու։ Բայց այս հանկարծական վերադարձն հաշվի մեջ չէր. ինչպես ըսինք Սուրբիկ իր մանկության տարաբախտ ընկերը միշտ կը սիրեր, զայն տեսնելուն հիմար փափագ մը ունեցեր էր անոր գիրկը նետվելու արտասվելու, բայց առանց կանխավ իրմե ո՛ևէ բացատրություն խնդրելու՝ անոր այս հանկարծական ներկայությունն, հրապարակավ զինքն ամոթահար ընելու անողոք փորձ մը ու թշնամանք մը նկատեց և իր բոլոր սիրույն հակառակ զինքը նվաստացնելու այս ջանքը խիստ ծանր եկավ իրեն։ Ինքնիրեն երիտասարդին համար մեծ զոհողություններ ըրած ըլլալ կը կարծեր ու դիմացինն ապերախտ համարեց այս թշնամության ցույցին համար ու այլևս ամեն բարեկամություն վերջացած։ Հանցանքն իրը չէր եթե գացեր էր աշխարհիս մեկ ծայրն ու անպաշտպան թողեր էր զինքն անգութ հոր մը բռնությանց ներքև ու հիմա եկեր էր իբրև թե համար պահանջելու իրմեն։ Զինքը սիրել խոստանալով հավիտենական գերության դաշն կռած չէր ու Սեդրաք իրավունք չուներ այնչափ ատեն անտարբեր ու լուռ կենալե վերջը ճիշտ պսակի արարողության ժամուն սպառնալից ստվերի մը պես երեսին զարնելու իր ընթացքը։ — Նահանջել կարելի չէր այլևս, բոլոր գյուղին մեջ ծաղր ու ծանակ ու շաղակրատ ամբոխի մառջև ամոթահար ըլլալու վախը մեռնելե ավելի սարսափելի էր։

Ու Սեդրաք ճիշտ զինքն այս նվաստության մատնել եկեր էր անշուշտ։ Այս մտածումները մեկ մանրերկրորդի մեջ Սուրբիկի մտքեն անցան, ու հիմարուհին՝ ինքնիրեն եթե ոչ պարկեշտություն գեթ արդարացում մը գտնել կարծեց իր վարմունքին մեջ. նամանավանդ աչքին զարկեր էր երիտասարդին ճամփորդության անճոռնի հագուստներն հրավիրելոց սև ու անքննադատելի զգեստներուն մեջ. անոր արևեն ու հողմեն սևցած երեսը չգիտեմ ի՛նչ վայրենության երևույթ մը տվեր էր անոր սովորաբար տրտում երեսին ու անմիջապես մեծ տարբերություն մը նշմարեր էր երիտասարդին ու իր ամուսնույն մեջ։

Սեդրաք իրեն համ աստիճան մեկը չէր. իրմե վար դասի մը պատկանող անձի մը կողմեն, նույնիսկ թե որ պաշտեցյալ մեկը չիներ այդ անձը, Սուրբիկ թշնամանքի մը հանդուրժողննրեն չէր ու չի հանդուրժեց. ամբարտավան կերպով մը վեր առնելով իր գլուխն՝ «Այո՛, տեր հայր», ըսավ քահանային, «հնազանդ եմ»։

Այսպիսի հանդիսավոր վայրկյաններու մեջ բնական եղող հուզումե ի զատ ոչ ոք բան մը նշմարեց հարսին դեմքին վրա․ այս անդարձ որոշումը կայծակի արագությամբ տրվեր էր անոր մտքին մեջ ու մեկ բառով ճակատագիր մը խորտակեր էր։ Ահա այսպիսի խախուտ ու անիրավ պատճառաբանության մը կը հենուր այս անողոք որոշումն, որ մանկության ու պատանության ամենեն նվիրական կապերը գանակի մը պես մեկ հարվածով կը ջնջեր, ափսո՛ս. ու հարկ է ավելցնել որ այս աղջիկը թերևս լավագույն կինն էր աշխարհիս վրա։ Սեդրաք իր պաշտոնատեղին չի վերադարձավ և ոչ իսկ հրաժարական մը կամ լուր մը ղրկեց, ի՞նչ օգուտ այլևս։ Այս անլուր մատնությունն ահարկու հարված մեղավ գլխուն որ զինքն ընդարմացուց ու ապշեցուց. իր սերն, իր անձնվիրությունն, այս ուխտադրում աղջիկն, այս հարսանիքն, ուրիշ բան չէին կրնար լինիլ բայց անհաճո երազ մը ուսկից սթափիլ կուզեր։ Ինչ որ հզորագույն հուզումներ չէին կարողացեր ընել այս ուժով մարդուն վրա, մատնված սերը կարողացավ ընել։ Սեդրաք ընկճեցավ. իր սրտեն զարկեր էին զինքն. այս աղետը խորտակեր էր իր հոգվույն միակ զսպանակն, և ուղեղը չէր կրցած դիմադրել այս անակնունելի բաղխման. բժիշկները մոտալուտ խելագարության նշաններ նշմարեցին անոր վրա։

Ետի—Քուլեեն Վելի—էֆենտի երթալու ճամփուն վրա ամայի և առանձնացյալ դաշտի մը մեջ երկհարկ, փայտաշեն ու քառակուսի շենք մը չի բարձրանար այլ կը տարածվի, հին, գրեթե խարխուլ ու ընդարձակ հարկ մ՛է որուն հավիտենական դեղին գույնն առածի կարգ անցած է. դիմացը կա փոքրիկ պարտեզ մը որուն մեկ մասը բանջարեղինաց հատուկ է ու մյուս մասն հասարակաց զբոսավայր մը լինելու հավակնությունն ունի։ Ադրիանուպոլսո շոգեկառքն անոր արևմտյան կողմը քերելով իր երկաթե ճամփուն վրա կը սրանա։

Այս պատմական շենքն Հայոց Ազգային հիվանդանոցն է։ Ես չեմ նայիր ոչ անոր փլատակ սպառնացող պատերուն և ոչ աղքատիկ անկողիններուն. անոր տխուր ճակատը զարդարող ազգային անունն իմ սիրտս կը գրավե ու անմիջապես կը սիրեմ այս քայքայուն շենքը։

Օրինավորություն, ճշտություն ու հայրական հոգածություն մը կը տիրեն այս ճշմարիտ ազգային հաստատության մեջ։ Անոր հիմնադրին նվիրական ոսկերոտիքն Մայր—Եկեղեցվո մեջ կը հանգչին, այլ անոր ազգանվեր ոգին հավիտյան կը հսկե այս սփոփանաց հարկին վրա։

Հիվանդանոցին մեջ մաս մը կա որ ամուր պատերով բաժնված է ու երկաթե հաստատ ձողեր անոր պատուհանները կը զարդարեն, 40 — 50 հոգվո չափ բազմություն մը կապրի հոն հզոր ու որոտաձայն պահապանի մը ազդած սարսափին տակ հնազանդ։ Գլուխնին պզտիկ գդակ մը, լայն ու հաստ բրդե շապիկ մը, նույնպես լայն ու միևնույն կտավե տափատ մը այս թշվառության զինվորներուն միօրինակ համազգեստն է։ Մեծ մասը նստած է փայտե տախտակամածի մը վրա ու շրջանակ մը կազմած է։ Դեմքերնին լուրջ ու խոժոռ, ակնարկնին շրջուն ու մոլորյալ, ձայներնին ցած ու հանդարտ, այս մարդիկը նորեկ այցելուին աչքին կարծես ծանր ու դժվարին խնդրո մը համար խորհրդակցության մեջ են. մաս առ մաս իրարու հետ կը խոսին, կը պատասխանեն, կը վիճին ու առանց մոտեն ականջ տալու անոնց խոսակցության անկարելի է դատել այս տարաբախտներուն վիճակը։

Հիմարներն են ասոնք։

Ահավոր ու կարեկցության արժանի տեսարա՜ն։

Այս միազգեստ տարարախտներուն մեջ երիտասարդ մը կը Նշմարվի իր զվարթ ու խնդուն երեսովն ու համակրելի ձևերովը. արագ, գրեթե տենդային արտասանություն մը ունի, հակառակելու չի գար անոր, անմիջապես կը զայրանա ու կսպառնա. իր բախտակիցներեն միույն հետ կը խոսի շարունակ որ իրեն մտիկ չըներ, կը խոսի ու կը խոսի, կարծես պատմություն մը կընե ու վճիռ մը կսպասե անկից.— ի՞նչ կը շաղակրատե այս հիմարն, երբեմն կերգե ու գիշերն անխոս լռության մեջ ամենքը կը ճանչնան անոր սիրած երգերուն ողբալի շեշտը։

Այս հիմարը Սեդրաքն է։

Տարվան մը չափ ամեն բժշկական խնամք անօգուտ դառնալով, ընտանիքը պարտավորեցավ ազգային խնամոց հանձնել զայն։

Տիգրան ուրբաթ և կիրակի օրերն հատկացուցած է իր բարեկամին՝ որ զինքը չի ճանչնար։

Իզուր նոր կայծով մը բորբոքել կուզե այս մարած հրաբուխն, ու արձագանք մը արթնցնել անոր խորահատակ սրտին մեջ. ամեն հույս շատոնց վերջացած է ամենուն համար և Տիգրան միայն կը համառի բախտին ու գիտության դեմ. իր այցելություններն անպակաս են։ Հիվանդանոցի մարդիկներն հիմարին եղբայրը կը կարծեն այս հորատի երիտասարդն՝ որ իր հանգստության ու զբոսանաց ժամերը նվիրական պարտականությամբ կը լեցնե ու ամեն անգամ արտասվելով կը վերադառնա։

Սեդրաքի այս մահացումը երկար չի տևեց։ Երկինք գթաց կարծես այս թշվառին, օգոստոսի սկիզբները ծանր ժանտատենդե մը բռնվեցավ ու տասնևութ օրվան մեջ հալեցավ այս առյուծի պես տղան, ուրբաթ երեկո մԷր, օրհասական ճգնաժամն սկսավ, վերջին պայքարը կենաց ու մահվան մեջ։ Գոգցես բախտին անողոք հեգնությամբ հիվանդը պահ մը սթափեցավ իր մահատիպ թմրութենեն. տրտում նայվածքը չորս կողմը սևեռեց, Տիգրանը միայն տեսավ քովը, Նշան ըրավ անոր մոտենալու և իր սառ կտրած շրթունքով համբուրեց երիտասարդին դալուկ ճակատը, ու քիչ մատեն կամաց, խիստ կամաց ձայնով մը խոսեցավ անոր հետ... կես ժամ վերջը Սեդրաքի աստղը շիջեր էր։

Սեդրաքի կրոնական համոզումները կարի սահմանափակ էին. քրիստոնեությունն հարգելով հանդերձ գերագույն էակի մը գոյության հավատալեն անդին անցած չէր երբեք։ Մահվան ճգնաժամին մեջ անոր հուշաբերած վայրկենին ուզեր էին իր մոռցած պարտականություններն հիշեցնել ու բարեսիրտ պանդուխտ քահանա մը հանձն առեր էր այս դժվարին պաշտոնը. Սեդրաք բացարձակ կերպով մերժեց ամեն աղերս ու խրատ։ «Ես խղճի և սկզբունքի տեր մարդ եմ, ըսավ քրիստոնեության այս համեստ ներկայացուցչին, ու կեղծիք չեմ ընդունիր մահվան անկողնույս մեջ»։

Քահանան չի պեդեց, Սեդրաքի անկեղծությունը զինքն համոզեց ու չուզեց բռնանալ անոր խղճմտանքին վրա. ասի այն բարի անձերեն մին էր որոնց մոտ պարզմտությունն ուղղության և առաքինության լավագույն առաջնորդն եղած է։ Իրմե ավելի գիտուն կրոնավոր մը իեքզինքը թերացած պիտի նկատեր Սեդրաքի վրա բռնություն ու ճնշում չի գործածելուն, այս պանդուխտ երեցն այնպես չի նկատեց և շատ կը վախնամ որ քիչ մավելի խոսքով երեցն ինքն ալ չի համոզվեր Սեդրաքի գաղափարներուն։ Որսշվեցավ ուրեմն որ գաղտնի պիտի մնար հիվանդին հաղորդություն չառնելն։ Քահանան մոլեռանդ ժողովրդյան գայթակղութենեն նախամեծար համարեց այս անհրաժեշտ ստախոսությունը։

Բայց չի գիտցվիր թե ի՞նչ կերպով այս ճգնաժամի գաղտնիքն հիվանդանոցին մեջ տարածվեցավ. քահանային թուլրբերանությունն էր թե ուրիշ պատճառ մը կար որով իմացվեցավ Սեդրաքի լուսավորչական եկեղեցվո պարտականությունները մերժելն։

Հարազատ լուսավորչականներու աչքին՝ այս երիտասարդ ազատամիտն պռոդ մը, բողոքական մ՛էր և բողոքականն մ՛ավելի քամահրելի արարած մը չի կա։ Կրոնական խտրություններն՝ ազգության ոգիեն ավելի ուժով կազդեն մեր վրա։ Ամենքը կը հիշեն այն ահավոր պատմությունն որ բողոքական հռչակավոր ննջեցյալի մը թաղման հանդեսին հետ կապված է։ Հայոց պատմության սև ու տխուր մեկ երեսն է այդ մոլեռանդ անողորմությունն որ անկենդան դիակի մը դեմ կը մաքառեր։ Ի՛ր ազգային պարտականությանդ մեջ եղջերուի մը չափ սիրտ ունեցող խուժան մը իր քաջության փորձը գերեզմանատանց ապացուցանել կը ճգներ։

Երեսուն տարվան միջոցե վերջը միևնույն աններող գաղափարները կը տիրեին, և Սեդրաքի թաղումր Սամաթիայեն, Ետի—Բուլեեն ու շրջականերեն ժողված ու հավաքած էր ստորին անկիրթ ամբոխ մը, որ հաստատ կերպով դիմադրել որոշած էր անոր Հայոց գերեզմանատան մեջ ամփոփվելուն։

Հայրենավանդ մոլեռանդություն մ՛էր որ անեղծ պահված էր ու առաջին առթիվ երևան կելներ։ Տիգրան միայնակ էր այդ մրրկոտ բազմության դեմ։ Հուղարկավորության հանդեսն սկսավ անշուք ու անձայն, լքյալ ու աղքատիկ հուղարկավորություն մ՛էր. քահանա մը, ժամկոչ մը, հինցած ու պատառուն ծածկոց մը, ասոնք միայն կրնային առ առավելն ձրի տրվիլ։ Ուրիշ բան էր, եթե թավիշե ծածկույթի, սնտուկի մը (այսպես կանվանի եկեղեցվո լեզվով նոր դագաղն) և բազմաթիվ քահանաներու ծախքը վճարելու դյուրությունն ըլլար. Տիգրան ասոնց և ոչ մին ուզած էր. այդ ստորին խտրությունները զայն չէին վշտացներ և ավելի բարձր էր անոր ակնարկը։ Հիվանդանոցի մատրան մեջ ննջեցելույն արարողությունն երկար չի տևեց ու դագաղը ճամփա հանեցին դեպի գերեզմանատուն...։

Գայթակղյալ ամբոխը կը հետևեր դագաղին ավելի թշնամվո քան թե հուղարկավորի մը դիրթով, ու խռովյալ տրտունջ մը՝ որ քահանային աղոթքին կիշխեր, որոշ կերպով կըսեր․

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։

Դագաղը կը տանեին չորս հուժկու երիտասարդներ, Սեդրաքի այն թշվառ վիճակակիցներեն զորս ուժի կարոտ աշխատությանը մեջ, հիվանդանոցի վարչությունն երբեմն կը գործածե զանոնք բոլորովին անզբաղ չի թողլու համար։ Անշուշտ լավագույն է այս անզգա էակներուն հանձնել ննջեցյալ մը ի գերեզման առաջնորդելու տխուր պաշտեր։

Նեղ ու գալարուն ճամփե մը կը հառաջանային համրաքայլ։ Բնության ամենեն ավելի զմայլելի, պայծառ օրերեն մեկն էր, արևը կարձակեր իր ջերմ ու ոգևորիչ ճառագայթներն, երկինքը խաղաղ էր ու անամպ, ծառերր տերևներով կը ծածկվեին, նոր կյանք, նոր հոգի մը կը ծավալեր ամեն կողմ իբրև դառն հեգնություն մայս մահվան տեսարանին դեմ։

Այս թաղման ընդդիմացողներու ուրիշ խումբ մը կես ճամբան կսպասեր որ առաջնույն հետ միանալով կը ջանար անլսելի ընել թաղման արարողությունը։ Ժամկոչն իր ձայնը քահանային աղոթից կը միացներ արագ ու հապճեպ արտասանությամբ, ինչպես օր վայելուչ է աղքատին գերեզմանին, մինչդեռ խուժանը գանգատող ու բողոքող ձայնիվ կը կրկներ շարունակ.

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։ Տիգրան գլխիկոր կը հետևեր դագաղին. այս մրրկահույզ Հուղարկավորներուն աղաղակը չէր զոր կը լսեր, քահանային սրտահույզ աղոթքն էր՝ որու առջև կը խոնարհեր։ Ինչ, այս է եղեր յուր մտերմին վախճանն, այդ դիտությունն ու այդ սիրտն այս տխուր վերջավորությա՞ն վիճակյալ են եղեր, ո՞վ պիտի հավատար մի քանի տարի առաջ երբ անփույթ ու զվարթ ապագային վրա հանդուգն ապահովությամբ կը խորհեին։

Բայց ամբոխին աղաղակն հետզհետե կը բարձրանաք սպառնալից շեշտով մը. գերեզմանատունն հասեր էին. պահ մը լռություն տիրեց, գիտցողները չգիտցողներուն կը պատմեին այն անլուր սրբապղծությունը. բողոքական մը ուղղափառ Հայոց գերեզմանին մեյ ընդունվի՜... Լուսավորչականներուն գերեզմանատունը մտնելն արքայություն մտնելեն ավելի դժվարին էր։

Ծայրահեղ միջոցներու դիմելն առաջ ամբոխը կը խորհրդակցեր, խռովության հողմը կը տարուբերեր զայն, մինչդեռ իր խուլ և մոլեգին բողոքն շրջակա արձագանքներեն կրկնվելով ընդարձակ հովտին մեջ կը տարածվեր։

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։

Ո՞վ էր և ի՞նչ կուզեր այս հիմար ու կատաղի բազմությունը։ Տիգրան անոնց դարձավ։ Իր պատանութենեն կը ճանչնար զայրացյալ խուժանի մը բոլոր աժն ու տկարությունը. ժամ էր վերջ տալու այս ամոթալից տեսարանին, դագաղը քարի մը վրա կսպասեր, և քահանան անօգուտ կերպով կը բանակցեր այս անզգամներուն հետ խոսք հասկցնելու անոնց։ — Իզուր ըսավ անոնց թե Քրիստոսի և ոչ մեկ վարդապետության մեջ կը տեսնվեր այս աններող մոլեռանդությունրը թե երիտասարդ ննջեցյալը բողոքական մը չէր, իզուր գերեզմանին սրբությունն ու մահվան նվիրականությունն հիշեցուց այս չափազանց կրոնասիրութենե մոլորյալ հոգիներուն։

Երկու հարյուր հոգվո չափ բազմություն մը կը շրջապատեր մթին փոսն՝ ուր Սեդրաքի մարմինր պիտի ամփոփվեր, և քահանային տկար ձայնը շուտով կը կորսվեր ահավոր ու վայրենի մռնչման տակ որ երկու հարյուր բերնե արձակվելով, փոթորկաշունչ հողմի մը պես կը սավառներ.

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։

Երբեք անկրթությունն այս աստիճան վայրենի երևույթ մը չէր ստացած, ափսո՜ս, միևնույն անսաստ ու կամակոր խուժանն էր զոր ինքն այնքան անգամ բորբոքած ու արձակած էր ազգային իշխանոլթյանց դեմ, ինչպես թնդանոթաձիգ սպան կարձակե յուր հրատապ և ավերիչ ռումբը։ Այժմ այդ մարդիկն իրեն դեմ կելնեին այնքան կոշտ ու անգութ որքան այլոց դեմ հանած էր։ Տիգրան ցասկոտ էր բնությամբ. ո՛ւ. թվույն անհավասարությունն, ո՛չ բարկալից բազմության զայրույթն ու անոր անհաշվելի հետևանքը զինքր լի կասեցուցին։ Իր բարեկամին դիակին դեմ կռվող այս մարդոց տեղի լի պիտի տար, թե որ մեռնիլ անգամ հարկ ըլլար. արյունը եռաց, թերևս իր պերճախոս լեզուն հաջողեր մեղմել այն մրրիկը՝ զոր այնքան վարժ էր հարուցանել. բայց բարկությունն ամեն խոհեմություն անոր մտքեն վանեց։

— Ետ քաշվեցեք, ստահակնե՜ր, գոչեց անոնց, ես եմ այս ննջեցելույն տերը, չըլլա որ մոտենաք անոր, ազգինն է այս գերեզմանատունն ու հայոց ազգին մեկ զավակն է այս մեռյալն որ հոս պիտի թաղվի։

Կռվո հրավեր մ՛էր։

— Այդ ալ փռոթեսթան մ՛է, աղաղակեցին ոմանք, տփեցեք այգ անհավատը։

Խուժանը՝ կատղած՝ ամեհի ու բարբարոս մռնչմամբ կը պատեր երիտասարդն, որպես փոթորկահույզ կոհակներ կը շրջապատեն ընկղմելու մոտ նավն, ամենեն քաջերն հառաջ նետվեցան. պահ մը վտանգն անխուսափելի և ահավոր դարձավ, մինչդեռ հեռու մնացողները զայրագին արձագանքի մը պես կը կրկնեին.— փռոթեսթան մ՛է, փռոթեսթան մ՛է, զարկե՛ք։

Անզգամ մը աչերն արյունով լեցված ձեռքը վերցուց․․․։

Սարսափելի հայհոյություններովդ խառն որոտման պես ձայն մը լսվեցավ հանկարծ, երկու մարդ, ու նվազ չարաշուք ու ստորին երևույթով քան մյուսներն, անհավատալի ուժով մը այդ մարդկային պատնեշը ճեղքելով երիտասարդին քով սրացան ու պոռացին.

— Մի՛ դպիք մեր էֆենտիին։

Պահ մը վարանում տիրեց։

Կերևեր թե այս երկու մարդիկն անծանոթ չէին. բաց գլուխնին՝ թեթև յազմայով մը պատած, կուրծքերնին մերկ՝ զոր չի կոճկված պզտի բաճկոնակ մը բաց կը թողուր շարունակ, ոտքերնին բոպիկ այն ծանոթ կոշիկներու մնջեն որք իրենց հատուկ անվամբ եմենի կը կոչվին, այս մարդիկը. կը վերաբերեին այն ստորին դասուն որ պարագային համեմատ ձկնորս, նավարար ու ջրհանկիր կըլլան որ սովորաբար քիչ կամ շատ ոճրագործ է։

Պարտեին այս երկու անձինքը մեծ համբավի մը և իշխանության տեր լինիլ (համբավ՝ որ գովելի տեղ մը չէր կրնար ունենալ), ըստ որում ամբոխն իր հարձակման մեջ կանգ առավ։ Հետո այս մարդիկն հետզհետե հեռացուցին երիտասարդը մոտեն շրջապատողներն ու կամաց ձայնով, տարօրինակ հեզությամբ մը՝ որո ներքև դաշույնի հարվածի մսպառնալիքը դյուրությամբ կը նշմարվեր, մի առ մի վանեցին այս սպառնալից բազմությունն։

Ի դեպ էր անշուշտ այս անհուսալի օգնությունն որ համառ երիտասարդը կը փրկեր։

Տիգրան գեշ երազե մը սթափիլ կարծեց երբ յուր շուրջն այս երկու ազատիչները միայն տեսավ՝ զորս չէր ճանչեր և որոց իր շնորհակալությունն հայտնեց։

— Դուք կրկին բարեգործություն մըրիր, ըսավ անոնց, նախ արգիլեցիք որ ննջեցյալ մը անգերեզման թողուն և զիս սպանհեն, երկրորդ թող չի տվիք որ այդքան մարդիկ սրբապիղծ ու ոճրագործ լինին։

— Ես ձկնորս Կարապետին եղբայրն եմ, ըսավ անոնցմե մին, դուն իմ եղբայրս մահվանե ու բանտարկութենե փրկեցիր առանց ստակ և վարձք պահանջելու։ Դուն զիս չես ճանչունար, բայց մենք քեզ լավ կը հիշենք, երբ դատաստանին մեջ իմ եղբայրս կը պաշտպանեիր ու փրկեցիր. մենք աղքատ մարդիկ ենք, ապերախտ չենք, ըսավ խոնարհությամբ ու հեռացավ իր ընկերոջ հետ մինակ թողլով սգավոր երիտասարդն իր մտերմին գերեզմանին քով։

Պալըքլըյի գերեզմանատունը Պոլսո Հայոց գերեզմանատանց երեցն ու հինավուրցն է. չի կա մեկն որ ազգական մը հանձնած չլինի այդ սև Հողին. այս գերեզմանատունը սովորական բան մր չէ, այլ չարագուշակ քաղաք մը որ իրեն տնակները, պալատներն, արվարձաններն, իր հարգի ու անհարգ թաղերն, իր սովորություններն, ավանդություններն ու նախապաշարումներն ունի, երևակայեցեք ընդարձակ դաշտ մր երբեմն կոտրած, սևցած ու տձև քարերով, երբեմն հոյակապ շիրիմներով ծածկված, ոչ իսկ մատ մը տեղ ուր ոսկերոտիք գրաված չլինին. նսեմաստվեր ու անխնամ վայրենի ծառեր որք աստանդ կը տարածեն ոչ թե շուք, այլ կարծես անթափանց մառախուղ մը. ոչ ճամփա և ոչ ուղի առաջնորդվելու այս մեռելոց լաբյուրինթոսին մեջ ուր գերեղման մը գտնել շատ անգամ դժվարին ու երբեմն անհնարին է. ու հարկ է, եթե պետք ունիս համբույր մը տալու սիրեցյալ հողակույտի մր, հարկ է դիմել գերեզմանաց պահապանին, միակ իշխանն ու միակ հպատակն այս ոսկերոտյաց աշխարհին մեջ։

Մյուս թաղերու գերեզմանատուններն ոչ այնքան սգատխուր երևույթ մունին. այդ նոր շիրմաստաններն հետզհետե փոխվելու ու շտկվելու վրա են. անհարազատ զավակներ, ուր լուսավորության անվան տակ ամեն ինչ կը նորոգի, մինչդեռ անոնց ծերունի հավը, Պալըքլըյի գերեզմանոցն, անսասան կը կենա ու ավանդապահ անգղի մը պես անշարժ կը հսկե իր մեռելոց վրա։

Սեդրաքի մարմինն այս գերեզմանոցին մեջ թաղեցին, այնպես փափագեր էր օրհասական երիտասարդը. քույր մը ունի եղեր իրմե առաջ մեռած, անոր քով ամփոփեցին զինքը։ Տիգրան քար մը դնել տվեր էր անոր վրա ու փոքրիկ երկաթե վանդակ մը այս կրկին գերեզմաններուն շուրջն։

Սեդրաքը ծածկող քարին վրա ո՛չ անուն կա և ոչ թվական, այլ երեք բառ միայն կը կարդացվի որ մինչև այսօր բոլոր այցելուներուն հետաքրքրությունը կը շարժե։ «Հանգիստ թողուցեք զինքր» գրված է այս մարմարին վրա. որո՞ւ կուղղվի այս տարօրինակ պատվերն, ո՞վ ննջեցելույն հանգիստը կրնա խռովել արդյոք։

Անոնք որ փափագած են իմանալ այս անանուն ննջեցելույն գաղտնիքն, իզուր պահապանին դիմած են տեղեկություն ուզելու համար, պահապանն իր հսկողության հանձնված մեռելոց նման լուռ էր այս մասին։ Միայն դիտեր էին ոմանք որ սևեր հագած մանկամարդ կին մը ամեն տարի Մայիսի առաջին կիրակի օրը պսակ մը կը բերեր այս լքյալ գերեզմանին։ Պսակ մը Պալըքլըյի մեջ հազվագյուտ դեպք մ՛Է. հետաքրքիրները Հուսո նշույլ մ՛առին, կինը միշտ ճշտապահ կը գտնվեր, հետեվեցան անոր ու երբ օր մը սևերով կինը գերեզմանեն կը վերադառնար, ետևեն գացին անոր ով ըլլալն հասկնալու համար, բայց տեսան որ տան երկձի կառք մը իր վարագույրներն իջեցուցած սրաբշավ կը տաներ սգավոր այցելուհին. այն ատեն դարձան գերեզմանին քով գոնե պսակին ձևեն, ծաղիկներով կապվելուն ճաշակեն ուսկից գալը գուշակելու համար։ Պսակը ճերմակ քամելիաներով շինված էր, որուն վրա կապույտ մանիշակներով

կազմված «Զղջում» բառը կը կարդացվեր։

ՄԱՍՆ Բ․


ՄՈՌԱՑՈԻՄ

Հունիս ամսո մեջ պայծառ ու անդորր գիշեր մը, Քանլճայի ծովեզրյա ապարանքներեն մին շքեղ կերպիվ լուսավորված էր․ Պետական Խորհրդո հայազգի անդամներեն և Մատրիտի օսմանյան դեսպանատան նախկին առաջին քարտուղար վսեմ. Գևորգ էֆենտի երեկույթ մը կընծայեր իր ընտրյալ հրավիրելոց. դեսպանական մարմինը գրեթե ամբողջովին, Պետական Խորհրդո նախագահը, բարձրադիր իսլամ ու հայազգի պաշտոնատարք և սեղանավորթ իրենց ընտանյաց հետ պատասխանած են հայ քաղաքագետին ընդունելության։

Սրահներեն մին՝ միայն լուրջ ու քաղաքական խոսակցությանց հատկացած է։ Ռուսո-թուրք պատերազմին նախընթաց եղող Պալքանյան ազգաց խռովությունք մտատանջություն կը տարածեն դիվանագիտաց մեջ, խլրտում մը կա, հով մը՝ որ կոհակածուփ կը հուզե սլավյան ազգություններն ու սրատեա անձինք դյուրավ կը ճանչնան հյուսիսի քամին որ փոթորիկ միայն կը ծնանի։

Ուրիշ ակումբ մը երիտասարդաց, որոց մեջ կը նշմարվին դեսպանական փայլուն քարտուղարը, զինվորական կցորդներ, դատական պաշտոնատարներ, տիկնանց շուրջն հավաքված է։ Անդին խաղի սրահը թափուր չէ ու պաքարան իր անխուսափելի տագնապովը կը վարակե իր բոլոր սիրահարները, մեճիտներով սկսեր էին, շուտով գրավներն ոսկվո կը վերածին ու մեծ գումարներ կը շահվին ու կը կորսվին։ Տիկնանց քով ընդհանուր խոսակցության նյութը՝ մեծ ընտանիքի վերաբերող հույն տիկնոջ մը իր ամուսինը թունավորելու ոճրով ամբաստանությունն էր, որ նույն օրն իսկ անմեղության վճռով մը վերջացեր էր։

Ամենքն ընդհանրապես կը քննադատեին երիտասարդ փաստաբան մը որ ներկա էր հոն ու բառ մը չէր արտասաներ այս հարձակմանց դեմ. իր տաղանդո չարաչար գործածելուն մասին եղած դիտողությանց դեմ ժպիտով մը կը բավականանար, ու լուռ, Ժպտուն ու տխուր կը կանգներ անշարժ վառարանին մարմարին կռթնած։

Այս երիտասարդ լռակյացն, որո պերճախոսությունը կամբաստանեին, Տիգրանն էր։ Չորս տարի անցեր էր հորմե հետե սիրով, գրեթե մոլությամբ ընդգրկելով փաստաբանական ասպարեզն, հոն գտեր էր միայն այն մշտատև պայքարն որ իր դյուրահույզ ու մշտագրգիռ հոգվույն անհրաժեշտ էր։ Իր խորին ու լուրջ հմտությունը, խիստ ու անաչառ դատողությունն, հզոր ու հպարտ շեշտը, պերճ ու զարդարուն լեզուն շուտով մեծ անուն ու մեծ համբավ տվեր էին անոր։ Բաղդատաբար քիչ միջոցի մեջ հաջողեր էր ձեռք բերել բարձր դիրք մը որ այս դժնդակ ասպարեզին մեջ հազվագյուտ է։

Շատեր հուսահատ ետ քաշված են և այս մշտատև կռվո կյանքն ամեն արարածի ուժին չի համապատասխաներ։ Տիգրան ընդհակառակն իր մթնոլորտը գտեր էր հոն, այս էր այն ասպարեզն զոր երևակայեր էր միայն հարմար իր անհանդարտ ու դժգոհ ոգվույն ու հոն իշխող ու հզոր ձայն մը վաստակեր էր մինչև իսկ այն բազմաթիվ թշնամյաց քով զորս ընկճելով ու հաղթելով ստացեր էր։

Հարկ էր գոհանալ այս հաջողութենեն որ կույր բախտի մը շնորհը չէր և որ դատական հաղթանակներով ձեռք բերված էր։

Տիգրան՝ մասնավորապես պատժական դատերու մեջ անվիճելի իշխանություն մը ստացած էր. յուր հրաշքները մեկե ավելի էին. կենտրոնական բանտին հյուրերեն որ մեկն իրենց կյանքն, ո՛ր մեկն իրենց ազատությունը կը պարտեին անոր։ Իր անունը վերջին ապավենն էր որում ամբաստանյալն անհավատալի վստահությամբ կապաստաներ և այդ անունն բանտին մեջ նվիրական էր, անոր մասին ամենափոքրիկ չարախոսություն ամենամեծ ոճիր մ՛էր. երախտագիտությունն այն միակ մնացորդն էր զոր չարվո ու բարվո զգացում կորսնցնող այս մեծ ոճրագործները դեռ կը պահեին իրենց սրտին մեջ։

Օր մը նորատի կին մը բերին հոն որ իր էրիկը թունավորած լինելու ամբաստանության ներքև կը գտնվեր։

Կանանց հատուկ բանտը փոխադրվելն առաջ առժամյա կերպիվ առաջնորդեցին զինքն ընդարձակ, խոնավ ու մթին սրահի մը մեջ, տխուր ու մահազդեցիկ օթևան, ուր տարաբախտ կինը մազ մնաց վախեն պիտի մեռներ։ Իրեն բանտարկության ընկեր ուներ ամբաստանյալներ ու դատապարտյալներ. ահավոր տեսարան մ՛էր այս երկաթներով ծանրաբեռնյալ ավազակներու խումբն որոց ամեն մեկ շարժումը շղթայից շառաչմամբ կը կրկնվեր, որ մեկն անփույթ, զվարթ ու կայտառ, որ մեկը տժգույն, նիհար ու դողդոջուն այս մահվան կապանքներուն տակ։ Հոս պատանի ու գեղանի մարդասպան մը որ ութսունամյա ծերունի մը սպաննած էր ու անոր ցույց տված տարօրինակ դիմադրությունը զարմանոք կը հիշեր, հոն՝ երկար մորուքով, վարդապետի դեմքով դրամանենգ մը, որ իրեն տրված պատմույն ծանրությանը դեմ կը բողոքեր, անդին՝ աներկյուղ հրձիգ մը որ ապահովագրության ընկերութենեն երկու հարյուր ոսկի կորզելու համար ամբողջ թաղ մը կրակի տալու չէր վարանած. քիչ մը անդին երեք չորս անձինք՝ ծանոթներ ու մտերիմներ, որք միատեղ ապրելով բարեկամացած են և որք ապագայի պատրաստություններով ու արդարության ձեռքը չի մատնվելու համար նորանոր միջոցներ մտածելով կզբաղին. ասոնց մոտ ծերունի մը՝ որ պատժական դատարաններն ստացած բազմաթիվ դատապարտությանց շնորհիվ անփորձ իրավագետե մավելի պատժական օրենսդրությունը կը ճանչնա. զորօրինակ նա կը բացատրե նորեկներուն թե դատարանին կողմե ձրի փաստարան մը պիտի ունենան, թե ուրանալե լավագույն պաշտպանության միջոց չունին, թե քննիչ դատավորին բռնութենեն գանգատիլ հարկ է դատարանին առջև։

Նորեկ կինը սոսկմամբ զատվիլ ուզեց այս մեղապարտ ընկերութենեն, բայց ամենուն ծաղրն և հարձակումն իր վրա հրավիրեց․ ամենքը նախ և առաջ տեղեկանալ ուզեցին անոր ոճրին ի՛նչ ըլլալը։

— Թունավորո՛ւմ մը, այդ բան մըսել չէ, կըսեր անդիեն հռչակավոր ստահակ մը, ցկյանս շղթայակապ աշխատությամբ մը կազատիս։

— 174րդ հոդվածին վերքին պարբերությունը գիտե՛ս, գոչեց անդիեն ծեր ունի խորհրդատուն, կարծես քու վրայիդ ձևված է։

— Մեղք այդչափ գեղեցկությանը, ավելցուց պատանի մարդասպանը, — մինչդեռ կինն ահաբեկ ու շվարած հիմարի մը պես իր շուրջը կը նայեր շարունակ, առանց բառ մը հասկնալու եղած խոսակցութենեն։

Նույն միջոցին իմացվեցավ այն անհավատալի արագությամբ որ բանտերուն միայն հատուկ է և որով ամեն հաղորդակցության միջոցե զուրկ ամբոխի մը մեջ արտաքին բոլոր լուրերն անմիջապես կը տարածվին, թե նորեկ ամբաստանյալը Տիգրանի պաշտպանության հանձնված էր դատարանին կողմե։

Տիգրանի պաշտ՛պանյալ լինիլը կիսով մը փրկվիլ և բանտարկելոց երաշխավորության ներքև գտնվիլ կը նշանակեր։

Այն վայրկենեն ամենքը բարեկամ դարձան նորատի կնոջ ու զինքն հուսադրեցին։

Ամենքը կը հիշեն այն տարօրինակ թունավորման դեպքն որով նոր ամուսնացած հույն վաճառական մը զոհ եղավ Առնավուտ գյուղի մեջ։ Կասկածները կը ծանրանային անոր երիտասարդ կնոջ վրա, որո թեթև վարքն ու առանց մի քանի ամիս սպասելու կրկին ամուսնության փորձը նոր ապացույց քերել կը թվեին այս ոճրույն։ Կալանավորման հրամանագիրը չուշացավ զգացնելու այս անպատշաճ փութաջանության բոլոր անխոհեմությունը։

Պոլսո ամեն ազգի ու կարգի մարդիկ, նամանավանդ կանայք հետաքրքրեցան. օրվան սովորական խոսակցության նյութ դարձավ այս ձերբակալումն։ Ամբաստանելույն սեռը, տարիքը, գեղեցկությունը, բարձր գիրքը բացառիկ հանգամանք մը կուտային այս եղերական արկածին։ Լրագիրներն, որ այս տեսակ ոճրագործությանը երկտողե մավելի չէին զոհեր, հարկ դատեցին բոլոր դատաստանական քննության վրա օր ավուր տեղեկություն հաղորդել իրենց ընթերցողներուն։

Տիգրան, հետամուտ ամեն հռչակ հանող դատաստաններու մեջ պաշտպանության դերն ստանձնելու, ամբաստանելույն փոխանորդությունը խնդրեր ու ստացեր էր. և ի՜նչ չեղավ իր զարմանքին աստիճանն երբ ձերբակալյալ կինը ճանչցավ. այն մանկամարդ հույն աղջիկն էր զոր 4 — 5 տարի առաջ այնքան հիմարությամբ սիրած էր։ Ամուսնանալ ով իր հրապույրը կորսնցուցած չէր. միշտ միևնույն հրդեհող նայվածքը, միևնույն քնքուշ, նուրբ ու մատաղ հասակը, միևնույն ոսկեգույն խոպոպիքն ու վարդաշուրթն բերանն էր զոր ուսանողն այնքան ո՛հ, այնքան եռանդյամբ պաշտեր էր։ Տիգրան զղջաց այս փոխանորդությունն ստանձնելուն. ոճրին ապացույցները բազմաթիվ և հազվագյուտ խնամոք իրարու կապված էին։ Ընդհանուր դատախաղն արտասովոր խստությամբ մը հառաջ կը վարեր այս դատը, մի գուցե անլսելի ըլլար իր ձայնն և իր ձեռոք, բուն իր ձեռոք կախաղանի մատներ այդ պաշտեցյալ գլուխը։ Նախկին սիրո մը մնացորդ մոխիրը կարթննար ու կը բռնկեր, թերևս լավագույն էր ուրիշ պաշտոնակցի մը հանձնել այս դժվարին պաշտպանությունը, բայց որի հավատալ և որի՛ վստահիլ։

Հուսկ ուրեմն որոշեց խույս չի տալ վտանգի պահուն. այս դասալքությունն իրեն չէր վայլեր. պահ մը մոռցված սերն արթննալ կարծեր էր. բայց ո՛չ, անձնասիրության ու եսության զգացում մ՛էր որ զինքը դղրդեր էր միայն։

Անշուշտ ամեն մարդկային ու գերմարդկային ջանք ի գործ պիտի դներ փրկելու համար նորատի կինը, բայց ո՛չ զայն պաշտելուն համար, այլ միայն, ո՛վ մարդկային ունայնություն, ճանչցնելու համար այդ կնոջ որ իր արհամարհած երիտասարդին կը պարտեր իր կյանքը։

Տիգրան քաջությամբ գործի ձեռք զարկավ։

Դատաստանի օրը մոտ էր. Ոճրադատ ատենի սրահն հոն էր ուր կը գտնվի այժմ։ — Դատավարության օրն հասավ, խուռն բազմություն մը անոր ամեն մուտքն ու ելքը գրաված էր, երբ Ոճրադատ ատյանն իր հրապարակային նիստն սկսավ։ Այն ատենվան լրագիրները գրեցին բոլոր այս դատին մանրամասնություններն։ Ամբաստանելույն հարցաքննութենեն ու վկայից տեղեկություններեն վերջն ոճրույն ապացուցման եղանակը կը քննվեր։ Տարօրինակ զուգադիպությամբ ընդհ․ դատախազի օգնականի պաշտոնը կը վարեր Խոսրով։

Պարզ դիպվածի մը բերմո՛ւնք էր թե կանխորոշ վրեժխնդրության մը փափագն որ Տիգրանի դասընկերն այդ աթոռին վրա կը բազմեցներ, ոչ ոք կրնար ստույգը գտնել։

Միայն թե դատավարությունն երկար ու մանրախույզ և ամբաստանության ու պաշտպանության կողմե հավասար համառությամբ նշանավոր եղավ։

Խավարային ու անծանոթ պայքար մ՛Էր որ տեղի կունենար այս երկու մարդոց մեջ. ուսանողության կյանքի սիրային չնչին դիպված մ՛էր որ այս երկու բարեկամներն անհաշտ թշնամի դարձուցեր էր իրարու։

Մեկն իր սերը պիտի պաշտպաներ, մյուսն իր լքման ու մերժման հատուցումը պիտի պահանջեր։

Ընդհանուր դատախազի օգնականն համառոտիվ թվելով ոճրին ապացույցներն ու սպանելույն երիտասարդ ու բարի ամուսին մը լինելն հիշեցնելով, մեծագույն խստության մը հարկը կզգացներ. ամենքն անհամբեր կսպասեին գիտնալ թե ի՛նչ էր պահանջած պատիժն, և այս անհամբերությունն երկար չի տևեց. Խոսրով իր խոսքը շուտով ամփոփեց. մեկ բառով մահվան պատիժ կը պահանջեր մեղապարտ կնոջ դեմ։ Ամբաստանելուն ո՛չ գեղն, ո՛չ երիտասարդությունը չէին ազդեր այս մարմարե սրտին։

Արհավրալից լռությամբ մը ընդունվեցավ այս անլուր խստությունը։

Խոսքը պաշտպանությանն էր։

Իրիկվան ժամը 11ն էր, սրահը մթնցեր ու գերեզմանի լռություն ու ամփոփում կը տիրեր չորս կողմը։

Տիգրան իր շուրջը նայեցավ անգամ մը. թշնամի բազմություն մ՝էր որ զինքը կը շրջապատեր. ամբաստանելույն հանցավորության կանխապես համոզյալ ատյան մէր որ իրեն պիտի ունկնդրեր։ Չըլլա՛ թե անկարող լիներ փրկելու այս թշվառուհին․ այս վախն անոր միտքը խանգարեց։ Մահու ու կենաց վայրկյանն էր. ոտք ելավ դողդոջուն ու ամբաստանյալեն ավելի տժգունած։

Ամեն ոք իր շնչառությունը պահ մը կտրեց ավելի աղեկ լսելու համար, ճանճի բզզյունը պիտի լսվեր հինգ հարյուր հոգիե ավելի խռնված սրահի մը մեջ, երբ ծանր ու հաստատ ձայնով փաստաբանն իր պաշապանության ճառն սկսավ։

Անոնք որ լսեցին, հավիտյան չպիտի մոռնան այդ ձայնն. ի՞նչ ըսավ, ո՜ւսկից սկսավ և ի՜նչպես վերջացուց, ի՞նչ կերպով հաջողեցավ պատռել, թոթափել այն ծանր կասկածներու մթնոլորտն որու ներքև ամբաստանյալը կընկճվեր, ի՜նչ ձևով վանեց այն ատելության ամպն որ բոլոր ունկնդիրները կը գրավեր. ոչ ոք պիտի կարենար ճշտիվ զրուցել։

Նախ իրողություններն ու հետո օրինական ապացույցները քննելով, աննման հաջողությամբ և ջախջախիչ կերպով հերքեմ այն փաստերն, որոնք ճարտար կապակցությամբ մը ընդհ. դատախազին ատենաբանության մեջ՝ ոճրագործությունն ապացուցանելու կը հանգեին։

Բառերը, դաշույնի հարվածի պես սուր ու կտրուկ, մի առ մի կը զարնեին այն կասկածներուն սրոց կշիռեն կախումն ուներ դատին ելքն։

Ու երբ իր հետախույզ ակնարկը կրցավ համոզումը որոշել պահ մառաջ խոժոռած դեմքերուն վրա, երբ ամեն ստվեր փարատած տեսավ դատավորներուն ճակատեն, այն ատեն հիշելով այն անհանդուրժելի տառապանքն ու մահացումն որոնց փափուկ ու սրտաբեկ արարած մը հուսահատ քաջությամբ մը դիմացեր էր, արթնցնելով բանտի ու կապանաց այն անջնջելի օրերու հիշատակը, փաստաբանին հպարտ շեշտը պաշտպանութենե ամբաստանության դարձավ։ Երբեք սրտահույզ ոճն այդքան խորին ու ուժգին չէր դղրդած մարդկային սրտերն։ Ամենքը, քիչ մը առաջ ամբաստանելույն հանցավորության համոզված, հիմա պատրաստ էին անոր անմեղությունը վկայելու։

Կես ժամ միայն տևեց այս զարմանալի պաշտպանությունն և կես Ժամ, դատավոր ու ունկնդիր, փաստաբանին ձայնին անբացատրելի հմայության տակ մնացին։ Դատավարությունը վերջացավ, երկբայելի չէր տրվելիք վճիռն, և քառորդ մը վերքն ամենքն ակներև ուրախությամբ ստացան անմեղության վճիռ մը որ միաձայնությամբ տրվեր էր և որ ամբաստանելույն արձակումը կը հրամայեր, մինչդեռ տարաբախտ կինը վախեն ու հուզումեն դողդոջուն սրահին մեջ կը նվաղեր։

Տիգրան չսպասեց շնորհակալության ցույցերու. ամենեն մաքուր ու ամենեն բարձր համբավն ունեցավ այս անլուր հաջողությամբն, ուրիշ բան մը չէր պահանջեր. ինչպես չորս տարի առաջ, հիմա ալ նույնչափ հաստատ էր այս գեղանի կինը չի տեսնելու որոշման վրա. իր մոռացման վրեժը լուծեր էր․ ուստի մեկնեցավ առանց ետին դառնալու։ Եվ ահա այս կերպով վերջացեր էր այն եղերական արկածն որ ողջույն Պոլիսն հուզած էր և որ Գևորգ էֆենտիի սրահներուն մեջ, ինչպես այլուր, տիրող խոսակցության նյութն էր։

Սրահներն հետզհետե կոգևորեին, երեկույթն իր ամենեն մեծ փայլն ու զվարթությունն ստացեր էր. պարերն իրարու կը հաջորդեին, ու չի պարողները քարափին վրա կամ ծովահայաց սրահներուն մեջ կը շրջեին։

Տիգրան շուտով խույս տվեր էր զինքն հալածող հետաքրքիրներեն. ամենքն անոր բերնեն լսել կուզեին այս սրտահույզ ոռամին մանրամասնությունները. Տիգրան սիրտ չուներ անոնց Հազարումեկ հարցմանը պատասխանելու. առանձին ու կիսաստվեր սենեկի մը բաց պատուհանին մոտ երերուն թիկնաթոռի մը մեջ տարածվեր էր ու ծովը կը դիտեր։

Հիրավի զմայլիչ տեսարան մ՛էր որ իր տրտում ակնարկին առջև կը պարպվեր։

Կես գիշերը ժամ մը կանցներ, ու լուսինն իր լրման մեջ պայծառ ու կապույտ երկնից կամարին վրա կը շողար, ծովն հանդարտ էր, ուր կանդրադառնար երկինքն իր կապույտովն ու անհամար աստղերով. ամառվան այն անբացատրելի գիշերներեն մին էր որով Վոսփորն այնչափ դյութիչ է։ Բնության այս անդորրությունն ու պարզությունը զինքն հափշտակեց, մոռցավ երեկույթը, սրահը, բազմությունն ու երաժշտության վրդովյալ ձայներն, առանձնություն ու լռություն կը տիրեր իր շուրջն, ամենքն աշխարհիս մեջ կզբոսնուն ու զվարթ էին. ինքը միայն մենիկ ու ապերջանիկ մնացեր էր։

Իր մանկությունն ու պատանեկությունն որբության, աղքատության ու աշխատության մեջ անցուցեր էր. հազիվ երիտասարդ, ամենեն կանուխ թևակոխած հրապարակային կյանքին մեջ ուր վաղաժամ այլ արդարացի համբավ միրեն կը հետևեր․ ափսո՛ս, մեկը չէր ունեցած հաղորդելու ու բաժնելու անոր հետ իր մշտահույզ հոգվույն վրդովմունքն։ Իր հայրն ու մայրը գերեզմանեն միայն կրնային նայիլ իրենց միակ որդվույն փառալից կենացն և չի կար իր քով սիրեցյալ մեկն որու բանար իր հազար զգացումներով, հույսերով, խանդաղատանոք լեցված սիրտը, Սեդրաքի մահվընե ի վեր մենակյաց, ծեր, դաժան ու վայրենի մեկը դարձեր էր. Սեդրա՛ք... շատոնց սև հողը կը ծածկեր զայն... ու ինքը մինակ, բոլորովին մինակ մնացեր էր աշխարհիս վրա...։

Այս տխուր մտածումներուն մեջ էր երբ մերձակա սրահեն դաշնակի մը վրա քաղցր ու տրտում եղանակ մը կը բարձրանար, իբրև թե ծովուն ալյաց վրայեն ու գիշերվան խորին լռության մեջ, համր ու դանդաղ շեշտերով։

Զարմա՛նք, այս եղանակն անծանոթ չէր Տիգրանին. անոր տրտմահնչուն նվագեն ճանչցավ թե Սեդրաքի սիրած մեկ կտորն էր։ Հուզյալ և անձկանոք ոտք ելավ, հասկնալու համար թե ո՛վ էր այն անձն, որ պարահանդեսին թնդյունեն ու աղմուկեն խուսափած, առանձին սրահի մը մեջ կը դաշնակեր այս տխուր եղանակն՝ որ այնքան մոտեն իր գաղափարաց տրտմությանը կը պատշաճեր։

Երիտասարդ ու վայելչագեղ կին մ՛էր որ, առանց նոթայի, միայն իր հիշողության զորությամբ, այս դժվարին կտորը դաշնակին վրա այնչափ կատարելությամբ ու հոգվով կը զարներ։ Ամուսինը, Տիգրանի ծանոթ պաշտոնատար մը, անոր մոտն էր, որ զինքը տեսնելով ըսավ. «Մոտեցե՛ք, սիրելի փաստաբանս. կերևի թե դուք ալ ինձ պես ժխորե չեք ախորժիր, բայց իրավունք չունիք դուք, որովհետև դեռ երիտասարդ եք և զբոսնելու պետք ունիք։ Տիկին, ավելցուց, իր մանկամարդ կնոջ դառնալով, ահավասիկ ձեզ կը ներկայացնեմ իմ ամենեն ավելի հարգած բարեկամներես մին, այն երիտասարդ փաստաբանն՝ որու անունը ամենուն բերանն է․ տիկին Արամ էֆենտի, ավելցուց երիտասարդին դառնալով»։ Տիգրան դեղնեցավ, դեմքը խիստ խոժոռ երևույթ մը առավ ու կատարյալ բարեկրթությամբ խոնարհություն մը ըրավ իր բարեկամին կնոջ, բայց չի պատասխանեց։ Աննախատեսելի դիպվածով դեմ առ դեմ կը գտնվեր այն միակ կնոջ՝ զոր հավիտյան չի տեսնել ուխտած էր և Սուրբիկ կարդաց անոր խոժոռած դեմքին վրա իր դժկամությունը։

Երիտասարդ փաստաբանին համակիր մտերմաց մեջ շատոնց ի վեր առաջին տեղը կը բռներ Սուրբիկի ամուսինն։ Անգետ այն աղետավոր պատմության որո իր կինն անողոք դյուցազնուհին ու Տիգրանի բարեկամն անմեղ զոհն եղեր էին, և որ անշուք ու մոռացյալ հողակույտին մեջ ծածկված էր, Արամ էֆենտի առաջին տեսութենեն ի վեր անսահման համակրություն ուհեցեր էր Տիգրանի համար։ Գիտուն, ծանրաբարո, ինքնօգնությամբ ձեռք բերած իր բարձր պաշտոնն, որու համար պահանջված արժանիքեն ավելին ուներ, ծերունի պաշտոնատարը մեծապես կը հարգեր անոնք որ իրեն պես միայնակ ու անօգնական հառաջացած էին ընկերության դժվարամատչելի դասերուն մեջ։

Անկողմնակալ ու ձեռնհաս դատավոր գոլով ամեն արժանյաց ու կարողությանց, մեկ նայվածքով գուշակեր, ճանչցեր ու գնահատեր էր երիտասարդին մեծ տաղանդն ու մեծագույն ապագան։ Անոր ազատ ու հմտալից խոսվածքը սիրեր, կծու ու հեգնող բառախաղություններեն ախորժեր ու վճռական ու ծայրահեղ դիտողություններն համաձայն գտեր էր իրեններուն։

Այսպեսով կազմվեր էր այն հաստատ բարեկամությունը զոր ամեն առթիվ ցույց տված էր երիտասարդին և որ քիչ քիչ հայրական գորովանաց փոխակերպեր էր։ Արդարև Սուրբիկի ամուսինն հիմա հիսունի մոտ պետք էր լինիլ։

Միայն կարծես երիտասարդը չէր ճանչցած լիովին անոր մտերմությունը, միշտ հարգալից այլ միշտ քաշված՝ չէր պատասխանած անոր համարձակ անկեղծությամբը։ Զորօրինակ իր անթիվ թախանձանաց վրա բնավ չէր գացած անոթ տունը և չէր ճանչցեր անոր ընտանիքը։

Տիգրան այն գիշերն առաջին անգամ լինելով կը պատահեր այս կնոջ։ Ինքնիրեն երևակայեր էր երբեմն զայն գեղեցիկ, շատ գեղեցիկ ու նույնքան վատ ու անմիտ։ Այս տեսության մեջ Տիգրան իր դատողությունը մասամբ միայն կրցավ հաստատել. հիրավի գեղանի կին մէր երիտասարդության ու վայելչության բոլոր հրապույրներովը, բայց չի կրցավ անոր խոսակցությունը սեթևեթ ու սնոտի վճռել, ընդհակառակն պարտավորեցավ ինքնիրեն խոստովանիլ թե լավագույն ընկերական դասուն մեջ հազիվ անոր մի քանի նմանյաց հանդիպեր էր։ Սակայն Տիգրան անձնատուր չեղավ այս նպաստավոր դատողության՝ զոր առանց կամենալու կազմեր էր. նրբամիտ, հրապուրիչ և խելացի կին մէր թերևս, բայց երբեք Տիգրան չէր կրնար մոռնալ այն տարաբախտ՝ վերջավորությունն որ իր թշվառ բարեկամին վիճակեր էր։ Ուստի կծու ու խրոխտ կերպով պատասխանեց անոր, և իր խոսքերով դաշույնի հարվածե ավելի խոր արյունեց անոր սիրտն, առանց սակայն բառ մարտասանելու անցելույն վրա։

Մանկամարդ կինը խռովեցավ, այլ չընկճեցավ. Տիգրան արցունքի կաթիլ մը նշմարել կարծեց անոր գեղեցիկ աչքերուն մեջ երբ անհաստատ ու ուխտադրում աղջկանց ակնարկություն մըրավ։

— Որչափ ալ խիստ ըլլա ձեր վճիռն, ըսավ Սուրբիկ տրտմությամբ, ես զայն անիրավ համարողներեն չեմ։ Որչափ ալ անփորձառու աղջիկ մը լինի ուխտադրուժ անձն, անոր հանցանքն ո՛չ ոք ինձմե ավելի անքավելի կը դատե. ուրիշ մը իմ տեղս կրնար ձեզ պատասխանելով ըսել թե դեպքերը կամեցողութենե զորավոր են, թե նորատի աղջիկ մը, ենթակա ամեն տեսակ ճնշմանց, գուցե ամենեն տկար էակն է պատահմանք դիմագրավելու համար ու պետք չէ մեկ հանցանքով մուրանալ անոր ազնիվ զգացումներն, ոչ, ես ասոնց և ոչ մին կըսեմ․ ամեն հանցանք իր պատուհասն իր ծոցին մեջ կը կրե․ ի հարկ անգութ ու անողորմ լինել հանցավորին դեմ երբ ճակատագիրն ամենեն ավելի անողորմ է անոր։ Պետք է մոռնալ․ այո՛, հավիտյան պետք է մոռնալ զայն, քան թե խոր քննեք անոթ ողորմելի կացությունը։ Թերևս անգութ մնալու սիրտ չունենաք և կարեկցության արժանի պատեք թշվառուհին։

Տիգրան այս լեզվին չէր սպասեր, կարծեր էր թե Սուրբիկ ինքզինքը պիտի պաշտպաներ իր հարձակմանց դեմ. սխալեք էր. նա այնպիսի բարձր ու վսեմ մտածություններով պատասխանեց որ Տիգրան բառ մը չի գտավ ավելցնելու։

Հիրավի նշանավոր մեկն էր այս կինը, նորա զգացմանք բարձրությունը չի ճանչնալ կարելի չէր։ Խոսք մը չի գտավ պատասխանելու. թերևս ուներ շատ ըսելիքներ, բայց ամուսնույն ներկայությունը կարգիլեր ավելի հառաջ երթալե. ուստի խոսակցության նյութը փոխեց։

Տիգրան իր պաշտոնին ու ասպարեզին բերմամբ մարդու հոգեբանական զգացումը, զորությունը, տկարությունն և բարեշրջումը ճանչցող և ուսումնասիրող մեկն էր։

Զարմանոք գիտեց այս դեռատի ու գեղանի կինն որո արտաքին վայելչությանը վրա կավելնար բարձր դաստիարակություն մը։ Տարօրինակ գաղտնիք մ՛էր անշուշտ, որ այսքան կատարելությամբ օժտյալ կին մը թերանար ամենանվիրական խոստմունքի մը մեջ ու սովորական խաբեբա մը լիներ։ Իգական սեռին հատուկ տկարությո՞ւն մէր այս թե հրեշտակի կերպարանքին ու ձևերուն ներքև ծածկված վատթարագույն էակ մ՛էր իր դեմինը։

Երեկույթը վերջանալուն Տիգրան աճապարեց ամենեն առաջ խույս տալու, բայց այցելության խոստում մը չի տված՝ իր ծերունի բարեկամին ձեռքեն չազատեցավ։

Հուզյալ ու խռովյալ զատվեցավ. իր համոզումը ծանր հարված մը կրեր էր այն գիշեր։ Մինչև այն օր անարժան արարած մը նկատած անձը լավագույն և ազնվագույն զգացումներով տեր մեկն երևցավ իր աչքին. իզուր ջանաց մաքառիլ այո տպավորության դեմ, իզուր ջախջախիչ ապացույցներ որոնեց ու գտնել կարծեց անոր դեմ, իզուր իր տարաբախտ բարեկամին սրտակտուր վախճանը հիշեց, սիրտն ու համոզումն ապստամբ մնացին մինչև վերջը։

Թերևս Սուրբիկ բռնության մը զոհն էր, թերևս հնազանդությունը բարձրագույն ու գերագույն հարկ մ՛էր անոր ամուսնության միջոգին։ Ո՞վ գիտե, ամեն ենթադրություն ներելի էր, խոստովանեցավ ինքնիրեն թե առանց անգամ մը խոսեցուցած լինելու այս կինն, արդարացի չէր վերջնական կերպիվ դատապարտել զայն։ Այցելություն մը խոստացած էր. կրկին տեսության պետքն ու հույսն զգաց, սակայն չի կրցավ քնանալ այն գիշեր, խառն ի խուռն երագներ իր նիրհը վրդովեցին, իր ցնորքներուն մեջ պահ մը կը տեսներ Սեդրաք ցուրտ ու խոնավ վարձու սենեկի մեջ առկայծ կանթեղի մը լուսով աշխատող, պահ մը կը հիշեր զայն երբ իր պաշտոնատեղիեն կը վերադառնար առանց կարենալ հավատալու դեռ իր դժբախտության մեծությանը, կը տեսներ զայն դժգույն ու դողդոջուն երբ անոր սիրուհին իր նորապսակ ամուսնույն թևին հենած խրոխտ ու հպարտ անոր առջևեն կանցներ։

Շաբաթ մը տևեց իր այս անհանգիստ կացությունն, ի վերջո որոշեց այլևս չի մտածել այս մասին, ի՞նչ փույթ իրեն թե այս կինը բարի կամ չար արարած մէր. իր բարեկամը մեռած և այս կինն ամուսնացած էր. լավագույն էր մոռնալ այս աղեկտուր պատմությունն որ իր երիտասարդության տարիներուն հետ այնքան սերտ կապակցություն մունեցեր էր։ Իրեն չէր իյնար դատաստան ընել ու վճիռ տալ։

Բայց այս առաջադրությունը չի կրցավ գործադրվիլ. հարկ էր արդյոք իր բարեկամին կենացը մեջ խաղացած տխուր դերին վերագրել այս կնոջ հիշատակը մոռնալու անկարելիությունը, չէր գիտեր, բայց սա ճշմարիտ էր որ անոր հետ ունեցած տեսակցությունն անջնջելի կերպով արմատացած մնաց իր մտքին մեջ. անոր շարժմունքը, ձևը, խոսվածքը, ձայնն աչքին առջևն էին շարունակ. «Թերևս դուք ալ անգութ լինելու սիրտը չունենաք ու կարեկցության արժանի դատեք թշվառուհին», ըսած էր Սուրբիկ իր անձին ակնարկություն մընելով։

Հիրավի թշվա՞ռ էր արդյոք. և ինչո՞ւ համար։ Բայց ինք ի՞նչ կը հետազոտեր անոր ընտանեկան կյանքն, ի՞նչ կը վերաբերեր իրեն, թշվառ կամ երջանիկ, անոր գիտնալիք բանն էր. ո՛չ սակայն, պետք էր իմանալ թե այդ հանցավոր կինը գոնե խղճի խայթ մը չուներ. այս հարցումները բոլորն ինքնիրենն ըրավ և իր անհանգիստ հետաքրքրությունը մեղադրեց, բայց չի կրցավ մեկդի ընել։ Կրկին տեսակցության մը ակնկալությունը գամ զգամ զորացավ իր սրտին մեջ. ամեն օր կորաջեր այցելություն մընել և ամեն օր կը հապաղեր, օր մը մինչև Սուրբիկին տան մոտերը գնաց ու չի համարձակեցավ դուռը զարնել, և ետ դարձավ։

Այն ատեն երկչոտ անձկությամբ մը իր սիրտը քննեց ու մեկեն խորին և հայտնի կարեկցություն մը, համակրություն մը նշմարեց այս կնոջ մասին, կարեկցությո՞ւն... անշո՛ւշտ, ուրիշ ի՜նչ կրնար ըլլալ... ու վախցավ, ամչցավ թերևս ինքնիրեն իր հիմար սերը խոստովանելու..․։

Ի՜նչ, սիրե՜լ այն կինն՝ որ իր միակ մտերմին ատեն մը սիրուհին էր ու հիմա իր ամենեն ավելի հարգած անձին ամուսինն էր։ Տիգրան իր հանցանքին մեծութենեն սարսափեցավ. խղճմտանքն ու պարտականությունն իրենց խիստ և որոշ ձայնը լսեցուցին։ Տիգրան ինքզինքեն խույս տալ ուզեց իբրև մեծագույն չարագործե մը, ինքզինքը հանդիմանեց, պարսավեց, ո՛չ, ինքն այնչափ վատ մը չէր և չէր կրնար քինիլ, անտարակույս խաբված էր իր ճանաչողության մեջ. սիրե՜լ, ո՜ւսկից գտեր էր այս հոռի գաղափարը։

Ահավոր ու երկարատև պայքար մը տրվեցավ իր հոգվույն մեջ, քարսիրտ և օտարական բժիշկի մը պես ինք անձամբ քննել ուզեց իր վերքին ծանրությունն և պարզապես մահացու անբժշկելի գտավ զայն։ Ու երբ համոզվեցավ որ այս կինն իր ճակատագրին կիշխեր, երբ ճանչցավ թե իր սերն ուրանալն անօգուտ էր այլևս, այն ատեն իր ցնորած մտքին մեջ իր պարտականությունը փնտրեց ու չի գտավ։

Անշուշտ հանցավոր մէր, ոևէ գթության անարժան հանցավոր մը այս կինը սիրելուն՝ որ պետք էր իրեն համար կըրկնակի նվիրական ըլլալ։

Այս անակնկալ ու դժբախտ սիրո հետևանքը բոլոր իր արհավրալից ու կսկծալից պարագաներովն երևցավ իր աչքին։

Ինքն՝ որ այնքան հաջողակ էր ուրիշները պաշտպանելու արվեստին մեջ, զարմացավ որ ինքզինքն արդարացնելու բան մը չէր գտներ, հանկարծ սպառնալից ստվեր մը տեսնել կարծեց․․․ Սեդրաքն էր որ իր բարեկամության համարը կը պահանջեր իրմե։ Ո՛չ, փրկության ճամփա մը չի կար, և անգութ դատավորի մը պես ինքն ամենեն ծանր պատիժը տնօրինեց իր անձին։

Անձնասպանության գաղափարը պահ մը անխուսափելի, համառությամբ մը իր միտքը պաշարեր էր։ Տիգրան Ժան-Ժաք Ռուսոյի աշակերտ մէր և ապրելու քաջությունն ունեցավ. մեռնիլը վաղ կամ անագան միտքը գրած էր, հարկ չէր զայն փութացնել, որոշեց միայն այլևս չի հանդիպել այս կնոջ ու թե որ անկարելի էր անոր պատկերն իր հիշատակեն ջնջել, թե որ անհնար էր մոռնալ անոր ներդաշնակ ձայնը, լավ ուրեմն, ինքնիրեն միայն պիտի քաշեր անծանոթ ու մեկ սրտի մը մեջ միայն ամփոփված սիրո մը բոլոր դառնությունն և այլևս չպիտի տեսնար Սուրբիկը։

Անտարակույս տխուր ու գովելի քաջություն մ՛էր այս հաստատ որոշումն որ միայն կրնար համաձայնիլ խստապահանջ պարտականության մը ձայնին։

Տիգրան Սուրբիկի բնակած գյուղին մեջ բայց հեռավոր արվարձանի մը մեջ կը բնակեր։ Այս հեռավորությունը բավական չհամարեց. փողոցին մեջ, շրջագայության մեջ, այցելությանց մեջ կրնային իրարու հանդպիք ու Տիգրան փախստական ոճրագործի մը շտապավ հեռացավ այդ տեղերեն ու Պյոյոլք—Տերե գնաց բնակելու։

Բայց տարաբախտը չէր հաշված այն դժնդակ փորձին բոլոր ծանրությունն՝ որու դատապարտած էր իր կյանքը։ Սուրբիկը տեսնելու բոլոր հույս ու ակնկալություն վերջանալուն հետ ճանչցավ իր սիրույն ու տառապանքին մեծությունը։

Ամեն ինչ ի գործ դրավ մոռնալու համար եթե ոչ իր սերը, գոնե իր անձը. նոր եռանդով մընդգրկեց իր մրրկալից ասպարեզը, բայց զզվանք ու տաղտկություն գտավ հոն ուր ատեն մը ամենեն մաքուր գոհունակությունը կը գտներ. աննպատակ երևցավ կյանքն ու մաքառելե ձանձրացավ։ Մի քանի տարվան մեջ բավական հարստություն մը ձեռք բերեր էր, որոշեց գործե քաշվիլ և ա՛լ զայն խիստ քիչ անգամ տեսան դատավարությանց մեջ։ Ատեն մը ամեն մտային աշխատություն դադրեցուց, իր աշխատության սենյակը ոտք չի կոխեց, գրական ամեն պարագում վերջացուց. և ուղեց ձեռքի աշխատություններով իր անձը հոգնեցնեք ու զբաղեցնեք, իր ծովեզերյա տան պարտեզին մեջ օրն ի բուն կը տեսնեին զինքը՝ որ տոկան գործավորի մը պես կաշխատեր. ի՛նչ կը մտածեր արդյոք երբ խոնշած ու քրտնաթոր հանգիստ կառնուր ծառի մը տակ, ակնարկը սևեռած ծովուն երերածուփ կոհակաց վերա։ Իրիկվան դեմ շրջագայություն կըներ հետիոտն կամ ձիով, կերթար որչափ որ կարելի էր հեռուն երթաք, բայց նախամեծար կը համարեք ամայի ու խոպան վայրերը, բազմությունը զինքը կը զայրացներ ու ամեն մարդկային ձայնե իբր վնասակար ու չարագուշակ հնչյունն մը կր խուսափեր։

Անցան քսան ամիսներ այս տրտում և անսփոփ կյանքով գարունը կը հաջորդեր ձմեռվան ցուրտ ու խոնավ օրերուն, օդերը պայծառացան, Վոսփորի ափունքը դալարեցան ու գեղեցկացան, և ամառվան՛ սովորական հյուրերը Պյոյուք-Տերե վերադառնալով նոր ոգևորություն մը բերին այս պահ մը ամայացած եզերքներուն։

Տիգրանի Պյոյուք-Տերեի մեջ բնակած տան կռնակը, քիչ մը ավելի վեր, ամառվան համար ուրիշ կոկիկ ու փոքրիկ քյոշկ մը կար պարտեզներու մեջ առանձնացած։ Այս քյոշկը բավական ժամանակե ի վեր պարապ՝ հինցած ու տխուր երևույթ մը ստացևր էր. անոր տերերը կենդանության նշան ցույց տված չէին և ոչ իսկ անգամ մայցելելու եկած այս սիրուն բնակությունն որ ճաշակի տեր մարդու մը ստացվածքն էր անշուշտ։ Տիգրանի տան ետին, ավելի բարձր ու բոլորովին ծովահայաց դիրքով, ընդարձակ ու զառիվեր պարտեզի մը մեջ, վայրի շագանակի ծառերե կազմված նեղ ու խորհրդաստվեր ուղիներով, առջևն հարթ ու ուղիղ, ուր 6—7 հատի չափ տերևախիտ ու հովասուն ծառեր շուք կուտային և որ կարծես ծովուն մեջն էր, այս մենակյաց բնակությունը մարդատյաց, բայց բնության գեղեցկություն ճանչցող մարդու կը վայլեր։ Անոր զմայլելի տեսարանը նույնիսկ Վոսփորի մեջ չէր գտնվեր, մեկ կսղմեն մինչև և ծովու փոթորկյալ ալիքն, մյուս կողմեն Ասիական եզերքն իր գալարյալ բուրաստաններով, Պեյքոզեն մինչև Քանտիլլի, ահա անոր հազվագյուտ ու աննման տեսարանը։

Ամառվան սկիզբները շարժում մը տեսնվեցավ այս լռին ու լքյալ բնակության մեջ։ Նորոգություն մը կը կատարվեր հապճեպ ու փութաջան գործավորներով։ Մեկ երկու շաբթվան մեջ, պարտեզը խնամով շտկվեցավ, քյոշկը նորոգվեցավ, ներկվեվավ ու կահավորվեցավ։ Տիգրան՝ դրացի մը ունենալու հավանականությունը գրեթե ուրախությամբ տեսավ։ Երկու տարվան առանձնությունը զայն կերպարանափոխ՝ ըրեր էր։ Մշտատե տխրությունն ու անոքությունը կրնային ծանր հետևություններ ունենալ և Տիգրան առանց աղմկալից ընկերության մը մեյ նետվելու, իրեն պես առանձնասեր ծանոթի մը հետ տեսության պետքը կզգար։

Քանի մօր վերջը քյոշկին նոր տերերը փոխադրվեցան։ Տիգրան դեռ չէր տեսած զանոնք և գիշեր մը ճաշեն վերջը ծովուն վրա նայող սրահին մեջ բուսաբանության գիրք մը կը թղթատեր որ Հարավային Ամերիկայի ճոխ ու հարուստ բուսոք ու ծառոց վրա կը խոսեր, երբ իր ծեր սպասավորը նոր դրացիներուն այցելության եկած լինիլն իմացուց. Տիգրան դիմավորեց զանոնք։

Արամ էֆենտին, իր տիկինը, երկու փոքրիկ հրեշտակներ, ասոնք եղան Տիգրանի դիմավորած անձինքն։

Ո՛ւսկից, ի՞նչ կերպով և ի՛նչ դիպվածով Պյոյուք-Տերե ու իրեն այնքան մոտ եկեր էին։ Ամենամեծ հուզմանց մեջ անգամ երիտասարդն ինքնիրեն տերն էր. իր վրդովումն երկար չի տևեց ու կատարյալ ազնվությամբ իր հյուրերը մեծարեց։

Արամ էֆենտի միշտ միևնույն գորովալից ու մտերմասեր անձն էր. հոր մը խանդաղատանոք Տիգրանը տեսնելուն ու այնքան մոտ դրացի ունենալուն ուրախությունն հայտնեց։ Բայց ի՜նչ փոփոխություն իրեն վրա. երկու տարվան մեջ բոլորովին ծերացեր ու ինկեր էր. մազերը ճերմկցեր, ճակատք խորշոմեր ու տեսությունն և լսողությունը տկարացեր էին, միայն անոր հզոր միտքը մնացեր թերևս առաջվընե ավելի զորավոր։ Պաշտոնե հաներ էին զինքը. նախանձաբեկ հայ պաշտոնյաներ՝ իրեն մեծ դիրքին հետամուտ՝ չէին վարաներ մուր քսելու անոր մաքուր ու անբիծ պաշտոնավարության վրա ու անխորհուրդ որոշում մը՝ առանց քննության՝ վտարեր էր զայն քաղաքական ասպարեզեն։

Արամ էֆենտի պաշտոնի համար հոգի տվող մարդ չէր բնավ. առանց բողոքելու, առանց գանգատելու, սակայն իր անմեղությունն անվիճելի կերպիվ հաստատելե վերջը, գրեթե գոհությամբ ձգեր էր իր պաշտոնն որո համար իր տկարությունն ու հիվանդոտ վիճակն արգելք էին։ Նախարարաց խորհուրդը շուտով համոզվեր էր անոր անմեղությանն և հարմար հանգստյան թոշակով մը վարձատրեր էր այս խելացի պաշտոնեին քսան տարվան ծառայությունը, մինչդեռ Փարիզի մեջ գտնվող մեծանուն հայազգի հարուստ մը, վաղեմի բարեկամ մը՝ որուն կը վերաբերեր այս քյոշկե, անոր տրամադրության ներքև դրած էր զայն։

Արամ էֆենտի անկեղծ հոգածությամբ Տիգրանի վիճակն հարցուց ու իր երկու փոքրիկ զավակները ներկայացուց որոնց մեծը գրեթե յոթը տարեկան կայտառ ու զվարթ մանչ մը և մյուսը չորս տարեկան փափուկ ու գեղանի մանկուհի մէր։ Սուրբիկ միայն անփոփոխ մնացած էր. ոչ սակայն, ծանրության քով մը կար անոր վրա. բայց իր հրաշալի գեղեցկությունն ավրված չէր. այն երևակայական կինն էր միշտ զոր երիտասարդն իր ցնորքներուն և երազներուն մեջ կը տեսներ ու կը պաշտեր, բուրում մը կար անոր վրա կարծես հրապույրի, հեշտության ու երջանկության որ իր շուրջը կը ծավալվեր, Սուրբիկի գտնված տեղն հմայիչ ու անբացատրելի մթնոլորտ մէր և անոր մոտն, այնքան մոտն ապրելու ստուգությունը Տիգրանն հիմարեցնելու չափ անհավատալի երջանկություն մ՛էր։

Սակայն Տիգրանի այս տպավորությունն՝ այն վրդովյալ հուզումը չէր որ զինքն ալեկոծեր էր այս կինն առաջին անգամ տեսնելուն։ Այս անգամ գոհունակության, անդորրության ոգի մէր որ իր մտածության մեջ կարթննար։ Վտանգալից ապագա մը չի տեսավ որ զինքը վախցներ, այլ հեզ ու հանդարտ տեսության մը վայելքն որ իրեն պիտի բավեր։ Այս գիտուն, ծերունի ու բարի ամուսինն, այս նորատի ու պեղանի կինն, այս երկու պաշտելի հրեշտակներն, այս ամեն ինչ ընտանեկան կենաց դրախտն էր անշուշտ և ինքն, այո՛, ինչո՞ւ չըլլար, մտերիմ, անձնվեր ու առաքինի բարեկամ մը պիտի լիներ հոն. որդվո մը պես կը սիրեր ու կը հարգեր այս ընտանյաց տերն եղբոր մը պես, միայն եղբոր մը պես, պիտի սիրեր անոր կինն։ Այն ատեն երևակայեց իր կյանքը՝ ցայնժամ դառնությամբ լցված՝ որ հանկարծ երանության հորիզոններով կը վերաբացվեր։

Վստահություն և ապահովություն զգաց իր անձին վրա ու այս տրամադրությամբ իր մտերմությունն ու գորովը կրցավ ցույց տալ այն ընտանյաց ուրկե մինչև այն օր խուսափած էր, անոր զավակներն անհուն համակրությամբ ընդունեց և փոքրիկ մանուկներն իրենց նոր բարեկամին կապվեցան այն անսխալ համոզմամբ որով տղայք անմիջապես կորոշեն զիրենք սիրողն ու չսիրողն։

Այսպեսով Տիգրանին կյանքը պատող մառախուղը փարատեցավ և զվարթության արևը նորեն փայլեցավ անոր խնդուն երեսին վրա։ Երիտասարդն ի բնե ուրախությունը սիրող էր, երջանկության հեռանկարն իր սիրտն անսահման բերկրությամբ լեցուց. բանի մը փափագող չէր այլևս ու գուցե աշխարհիս վրա միակ գոհ ու երջանիկ անձն էր։ Հավատքն ու համոզումն՝ աշխատության կարոտ չեն գոյանալու համար։ Տիգրան զգաց քան թե որոշեց այս բոլոր խորհուրդներն. ապագային տեսարանը մանրերկրորդի մը մեջ պարզեցավ իր աչքին առջև իր բոլոր պայծառ գույներովն ու իր ամբողջությամբ և Տիգրան աներկմիտ ու անկասկած հավատաց անոր։

Ի՞նչ է արդյոք մարդկային սրտին գաղտնիքը, ժամերով, շաբաթներով, ամիսներով քննած ու անթափանց համարած ստվերները մեկ վայրկենի մեջ անհետացան ու Տիգրան զարմացավ որ այս գեղանկար երկինքը չէր նշմարած մինչև այն ժամը։

Առջի տեսութենեն՝ մտերմությունը կատարյալ եղավ ու խոսակցությունը՝ զոր Տիգրան այնքան քաջ գիտեր ախորժելի դարձնեք, մինչև գիշերվան վեց երկարեցավ. բաժնվեցան ամեն որ տեսնվելու խոստմամբ։

Տիգրան մինակ մնաց, ի՜նչ զարմանալի ու անակնկալ դիպված.— ո՜ւսկից ո՜ւր ճակատագիրն առաջնորդեր էր այս կինը զոր չի տեսնելու համար ամեն ինչ ի գործ գրեր էր. բայց նախախնամության կամքն իր կամքեն վեր էր հարկավ։ Երկու տարվան մոտ ժամանակ մանցանելը մեծապես օգտած էր իր տենդահույզ տագնապաց ամոքվելուն։

Տիգրան ինքզինքը քննեց ու առանց վարանման հայտարարեց թե բժշկված էր անդարմանելի կարծած հիվանդութենե մը։ Սուրբիկի տեսքր նոր կյանք ու կենդանություն տվեր էր անոր. նոր մարդ մէր որ աշխարհ կուգար առողջ ու ազատ, առանց նախորդին տկարությանը։

Ուստի անվախ ու անքույթ պիտի ապրեր այն կնոջ մոտ և հիմարական տենդեր չի պիտի կրնային գալ վրդովելու իր անդորը էությունը։

Այս երաշխավորությամբ հաստատվեցավ այն սերտ բարեկամությունն որ երկու դրացիները գրեթե միացուց։

Այս ընտանությունն սկսավ բարեբաստիկ գույներով. Արամ էֆենտի, քիչ մը հիվանդոտ ու տկար, մեծ բարվոքում մը գտած էր այս օդափոխությամբ. իր կինը միշտ ամուսնույն մոտ, անոր բոլոր հանգստության և իր որդվոց կրթության նվիրված, ու Տիգրան որ զվարթ ու խնդում երես այս առանձնասեր ընտանյաց ոգևորություն կուտար ու անոնց միօրինակ կենցաղավարության տրտմությունն ու ձանձրույթը կը փարատեր։

Օրական զբաղումնին գրեթե միևնույնն էր․ առավոտուն կանուխ, գրեթե արշալույսին հետ կելնեին, երբեմն Տիգրան էր որ այգուն այգուն քյոշկէն դուռը ձեռք կառնուր ու երբեմն իր դրացիներն՝ որ երիտասարդը կուգային արթնցնել ու անոր ծուլությունը մեղադրել, նախաճաշի ու ճաշի տեղերն որոշված էին անպատճառ առջի իրիկվրնե. մերթ անտառուտ ու ստվերամած մեկ կողմն էր իրենց պարտիզին մեջ ուսկից կը դիտեին արևուն ծագումն հանդարտ Վոսփորի ջրերուն վրա, մերթ Պեյքոզի մեկ եզերքն ամայի ու անխռով ծառի թփի մը տակ. ցերեկը՝ ճաշեն վերջն ընթերցանություն մը կընեին նոր հեղինակի մը ու հետո ջուրերը կերթային, մասնավորապես Քեսթնե—Սույին որ խորհրդավոր ու նսեմաստվր անտառի մը մեջ պայծառ ու անուշ ջրի աղբյուր մ՛է ու Ենի-Մահալլեցի բնակչաց մի զբոսավայրը. գիշերն երբեմն Պյոյուք-Տերեի գեղեցիկ քարափին վրա շրջագայություն մը կամ ծովուն վրա կոնտոլով պզտիկ պտույտ մը և երբեմն ծովեզերյա տան սրահին մեջ խոսակցություն մը պատուհանին քով լուսնի լուսով, ահա այս անձանց հաճույքն ու անցուցած կյանքն։

Ո՛չ իսկ բառ մը, խոսք մը կամ ակնարկություն մանցնելույն այս ներդաշնակ երանության մեջ. Տիգրան ամեն թբն մոռցած էր. Սուրբիկի հետ իր գորովն՝ եղբայրական անկեղծությամբ ու համարձակությամբ մը կը հայտնվեր և նորատի կինը միևնույն՛ անկեղծությամբ ու համակրությամբ կը տեսնվեր իրեն հետ։

Մտերմությունն այնչափ հառաջ գնաց որ օր մը Սուրբիկ, Տիգրանի անցյալ օրերը քննել ուզեց։

— Ոչ ոք չե՞ս սիրած մինչև այս տարիքը, Տիգրան, հարցուց անոր. քեզի պես անհանդարտ մեկը չեմ կրնար ենթադրեի որ անտարբեր կամ անփույթ մնացած լինի մինչև հիմա, ավելցուց խնդալով, նեղանաս կամ չի նեղանաս հոգս չէ, տեսնենք պատմե՛ մեզի քու հաջողություններդ ու սիրային արկածներդ։

— Ի՞նչ կը հասկնաս սիրային արկած ըսելով, թե որ այն խաբեբա զրախոսությունները կըմբռնես զորս երիտասարդ մը ու երիտասարդուհի մը առանց զիրար սիրելու անամոթ հանդգնությամբ մը իրարու կը կրկնեն, թե որ այդ տեսակ պատմություններ կուզես, տիկին, ի՞նչ մեղքս պահեմ, շատ ունեցել եմ մինչև ցարդ, իսկ թե որ ճշմարիտ, խորին ու սրտի կապ մը ըսել կուզես, ատիկա ունեցեր եմ ու չեմ ունեցեր միանգամայնդ պատասխանեց երիտասարդը ցած ձայնով՝ որուն մեջ Սուրբիկ իր կանացի փափկությամբ տրտմության ու դառնության շեշտ, մը նշմարել կարծեց ու խոսակցությունն հառաջ չի տարավ։

Տիգրան փոխադարձաբար կրնար հարցնել թե Սուրբիկ ալ այդ տեսակ սրտի կապ մը ունեցած չէր. բայց և ոչ մտաբերեց զայս։ Այս անքույթ երջանկության մեջ մոլորած երիտասարդին ակնարկն ու հիշողությունը ներկայեն անդին չէին, անցներ։ Հիրավի երջանիկ էր Տիգրան։

Հորմեհետե ինքզինքը տեր կարծեր էր իր սրտին, պատճառ մը չէր գտած իր անձը մշտնջենական զրկման դատապարտելու. բավ էր որ անպատիվ խորհուրդ մը չանցներ իր մտքեն և ուրիշ արգելք չի կար զուրկ մնալու այս կնոջ երեսեն որ իրեն համար արեգակն էր փայլուն ու կենսատու։ Անոր շնչած օդը ջնջել, անոր պտըտած վայրերը տեսնել, անոր ձայնը լսել հեշտալուր, կարենալ առանց ոևէ անպատվության ամեն ժամ տեսնել զայն, խոսիլ անոր հետ, մեկ բառով պաշտել զայն իրապես երբ վերացական աշխարհի մը մեջ անգամ այսչափ երանության չէր հավատար, Տիգրանի՝ ուրիշ պահանջելու բան մը չէր մնար։ Ի՞նչպես սակայն իր խանդավառ սերն եղբայրական գորովանաց փոխակերպեր էր, ի՞նչպես կրցած էր գոհանալ պարզ մտերմության մը վայելքով, այս կնոջ անքննադատելի ծանրությո՞ւնն էր արդյոք, անոր լուրջ ու խոհուն վա՞րքն էր որ զինքն հեղափոխեր էր, թե ոչ այս տեսությունն իսկ մեծագույն շնորհն էր զոր՝ իր սիրույն չափազանցության մեջ՝ երիտասարդը շատ և շատ իսկ դատած էր իրեն համար։ Ինչ որ ալ ըլլար չի ջանաց ծածկել իր համակրությունն որ արդեն իր ամեն խոսվածքին ու վարմունքին մեջ երևան կելներ։ Տարօրինակ ազդեցություն մ՛էր այս կնոջ իշխանությունն երիտասարդին վրա. երբ որ խոսեր իրեն, ներդաշնակ նվագ մ՛էր արուն դադրելեն վերջն անգամ երիտասարդր դեռ կունկնդրեր երբ որ նայեր իրեն, փայփայիչ ու գգվալից ակնարկ մ՛էր որ իրեն կը հետևեր ու զինքը կը շրջապատեր էլեկտրական հոսանքով մը։

Խոստովանեցավ օր մը Սուրբիկին իր բոլոր տկարությունը․ — «Չեմ գիտեր, ըսավ անոր, ի՞նչ հմայություն ունիս վրադ, կզգամ որ քույրս քեզ չափ չպիտի սիրեի, անբացատրելի զգացում մ՛է զոր իզուր կը ջանամ հասկնալ. հոր մը չափ կը սիրեմ քու ամուսինդ, հավատա որ ուրախ եմ այնպիսի բարի ու սիրեցյալ անձի մը կենակիցն չինելուդ. թերևս իրարու չի հանդիպեինք բնավ թե որ Արամ էֆենտիի բարեկամը չլինեի ես»։

Այս անդորրության օրերու մեջ էր որ Արամ էֆենտի գլխի ծանր հիվանդութենե մը պառկեցավ. Սուրբիկ անձնվեր հոգածությամբ մը խնամեց իր ամուսինը, քսան օր հարկ եղավ անքուն անքունել անոր անկողնույն մոտ. դեղերը տալ, զայն սփոփել ու խնամել վարձկան ձեռքի գործ չէր և Սուրբիկ անձամբ իր պարտքը կատարեց, վտանգներն անցան բայց նախկին առողջությունը չի վերադարձավ, հիվանդությունն հաղթվեցավ մշտնջենական հետք մը թողլով սակայն հիվանդին վրա զոր անկարելի եղավ բուծեր Արամ էֆենտի ականջի ծանրություն մուներ, այս հիվանդությունն անոր լսողությունը խանգարեց, հիվանդն ոտքի վրա ելավ բոլորովին խուլցածդ ծանր հարված մեղավ ասի ծերունի մարդուն, հավիտենական զրկում մ՛էր ամեն հարաբերութենե։ Անփարատելի տրտմություն մեկավ իր վրա և իզուր ջանացին զինքն սփոփել, ամեն մարդ պարտավորեցավ գրով խոսիլ իրեն հետ։ Ամեն ձայնե զուրկ ու կարոտ մնացող այս մարդը չի կրցավ անտարբեր քաջությամբ մը դիմադրել այս աղետին, յուր անզբաղ օրերուն բոլոր հաճույքը խոսակցությունն էր զոր հարկ էր մեկուսի կողմ թողուլ, իր խլության պատճառավ պարտավոր էր մեկուսք մնալ այլևս իբրև խելագար հիմար մը. այլևս ընկերության մեջ չպիտի կարենար մտնել ծիծաղելի չըլկալու համար. երաժշտությունն և իր կնոջ դաշնակին ձայնը՝ զոր այնչափ կը սիրեր, ա՛լ իրեն համար չէին։ Նամանավանդ իր որդվոց ձայնը չի լսելը զինքը խիստ վշտացուց։

«Զավակներուս ձայնեն կարոտ մնացի», պատասխանեց անոնց՝ որք զինքը մխիթարելու համար ամեն ջանք կընեին։

Իսկ Սուրբիկ ի՞նչ կը մտածեր այս անակնկալ պատահարին առջև։ Իր ամուսնույն դժբախտ կացության վրա կատարյա, ու խորին ցավակցությամբ մը հանդերձ չի կրցավ ակնարկ մը չի դարձնել նույնիսկ իր գոյության վրա. հազիվ 25 տարեկան էր դեռ, երբ իր ծերունի ամուսնույն հիվանդ վիճակը՝ նոր տկարությամբ ծանրանալով, ընտանեկան կյանքը բոլորովին կը վերջացներ։ Ապաքեն քանի տարիներե ի վեր հիվանդոտ էրիկը դարմանելով անցուցած էր կենաց ու երիտասարդության լավագույն օրերն, այսուհետև այրի ու ծերացած կնոջ մը տխուր ու մռայլ ապագան վերապահված էր իրեն։

Հանկարծ անցյալ օրերը պատկերացան իր աչքին առջև անողոք ճշտությամբ մը. ո՞ւր էր այն ցնորական երջանկությունը զոր Սեդրաքին սիրույն մեջ կը վայելեր երբեմն, ո՞ւր էր այն հեշտության դրախտը զոր երիտասարդին ականջին կը խոստանար ու կը փսփսար։ Ուխտադրուժ ու խաբեբա քարուքանդ կործաներ ու փշրեր էր այն երանության հույսերն զորս իր ձեռքն էր իրականության վերածել, չարագուշակ հրեշտակի մը պես մահ և ավերում սփռեր էր իր չորսդին, և սև հողերն հափշտակեր տարեր էին այն մեկ հատիկ սիրեցյալն որուն միայն խոստացած էր պատկանիլ։

Սուրբիկ չար հոգի մեկը չէր. ոչ ոք իր հանցանքին մեծությունը թերևս իրեն չափ կը ճանչնար. ոչ ոք ապաշխարելու ու ներողության արժանանալու հարկն իրեն չափ կը խոստովաներ։ Ամուսնական կյանքին մեջ իր պարտականությանը անթերի գործադրությամբն սփոփանք մը գտնել որոշեր էր, հավետ իր սրտին մեջ պաշտելով իր միակ սիրելվույն հիշատակը։

Տարիքի ահագին տարբերությունն, որ ի սկզբանե իր և ամուսնույն մեջ կը գտնվեր, զինքը զուրկ թողած էր երջանկության այն ամեն հույսերեն զոր երիտասարդուհին իրավունք ունի պահանջելու։ Հայրական խնամք ու հոգածություն գտեր էր շատ անգամ հոն՝ ուր հրդեհող և սպառող հեշտություն մը գտնել կը հուսար։ Քնքուշ ու հազվագյուտ ծաղկի մը պես ջերմոցի մը մեջ միայն պահվեր էր, մինչդեռ այնքան պետք ուներ ազատ օդին ու արևին ճառադայթներուն. չէր կրնար գանգատիլ սակայն իր ամուսնույն դեմ՝ որո բարի, առաքինի ու ներողամիտ բնությունն ամեն մեծարանաց արժանի կը կացուցաներ զինքը։

Անշուշտ գիտեր թե որքան անդարմանելի սխալ մը գործած էր ամուսին ընտրելով իրեն այնպիսի մեկն՝ որ հոր մը տարիքն ուներ իրեն քով և իր աչքը սևեռելով կը տեսներ իրեն տարեկից մանկության ընկերուհիներն որոնց ամեն մեկը հիմա իրեն պես երիտասարդ, առողջ ու զվարթ ամուսինով մը երջանիկ եղեր էր. անշուշտ իր ձեռքն էր օգուտ քաղել այն բոլոր թույլտվութենեն զոր իր ամուսինը կատարյալ վստահությամբ մը տվեր էր իրեն, շեղելու ու մոլորելու համար պատվո ու պարտականության ճամփեն, երիտասարդներ չէին պակսած ականջն ի վար զմայլիչ ու ապահով նկարագրելու այն ուղին որ լի էր անհատակ անդունդներով։ Սուրբիկ մերժած էր ցայն վայր և գոհ էր խոտորած չլինելուն ուղղության ճամփեն, բայց ահա անոք ու միայնակ՝ դատապարտյալ ծերունվո մը հետ ինքն ա դատապարտված էր. անզգա մը չէր սակայն երբ երիտասարդական արյունն այնչափ ուժգին կը շարժեր իր սրտին մեջ, ծաղկահասակ ու գեղեցիկ՝ ինքն ալ միթե չէ՛ր դիտեր սիրեր Երիտասարդ կինն, առանց ոևէ փորձառության տեր լինելու, խորին գիտակցություն մուներ յուր տեսնված անձանց տրամադրությանց վրա ու իր կնային բնազդմամբ առաջին տեսութենեն ճանչցեր ու հասկցեր էր Տիգրանի համակրությունն, իսկ հիմա բոլորովին կը կարդար անոր սրտին խորն ուր խռովության հովեր կը փչեին։

Անփույթ ու շաղակրատ զվարթությամբ մը՝ սիրային լուրջ կապակցության մառաջքն առնել ջանացեր և հաջողեր էր ցայնվայր. Տիգրան անոր ընդունելության ձևերուն տակ չէր կրցած նշմարել երկյուղալի անձկություն մը. և հիմա որ ամուսնույն խուլնալովր գրեթե միայնակ ու առանձին կը մնար այս երիտասարդին հետ, վտանգւ մեծ և ահավոր էր. ո՞վ պիտի պաշտպաներ զինքը տկարության, անխոհեմության վայրկենի մը մեջ. ճակատագիրը կարծես չար սատանայի մը պես ամեն ջանք ի գործ կը դներ զինքը փորձելու, բայց գուցե իրեն չափ մեղքցվելու արժանի էր Տիգրանն ալ. Սուրբիկ երևակայեց զայն երբ լռիկ ու անձայն խույս կուտար իրմե և երախտագետ սրտով կը մտածեր այն անձնվեր զոհողության՝ որով երիտասարդն ինքը միայն տանել ուզեր էր դժբախտ սիրո մը բոլոր տառապանքն, այնպես թվեցավ հանկարծ իրեն որ Տիգրան իրեն մոտը կը ծնրադրեր ու ձեռքերը միացուցած սիրո ու տառապանաց խոստովանություն մը կըներ իրեն, անոր հեշտալի շունչը կարծես թե կը գգվեր իր դեմքը... Սուրբիկ սթափեցավ, դուրս ելավ դողդոջուն և պարտիզին զով ու ցրտին հողմն ամոքեց անոր հրատապ ճակատը...։

Այսպես նոր նոր շփոթություններ կը պատրաստվեին մոտավոր ապագայի մը մեջ, ընտանեկան հորիզոնին վրա սև կետեր կը տեսնվեին, նախակարապետ մեծ ու խռովահույզ մրրիկներու։

Արամ էֆենտիի ապաքինութենեն վերքն ապրելու եղանակնին փոփոխություն կրեց։ Այս բարեսիրտ մարդն՝ այնքան ծանր հարվածի մը ներքև ընկճված՝ գրական պարապմանց տվավ ինքզինքն ու առանձնացավ, բայց անխիղճ ու եսասեր մեկը չէր որ իր ճակատագրին բոլոր դառնությունն իր ամուսնույն վրա աչ բեռնավորեր, ազատամիտ փիլիսոփա որ իր ընկերական կենաց բոլոր անպատեհ կողմերը կը ճանչնար, գիտցեր էր գեթ իր անուշ բնավորությամբ լնուլ տարիքի հեռավորությունն՝ որ զինքն իր կնոջմեն կը բաժներ և հիմա բնավ չէր ուզեր երիտասարդ ու անփորձ կնոջ մը քավել տաք անհեռատես որոշման մը հետևանքը զոր ինքն իր բոլոր փորձառությամբը չէր գուշակած ատենով։

Ուստի կնոջը գրեթե բռնությամբ հրամայեց իրեն հետ չառանձնանալ։

«Ինձ համար որդի մը ու քեզ համար եղբայր մ՛է Տիգրան, ըսավ Սուրբիկին, կուզեմ որ առաջվան պես ուրախ ու ազատ ապրիք. հարկ չէ որ. ես այ ընկերանամ ամեն ատեն ձեզի, ես այսուհետև չեմ կրնար շարունակ դուրս ելնել ևդղուն ինձ հետ բանտարկյալ մի մնար»։

Հիրավի, եղբայր մէր Տիգրան Սուրբիկին։ Այս հեռադես մարդն անկեղծությամբ մը կըսեր այս խոսքերն ու այս անխորհուրդ առաջարկին վրա չէր խորհած երբեք։

Ո՛չ. այնքան պարզմիտ մեկը չէր որ առանց կշռելու հետևանքն այս աստիճանի թույլտվություն ու ազատություն շնորհեր իր երիտասարդ կնոջը։

Ծերունի պաշտոնատարը շատ և շատ անգամ խորհած իր ընտանեկան կացության վրա և քանիցս զղջացած էր անտես ըրած լինելուն այն առաջին պայմանն՝ առանց որո ամուսնությունն անհամ կատակերգություն մը կը լինի եթե ողբերգության չի դառնա։

Զղջում մը կար այս մարդուն սրտին մեջ. ճշմարիտը խոսելով չէր կարող իրեն հետ հավասարապես պատասխանատու համարել իր կինն ալ այս անպատշաճ միացման մեջ և հանցանքն անդարմանելի ու մշտատև կը ծանրանար իր վրա միայն։

Մարդկային արդարությունը չէր կրնար դատապարտել զինքն և իր տագնապյալ խղճին ձայնն էր միայն զոր կը լսեր որոշ ու բացարձակ։

Այն վայրկենեն, այս տարօրինակ մարդն որոշեր էր իր կնոջ վերադարձնել անոր ազատությունն և կերպով մը թեթևցնել եթե ոչ դարմանել իր գործած սխալը։

Արհամարհելով ընկերության բոլոր չարախոսություններն ու նախապաշարումներն, սփոփանք մը պիտի ունենար, եթե իր կինն առանց խոտորելու պատվո ճամփեն կարենար իրեն տարեկից ու առաքինի երիտասարդի մը բարեկամական գորովովը մոռնալ և իր երեսին չի զարնել զինքն հավիտենական թշվառության մը մատնած լինելու հանցանքը։

Անշուշտ Սուրբիկ և ոչ մեկ ժամանակ առիթ տված էր իր ամուսնույն դժգոհություն կամ հանդիմանություն մը կարդալու իր դեմքին վրա. բայց այս լռին համակերպությունը գանգատող ձայնե մ՛ ավելի ծանր եկած էր միշտ անոր սրտին։

Թե որ ամուսնաթողությունն ընդունելի լիներ մեր կրոնական օրենսդրության մեջ, Արամ էֆենտի բռնությամբ պիտի բաժնվեր իր կնոջմեն. ու քանի որ օրենքը կաշկանդող ու բռնադատող էր, իրեն կիյնար կարելիոլթյան ու պատշաճության սահմանին մեջ անտանելի չի դարձնել ամուսնական լուծը։

— Որի՞ կսպասես ամուսնանալու համար, կըսեր օր մը Տիգրանին. չըլլա որ երիտասարդությունդ անցունելե վերջն ինձ նման հիվանդ ու կարոտ օրերուդ օգնական մը փնտրելու համար միայն ամուսնանալու ելնես։ Տարիքն առնելեն վերջն երիտասարդուհվո մը հետ ամուսնացող մարդը կը նմանի ծովն ինկող անձի մը՝ ոտքեն կապված ծանր գնտակին որ իր երիտասարդ կինը միասին կը տանի թշվառության անդունդը։

Մինչև այն ատեն իր կնոջ և ոչ մեկ փափագին հակառակեր էր. Սուրբիկին ամենեն չնչին հաճույքն իբրև պարտականություն մը ի գործ դրած էր միշտ և ասկից վերջը միևնույն բարեսրտությունն ու թույլտվությունը տալու հարկը ճանչցավ։

Այս ձևով Տիգրան ավելի մեծ ազատություն մը վայելեց Սուրբիկին քով. իր բոլոր բարեկամության հակառակ, այս էր մարդկային սրտի տկարությունն, գրեթե գոհությամբ տեսավ Արամ էֆենտիի մենավոր մնալը. բայց զայն առանձին չի թողուց. երբոր Արամ էֆենտի իր աշխատության սենեկեն դուրս ելներ, Տիգրան անոր քով կը կենար միշտ ու մերթ գրավոր խոսակցությամբ և մերթ պեզիկի խաղով կանցունեին միասին քանի մը ժամեր։

Խոսրով շուտով հառաջացեր էր իր կանխորոշ ճամփուն մեջ, դատավորական ասպարեզն, օրինական ճշտությամբ սահմանափակ գտնվելով, առաջուց ի վեր անհարմար թված էր իրեն, ուստի շուտով թողաց իր ընդհանուր դատախազի օգնականի պաշտոնը վարչային բարձրագույն պաշտոնի մը փոխարեն։

Այս երիտասարդը՝ դյուրին ու արագ հառաջադիմության մը անհրաժեշտ եղող բոլոր պայմաններն իր անձին վրա կը բովանդակեր։

Նա ուներ մեծեր ու դեմ հլու ու ստրուկ հնազանդություն, ազդեցիկ անձանց մերձավորություն և անոնց թով այն ողոքիչ ու շողոքորթ զվարճախոսությունն՝ որ երբեմն խեղկատակություն կր կոչվի ու շատ անգամ ճշմարիտ արժանյաց տեղ կը բռնե։ Այս միջոցավ ստացել էր նա զորավոր պաշտպաններ։

Միանգամայն հաջող ամուսնությամբ մը իր դրամական կացությունն ապահովեր էր, առանց վարանելու ամուսնանալով հարուստ ու գեղանի աղջկան մը հետ որո բոլոր պակասությունն՝ ատենով հայրենի տունեն փախուստ տված լինիլն էր երիտասարդ դասատուին հետ։ Հազար ոսկի օժիտ պիտի տար անոր հայրը՝ մեծահամբավ դրամատեր մը որ կառավարությունն ու հասարակությունը կողոպտելով ձեռք բերած էր իր հարստությունն և զոր քրտինքով ու պատվով ձեռք բերված կանվաներ։ Սակայն հակառակ իր մեծ դիրթին ոչ ոք իր աղջիկն ամուսնության ուզած էր և անոր աղմկալից անցյալն ատեն անցնելով մոռցված չէր։

Խոսրովի պես դրամի կարոտ ու պատվո մասին ներողամիտ անձ մը միայն անոր ամուսին կրնար լինիր Բարձրանալու մշտատև տենչեն բռնվող այս մարդուն աչքին ամեն ինչ՝ բարեկամություն կամ ամուսնություն՝ միայն իր մեծության գաղափարներուն նպաստելուն համար գոյություն ունեցող բաներ էին։

Նորա կինը պետք էր նախ և առաջ դրամի տեր լինիլ, երկրորդ՝ սրահի մը մեջ խոսակցելու չափ կրթյալ մեկն ըլլալ. և Խոսրով այս միության մեջ անկե անդին չի նայեցավ։

Շիտակն ըսելով իր կինը կատարելապես հարմարեր էր այս տարօրինակ մարդուն. Եվգինե վառ ու խռովյալ երևակայության տեր, համառ ու արտակարգ աղջիկ մ՛էր։

Ճարտար դաշնակահար, լավ գծագրիչ, ինչպես որ կը տեսնվեր իր ներքնասենյակի պատերեն զորս իր մատիտին արտադրությամբը միայն զարդարեր էր, այս կինն ամեն բանե առաջ իր անկախության սիրահար մեկն էր։ Շարունակ ֆրանսական վեպեր կարդալով՝ անոր ըմբոստ բնավորությունը բոլորովին անզուսպ ու հիմարական բան մը դարձեր էր. թաքուն, անձայն ու անշշուկ սիրահարություն մը անոր զզվանք պիտի ազդեր, ընդհակառակն առևանգության, բռնության, սպանության կամ թունավորման վախերով լեցուն ու գայթակղալի հռչակ ունենալիք ամեն տրիփ անոր պիտի հաղթեր։

Անոր ազատության ու անկախության փափագը՝ բռնավոր տարփավորի մը գերին լինելու տենչանքն էր միայն և ոչ ուրիշ բան։ Այս կնոջ հետ հաշտ կենցաղի հույսն անկարելի էր. անոր կամ տերը կամ ստրուկը պետք էր լինիլ։

Իր արկածալից երիտասարդությունը միշտ չափազանց ներողության մը արժանացած էր հորը կողմ են որ անհավատալի տկարությամբ կը սիրեր այս աղջիկն։

Եվգինեի ամուսին լինելիք մարդը պարտ էր առաջուց աչքն առնել անոր լուծին տոկալը, գոնե անոր բացարձակ անկախությունը ճանչնալը. Խոսրով այս վիճակն անընդունելի չի նկատեց. շենք շնորհք Եվգինեի երեսն անգամ նայած չէր. կապո՞ւյտ աչվի էր թե սև աչվի, անոր մազերը խարտյա՞շ էին թե շագանակագույն, բերանը փո՞քր էր թե մեծ, շիտակր շատ աղեկ չէր գիտեր, խիստ լավ գիտեր սակայն որ իրեն տրվելիք օժիտը նշանտվության օրեն իր տրամադրության ներքև պիտի գտնվեր ու այս բավ էր անոր։ Ամուսնության առաջին ամիսները փոխադարձ ու գերազանց անտարբերությամբ հետևապես և անդորրությամբ անցավ, մինչև որ Խոսրով անգամ մը իր ամուսնական իշխանությունն ի փորձ դնել ուզեց։

Տիկնոջ երիտասարդ մեկ ազգականը՝ Խոսրովի տան սովորական և ամենօրյա այցելուներեն մեկը դարձեր էր. այս տղան վաճառականի մը քով գրագիր, որ իր շաբաթականն իր զգեստներուն միայն կը հատկացներ, բավական վայելչադեմ ու խարտիշահեր մեկն էր զոր չար լեզուները կը պնդեին թե եվգինեի վաղեմի ու արդի մեկ մտերիմը լիներ։ Այս լուրը շուտ հասեր էր Խոսրովի ականջը, բայց չէր ուզած անորոշ ու տարտամ կասկածի մը վրա իր դուռը փակել անոր դեմ, նամանավանդ ամուսնության առջի օրերը։ Տանը մեջ բնավ կարևորություն տված չէր անոր. առջի տեսաթևնեն մեկ երկու բառով հասկցեր էր որ, զգեստներու գլխեն ի զատ, այս անձն ոչխարի մը պես անմիտ ու վայրենիի մը չափ տգետ արարած մէր։ Այս տխմար էակն Եվգինեի պես կնոջ մը տարփավորը չէր կրնար ըլլալ։

Սակայն ի սկզբանե անվնաս նկատված այս արարածը քիչ քիչ Խոսրովի անտանելի թվեցավ. իր հակակրությունն այնչափ ավելցավ որչափ իր կինն այս աստիճանի ապուշի մը վրա տարօրինակ զորով ու սքանչացում կը հայտներ։

Խոսքի պզտի մենամարտով մը սկսավ այր ու կնոջ մեջ այս երիտասարդին վեճը։

Եվգինե անոր ճաշակն ու վայելչությունը կը գովեր։

— Կը զարմանամ, ըսավ անոր ամուսինն, այդ անհամ պարոնեն ախորժելուդ։

— Ինչո՞ւ ըլլա անհամ, միթե համով ըլլալու համար պետք է անպատճառ քաղաքական կամ ուսումնական նյութերու վրա ճառել ձեզի պես. մենք կանայքս՝ այդ տեսակ բաներե չենք հասկնաք, ամեն մարդ իր ճաշակն ունի։

— Այս խոսքը քու հմտությանդ հարմար չէ․ դու ուսյալ կին մես և շարունակ քուրջի վրա խոսիլը դատարկ գլուխ կանանց հատուկ է։ Քանի մ՛օր վերջը խոսքը նորեն բացվեցավ բայց այս անգամ ավելի կծու կերպով։

— Չեմ կարծեր որ հատկապես ինձ հակառակելու համար այդ անպիտան անձն հոս հաճախել կուտաս. անցյալ օրվան դիտողութենես ի վեր այդ պարոնն օրը երեք անգամ գալ սկսավ։

— Ամենևին, միայն կը խնդրեմ որ այդքան չնչին բանի մը համար խնդիր չի հանեք, որովհետև շատ կանուխ է դեռ, ավելցուց հեգնությամբ, վեց ամիս չեղավ ամուսնանալնիս և նախանձոտ Օթելլոյի դերը ծիծաղելի կըլլա։

Խոսրով բարկացավ բայց ինքզինքը զսպեց։

— Համբերությամբ մտիկ ընել պարտավոր եմ որովհետև քեզմե մեծ եմ. քեզ նկատմամբ մինչև հիմա ունեցած անտարբերությունս աննախանձ ըլլալս կը հաստատե, կը պահանջես միայն որ պատշաճությունը ճանչնաս, ըսավ ցուրտ կերպով ու դուրս ելավ սենյակեն։

Ի՞նչ տեսակ էին Եվգինեի հարաբերություններն այս երիտասարդին հետ որ Արմենակ կը կոչվեր, արդարությունն հարգելու համար պարտավոր ենք հայտնել որ անպատշաճ կապակցության ամեն զրույց բոլորովին անհիմն էր։

Եվգինե չէր սիրեր ու չէր կրնար սիրել այս տխմարը բայց տխմարությունն ալ իր հաճելի կողմն ուներ։

Արմենակ Եվգինեն կարենալ սիրելու մեծամտությունը չուներ բայց անոր հետ տեսնվիլն, հասարակաց տեղ մը անոր հետ միասին ժուռ գալն իրեն շատ էր ու քիչ չէր։

Մինչև իր էրկանը դիտողության պահուն, Եվգինե այլ տղուն հետ կզբոսնուր, անոր վրա կը ծիծաղեր, կը խնդար, բայց գեշ աչքով մը նայած չէր անոր. սակայն իր էրկանը ընդդիմությունն անոր ի բնե պատերազմասեր ոգին արթնցուց, նամանավանդ անոր խոսքին վերջին պարբերությունը խիստ վիրավորիչ դատեց. «Քեզ նկատմամբ ունեցած անտարբերությունս աննախանձ ըլլալս կը հաստատե» ըսեր էր. անտարբերություն... Եվգինե իր ամուսնույն համար ուրիշ զգացում ունեցած չէր. բայց ամուսինն իր մասին անտարբեր ըլլալու իրավունք չուներ և որոշեց այդ անտարբերությունը խորտակել։ Ի շնորհս Եվգինեի բերած օժիտին և իր ամսականին Խոսրով Պոլսո առաջնակարգ էֆենտիներեն մեկն էր հիմա, իր կնոջ բերած գումարր քոնսոլիտեի խաղով ստացված մեկ երկու հաջողությամբ կրկնապատկված ու եռապատկված էր և Խոսրով՝ շահադիտության մեջ հանդուգն ու անվախ՝ վերջին բախտով մը մեծ հարստություն մը շինել ու այնպես քաշվիլ կուզեր այդ վտանգավոր խաղեն։

Մեկ օրվան մեջ հարյուր ոսկի շահիլ կամ կորսնցնելու վարժվող մարդ մը խնայողության տեր չէր կրնար լինիլ որ Խոսրովի քոնսոլիտեի ելևէջին պատճառած շահերուն մեջ իր տանը համար ըրած մեծ ծախքը չնչին բան մ՛էր։

Կարոտության մեջ նվաստ ու ստրուկ եղողն հարստության մեջ ամբարտավան կըլլա. նոսրով հազարավոր ոսկիներուն հայվոց հետ շուտով հինավուրց ազնվականի մը բոլոր ձևերը սորված էր։

Այս էֆենտին մոռցած էր անշուշտ հայրենիքեն հետիոտն Պոլիս գալը կամ տնտես ախպոր ավելցուկ հացի կտորներն, երը իր հյուրերուն գանգատող ձայնով մը Հեռալին և Պյուռկիին կոշիկներեն կամ Լըպոնին կերակուրներեն կը դժգոհեր։

Իր ազգային գաղափարաց գալով, իբրև նորահաս հարուստ մը՝ վարչության, ժոզովոց և երեսփոխանաց վրա ծիծազելու իրավունք ուներ, բայց Խոսրով խորամանկ փառասեր մէր որ այդ ժողովոց մեջ ձայն ու իշխանություն ունենալը չարհամարհեց։

Աոաջին պաշտոնատարը չէր նա (և անտարակույս վերջինն ալ չի պիտի ըլլար) որ ազգին մեջ ազդեցություն ունենալն իր դիրքին օգտակար կերպով ծառայեցնելու գաղափարն հղացեր էր։ Այս օրինավոր ակնկալությունն՝ ի վաղուց անտի շատ քիչ անգամ ի դերև ելած է որպեսզի նորեկներ ադոր ճշմարտությունը չըմբռնեն։

Մեկ նամակով Խոսրով իր հայրենիքեն երեսփոխան ընտրել տվավ ինքզինքն Ազգային ժողովին, իսկ հոն խոհեմությունը ձեռքե չի թողուց ու խորագետ ճարտարությամբ ձեռք բերավ ազատամիտ ու ժողովրդական երեսփոխանի անունը զոր պաշտոնատար երեսփոխանները խիստ քիչ անգամ ստացած են։ Ժողովին ամեն նիստերուն ներկա, ներկա նախապատրաստական գումարումներու, ամեն վիճաբանությանը մասնակից, իր դիվանին մեջ տեղեկաբեր, հանգանակությանը մեջ կարգագիր մասնախմբի անդամ, Խոսրով Էֆենտին Ազգային ժողովո ամենեն գործունյա ու ազդեցիկ անդամներեն մեկը դարձավ։

Ամենքը միաբերան կը գովեին այս մարդն որ ազգին վնասելու կարողությամբն հանդերձ այնքան անձնվեր կը ծառայեր անոր։

Այս համբավը՝ զոր անաղարտ կը կարծեր, ստանալե հետը. սկսավ յուր շահատակություններն։ Իր ձայնն հետզհետե խրոխտ և հպարտ՝ հակառակ կարծյաց տեր երեսփոխաններն արհամարհանոք ու սպառնալյոք կը սաստեր։ Ո՞վ էին այն անպիտան մարդիկն որ կը համարձակեին ի՜րեն դեմ խոսիլ․ գիտեի՞ն որ կարող էր զիրենք մինչև հաքսոր մատնել։

Խոսրովի ծրագիրներն ի գործ դրվելու մոտ էին. միայն իր ընտանեկան կենաց խռովություններն աճեր ու բազմապատկեր էին երթալով։

Ինչպես ըսինք Եվգինե իր էրկանն անտարբերությանը հաղթելու համար անոր նախանձը շարժել որոշեր էր։ Ոչինչ այնքան անխախտելի է որքան կանացի որոշումն։ Այն վայրկենեն սկսելով Եվգինե չէր թերացեր, իր ամուսինը կատղեցնելու համար, ի գործ դնելու այն ամեն փոքրիկ կամ մեծ, անվնաս կամ վնասակար միջոցներն որ կանանց պատերազմի համբավը կր կազմեն։

Այն երիտասարդն ամեն օր հրավիրել, իր ոտքին քով նստեցնել, գլխի վայր փսփսալ անոր ականջն ի վայր, թևը մտնել շրջագայության համար ու կռթնիլ անոր թևին ամենուն ուշադրությունը հրավիրելու չափ ու երբ ասոնք անբավական դատվեցան, նամակագրություն մսկսիլ անվերջանալի, օրն իրիկուն տոմսակներու տարուբերին զբաղեցնել ծառաները, ծաղկանց փունջեր պատրաստել տաք, ղրկել և ընդունիլ ու վերջապես կղզին կամ Պյոյուք-Տերե կամ ուրիշ հեռու տեղեր ժամադրություններ կարդացրել, ահա Եվգինեի ռազմագիտական միջոցներն։

Խոսրովի՝ քիչ քիչ անհանդուրժելի երևցավ իր կնոջ ընթացքը։ Կռիվներն անպակաս դառնալ սկսեր էին. բայց Եվպինե պատերազմն փախուստ տվող չէր, ընդհակառակն, արդեն քոնսոլիտեի մեջ մի քանի մեծ կորուստներ Խոսրովի բնավորությունը բոլորովին դառնացուցեր ու համբերության չափը լեցուցեր էին։ Տանն անկարգությունն ու անխնամությունն որ շռայլության ծայրագույն աստիճանի հասեր էր, իր կնոջ մասին ամեն մանրամասնություններով հեղհեղված ամոթալի պատմություններ, ընտանեկան հարկին կործանման ապահով նշաններն էին, Խոսրով թեև երբեք չէր սիրած, չէր ախորժած իր կնոջմեն, բայց քիչ մ՛ալ սպասեք որոշեց։

Դրամական կորուստներն ու ձախորդությունն որ քանի մամսե ի վեր զինքը կը հալածեին, պաշտոնի հառաջդիմությամբ փոխարինել որոշեց, իր ամսականը ներկա վիճակին մեջ անբավական դարձեր էր նույնիսկ իր կնոջ զարդարանացն ու պարտքը դիզվեր էր չորս դին. ամսականի ու պաշտոնի բարձրացումը փրկության միակ ճամփան էր. դեռ ոչ ոք գիտեր անոր նեղության մեջ գտնվիլն. ամենքը զինքը հարուստ ու ազդեցիկ դիտեին, ժամ էր աղեկ ու արտաքո կարգի վարպետությամբ մը վերստին հաստատեք իր կորսվելու մոտ եղող դիրքը. Խոսրով ազգային գործոց դարձուց իր հետաքնին ակնարկն։

Որ մեկին խոստմամբ, որ մեկին սպառնալյոք, որ մեկին համոզմամբ Խոսրով հաջողած էր արդեն կուսակցություն մը կազմել ժողովույն մեջ, որ իր գաղափարներն ի գլուխ պիտի հաներ։

Սահմանադրության վերաքննության վիճաբանությունը տեղի կունենար։ Խոսրով՝ պարզապես զայն ջնջելու համոզումը հայտնեց, իր կարծյոք, Քաղաքական ժողովը կը բավեր ամեն ինչ տնօրինելու. ի՞նչ պետք է այս վայրախոս երեսփոխանաց որոցմե օգուտ չի կար. տասնևվեց տարվան փորձը մեջ տեղն էր իր համոզումն հաստատելու։ Մյուս կողմե ազգային վարժարաններու պետք չի կար որք ավելորդ ծախք մը ու հոց մէին ազգին գլխուն։

Այն ատենվան մարդիկն հիմակվաններուն չափ անսիրտ ու անհոգի չէին։ Նախ ապշությամբ մտիկ ըրին այս նոր վարդապետության ու հետո որոտալից ընդմիջում մը ատենաբանին խոսքը կտրեց.

— Մի մեղանչեք Սահմանադրության դեմ, կը պոռային ունկնդիրներն հազիվ զսպելով իրենց զայրույթը։

— Ի կարգ, ի կարգ, կը գոչեին երեսփոխաններն հետին կանգնած։

— Շարունակեցե՛ք, էֆենտի, կը պատասխանեին մյուս կողմե Խոսրովի կուսակիցները։

Խոսրով այս ընդհանուր խռովության մեջ չի տկարացավ այլ թևերը խաչաձև միացնելով իր կուրծքին վրա.

— Պիտի սպասեմ հոս որ Դիվանը գոնե խոսքի ազատոթյունն հարգեյ տա, ըսավ նա. չեմ կարծեր, ավելցուց սպառնալից ակնարկությամբ ունկնդիր ամբոխին, որ խուժանին հարձակմանը դեմ մեր անձերը պաշտպանելու համար կառավարության միջամտության դիմելու հարկադրենք զմեզ, ատենապետ էֆենտի։

Ատենապետին զանգակին ձայնն աղմուկին հետ կը շարունակվեր ու անլռելի կը դառնար։

Ամենեն կոշտ ածականներն, ամենեն ծանր խոսքերն իրարու դեմ կը փոխանակվեին։ Դիվանը շվարած իզուր լռություն կը պահանջեր։

Երեսփոխանները կզգային որ պատրաստված դավ մը կար, ամեն մարդ կացության ծանրությունը կըմբռներ, բայց ոչ ոք բացորոշ կերպով Խոսրովն ամբաստանելու կը համարձակեր, այնքան ծանոթ էր անոր վտանգավոր անձ մը լինելը։

Սահմանադրության հիմնադիրներեն ծերունի երեսփոխան մը խոսք պահանջեց ու պահ մը հաջոդեցավ ստանալ. ալեհեր բայց դեռ առույգ ու կայտառ բժիշկ մէր տոքթոր Բ. պեյ, որո այսքան հուզյալ ձայնը լսված չէր դեռ. նա այն անձերեն էր որոց միշտ պատկառանքով ունկնդրություն կը լիներ։ Իր երիտասարդության ատեն Սահմանադրությունը տվեր էր ազգին իրեն պես մի քանի երիտասարդաց հետ խորհելով ազգին ապագային. բեղմնավոր ու ազատական խորհուրդ մ՝էր զոր հղացեր ու գործադրեր էին. իր երկն էր ազգային օրենքն և զավկի մը չափ կը սիրեր զայն։ Այդ օրենքը ջնջելու պահանջումն իր աչքին ոճիր մ՛էր։

Ամենքը պահ մը լսեցին այդ մեծարելի ծերունվույն ձայնին առջև։

— Կը հիշեցնեմ Դիվանին, աղաղակեց նա, որ Սահմանադրության դեմ խոսելու ազատություն չի կա այս ժողովին մեջ․ խոսելու ազատությունն հոդ կանգ կառնու. Դիվանին պարտքն է ժողովին կամքն հարցնել իմանալու համար թե կը հաճի ատենաբանին մտիկ ընել։ Ներեցեք որ ըսեմ նաև թե Դիվանին վեհերոտ ընթացքը ժողովին անարգանք մ՛է։

Որոտընդոստ ծափահարություն մը մեկ կողմեն, գոռ ու գոչումը մյուս են, վերսկսան մեծագույն սաստկությամբ։

Նախատինք չի բավեցին, Խոսրովի հակառակորդը քաջալերվեր էին ու ամենեն ծանր ամբաստանություններն ապտակի պես անոր երեսին կը զարնեին։

Վերջապես Դիվանին և քանի մազդեցիկ երեսփոխանաց օգնությամբ վայրկյան մը կարգը վերահաստատվեցավ ու քվեարկության արդյունքն, ատենաբանն ունկնդրելու մասին, բացարձակ առավելությամբ «ոչ» մը երևան հանելով, Խոսրովի բոլոր հատակագիծներն հիմնահատակ կործանեց։

Վար իջավ բեմեն, կաս կապուտ կտրած ամոթեն ու բարկութենեն, բայց դեռ խրոխտ ու սպառնալից մեկնեցավ ժողովենք մեկտեղ տանելով իր կործանյալ հույսերուն հետ վրեժխնդրական պատրաստություններ։

Խոսրովի մեկնելովը բեռ մը կարծես վերցավ ժողովին սրտին վրայեն. այն մարդուն վախեն ոչ ոք իր համոզումը կրնար ազատությամբ հայտնել, այդ մարդն օտարական մէր, անոր հեռանալեն վերջն ամենքն իրենց լեզվին տվին. մին պարսավանաց քվե մը առաջարկելու չափ հառաջ գնաց, ժողովն ազգասիրական եռանդով մը հուզված էր, երեսփոխանները զիրար կը շնորհավորեին, ու այսպես վերջացավ այդ նշանավոր ու պատմական նիստը։

Խոսրով տուն դարձավ։ Եվգինե դուրս ելած ու վերադարձած չէր դեռ, թեև ժամը 12ի մոտ էր, Խոսրով՝ արդեն ցասմամբ լեցված, իր կնոջ ընթացքն աններելի դատեց, ընտանեկան հորիզոնին վրա մեծ փոթորիկ մը պատրաստված էր որ տիկնոջ վերադարձին կսպասեր պայթելու համար, ժամը կեսն էր ու ոչ ոք երևան ելած էր. ո՞ւր գացեր, ո՞ւր մնացեր էր. Խոսրով իր կատաղությունն սպասավորներուն դեմ դարձուցեր էր, չգիտնալով որի՝ դեմ հագուրդ տալ իր բարկությանը։

Մեկին քառորդ մնալով, Եվգինե տուն դարձավ բաց կառքով մը. հայտնի էր թե զվարճութենե մը կը վերադառնար, կերևեր թե քիչ մը ոգելից ըմպելիք ալ խմած էր, որովհետև այտերը վարդագույն, աչերը կարմրած, զվարթ ու բարձրաձայն խոսելով խնդալով վար ցատկեց կառքեն։

Սև կորնատինե ճոխ ու գեղեցիկ շրջազգեստ մը հագած էր որ անոր գիրուկ ու բարեձև հասակն ու ուռուցիկ կուրծքը կը սեղմեր, մազերը սև, փայլուն ու երկայն, անգլիական ձևով ու վայելչությամբ հարդարված, հազիվհազ կամփոփվեին ատլասե ծոպերով զարդարված հարդե գլխարկի մը տակ՝ որո ձևն իտալացի ավազակներեն առնվելուն համար, պռիկան կը կոչվի։

Երեսը ներկած, դեմքը ճերմակ ու կարմիր, արտևանունքն ու հոնքերը սև, շրթունքը լայն ու հեշտավետ, ռունգերը դողդոջուն, աչքերը փայլուն, կուրծքն՝ աննման ու խոստմնալից՝ թափանցիկ տանթելներով ծածկված, որ իր գահավեժ ելևէջովը կը մատնվեր, ձեռնոցները մինչև ուսն երկարած ու ձեռքն հովանոցի տեղ մեծագին խարազան մը, ահա այս ձևով եվգինե իր ամուսնույն դեմն ելավ։

Խոսրով՝ առաջին անգամ ըլլալով՝ զարմացավ ու սքանչացավ այսքան վայելչության ու լրբության վրա։

Իր կինն էր այս գեղանի էակն որ զաշխարհ մոլորեցնելու կարող էր թվեր. Խոսրով ապշեցավ ու միանգամայն ներքին հպարտություն մը զգաց։

Ինչպե՞ս մինչև հիմա աչքին չէր զարկած այդ հրապուրիչ մարմինն, այդ պաշտելի կինն որ վեհերոտության օրենքներն անգիտանալուն համար թերևս այնքան գեղապանծ կերևեր։

Խոսրով հանկարծ վայրենի իղձ մը զգաց իր սրտին մեջ, հրաշեկ երկաթի մը այրվածքին նման, մոռցավ իր կացությունը, քայքայումն, այն օրվան պարտությունը, բարկությունը, վրեժն ու ամեն ինչ։ Հարմանակի երևույթ մէր ասի մարդկային տկարության, երբ մինչև այն վայրկյանը միայն մեծության, փառաց ու հարստության խորհուրդներով համակված այս մարդն՝ ո՛չ թե օտարուհվո մը հանդեպ, ո՛չ, այլ իր կնոջ համար, իր երկու տարվան կնոջ դեմը վավաշոտ ու հիմարական սերով մը կը տագնապեր։

Սպառնական շեշտ մը պատրաստեր էր, սակայն փայփայող ու ողողիչ ձայն մը միայն եկավ բերնեն։

— Ո՞ւր մնացիր մինչև հիմա։

— Ես ալ աղեկ մը չգիտեմ. ո՞ւր չմնացի որ. ցորեկվան ճաշեն վերջը ժամ մը միայն կորսնցուցի հարդարանացս համար. հետո տիկին Ա-ին հետ Մասլաք գացինք. անցյակ օրվընե որոշեր էինք, ո՞վ գտնանք հոն կը հավնիս. նախ և առաք մեծ մարդերեն, էֆենտիներեն սկսինք, քանի որ այնպես հաճելի է ձեզի։ Կարապետ և Երվանդ էֆենտիներն իրենց տիկիններով միասին, անկից վերջն, այն երիտասարդ պատկերահանն որ մեզի մեկ երկու անգամ եկավ, գիտես որ շատ պաշտելի տղա մ՛է այդ տղան, հետո մեր Արմենակն իր եղբորորդվույն հետ որ Փարիզեն նոր եկած է հոս արձակուրդի ամիսներն անցունելու համար, շատ զվարճախոս անձ մը. երգեցինք, պարեցինք ու զբոսնեցանք, նամանավանդ բավական գարեջուր խմեցինք և շիտակն ըսելով ինձմե զատ ամենքը գինովցան։

Եվգինե ինքզինքը դուրս ձգելու իրավունք չուներ, գլորեց քան թե պատմեց այս ամենը մեկ շունչով։

Խոսրով պարզապես հմայվեր մնացեր էր։

Կարելի՞ բան էր որ մինչև հիմա մեկուսացման մեջ թողած լիներ իր կինն ու ուրիշներ միայն ճանչցած ու պաշտած լինեին զայն. Խոսրով զգաց նախանձու որդն որ իր սիրտը կը կրծեր։

Այսչափ ատեն անփույթ ու անտարբեր, գրեթե թշնամացած մնալե հետո, հաշտության ու համակրության ճամփան խիստ դժվարին երևցավ. ի՞նչ ձևով պիտի սկսեր հայտնել անոր իր հանկարծական փոփոխությունը։

Ճաշի ատեն էր. Եվգինե զարմացավ որ այն իրիկունը նախատեսյալ կռիվը տեղի չունեցավ Խոսրովի կողմե, ընդհակառակն գրեթե համակրական ձև մը նշմարեց անոր վարմունքին մեջ. Խոսրով ճաշին վրա սովորականեն ավելի գինի խմեց ու իր կնոջ կատակներ ըրավ։ Եվգինե ասոր չէր սպասեր, հասկցավ որ գաղտնիք մը կար ու իր կանացի բնազդմամբ չուշացավ իր ամուսնույն հաշտության փափագը գուշակելու։

Ինչպես ամեն անձնապաշտ կին, Եվգինե խիստ մեծ գաղափար ուներ իր անձին վրա. վաղ կամ անագան կսպասեր իր ամուսինն իր ոտից տակ տեսնել, ուստի Խոսրովի ընթացքը մեծ հաճություն պատճառեց, բայց անոր փաղաքուշ խոսքերը գերազանց կերպով անհամ թվեցան իրեն։ Խոսրովի ոչ գգվանքին և ոչ անուշ լեզվին կարևորություն ընծայած էր երբեք, հետևապես անոր անձն՛ատուր լինելը տեսնելով իր ցուրտ ու հակառակորդ բնավորությունը մեկդի չի ձգեց։

Խոսրով, գինվո շոգիներեն մոլորած, իր կինն համբուրել ուզեց. Եվգինե խորին ու անդիմադրելի զզվանք մը զգաց այս մարդուն փայփայանքեն։

— Թո՛ղ զիս, կը խնդրեմ, ըսավ սառն կերպով, այդչափ մոտութենեն չեմ ախորժիր։

Ու իր սենյակն առանձնացավ ու դուռը փակեց։

Ցնորքներով, իղձերով ու խրատ՛ներով լեցուն գիշեր մ՛եղավ այն առաջին գիշերն հորում Խոսրով իր կնոջ մեն հեռու մնալուն բոլոր կարոտն ու բոլոր դառնությունն զգաց։

Մտածեց որ ամուսնական կյանքը կարի ծանրակշիռ հանգամանք մը կզգենուր իր հիմարական տենչանքին պատճառավ։

Ինչպես ըսինք, առանց Եվգինեի համակրող կամ համակրելի լինելն ստուգելու ամուսնացած էր հետն անոր ազատությունն հարգելու պայմանավ. առևտրական գործ մէր զոր կատարեր էր թիվերու ու շահու վրա հիմնելով իր ամուսնությունն առանց սերն ի հաշիվ առնելու, ու հիմա որ անզուսպ ու անբացատրելի կիրք մը զինքն իր կնոջ ոտքը կը ձգեր, կը խորհեր, մեծ մտատանջությամբ, թե ի՞նչ տեսակ ընդունելություն մը պիտի գտներ հոն։

Եվգինեի բնավորության նայելով, այդ ընդունելությունը քաջալերիչ լինելե խիստ հեռի կը թվեր։ Անցան մի քանի օրեր, հաղթական կինն իր զբոսալից ընթացքը փոխելու կողմը չէր բնավ. Խոսրովի բոլոր ներողամտությունն ու բոլոր մտերմության փորձերն ի դերև ելան։

Եվգինե կարծես զինքը ծայրահեղ միջոցներու դիմել տալու առիթ կորոներ։

Խոսրովի քաղցրության ու համակրության վերջին ջանքերը կատարելեն կես ժամ վերքն էր որ նորա կինը տիկնոք մը հետ ժամադրություն մը պատճառ բռնելով դարձյալ մեկնելու կը պատրաստվեր։

Ամուսինն զգաց բարկության կրակն որ իր գլուխն ու միտքը կը հեղաշրջեր։

— Դուրս չպիտի՛ ելնես, գոչեց նա կիրքեն ու զայրույթեն կուրցած, երբ որ տեսավ որ Եվգինե դուրս ելնելու վրա էր։

— Ձեր կալանավորը չեմ կարծեմ ու դուք բանտապահ մը չեք։

— Ամուսինդ եմ ու ի՛նձ պիտի հնազանդիս։

Երիտասարդ կինն այս ձևերուն վարժված չէր. ինքն ալ զայրանալ սկսավ։

— Հնազանդությո՜ւն, ըսավ նա, հա՜, հա՜, շիտակը զիս խնդացնել սկսար, ես ո՛չ քոը աղախինդ և ո՛չ ալ սպասավորդ եմ, քու ծառաներուդ հետ վարվե այդպես։

— Չպիտի՛ ելնես դուրս, կը հասկնա՞ս, գոչեց էրիկն ինքնիրմեն բոլորովին դուրս ելած ու բռնությամբ քաշելով կնոջը թևեն։

Եվգինե դեղնեցավ։

— Դուն ա՛լ չափն անցուցիր, այստեղ Խարբերդի լեռը չէ, ինծի նայե՛, ըսավ անոր, քու հայրենակիցներեդ շատերը մեր տունն իբրև սպասավոր պահած ենք, դուն ալ կրթությամբ անոնցմե տարբերություն չունիս եղեր, վրաս ձեռք վերցնել, ալ ամեն ինչ վերջացավ, հիմա հորս տունը պիտի երթամ. շո՛ւտ, շուտ կառք մը բեր, Հակո՛բ, պոռաց սպասավորին՝ որ էրիկ կնոջ մեջ տեղի ունեցած կռիվն հասկնալու համար դրան մոտ եկեր էր։

Կռիվը ծանր կերպարանք մ՝ստացավ. Խոսրով իր կիրքեն շփոթած իր կնոջ վրա իշխանություն ունենալ կարծեր էր. անոր պատասխանն իր դիրքին ինչ լինելն հասկցուց. Եվգինեի պատասխանը պաղ ջուրի տուշի մը պես անոր խելքը գլուխը բերավ. արդարև անկե հնազանդություն չէր կրնար պահանջել. իրենց ամուսնության առաջին պայմանն էր այդ. հորը տունը վերադառնալու սպառնալիքը մանավանդ զինքն ահաբեկեց. անկից զատվիլն ուրիշներու, բացարձակապես ուրիշներու հանձնել էր զայն։

Խոսրով կացությունն ըմբռնեց. ինքն ամուսնական իրավունք ու իշխանություն չէր ունեցած բնավ ու հիմա որ իր կնոջ օժիտն սպառեր լմնցուցեր էր, հիմա որ նեղությունն հասնելու մոտ էր, կնոջմեն բաժանումն աշխարհ իր վրա ծիծաղեցնելու միայն պիտի ծառայեր։

Այս գործնական ու դրական մարդն ամենեն մեծ վրդովմանց մեջ անգամ իր հաշիվը չէր մոռնար։

Հետևապես սպառնալյաց ճամփան թողաց աղաչանաց թելը ձեռք առնլու համար, ո՛չ ոք Խոսրովին չափ հաջողակ էր նվաստանալու արվեստին մեջ։ Պահ մ՛առաջ խրոխտ ու բիրտ լեզու գործածող այս մարդը չի վարանեցավ իր դեմքը փոխելու, աղաչելու, ու հեծկլտյալ ձայնով, աչերն արտասվալից, իր կնոջ ոտքն ինկած, ներումն ուզելու անկից։

— Գիտեմ, կը մրմնջեր նա հեկեկանոք, խառնվելու իրավունք չունիմ քեզի, Եվգինե, դուն քու տերդ ես. մի՛ մեղադրեր զիս. միշտ կը լքանես էրիկդ ու ուրիշներու հետ կը զվարճանաս, անպատիվ բան մը չես ըներ բնավ, ադոր տարակույս չունիմ, բայց ես ալ ամուսինդ եմ ու քեզ կը սիրեմ...։

Եվ արդարև կը սիրեր հիմա կատաղի ու մոլեգին սիրով...։ Ու այս աղերսարկու եղանակին վրա շարունակեց։ Իր հեշտամոլ ու վայրենի իղձերը՝ կնոջը մոտ ըրած թախանձանոք ավելցան ու զայրացան, և այս հուզմունքով իր պերճախոսությունը կարծես թե համոզիչ դարձավ. Եվգինեի քով ծնրադրեր, անոր ձեռքերը կը բռներ ու կը համբուրեր, կը հոտոտեր, կը դզվեր, մանկամարդ կինը չէր պատասխաներ, այս աստիճանի անզուսպ կիրք մ՝ազդած լինելն անոր անձնասիրությունը կը գգվեր։

Եվգինե գոռոզացավ ու սարսափեցավ միանգամայն։ Այս բուռն սիրո արտահայտությունն այն մարդու կողմե որ իր էրիկն էր, վերջապես զինք վախով լեցուց։

— Տղա մի՛ ըլլար, ըսավ վերջապես իր էրիկն ոտքի վրա հանելով, անդին նստե, ծառաներն ի՞նչ կըսեն հիմա։ Եվգինեի ձայնն հանդարտ, դրեթե քաղցր էր․ Խոսրով ուրախութեն և արբշիռ եղավ։

— Ես քու դերիդ, քու շունդ եմ, Եվգինե, ըսավ այս հիմար մարդը բոլորովին խելացնոր։ Ինչպես կուզես այնպես վարվե հետս, բայց մի՝ սրդողիր ինձի հետ. գնա՝ զվարճացիր, դուն զվարճությունը կը սիրես, ես ալ քիչ մաշխատություն ունիմ, քեն մի՛ պահեր ինծի դեմ. սիրույս չափազանցությունը զիս հուզեց, դիտես որ միշտ քու հաճոյիցդ համակերպած եմ։

Ու այն օրեն Խոսրով իր կնոջ ճշմարիտ դերին ու շունը դարձավ, մեծ պահանջումներ չուներ, իր կնոջ մեկ ժպիտը կամ հողմահարով երեսին զարկած մի փոքրիկ ապտակն իբրև գգվանք կը բավեր, այն օրվան կռիվեն վերջն, ա՛լ Խոսրով բնավ չհամարձակեցավ կնոջն ո՞ւր երթալն, որի երթալն հարցնեք կամ փնտրել, կնոջը բարի կամեցողությանը ձգված էր այս կետն որ քիչ կարևոր չէր, քանի որ Խոսրովի ձեռքն հասած անստորագիր նամակներ իր կնոջ այցելությանց վրա տարօրինակ մանրամասնություններ կը հաղորդեին։

Հանկարծ իր կինը տունեն ունեցած բացակայությունը վերջացուց. Խոսրովի անհավատալի թվեցավ առջի բերան ասիկա, իրեն հաճելի՞ ըլլալու համար արդյոք Եվգինե տունը կը կենար։

Ամուսնույն այս քաղցր տարակույսը շուտով փարատեցավ։ Դյուրությամբ նշմարեց որ իր պրիչի ընկերներեն հարուստ վաճառական մը, որու հետ գիշերներն, ուրբաթ ու կիրակի օրերը կը միանային թուղթ խաղալու համար, իր կնոջ համակրությունը շահած կերևեր, հասկցվեցավ որ Եվգինե հատկապես անոր թուղթի համար իրենց տունը գալիք օրերն այցելության չէր երթար։

Խոսրովի այս խաղի ընկերը՝ պարոն Մարեմյան՝ ամենեն դյուրավ հաղթվող ու ամենեն առատաձեռն թուղթ խաղացողներեն մին էր. նամանավանդ Խոսրով քանիցս փոխառություններ ըրեր էր անկից և չէր կրցած դեռ վճարեր Մարեմյան առանց նախկին հաշիվները պահանջելու ի հարկին անոր ծառայություն ընելու պատրաստ մեկն էր. այսպիսի մարդե մը անկարելի էր հարաբերությունը կտրել։ Այր ու կնոջ սիրալիր ընդունելությանը վրա հետզհետե այս վաճառականը տանը մեջ անպակաս հյուր մը կամ լավ ևս է ըսել տանուտեր մը եղավ։ Խոսրով ցորեկվան ու իրիկվան ճաշի թող չէր տար զայն, վասնզի երկու հարյուր ոսկվո նոր փոխառություն մ՛ ընելու վրա էր. նեղությունը շատցեր ու պահանջատերները տան դուռը ձեռք առեր էին։

Բայց Եվգինե ինչպես զատվեր էր իր բազմաթիվ մտերիմներեն։

Եվգինե քծնող ու հեգնող բնավորություն մուներ. հարուստ վաճառականը մինչև ցայն վայր ծանոթ էր իրեն այս կամ այն դերասանուհվույն համար ըրած շռայլ ու խելառ ծախքերովը։

Եվգինե իր ամուսնույն բերնեն անգամ բանիցս լսած էր անոր արտակարգ նվերները։

Կանանց համար ամեն զոհողություն ընելու պատրաստ երևցող այս մարդն իր հետաքրքրությունը շարժեց. մոտեն ճանչնալ կուզեր թե ի՛նչ տեսակ անձ մ՛էր այս Մարեմյանը. ուստի իր սովորության հակառակ ուրբաթ օր մը դուրս չելավ ու էրկանր պրիչի խաղին ներկա գտնվեցավ. անխելք մեկը կարծեր էր զայն, բայց տեսավ որ խոսակցության մեջ ցավական հանճարեղ էր. իր համբավավոր ու մեծածախ արկածներուն վրայոք եղած կատակներու մասին՝ իշխանի մը վայելուչ համեստությամբ ու փորձառու սիրահարի մը պատիվ բերելիք գաղտնապահությամբ պատասխանեց նա։

Այս համեստությունն ու գաղտնապահությունը խիստ հաճելի երևցավ Եվգինեի. անոր վայելուչ շարժմունքն ու ձևերը, հագուստն ու խոսակցությունը լավագույն տպավորություն հառաջ բերին։

Մարեմյան ամուրի հետևապես ազատ էր․ երեսունևհինգ տարեկան կար ու հետևապես պատանի սիրահարի մը նման փոփոխամիտ չէր. իր էրկանը մտերիմն էր և հետևապես անոր հետ տեսնվելու մեջ դժվարություն չկար, հարուստ էր և հետևապես քիչ մը քան կրնար վրա առնուլ անկից։ Հարկ է խոստովանիլ որ Եվգինեի այս տրամաբանությունը կատարելապես ուղիղ էր։

Մյուս կողմե Մարեմյան այն վարպետորդիներեն էր որք խառնագնաց ու անառակությամբ բեղմնավոր անցյալի մը պարգևած փորձառության շնորհիվ, մեկ նայվածքով պաշտելի կին մը՝ պարկեշտ կնոջմե մը կը զանազանեն։ Եվգինե՝ անտարակույս՝ նետվելու որս մը չէր։

Երկու կողմն՝ այսպես պատրաստված՝ շուտով զիրար հասկցեր էին, Մարեմյան չէր ուշացեր Եվգինեի մյուս տարփավորներն ի բաց վանելու, ու ինչպես ամեն հաղթանակի իրավունքն է՝ պատերազմի դաշտն իրեն մնացեր էր միայն։

Ահա այս եղանակավ Եվգինե իր բացակայությունները վերջացուցած էր. սակայն կամաց կամաց հիմար ու անբացատրելի տկարությամբ մը կապված էր իր նոր տարփավորին, այս խրոխտ ու ամբարտավան կինն՝ որ իր հոմանյաց հետ իր էրիկեն լավագույն կերպով չէր վարվեր մինչև այն ատեն Մարեմլանի քովը կատվի մը պես գգվալից ու համբերող դարձած էր։

Այս նոր կապակցությունն երկար չտևեց ամեն կողմ իմացվելու համար. Խոսրով լռելյայն ընդունած էր այս ծանր կացությունը. Մարեմյանի, Եվգինեի ու իր մեջ որոշված ու ճանչցված տեսակ մը ամոթալի դաշնագրություն մէր որ երեք կողմերն հավասարապես գոհ պիտի ըներ։

Քիչ մատեն վերքն էր որ ի լրումն դժբախտության Խոսրովի պաշտոնը խնայողության համար կը ջնջվեր, և նոր պաշտոնի մը կոչվելու հույսեն ի զատ բան մը չէր մնար նմա։

Սակայն իր տան դրությունը փոփոխություն չի կրեց, հասարակությունը զարմացավ ու ցավեցավ որ այս պաշտոնանկ մարդն իր առջի ճոխ ու բազմածախ ընթացքը կը պահեր, Փայլուն դիրքի հասնող մարդը միշտ ամենուն նախանձը կը շարժե իր շուրջն, ու ամեն անկում գոհացում մ՛է զոր բախտն այդ չար հոգիներուն կը նետե։

Իր տան մեջ միայն Խոսրովի կացությունն ստորնացեր էր. նա՝ ծախուց տնօրեն մէր ավելի քան թե այն տան մեծը։

Չի կա վիճակ մը որո մարդ չի կարենա սովորիլ ու հանդուրժել։ Մարեմյանի շնորհիվ ու ստակով պահվող այդ տան մեջ Խոսրովի վիճակն անտանելի էր անտարակույս արժանապատվության զգացումն ունեցող մարդու մը համար։

Շաբաթին այն գիշերներն հորում Մարեմյան սովոր էր Խոսրովի տունն անցունել, այս տանտեր—այցելուին ամեն հաճույքներեն և ոչ մին կրնար մոռցվիլ. սպասավորներն ամենեն լավ կը ճանչնային այս ազնվական հյուրին մեծ նշանակությունը։

Մարեմյան՝ իր քաղաքավար ձևերուն տակ՝ բիրտ ու լիրբ բնավորություն մը կը ծածկեր. Եվգինեեն ամեն գոհացում ստանալե հետո երևան ելավ անոր անհանդուրժելի վարմունքն որում չէր սպասվեր բնավ։ Բարկության մը միջոցին, Մարեմյան՝ «Կորսվեք ա՛նպիտան» պոռացեր էր անոր երեսին։

Խեղճ կինը գիշերը մինչև լույս արտասվեց, առավոտուն Մարեմյան տեսավ անոր կարմրած աչքերը, բայց բառ մանգամ չզիջավ արտասանել իր առջի իրիկվան կոպտությունն արդարացնելու համար և հետևյալ իրիկունն ալ իր սովորության հակառակ տուն չեկավ։

Խոսրով այս անհամաձայնության վրայոք պզտիկ հով մը առեր էր քովի սենյակեն լսելով անոնց բարձրաձայն վեճն ու կռիվը։

Մարեմյանի չի գալն իր կասկածը հաստատեց, այս մարդուն հետ ավրվելու ատենը չէր բնավ ու անուղղակի կերպով Եվգինեն ստիպեց նամակ գրելու ու հաշտվելու անոր հետ։

Երիտասարդ կնոջ խրոխտ բնավորությունը քիչ մատեն դիմադրեց այս նվաստության փորձին, ո՛չ ոք մինչև ցայն վայր, ամուսին կամ տարփավոր, անտես ըրած էր իրեն դեմ այդ աստիճան կրթության պայմանները, բայց վախցավ որ Մարեմյան անձնասիրությունը վիրավորած նկատե եթե հաշտության առաջին խոսքն ինք չի բանա, ինքնիրեն ըսավ թե իբրև կին՝ իրեն կիյնար ինչ որ այ ըլլար իրավունքն, առաջին դիմումը կատարելու և ինքնիրեն արդարացում մալ գտնել աշխատ եղավ անոր կոպիտ վարմունքին համար, թերևս անոր բարկացած, խիստ բարկացած մեկ վայրկենին հանդիպած էր, ինչո՜ւ մինչև այն օրն այս կերպ ընթացք մը չէր ունեցած, էրիկ մարդիկ շատ անgամ իրենց գործի մեջ ունեցած զայրույթը տան մեջ հրեան կը հանեն, ու ասոնց պես հազար ու մեկ պատճառ որոնեց կամ գտավ Մարեմյանի նամակ գրելու համար։

Մարեմյան հաշտվեցավ. բայց նոր կռիվներ չուշացան ու այս անգամ ավելի հեռու գացին. Եվգինե նշմարեր էր որ Մարեմյան՝ իր հույն սպասուհվույն պետք եղած են ավելի ուշադրություն դարձուցած էր. ճամփա տալ ուզեր էր ու Մարեմյան բացեիրաց դեմ էր կեցեր։

Օր մը կռիվն այն աստիճան հասավ որ Մարեմյան ձեռք վերցուց Եվգինեին վրա և այս հիմար կինը չի կրցավ ինքզինքը պաշտպաննլ։ Ուրիշներու դեմ խրոխտ ու հանդուգն եղող այս կինն իր նոր տարփավորին դեմ արտասվելն ու աղաչելե ուրիշ բան չուներ և իր սերը՝ տեսած կոպտություններեն նվազելու փոխարեն կավելնար։ Մարեմյանն իր ձեռքեն հափշտակել կուզեին ուրիշ կիներ։ Ո՛չ, թույլ չպիտի տար։ Իր տարփավորն՝ հագեցած ու ձանձրացած՝ ցրտություն կը ցուցներ, ուստի չէր կարող իր սիրույն հենլով բան մը պահանջել անկից և անոր գթությանը միայն կրնար ապաստանիլ։ Ինչո՞ւ չէր կրնար Եվգինե զատվիլ այս մարդեն։ Դրամի խնդիրն իր աչքին կարևոր չէր բնավ, բայց իրեն ամոթ պիտի համարեր թե որ իր տարփավորն՝ որով այնքան պարծենցեր էր, զինքը չքանելով ուրիշներու հետ ապրեր բացեի բաց։ Հետևաբար ստիպված էր անոր կամքին համակերպիլ սպասելով որ հարմար առթիվ ձեռք բերե վերստին իր կորուսյալ ազդեցությունը։

Իր հույն սպասուհին սակայն տեսած քաջալերությամբը տանը մեջ ոսոխուհի մը դարձեր էր. Եվգինե չէր կարող բան մը հրամայել անոր. քանիցս նա բացարձակ կերպիվ դեմ գրեր ու պոռացեր էր իր տիրուհվույն երեսին սպառնալով անմիջապես մեկնիլ. Եվգինեի ուզածն էր այս բայց կը վախնար որ հետևյալ օրը Մարեմյան զինք պատասխանատու պիտի բռներ այդ աղախնույն հեռացմանը համար, հետևապես հարկ էր լռել ու չի լսելու զարնել անոր հոխորտանքը։ Նա քիչ քիչ ամեն ծառայություն վերջացուցած էր ու միայն Մարեմյան եկած ատեն կերևար ու անոր կը սպասավորեր, իսկ անոր հոն չեղած ատենը իր զարդարանքը միայն կուտար տան տիրուհվո պես։ Եվգինե դեռ բացորոշ կերպիվ անոր հարաբերությունը չէր տեսած իր տարփավորին հետ բայց մեծապես կը կասկածեր որ համբույրի ու գրկապնդման գլուխները շատոնց ի վեր կը կարդային նոքա առտուները Մարեմյանի սենյակին մեջ ուր սպասուհին հագուստները մաքրելու ու նախաճաշ տանելու համար կերթար, մինչդեռ ինքը՝ շնչհատ, գունաթափ ու դողդոջուն, ոտքին ծայրերուն վրա կոխելով, փակ դրան ետևեն անոնց խոսակցությունն ըմբռնել կը ջանար։

Այո՛, պարտավոր էր դեռ քիչ մալ համբերել, թե որ նոր կռիվ մըլլար Եվգինե իր սպասուհվույն քով պզտիկ պիտի մընար. ուստի օգուտ չի կար անտարբեր դարձող տարփավորի մը գլխու ցավ տալե. իր արցունքն՝ որ անպակաս դարձեր էր, մեկու մր չպիտի ցույց տար. գաղտնի, ամենեն գաղտնի պիտի պահեր իր ցավն ու վիրավորյալ անձնասիրությունն և գոհ ու զվարթ դեմք մը պիտի զգենուր առաջվան պես ամենուն դեմը։

Գարունն եկեր էր և Մարեմյան՝ Խոսրովի նոր պաշտոնի մը համար աշխատելով հանդերձ ծախուց մասին դժվարություն հարուցած չէր։ Վերին Վոսփորի մեջ տուն բռնել որոշեր էին այն տարի և Եվգինե՝ որ Ենի-Մահալլեն կը սիրեր՝ աոաջարկեց հոն անցունել ամառն։

Ենի-Մահալլե՝ ամառը մեծ մասամբ հայաբնակ՝ հայաբնակ վայրերու ամեն թերություններն կամ առավելություններն ուներ. հեռավորագույն գյուղերու մեջ ամեն ընտանյաց մեջ անցած դարձածը հոն կը պատմվեր ու կը քննվեր։ Ձոն՝ Մարեմյան՝ քիչ ատենեն վերջը տեղեկացավ ի մեջ այլոց, թե Տիգրան՝ որո մի քանի անգամ ջուրերը հանդիպեր էր նորատի կնոչ մընկերացած, հարուստ փաստաբան մէր որ Պյոյուք-Տերե կը բնակեր և ըստ երևույթին այդ ընկերացած կնոջ տարփազորն էր։

Մարեմյան՝ մեկ տեսնելովը Սուրբիկի հավներ էր. անոր վրա զտեր էր միայն այն պարզության շնորհն որ պարկեշտության հատուկ է, և որ անառակ մարդոց աչքին ամենեն մեծ հրապույրն է։ Իր մեծ ճանաչողությամբ, հասարակաց տեղեկության հակառակ, անմիջապես հասկցեր էր որ անոր երիտասարդ ընկերը տարփավորի մր ձևը չուներ բնավ։ Ավելին գիտնալու հարկ չի կար այս մարդուն. Տիգրանին բարեկամուհվույն ետևեն իյնալու համար անմիջապես անոր հետ տեսնվելու միջոցները փնտրեց բայց չի հաջոդեցավ. իր ծանոթ ընտանիքներեն հազիվ մի քանիին հետ Սուրբիկ գլխի բարև մը կը փոխանակեր, իսկ անոր այցելությունները չի կալի պես բան մէին։ Մարեմյան այս կողմեն հուսակտուր՝ Սուրբիկի ամեն տեղ հետևելու ճամփան ձեռք առած էր, այնչափ որ իր պահանջող ու ամբարտավան նայվածքը նորատի կնոջ ուշադրությունը գրավել ու զինքն անհանգիստ ընել սկսավ։

Մարեմյան սխալած չէր Տիգրանի վրայոք ունեցած կարծյացը մեջ։ Տիգրան՝ անշուշտ կը սիրեր, խանդակաթ համակրությամբ կը պաշտեր Սուրբիկը, բայց դեռ սիրո բառ մը արտասանած չէր անոր երեսին։

Անցյալ օրերը, անոր ամուսնույն վիճակը, Սուրբիկի անպաշտպան կացությանն և այս տեսակ հազար նկատումներ՝ որք Մարեմյանի պես մարդոց համար կին մը նվաճելու նույնչափ պատճառներ են, Տիգրանի աչքին այնքան բացարձակ արգելքներ էին. իր սրտին խորը պատկեր մը կար զոր կը պաշտեր, ու այդ պատկերը թերևս Սուրբիկինն էր. բայց իր վարմունքն եղբայրական գորովո սահմանը չպիտի անցներ։

Սուրբիկ իր պաշտպանության հանձնված էր և Տիգրան որ քաջ գիտեր թե որքան մեծ է կանացի տկարությունը, նախանձոտ եղբոր մը պես կը հսկեր անոր վրա։

Գյուղ տեղվանքը իրարու ծանոթ եղողները շուտով կը տեսնըվին, Խոսրով Արամ էֆենտին ու Տիգրանը կը ճանչնար և կյուրակե առավոտ մը, եկեղեցիեն վերադարձին այցելություն մը տվավ քյոշկը։

Տիգրան հոն էր։

Երկու տարիեն ավելի էր որ այս երկու հին դասընկերները զիրար տեսած չէին։ Պաշտոնի մեջ Խոսրովի հպարտությունը Տիգրանը բոլորովին իրմե հեռացուցած էր. բայց անոր անկումը, նեղությունը զորս երիտասարդ փաստաբանը բանիցս առիթ ունեցած էր իմանալու, իր բարկությունը մոռցնել տված էին։ Դպրոցական այս միակ ընկերը մնացեր էր պատանության տարիներեն. և Տիգրան զայն տեսնելուն չի կրցավ իր հուզմունքն ու ուրախությունը զսպել։ Խոսրով ալ անտարբեր չի կրցավ մնալ. այո՛. միշտ այն անկեղծ բարեկամն էր այս երիտասարդն որո այնքան բարիքը վայելած էր։

Զիրար հարցուցին, իբրև թե ճամփորդութենե վերադարձած լինեին.

— Ենի—Մահալլե եկանք ձեզի մոտ ըլլալու համար, ըսավ Խոսրով, հուսամ որ գոնե ասկե վերջը չես մոռնար զիս։

— Ո՛չ, ո՛չ, պատասխանեց Տիգրան, բայց դուն. ալ մեզ մինակ մի թողուր. երեք հոգի եղանք հիմա, Արամ էֆենտին շատ դուրս չելներ, բայց դուն կրնաս գալ, գոնե պուտ մը կրնանք դարձնել և ժամանակը կանցնի։

Պրիչի փառթի՞ մը. ասիկա Խոսրովի համար հաճելագույն առաջարկ մ՛էր։

Այսպեսով հաստատվեցավ նորեն տեսությունն այս երկու վաղեմի ընկերաց մեջ. Խոսրով քանիցս եկավ Տիգրանի տունն և մի քանի անգամ Եվգինեին հետ միասին պատահեցան անոր Պյոյուք—Տերեյի մեջ. Տիգրան պարտավորեցավ փոխադարձ այցելություն մը տալ, բարեբախտաբար Մարեմյան՝ հոն չէր ու երիտասարդը չէր պիտեր իր բարեկամին ընտանեկան կացությունը։

Տիգրան՝ Խոսրովի հետ կրկին տեսնվելովն իր առջի անձնվիրության փորձը տվավ։ Բարեկամներ ուներ ազդեցիկ։

— Դատական պաշտոն մը կուզե՞ս, ըսավ օր մը Խոսրովինք թերևս կրնամ առնուլ, բայց դուրս երթալ հարկ պիտի ըլլա։

— Ինչ ալ ըլլա կընդունիմ, պատասխանեց նա, պաշտոնանկ մնալը զիս կը հուսահատեցնե։

Ու շաբաթ մը անցնելե վերջը Սեբաստիո մեջ երեք հազար զրուշով պաշտոնի ավետիսը ստացավ։

Խոսրով հիրավի հուսահատ վիճակի մը մեջ մնացեր էր․ աչվըներն լեցվեցավ երբ իր բարեկամն եղբայրության այս վերջին ապացույցը տվավ։ Անոր ձեռքը համբուրել ուզեց...։ Եվպինե ալ իր շնորհակալությունը հայտնեց։ Եվ այս միջոցավ իրենց կապակցությունն ավելցավ։

Մարեմյանի փափագած բանն էր այս մտերմության հաստատությունն. միայն այս հինավուրց անառակը կը վախնար թե խիստ գեշ տպավորություն մ՛ըրած կրնար ըլլաք Տիգրանին վրա ամեն կողմ Սուրբիկի հետևած ըլլալովը ու երբ հասկցեր էր թե Արամ էֆենտիի կինն՝ անոր բացառիկ պաշտպանության ներքև էր, որոշեր էր Տիգրանի թե ոչ բարեկամությունը, գոնե չեզոքությունն ստանալ։

Մյուս կողմե Եվգինե խորամանկ ու բարկացոտ էր. ուստի իր այս նոր տարփանաց վրա ոևէ կասկած գտնվելու չէր, վասնզի Եվզինե կարող էր ի դերև հանեք իր բոլոր խորհուրդներն և գիտեր թե նա իր սերբ պաշտպանելու համար ամեն միջոց ի գործ դնելու մասին վար անող կին մը չէր։

Ուստի ուշադրություն ըրավ Տիգրանի այցելության եկած ժամանակ էվգինեի տունը չի գտնվելու, միանգամայն դա գրելուց այն ուշագրավ հետազոտությունը զոր Սուրբիկը դուրսը պատահած ժամանակ սկսեր էր։ Կատարյալ, խաբվելու չափ կատարյալ անտարբերություն ցույց տվավ անկից վերջն ամեն ատեն որ հանդպեցավ անոր։

Արարատյան Ընկերության դաշտային պարահանդեսն ամենուն միտքն է դեռ. պոլսեցվոց այս տեսակ շքեղ երեկույթ մը քիչ անգամ պատրաստված է։

Շաբաթ մառաջ ամեն ոք պատրաստության մեջ էր, Հայերը շռայլության մեջ միշտ հառաջագիմությամբ փայլած են։

Հաշիվ եղավ որ այն շաբթուն Փերայի խանութներուն տարվույն մեջ ամենեն շատ առևտուրն ըրած միջոցն էր։

Ամեն կողմ խոսակցության նյութն այս պարահանդեսն էր։

Արամ էֆենտիի տունն ալ ուր պրիչի փառթի մը կը խազցվեր, նույն երեկույթին վրա էր խոսքը։

Սուրբիկ՝ իր բոլոր փափագին հակառակ երթալու կամք չէր հայտներ. Տիգրան բան մը չէր ըսեր ու Խոսրով միայն կը պնդեր երիտասարդ կնոջ որ ներկա գտնվի.

— Իմ կինս ալ հոն պիտի ըլլա, կըսեր, տեսակցության առիթ մը կունենաք։

Իսկ Արամ էֆենտի բռնադատեց որ Սուրբիկ անպատճառ երթա պարահանդես, հարկ եղավ ուրեմն համակերպիլ. բայց կես գիշերեն ժամ մը վերջը պիտի դառնար։ Պարահանդեսի գիշերն է։

Արտակարգ ոգևորություն կա Պյոյուք-Տերեի ափունքը։ Պարտեզն անհամար ջահերով ու լույսերով կը փայլի ընդարձակ ամփիթատրոնի մը նման, բազմությունն ամեն կողմե հետզհետե կը հասնի ու երաժշտությունն իր եռանդուն ձայնը կը լսեցնե։ Մեկ նայվածքով կրնաս հոն նշմարել ամենեն բարձրադիր հայերն իրենց ընտանյաց հետ միասին. պարի վայրն ամեն կողմ լեցուն է։

Ծառի մը տակ երիտասարդ մը ու մանկամարդ կին մը կը խոսակցին։

— Տիկին, կըսե երիտասարդը ձեռքերն աղաչավոր դիրքով մը միացուցած, գիտեք որ շատոնց ի վեր կարոտ ու զուրկ թողուցիք զիս ձեր տեսութենեն. ափսո՜ս, առջի օրվընե գուշակեցի իմ բախտս, բայց չի կրցա մեկդի ընել զայն. տարիե մը ի վեր հոս, հոս միայն հանդիպեցա ձեզի։

— Թողեք զիս, կաղաչեմ, կը պատասխաներ կինն, այս տեղ առանձին մնալնիս վայելուչ չէ, ամուսինս կրնա գալ.․․։

— Ատեն մը այդպես չէիր խոսեր ինձ հետ, Եվգինե՛, կը կրկներ երիտասարդն, ամուսի՞նդ չէ թե ուրիշ մը։

— Արմենա՛կ, գոչեց կինը բարկությամբ։

— Թող չեմ տար զքեզ այս գիշեր, կուզե Վառեմյան գա, կուզե Մարեմյան։ Իմ իրավունքս ավեքի հին է։

— Ամուսնույս քովը տար զիս, ապա թե ոչ քաշվե։

— Ես այդ տեսակ բան չեմ գիտեր, ու այս ըսելով երիտասարդը նորատի կինը ղրկելու ու համբուրելու կաշխատեր։

Եվգինեի համբերությունն սպառեցավ։

— Անդին գնա, հիմա պիտի պոռամ։

— Համբույրով մը բերանդ կը գոցեմ։

Կինը ճիչ մարձակեց։

Երիտասարդ մը, որ այն կողմեն կանցներ, մոտեցավ. Արմենակ մեկդի քաշվեցավ, մինչդեռ կինը շվարած ու զայրացած գոչեց.

— Ազատեցե՛ք զիս սա անպիտանին ձեռքեն։

Տիգրանն էր մոտեցողը, տեսավ ու ըմբռնեց տեղի ունեցած տեսարանն։ — Ուրիշ տեղ մը տարբեր կերպով պիտի վարվեի ձեզ հետ, հոս զձեզ վռնտել տալով պիտի բավականանամ։

Եվ այն միջոցին անցնող հյուրամեծարի մը միջոցավ դուրս ընել տվավ և Եվգինեն թևն առնելով պարի դաշտը դարձավ։

Մազուրքա մը կը զարնվեր. աչքով Սուրբիկը փնտրեց, տեսավ որ Խոսրովի հետ էր։ Ինքն ալ Եվգինեի հետ քիչ մը պարել ուզեց։

Ոչ ոք Եվգինեի չափ քաջ պարող էր. Տիգրանի թևին վրա քան մը չի կար ծանրացող, այլ իր երեսին հեշտավետ բուրում մը ու իր քովն զմայլիչ հյուր մը որ պարողներու հորձանքին մեջեն իրեն հետ կը սրանար։

Տիգրան բնավ այնքան հաճույք զգացած չէր. շրջան մը միայն ընել ուզեր էր ու այն ատեն միայն կեցավ երբ երաժշտությունը դադրեցավ. անկից վերջը քատրիլ ու հետո վալս մը պիտի լիներ ու այս վալսին համար խոսք տվին իրարու և պյուֆեն ուղևորեցան։

Սուրբիկ հոն էր Խոսրովի թևը մտած։

Տիգրան անշուշտ իրավամբ խորհեր էր թե չարախոս բազմության մը մեջ, ուր արդեն տեսակ տեսակ տարաձայնություններ կը դառնային իր մասին, որքան ալ մաքուր ու անկեղծ լիներ իր սիրտը, պատշաճագույն էր որ Արամ էֆենտիի կինը մինչև վերջն իրեն հետ ի միասին չի տեսնվեր ու տեղի չի տար նորանոր բամբասանաց։

Ինչե՜ր չէին ըսեր մինչև այն ժամանակ. Տիգրան Սուրբիկի սիրահարն էր. ո՜վ կը տարակուսեր ադոր. և ահա նորատի կինն, որ իր հիվանդ ու ծերունի ամուսինը լքանելով վարձկան ձեռքերու, ինք կոպար զբոսանաց վայրերն իր տարփավորին հետ զվարճանալու։ Այս զրպարտությունները պիտի լինեին հետևյալ օրն ամեն կողմ տարածվելիք արձագանքն ու Տիգրան մեծապես իրավունք ուներ իր զգուշավոր ընթացքին մեջ։

Սուրբիկ միայն Տիգրանի իր մոտը չի գալուն այս բացատրությունը չի տվավ. լավագույն բացատրությունն անոր թևի գեղանի ու շնորհալի կինն էր և ուրիշ պատճառ փնտրելու հարկ չի տեսավ։

Դպրոցեն փախչող տղա մը պես այն իրիկուն Սուրբիկ անպատում բերկրություն ու խնդում զգացեր էր պարահանդես գալուն։ Ո՜րքան ատենե ի վեր զուրկ էր մնացեր այս տեսակ հաճույքներն, ու ասպետական դղյակի մը տիրուհվույն պես առանձին ու մարդե հեռու ապրեր էր իր քյոշկին մեջ։

Պահ մը մոռցավ իր կենաց մառախլապատ հորիզոնն ու ընտանեկան հարկին հոգն ու մտմտուքը պարահանդեսին շողշողուն փայլին առջև։

Քաշված ապրելով, իր ծանոթները գրեթե մոռցեր էր. բայց Տիգրանի ընկերությունը կը բավեր անոր. Սուրբիկ պարելը կը սիրեր, նամանավանդ վալսն որ տեսակ մը թաքուն ու անբացատրելի ախորժ ուներ իրեն համար։

Ո՜րչափ մեծ եղավ իր զարմանքն, երբ պարահանդես մտած չի մտած, Տիգրան իրմե բաժնվեցավ մեկ մալ իր քովը չի գալու համար։ Ո՜վ էր այդ Եվգինեն ուսկից երիտասարդը չէր կրնար զատվիչ. մազուրքայի ատեն նշմարել կարծեց թե Տիգրան խիստ մոտեն կը գրկեր իր վայելչագեղ ընկերուհին։

Սուրբիկ նեղացավ, ինքն ալ աղեկ մը չէր գիտեր ինչ պատճառավ, մինչև այն ժամ երիտասարդն ոևէ սիրային խոստովանություն մ՛ըրած չէր իրեն, թերևս ինքը նշմարել կարծեր էր անոր ներքին համակրությունն ու կերևեր թե բոլորովին սխալած էր այս ենթադրության մեջ։

Սուրբիկ միշտ նույն դյուրագրգիռ կինն էր։ Այն գիշեր խմած մեկ երկու քոնյաքն անոր գլխին զարնելու մոտ էր, երբ Տիգրան մոտեցավ և Եվգինեն Խոսրովին հանձնեց անոր վալսի խոստումն հիշեցնելով։

Սուրբիկ փոթորիկ մը զգաց իր սրտին մեջ այս խոստումը լսելով, ի՜նչ, այդքան չի կարենալ բաժնվելու չափ ախորժելի մե՜կն էր այդ մանկամարդ կինն և մեկ նայվածքով ճանչցավ անոր վրա երիտասարդ մը գլխե հանելու բոլոր առավելությունները։

Իր ներքին խռովությունն այնքան ավելի սաստիկ և ուժգին եղավ որքան Տիգրանի չէր կրնար հաղորդվիլ։ Կը մտածեր որ իր բարեկամին անկախության դպչելու իրավունք չուներ, նա ազատ էր իր ուզածին հետ պարելու կամ խոսելու, զինքը պարահանդես բերեք խոստացեր ու բերեր էր և ադկե ավելի բան մը չէր կրնար պահանջել անկից։

Ափսոս, մինչև այն վայրկյանը Տիգրանը գոնե իրեն անձնվեր մեկն համարած էր. և առաջին առթիվ կը տեսներ թե որքան խաբված էր իր համոզման մեջ։ Իր վիրավորյալ հպարտությունն արգիլեց զինքն ոևէ բան մր զգացնելե Տիգրանի․ ի՜նչ օգուտ եթե իր ստիպման վրա երիտասարդն այդ կնոջ հետ չպիտի պարեր։

Սուրբիկ՝ այս երկրորդ անգամն ըլլալով՝ կը սխալեր իր դատաստանին մեջ։

Տիգրան հիմարի մը պես կը սիրեր զինքը։

Արամ էֆենտիի կինը պարահանդեսին մեջ գտնվող տիկնանց մեջ թերևս ամենեն գեղանին էր։ Մեծագին չէր անոր հագուստը. պարզ քռեմ կազե շրջազգեստ մը հագած էր նա վալանսիեներով շտկված, որո թափանցիկ ու անգաղտնապահ հյուսվածքը՝ մարմարի պես սպիտակ մարմնո մը բոլոր հեշտալի հրապույրը կը մատներ. իր սիրուն գլուխը, դալուկ դեմքը, դյուրաբեկ հասակն, երազի մեջ երևցող ու խուսափող տեսիլ մը կը հիշեցներ զոր կորսնցնելու վախով մարդս կը վախնա ձեռք դպցնելու։

Զմայլման ու հափշտակության շշունջ մը կը բարձրանար երիտասարդաց ու պատանյաց մեջ անոր անցած ատեն, ամենքն անոր ընկերացող անձին շուրջը կը դառնային անոր ներկայացվելու, հետը շրջան մը ընելու կամ բառ մը փոխանակելու հույսով, իբրև նորատեսակ արբանյակներ՝ որոց այս շողշողուն ու հրավառ աստղը ձգողության ընդհանուր կեդրոնն էր։

Լուռ ու անխոս, Տիգրանի հետ հառաջացավ նա ծառուղվո մը մեջ. երիտասարդն իր թևին վրա կզգար անոր փափուկ nւ քնքուշ թևին ջերմությունն որ էլեկտրական հոսանքի մը պես իր երակներուն կը հաղորդվեր, կանգ առին ծառի մը մթին ու խորհրդալի ստվերին տակ. քիչ մը հեռու ուրիշ զույգեր կը պտըտեին կամ կը խոսակցեին։

Սուրբիկ տրտում ու խոհուն կերևեր։ — Ի՜նչ ունիս այս իրիկուն, հարցուց երիտասարդը մտահոգ։

— Ոչինչ, մրմնջեց նա։

— Չե՜ս ուզեր պարել։

Սուրբիկ դժկամակության ձև մը տեսնել կարծեց այս հարցման մեջ։

— Ո՛չ, պատասխանեց նա, այս գեղեցիկ գիշերին ավելի կուզեմ երկինքն ու ծովը դիտել։

— Թե որ Խոսրով էֆենտիեն չախորժեցար, ուրիշ բարեկամի մը հանձնեմ քեզ։

Այս վերջին խոսքը խիստ ծանր եկավ Սուրբիկին. սիրտը դառնությամբ լեցվեցավ ու կսկծալիր հառաչանք մը զսպեց իր սրտին մեջ։ Ա՛լ տարակույս չի կար. երիտասարդը չէր սիրեր ու չէր սիրած զինքն. ու հիմա պարահանդեսին մեջ իր գլխեն նետել կուզեր զինքն ավելի ագատ զբոսնելու համար։ Ու այս տեսակ սև մտածումներ անոր շփոթած միտքը գրավեցին. ուրախ ու զվարթ եկեր էր պարահանդես, երիտասարդական բաղձանքներն՝ իր սրտին մեկ անկյան մեջ թաղված իզուր պահ մը արթննալ սկսեր էին. հիմա կըմբռներ թե հարկ էր մոռնալ, վերջապ ես մոռնալ երջանկության վաղանցիկ հույսերն, ինքը, խե՜ղճ կին, ո՜վ ուներ աշխարհիս վրա. ամենեն լքյալ ու երեսի վրա ձգված տարաբախտ էակ մ՛էր։

— Ո՛չ, ըսավ հաստատ ձայնով, Խոսրով էֆենտի անհաճո մեկը չէ. իրեն տար զիս։

Քիչ մ՛ալ պտտեցան անշշունչ, առանց բառ մավելցնելու, երաժշտությունն անդիեն վալսի նշանը տվավ. պարողներն հետզհետե գացին. Սուրբիկ հուսաց վայրկյան մը որ երիտասարդն իր քով պիտի մոռնար Եվգինեի տված խոստումը, բայց իր պատրանքն երկար չի տևեց. Խոսրով իր կնոջ հետ իրենց մոտ գալու վրա էր ու Տիգրան դեպի անոնց հառաջացավ.

— Չեք մոռցած խոստումնիդ անշուշտ, տիկին, ըսավ։

— Ես ալ եկա ձեզ զայն հիշեցնելու, պատասխանեց Խոսրովի կինը։

Երկու բարեկամներն իրենց ընկերուհիները փոխանակեցին և Տիգրան շուտով վալսի հորձանքին մեջ անհայտ եղավ։ — Ես չեմ պարեր, տիկին, ըսավ Խոսրով, և կը վախնամ որ զձեզ չի Նեղացնեմ։

— Ես ալ պարելե շատ չեմ ախորժիր. արդեն շատ կենալու դիտավորություն չունիմ. ամուսնույս խոսք տվի շուտով դառնալու ու թերևս հիմա ինձ կսպասե։

— Ո՜հ, դեռ շատ կանուխ է, ավելցուց Խոսրով։

Ու այսպես քիչ մը ատեն խոսեցան դեռ պարահանդես եկող կանանց, անոնց հարդարանաց, Արարատյան Ընկերության ու այն գիշերվան հասույթին վրա։

Խոսրով հասկցավ որ Սուրբիկ նեղացած էր, բայց չէր գիտեր ի՛նչ պատճառավ. թերևս պարելը կը սիրեր, ու ինքը չէր կրցած անոր հաճոյանալ։

Այդ միջոցին Մարեմյանը տեսավ որ իրենց մոտ մի քանի հոգվո հետ կը տեսնվեր. Մարեմյան մոտեցավ ու իբրև թե նոր նշմարելով իր բարեկամին քովի կինը, խոնարհություն մըրավ անոր առչև. խոնարհություն՝ որ սովորական կերպիվ գլուխ ծռելե ավելի մանկամարդ տիկնոջ համար զմայլում ու անձնվիրություն կը նշանակեր։

Սուրբիկ անմիջապես ճանչցավ մեկ քանի ամիս առաջ ստվերի պես ամեն կողմ իրեն հետևող անձը։ Բարեկիրթ մեկը կերևեր նա. լավ կը խոսեր ու քաղաքավար ու հարգալից մեկն էր։

— Հիմա շատ չեմ պարեր ալ, տիկին, կըսեր նա, այնպիսի խոնարհ ձայնով մը որ տարօրինակ կերպիվ փայփայիչ շեշտ մը ուներ, և շիտակն ըսելու համար թերևս չեմ կրնար պարել, պատանեկան աշխույժն ու եռանդը շատոնց լքեցին զիս, ավելցուց նա տրտում ու գլխիկոր։

Պատանի մը չէր դիմացինն անշուշտ, բայց Սուրբիկ առողջության բոլոր ձիրքերով օժտյալ, հասուն տարիքի տեր մեկը տեսավ գնա։ Տղա մը չէր Տիգրանին պես անխոհ՛եմ ու անզուսպ փորձառու ու հաստատամիտ մեկը կը թվեր։ Իր բոլոր վարմունքին մեջ Սուրբիկի համար վիրավորիչ լինելիք բառ մը կամ ակնարկ մը չունեցավ և բնականաբար երիտասարդ կնոջ հետ շրջագայություն մընելու առաջարկը չի կրցավ մերժվիլ։

Թև ի թև, սովորական խոսակցությամբ մը զբաղյալ, պտույտ մըրին պարտեզին մեջ ու պյուֆեեն մեկ մեկ ըմպելիք առին. Սուրբիկ ամեռ մը ուզեց, բայց ներկայացված հեղուկն՛ սխալմամբ անշուշտ՝ ապսենթ ըլլալու էր, որ անմիջապես անոր գլխուն զարկավ. մեկ վայրկյանի մեջ պարտեզն, երկինքն ու ծովն իր մոլորյալ ակնարկին առջև իրարու խառնվեցան, ոտքին ներքևեն հողը խույս տվավ կարծես, ու խեղճ կինը Մարեմյանի թևեն ի զատ հենակետ մը չտեսավ իր շուրջը։

— Այս ի՞նչ տեսակ ամեռ էր, թոթովեց Սուրբիկ։

— Ինձ տվեք գավաթնիդ, ըսավ Մարեմյան զարմանք ու վրդովում կեղծելով. բայց այս ամեո չէ, ավեյցոլզ նա կաթիք մր բերանն առնելն վերջր. ապսենթ է. սակայն անհոգ եղեք, տիկին, ամեն պարագայի մեջ կատարելապես անվնաս ըմպելի մ՛է, կապահովեմ զձեզ այս մասին, ու այս ըսելով խստիվ հանդիմանեց սպասավորը։

Սուրբիկ բան մը չլսեց, այն աստիճան սաստիկ էր հուզմունքն. հեղձուցիչ մթնոլորտ մը կար որ իր շնչառությունը կարգիլեր. ծաղիկներուն բուրումը մեկ կողմեն, թաշկինակներու վրայի անուշահոտությունները մյուս կողմեն ու այս սաստիկ ըմպելիքն առաջուց առած քոնյաքներուն վրա ավելնալով՝ պզտիկ զինովություն մը հառաջ բերին։

Մարեմյան շփոթեցավ ու ուրախացավ, իր հուսացածեն ավելին հաջողեր էր. իր թևերուն մեջ առնեք ուզեց այս թանկագին բեռն ու առանձին ու ամայի տեղ մը փնտրեց մտքովը զայն հուշաբերելու համար, բայց երիտասարդ կինն անմիջապես ավելորդ դատեց զանոնք. իր շփոթությամբն հանդերձ զգաց որ այս մարդը խիստ վտանգավոր ու խիստ խորամանկ մեկն էր. Տիգրանի դեմ սրդողած ու նեղացած պահուն վայրիկ մը շնորհքով մեկը երևցեր էր նա իր աչքին, բայց չուշացավ ինքնիրեն խոստովանելու թե զինքը շարունակ հալածող այդ մարդուն դիտավորությունն անպարկեշտ և իրեն անոր հետ տեսությունն անվայել էր։

Բավ է որ կին մուզե իր պատիվը պաշտպանել որպեսզի հաջողի անոր դեմ պատրաստված ամեն փորձ ի դերև հաներ Սուրբիկ այս մարդուն մոտ ինքզինքն առանձին գտնելով վախցավ ու այս վախը բոլորովին իր խելքը գլուխը բերավ։ Այո՛, հանցավոր էր, — այսպես խորհեցավ երիտասարդ կինը ներքնապես, — այսպիսի կասկածելի անձնավորության մը ընկերանալուն, և Տիգրանի առաջ ինքզինք արդարացնելու միջոց մը չի կրցավ գտնել իր մտքին մեջ։ Ի՞նչ պիտի ըսեր, ի՞նչ բացատրություն պիտի տար անոր հետ ընկերանալուն։

Ո՜րքան մեծ տարբերություն այս երկու մարդոց մեջ. երկուքն ալ զինքը կը սիրեին. այսպես գոնե կը կարծեր ինքը, բայց մինչդեռ Տիգրան ամեն ազատություն ու դյուրություն վայելելովն հանդերձ երկու տարվան մեջ զինքը նվիրական էակի մը պես հարգելե ու պաշտելե անդին անցած չէր, անդին նորեկ մը, գործունյա, փութաջան ու ձեռնարկող, համառոտ ձևերով զինքն իր գրկին մեջ սեղմելու չափ հառաջացեր էր կես ժամվան մեջ։ Հանկարծ անոր մտքեն կասկած մը անցավ ու Սուրբիկ զզվանք ու սոսկում զգաց այս մարդեն. ի՞նչպես կրցեր էր անոր թևն ընդունիլ. ինքն իսկ զարմացավ ասոր։

Վտանգն ամենեն աղեկ ուղղեց նորա դատողությունն, և մարդկային սրտին բնական եղող հակազդեցությամբ մը Տիգրանի բոլոր փափկությունն ու անձնվիրությունը ճանչցավ ու գնահատեց։

— Կը խնդրեմ որ զիս Խոսրով էֆենտիին մոտ տանիք, ըսավ վախով ու ցասմամբ հուզյալ ձայնով մը։

Մարեմյան Սուրբիկի բոլոր մտածումները մի առ մի կարդաց անոր դեմքին վրա, ու հակառակելու անկարելիությունն հասկցավ։ Ուստի շուտով առաջնակարգ դերասանի մը պես իր առջի հարգալից ձևն զգեցավ։

— Հոժարությամբ, տիկին, պատասխանեց նա. միայն կը խնդրեմ որ ներողամիտ լինիք թե որ ոևէ կերպիվ առիթ եղա ձեր անհանգստության, հավատացեք որ ամոթով եմ այս մասին։

— Բնա՜վ, էֆենտի, հանցանքը ձերը չէ. և ես շնորհակալ եմ ձեր խնամոցը. ջղային տկարություն մէր որո երբեմն ենթակա կըլլամ, պատասխանեց Սուրբիկ չոր ու ցամաք կերպով։

Վալսը լմնցավ ու պարողներու քրտնաթոր զույգերը գիշերվան զով օդն առնելու համար պարտեզին մեջ ցրվեցան։ Տիգրան Եվգինեն իր ամուսնույն դարձուցած միջոցին տեսավ Սուրբիկն որ անծանոթի մը թևր մտած դեպ իրենց կուգար։

— Որո՞ւ ես հանձներ տիկին Արամ էֆենտին, հարցուց և երիտասարդն առանց ծածկելու իր դժգոհությունը։

— Ո՜հ, անհոգ եղիր, պատասխանեց Խոսրով, թեթև մը կարմրելով սակայն, իմ ծանոթներես է ու խիստ ազնիվ անձ մ՝է։

Տիգրան այս բացատրությունը չընդունեց. բայց ինքնիրեն ավելի Սուրբիկի նեղացավ բան թե իր բարեկամին, մինչդեռ օտարականը Սուրբիկը ձգելե ու խոնարհություն մընելե վերջը կը հեռանար։

— Ո՞վ էր այդ պարոնը. Uուրբիկ, հարցուց երիտասարդն երբոր մինակ մնացին։

— Ես ալ աղեկ մը չեմ գիտեր ով ըլլալն, իրավ է որ բարեկիրթ անձ մը լինելով հանդերձ անհամակրելի թվեցավ ինծի։

— Թևը մտած ատենդ պետք էիր ատիկա մտածել և ո՛չ հիմա։

Սուրբիկ՝ Տիգրանի վշտացած ըլլալն անոր խոժոռած դեմքեն ու ցամաք պատասխանեն հասկցավ։

Անծանոթի մը թևն ընդունիլը պակասություն մէր ու նորատի կինը ներքնապես իրավունք տվավ երիտասարդին ու անոր սիրտն առնել մտածեց։

— Այս տեղի բազմությունը ձանձրացուցիչ է, ըսավ Տիգրանին մեղմ, գրեթե աղերսարկու ձայնով մը որ կարծես ներումն կը խնդրեր և որ տարօրինակ կերպով երիտասարդին սրտին դպավ, տուն դառնանք թե որ կը հաճիս։

— Դառնանք, կրկնեց Տիգրան մեքենաբար։

Ու թև թևի վար իջան պարտեզեն համր ու դանդաղ քայլերով. Սուրբիկ հոգնած էր ու թույլ կերպով իր ընկերոջ թևին կը հևնուր։ Հարափեն անցան ուր հոգնախառն ամբոխ մը կը շրջեր, կերգեր, կզրոսնուր գիշերվան ցողին տակ անփույթ ու անխոնջ։

Բազմության մեջեն անցան անտարբեր՝ չի լսելով իրենց շուրջի աղմուկն՝ և առանց զգալու մինչև իրենց ծովեզերյա տունը հասան։

Գիշերը թեև խոնավ՝ բայց, իր բոլոր պայծառության մեջ էր. հեռուն՝ պարահանդեսին լույսերն ու երաժշտության ձայներ, կը նվաղեին ու կանհետանային։

— Ես անոթի եմ, Սուրբիկ, ըսավ Տիգրան, քյոշկն ելլելե առաջ քիչ մը բան ուտենք․ դուն ալ կարծեմ թե անոթի ես. այս ալ զբոսանք մէ, մանավանդ թե պարահանդեսի հաշվույն մեջ չէ։

— Ուշ չէ՞ այս ատեն։

— Բնավ. Ժամը յոթն է. կես ժամեն վեր կը տանիմ քեզ. հոս սպասավոր արթնցնելու պետք չունինք, ու այս գիշեր քեզի ծառայելու պատիվն իմ անձիս կը վերապահեմ, տիկին, ավելցուց խնդալով։

— Այդպես թող ըլլա ուրեմն, պատասխանեց Սուրբիկ։

Այս առաջադրությանն անտարակույս հաճելի էր. կես գիշերին, ծովեզրի սենյակը, լուսնի լուսով, գլուխ գլխի ճաշ մը ընելն՝ հրապուրիչ ծրագիր մէր։ Սակայն Սուրբիկ վայրկյան մը խորհ եղավ որ գիշեր ատեն թերևս վայելուչ չէր ամուրի երիտասարդի մը տունը գտնվիլ երբ ամեն մարդ կր քնանար։ Բայց Տիգրանի առաջարկը մերժելն անոր վրա կասկածիլ ու զայն վիրավորել պիտի ըլլար. Սուրբիկ դեռ ասոր նման հազար պատճառանք մտածեց ու գտավ այս հաճոյալի հրավերն ընդունելու համար, մարդս որքան դյուրավ կը համոզվի թե որ կամենա։

Ներս մտան առանց մեկու մը ձայն տալու, ծովեզրի սենյակը Տիգրանի աշխատության սենյակն էր. Սուրբիկ բնավ հոն մտած չէր դեռ. ակնարկ մը ձգեց իր չորս դին հետաքրքրությամբ ու սիրով լեցուն, ճրագի պետք չի կար. լուսինն իր արծաթյա ճառագայթներովը սենյակը կողողեր ու ցերեկվան պես կը լուսավորեր։

Ի՜նչ զարմանալի բան է եղեր երիտասարդի մը սենյակն. այս եղավ Սուրբիկի հետազոտության արդյունքն, ամեն ինչ անկարգ ու անկանոն, արևելյան ու եվրոպական կարասիք, միասին, հոս թրքական փոքրիկ բազմոց մը Պուխարայի գորգերով ծածկված, հոն հին ֆրանսական թիկնաթոռներ, շինական կերպասե վարագույրներ, խել մը անօգուտ ու թանկագին նյութեր, հնություններ, հին և նոր դրամներ, զենքեր փայլուն կամ ժանգոտած, գորգեր, պատկերներ, հախճապակե ամաններ, պզտիկ ու մեծ լուսանկարներ նշանավոր անձերու, դերասանուհյաց, արվեստավորներու, հրապարակախոսներու, ասդին անդին, պատերուն վրա, գրեթե ամեն կողմ ցրված խառն ի խուռն բայց ոչ առանց ճաշակի, փոքրիկ արձաններ իրենց մերկ ու շլացուցիչ դեղով, ոսկեզօծ ու լայն շրջանակներու մեջ Վոսփորի զանազան տեսարաններն ու Անվո ավերակներն. Հայաստանի զանազան քաղաքներն հավաքված տեսակ տեսակ կերպասներ, բանվածներ, աթոռի մը թողված Միռապո մը, սեղանին վրա Պեշիքթաշլյան մը. հոս իրավագիտական թերթեր, վերջապես փոքրիկ սենյակի մեջ հավաքված արվեստի, գեղարվեստի, գիտության ու գրագիտության վերաբերյալ ճոխությունների մեկ բառով ամեն ինչ կամ ոչինչ։

Սուրբիկ շատ մը հարցումներ պիտի ըներ իր տեսածներուն վրա, բայց այս սենյակին մեջ անբացատրելի անհանգստություն մզգաց. վրդովիչ ու հրապուրիչ մթնոլորտ մը կար. իր շուրջը տեսած անթիվ նյութերն ու պատկերները կարծես նույնքան խոսուն ու համակրելի հոգիներ էին. աղոնք էին երիտասարդին ամենօրյա ընկերներն, անոր ամեն մեկ հուզման, տխրության և ուրախության մասնակից։ Եվ Սուրբիկ անմիջապես սիրեց ու պաշտեց այս ամենն իրենց անխնամ անկարգության մեջ։

Անդին Տիգրան հինօրյա ու քաջավարժ սպասավորի մը պես սեղանը շտկեց պատուհանին մոտ. քիչ մը պաղ հավ, տապկած ձուկ, Պոռտոյի հին գինի ճարելն վայրկյանի մը գործ եղավ, ու երբ խոսելով խնդալով սկսան ճաշն, երկուքն ալ բերկրացան հանպատրաստից ու առանց երկմտելու այս խորհուրդն ի գործ դրած ըլլալնուն։

Իրենք անոթի, կերակուրներն համով, գինին ընտիր, ու բնականաբար խոսակցությունը վերսկսավ եռանդով ու աշխուժիվ։

— Պարահանդեսին մեջ կարծեմ նեղացար ինծի։ — Այո՛, թեև այդ ազատությունն ու իշխանությունը չունիմ։

— Որքա՞ն նախանձոտ ես եղեր, մինչդեռ, շարունակ ադոր հակառակը կը պնդես։

— Կը հավատա՞ս, թև որ ըսեմ որ քեզմե ի զատ և ո՛չ մեկի համար այդքան դյուրազգաց եղած եմ։

— Ո՛չ իսկ հույն բարեկամուհվույդ մասին, հարցուց Սուրբիկ խնդալով։

Եվ մտերմությունն հետզհետե ավելցավ. այն գիշերվան պարահանդեսեն՝ ուրիշ տարիներու պարահանդեսներու ու երեկույթներու վրա դարձավ խոսքն, երիտասարդին հիշատակներն արթնցան, անցյալ օրերու պատմություններ, գրեթե խոստովանություններ ըրին իրարու, մինչդեռ զորավոր ու անխառն գինվո վերջին գավաթները կը պարպվեին ու գլուխները կսկսեին տաքնալ ու դառնալ։ Այդ ժամուն ալ բնավ չէին մտածեր իրենց տարօրինակ ու անպատշաճ կացության ու գիշեր ատեն մեկ սենյակ ի միասին ու առանձին գտնվելնուն վրա։

Քիչ մառաջ նախանձու վրա խոսեր էին ու ադկից խոսակցությունը սիրո վրա բերելու չափ դյուրին բան չի կա աշխարհիս մեջ։

Սուրբիկ հոգներ էր. նա ավելի կունկնդրեր քան թե կը խոսեր, թիկնաթոռի մը մեջ տարածված, աչքերը կիսափակ ու երեսը կարմրած, մինչդեռ երիտասարդն անոր քով ու դեպի անոր ծռած, փոքրիկ ու քնքուշ ձեռքն իր ձեռացը մեջ ամփոփած, կը շաղակրատեր։

Սուրբիկ ուրիշ բան չէր լսեր անոր խոսքերեն բայց եթե հեշտալուր մրմունջ մը որ իր լսողությունը կը հմայեր, կզգար որ կարող էր տարիներով առանց նեղանալու մտիկ ընել այդ քաղցրաձայն նվագին որ ոչ երբեք այդքան ախորժելի ու ողոքիչ թված էր։

Երջանկություն ըսվածն այս էր արդյոք երկրիս վրա։ Սուրբիկ գրեթե այնպես կարծեց վայրկյան մը։

Գիշերը կը հառաջանար զվարթ ու աստեղազարդ, լուսինն հետզհետե կը խոնարհեր դանդաղ և վարանյալ, ծովուն վրա ձևացնելով անթիվ ու աննմանելի լուսեղեն ուրվագիծեր որք շարունակ կը կազմվեին ու կը փոփոխեին անոր սնդիկի պես անշարժ ու փայլուն երեսին վրա ամեն ոք հանգչած էր ու ամեն կողմ տարածվող խոր լռության մեջ մինակ էր այս մանկամարդ կինն իր սիրած մտերմին քով, բյուր իղձերով տոգորյալ։

Տիգրտն հիմա ա՛լ գրեթե բոլորովին իրեն մոտ ծնրադրած էր ու Սուրբիկ անոր հեշտահամբույր շունչը կզգար իր մազերուն մեջեն, իր երեսին մոտ, իր դյուրագրգիռ մորթին վրա, և կը խռովեր, հանկարծ զգաց երկու սիրատոչոր շրթունքներ որ իր ձեռքին կը դպեին հիմարական տենչանոք պատելով իր բոլոր զգայարանքը. Սուրբիկ ձեռքն ետ քաշել ուզեց, բայց այս նահանջումն ավելի պարտյալ մարդու մը անօգուտ մեկ ջանքն էր քան թե լուրջ դիմադրություն մը. Տիգրան բռնացավ ու մանկամարդ կինն անոր դեմ զորություն չուներ, աչվըներեն կրակ կելներ, ակնարկը կը նվաղեր. ու ամեն ձայնե ավելի ուժով՝ բառ մը, բառ մը միայն անոր ականջին կը զարներ անդիմադրելի, իր պատճառած հրապույրին համար:

— Կը պաշտեմ զքեզ, կը մրմնջեր երիտասարդն անոր ակաջն ի վար։

Սենյակին մեջ լուսնին լույսը վարագույրներուն բացխփիկ գույներուն հետ կը խաղար, պզտիկ արձանները թվեր թե կոգևորեին իրենց մարմարե փոքրիկ կայաններուն վրա. պատկերները կը ժպտեին ոսկեզօծ շրջանտկներուն մեջ ու անդիեն հեզաշարժ ծովուն ձայնն՝ որ մեղմիվ տանը քարափը կը փայփայեր, կը հասներ միօրինակ այլ ներդաշնակ երգի մը պես։

Ուրիշ ատեն Սուրբիկ պիտի բողոքեր այս վարմունքին դեմ․ հիմա երջանիկ էր սիրո այս խոստովանությունը լսելով. անշուշտ հիմա չէր որ կիմանար Տիգրանի զինքր սիրելն. ինքն ալ ինչե՜ր չէր քաշեր իր փոխադարձ սերը ծածկելու համար ու անտարբեր դեմք մը ցուցնելու իր պաշտեցյալ մտերմին. վայր, կյան մևս ու մոտ էր անձնատուր լինելու, հեշտության երազներ անոր շփոթած միտքը գրավեցին ու վայրիկ մը Տիգրանի բազուկներն անքակտելի շղթա մը կազմեցին անոր մարմնույն շուրջը։

Հանկարծ պատկեր մը անցավ Սուրբիկի աչաց առջև են, խոժոռ ու տրտում դեմք մը՝ որո տարօրինակ նայվածքը մինչև իր սրտին խորը թափանցեց։ «Զիս խաբեցիր ու հիմա ամուսինդ պիտի խաբես», կըսեր այս նայվածքը բացորոշ խստությամբ Սուրբիկ սարսափահար ուժով մը մեկդի հրեց զինքը շրջապատող թևերն ու ոտքի վրա ելավ մեկեն։

— Տի՛գրան, ըսավ խելակորույս երիտասարդին, այդքան շո՜ւտ մոռցար Սեդրաքի հիշատակը։

Սեդրաքի՞...

Ո՞ւսկից գտավ այս սպառնալից անունն որ փայլակի մը ցոլացման պես իր միտքը պատող մառախուղը փարատեց Տիգրան կանգ առավ իր անվայել աղերսանաց մեջ ու մաներկրորդ մը բավեց խելքը գլուխը բերելու, ինչ որ ալ ըլլար իր անսահման սերն ու մարդուս տկարությունը, պարկեշտություն որ իր սրտին մեջ էր միշտ՝ զինքն արիացուց ու պատվո ճամփեն չի խոտորեցավ։ Բայց իր քաջության փորձը տալե վերջն իր հուզմունքը չի կրցավ ծածկել ու Սուրբիկեն հեռու աթոռի մը վրա ինկավ ուժաթափ ու ամոթահար։

Ալ չի խոսեցան ասոր վրա ու քիչ մը ետքը պարտեզին գրոհեն անցնելով, Տիգրան, լուռ ու քար կտրած, ծաղկահասակ կինը քյոշկը տարավ ձգեց ու տուն դարձավ. բայց մինչև առտու իր խռովյալ երևակայությունը թույլ չի տվավ քնանար Արշալուսուն դեմ միայն, խորտակված ու վաստակաբեկ, բազմոցի մը վրա քունը տարավ.

Այն գիշերեն վերջը քիչ մատեն Տիգրան խիստ զգուշավոր ընթացք մունեցավ քյոշկը գտնված ժամանակ, հանցանք մը գործած ատեն վարժապետեն բռնվող տղու մը կը նմաներ․

— Ա՛լ պատանի մը չեմ ես, կըսեր երբեմն ինքնիրեն, ու ինչպե՞ս հիմարություն մը գործելու չափ հառաջ գացի. իրավ է ուրեմն որ մարդս իր անձին չի կրնար իշխել եղեր, իմ բոլոր հաստատամտոթյունս այս կնոջ մեկ ժպտին առջև անհետացավ ու առանց անոր...

Իրիկուն մը Սուրբիկ Տիգրանի առաջարկեց միասին շրջան մընել պարտեզին մեջ. վերջալույսն իր բոլոր շքեղության մեջ և պարտեզն ամայի ու խորհրդավոր էր։ — Վշտացար ինծի դեմ, այնպես չէ՛, հարցուց հանկարծ Արամ էֆենտիի կինը։

— Բնավ, տիկին, ընդհակառակն շնորհապարտ եմ ձեզ։

— Նախ և առաջ, տիկին, ձեզ և ասոր պես պաշտոնական բառերը վերցուր ու պարզապես Սուրբիկ ըսե ինծի առաջվան պես, որպեսզի չի սրդողած լինիլդ հասկնամ։

Երիտասարդը քիչ մը վարանեցավ։

— Միթե չափազանց մտերմության հետևանք չէ՜ր իմ սխալմունքս, ըսավ նա. դուք պետք է ուզեք որ այս ձևակերպությունները մնան ու պատնեշ մըլլան իմ տկարությանցս դեմ։

— Ո՛չ, Տիգրան, առաքինությունն արժեք չունի թե որ ճնշման մը արդյունք է. ես քեզմե աղեկ գաղափար ունիմ քու սրտիդ ազնվությանը վրա ու քու մտերմությանդ կորուստովը չեմ ուզեր իմ հանգստությունս փոխարինել, մոռցիր ալ այն ժամն ինչպես որ ես ալ չեմ հիշեր բնավ։

Տիգրան չի պատասխանեց։

— Մի՛ կարծեր որ չի մաքառեցա սիրույս դեմ, Սուրբիկ, ավելցուց նա քիչ մը վերջը, երեկվընե չէ որ անբացատրելի իշխանություն մ՝ունեցար իմ վրաս դուն, որո հետ հավիտյան անհաշտ ու ոխերիմ թշնամի մնալ պարտեի, ես անոնցմե չեմ որք իրենց հաճույքին, թերևս երջանկության համար ուրիշի երջանկությունը կը գողնան ու տունը կը կործանեն. ինքզինքս չեմ ուզեր արդարացնել վայրկյան մը սխալելուս. դուն ինծի շուտով ճանչցուցիր պարտականությունս որուն համար ալ ավելի կը... հարգեմ զքեզ. իսկ դուն, — և Տիգրան հառաչեր այս ըսելով, — բնա՜վ, ո՜հ, բնավ լսած մի՛ ըլլար իմ դժբախտ սիրույս խոստովանությունը։

— Հաշտվեցանք ուրեմն ու տուն դառնանք։

Այսպես վերջացավ այս խռովության սկզբնավորությունը, սակայն ուրիշ դժբախտություն մը չուշացավ այս ընտանյաց գլխուն։

Արամ էֆենտիի գլխի հիվանդությունը բոլորովին անհետացած չէր ու հանկարծ նոր ձևով մը երևան ելնելով խիստ ծանր կերպարանք մառավ քիչ օրվան մեջ։ Խնամքները չպակսեցան. Խոսրով հիվանդտես եկավ ու Ենի-Մահալլև դառնալուն ծանոթները զինքը շրջապատեցին իբրև թե տեղեկություն մառնելու համար հիվանդին վրայոք, կեղծավոր կարեկցություն որով քողարկված էր հիվանդին կնոջ վրա տարածված հետաքրքրությունն, անշուշտ երեսի վրա թողած էր իր ծերունի ամուսինն, երիտասարդ տարփավորին հետ զբոսնելու համար։

Կիներն ու հատկապես պառավները՝ նշանավոր էին իրենց հավաքած տեղեկություններով։

Հիսուննոց գիրուկ կին մը որո երեսին խորշոմներն անհետացնելու համար կատարված ջանքերն ապարդյուն մնացած էին, լրագրաց մեջ կարդացած խաբեբա դեղերեն գանգատելե վերջը կը պնդեր որ Արամ էֆենտիի տունեն ելած սպասուհի մը թանկագին մանրամասնություններ բերած էր իրեն, մանրամասնությունը որք պարկեշտ ականջներե չէին կրնար լսվիլ։

Բամբասող հետաքրքիրներուն սիրտն անհամբերութենե բաբախեց։

— Հոգի՛ս, կը գոչեր նա, կարգված կիներն աղջիկներն ավելի կատղեր են հիմա, լսվա՞ծ բան է ասիկա որ գիշերն ի լույս ձգես հիվանդ էրիկդ մինակը չարչարվի ու դուն պարտեզին դռնեն դրացի երիտասարդին տունն երթաս։

Ունկնդիրներն իբրև թե չի հավտալու շարժում մըրին՝ չարլեզու պառավը զայրացնելու ու ա՛լ ավելի խոսեցնելու համար։

— Չե՞ք հավատար, կրկնեց գիրուկ կինն աշխուժիվ, չե՞ք հավատար, կուզե՞ք որ Մարիամը կանչեմ ու ձեր դիմացը խոսեցնեմ։

— Վրայեն շնորհքով կին մը կերևա, մեղա՞, ալ մարդ իր տեսածին ալ խաբվելու չէ, վրա բերավ անդիեն սիկառի թուղթի պես նիհար ու թափանցիկ կին մը որ բուրգի ու բամպակի անհրաժեշտ պաշարով մը բեռնավորած էր ամեն ատեն։

— Ատանկները շնորհքով կերևան վրանուն։

— Ո՞վ կը սիրե եղեր, հարցուց քառասունն անցուկ աղջիկ մը որ ամուսնանալն հուսակտուր, ա՛լ պառավներու կարգը բազմելու իրավունք ուներ։ — Փաստաբան է, ինչ է, գիշեր ցերեկ իրարու տունն են եղեր։

— Այս տեսակ կիները բոլոր իգական սեռին ալ պավույն կը դպչին, ավելցուց արդար զայրույթիվ երիտասարդ ու գեղանի կին մը որո սիրահարական արկածներն երեսին վրա ներկված գույներուն չափ բազմաթիվ էին։

Ուրիշներ կը պնդեին թե իր կնոջ մեղապարտությունն հաստատվելուն վրա Արամ էֆենտի հիվանդացել էր. թե խեղճ մարդն ամեն տեսութենե զրկված, գրեթե բանտարկված էր շատախոս երիտասարդ մը՝ ականջն ի վար փսփսալով խորհրդավոր ձևերով կը պատմեր թե իր բարեկամներեն մեկն Արամ էֆենտիի քյոշկին մոտեն անցած ժամանակ գիշերային ժամադրությանը հանդպեր էր։

Այս կերպ էին ահա խոսակցություններն հասարակության մեջ. այս բամբասողներեն գոնե մին՝ բան մը գիտե՞ր կամ թե ինք կը հավատա՞ր իր ըսածներուն. բնավ։ Նախանձը մեկ կողմեն, հետաքրքրությունը մյուսեն միացեր էին զրպարտությունն ու քսությունը ծավալելու այնպիսի անձերու դեմ զորս թերևս շիտկե շիտակ չէին ճանչնար։

Երիտասարդ կինը մեծագույն հանցավորը, թերևս ոճրագործ մէր. ամենքը ծերունի ամուսնույն կը գթային ու կը կարեկցեին միայն։ Գուցե հարկ էր ջանք մընել զայն իր անհավատարիմ կնոջ ձեռքեն փրկելու համար։

Այս տեսակ են ահա այն սարսափելի տարաձայնություններն որք փոխանցիկ ու քստմնելի հիվանդությանց պես բերնեբերան տարածվելով մարդուս պատվույն կը դպչին, կը հալածեն ու շատ անգամ կը խորտակեն թաքուն, համառ ու անողոք ամբաստանություններ որո դեմ ամբաստանյալն ինքզինքը արդարացնելու միջոց չունի։ Մարդոց ներքին կենաց մասին հասարակաց կարծիք ըսված բանն՝ ի բացակայության տրված վճիռ մ՛է որ առանց դատապարտելույն հաղորդվելու կը գործադրվի։ Բավ է որ զրպարտիչ բերան մը բացվի մեկուն դեմ ու դատապարտությունը ժամանակի խնդիր մ՛է միայն և որո դեմ զրպարտյալը բողոքելու իրավունք չունի։

Այս կերպ էին ահա հասարակաց կարծիքը Սուրբիկի մասին։ Պարկեշտության, մաքրության նշույլ չունեցող անառակուհիներ չէին կրնար անտարակույս անոր առաքինության հավատալ. սեր ճերմակին գոյության չի կրնար հավատ ընծայել. այս եղած է միշտ աշխարհիս օրենքը։

Անդին՝ հիվանդր կը տառապեր ու կը դարմանվեր, խեղճ մարդուն հիվանդությունը մահատու ու սարսափելի կերպիվ փոխանցիկ ախտ մ՛էր. խոհեմությունը կը պահանջեր զգուշություններ ձեռք առնուլ անոր քովը մոտեցված ատեն, բժշկաց պատվերը խիստ ու բացորոշ էր. Սուրբիկ միայն չի ճանչցավ այդ արգելքն զոր իր պարտականության հակառակ դատեց. իր մանկութենեն ի վեր դժբախտ ու ճակատագրեն հալածյալ՝ քաջությամբ, գրեթե ուրախությամբ, նետվեցավ այն վտանգին մեջ որ այնչափ դյուրավ կրնար զինքն ալ ի միասին գերեզման տանիլ։ Ո՛չ ոք գիտցավ երբեք այս մանկամարդ կինն առաջնորդող գաղափարը. փոխանցման վտանգը տարաբախտուհին հրապուրեց. ազգական, բարեկամ իզուր խրատեցին կամ սպառնացան. Սուրբիկ անդրդվելի մնաց. Տիգրան միայն բան մը չըսավ, մինչդեռ բժիշկներն ապշած ու սքանչացած կը մեկնեին ամեն անգամ։

Միայն իր զավակներն հեռացուց ու ինքը գիշեր ու ցորեկ սպասուհվո մը օգնությամբ հիվանդին քովեն չբաժնվեցավ։

Հիվանդության չորրորդ-հինգերորդ օրերն Արամ էֆենտին անճանաչելի էր. անհամար ուռույց ու պալարներ, սև ու կապույտ, անոր դեմքն ու ճակատը պատեցին, աչերը փոսն իջած ու երեսին ուռուցիկ կույտերուն մեջ թաղվելով երկու փայլուն կետեր ու փոխվեցան. շրթունքն իրարմե հեռու ու բոլոր գլուխն ահավոր ու քստմնելի երևույթ մստացավ։

Սարսափելի ախտը մեկ քանի ավուր մեջ այս աստիճանի կերպարանափոխ ըրած էր հիվանդը, սպասուհին վախցավ ու առավ քալեց ու Սուրբիկ մինակ մնաց հիվանդը դարմանելու ու սփոփելու համար։

Մինա՞կ, ոչ սակայն, քանի որ Տիգրան առտու ու իրիկուն հոն էր․ բժիշկները կը հրավիրեր, դեղերը կը պատրաստեր ու տունեն դուրս հիվանդին վերաբերյալ բոլոր հոգերը կը մտաներ։ Նա մանավանդ Արամ էֆենտիի նեղությունը գուշակելով, առանց Սուրբիկի զգացնելու, Արամ էֆենտիի մեկ պահանջքը պանձած լինելու. պատրվակավ դրամական օգնություն մը կներ ու վերջապես այդ մահու ու սարսափի օրերուն մեջ պահապան հրեշտակի մը պես կը հսկեր այդ անօգնական ընտանյաց վրա։

Բժիշկներն հետզհետե ձեռք քաշեցին. հիվանդին վիճակը բոլորովին հուսահատական ու անոր ավերյալ դիմաց տեսիլն արհավրալից դարձավ։

Անտարակույս նախախնամության անքննելի մեկ գաղտնիքն էր որ այս դժնդակ ու զարհուրելի ախտն այսքան բարի ու պարկեշտ մարդու մը վիճակած էր. հիվանդին խելքը գլուխն էր միշտ, վերջին օրերուն, երբ որ ինքն ալ վերահասու եղավ իր վտանգավոր կացության, վարանում մը տեսնվեցավ այս մարդուն վրա. ըսելիք մը ուներ ու չէր կրնար կարծես մեկու մը հայտնել. Սուրբիկը միայն տեսնելով միշտ իր քովն, իր արդեն անհանգիստ խղճմտանքը բոլորովին վրդովեցավ. ամենքն, եղբայր, քույր, կամ ազգական, քոլերայե փախելու պես, առանց ետևնին դառնալու, մի առ մի խույս տվեր էին ու միայն այս երիտասարդ կինը մնացեր էր մինչև վերջն հաստատ իր սիրույն ու հավատարմության մեջ. այն ատեն մտածեց թե որքան ծանր պարտքեր ստանձնած էր այս մատղաշ ու փափուկ արարածին դեմ զոր դեռ տղա հասակեն աններելի անխոհեմությամբ մը իր կենաց բոլոր ծերության ու տառապանացը մասնակից ըրած էր. մտածեց նաև թե ասկից կը ճարեր բժիշկներու ամենօրյա տրված գումարները, վասնզի իր չնչին խնայողություններն հիվանդության առջի մեկ երկու ավուր մեջ սպառած էին անշուշտ։

— Սուրբիկ, ըսավ մանկամարդ կնոջն որ աթոռի մը վրա ու անկողնուն մոտը նստեր էր, քնահատութենե թալկահար ու դժգունած, ստակ մնացած չէ քովդ, իմ սեղանավորս կա Պոլիս, պետք է մեկ երկու ամսական կոտրել տալ այս օրերու համար։

— Բայց ստակի նեղություն չունինք, պատասխանեց նա, ատեն չեղավ քեզի իմացնելու որ հույն վաճառականին վրայի առնելիքներդ Տիգրան էֆենտին գանձեց։ — Ո՞ր հույն վաճառականն, հարցուց հիվանդը մտախոհ։

— Դուն գիտես անշուշտ, որո՞ւն վրա հարյուր քսան ոսկի պահանջ ունիս։

Արամ էֆենտի մեկու մը վրա այս տեսակ պահանջ մը չուներ ու անմիջապես գուշակեց այն չափազանց փափկության զգացումն՝ որով Տիգրան դրամական օգնություն մընդունել տալու համար այս ստախոսության դիմեր էր. բան մը չըսավ, բայց աչվըները լեցվեցան։

— Եղբորմե մը ավելի է մեզի Տիգրանը, Սո՛ւրբիկ, գիտցած ըլլաս, մրմնջեց միայն։

Իրիկունը երիտասարդն եկավ տրտում ու տխուր, հետևյալ օրվան համար բժիշկները նոր խորհրդակցության մը հրավիրեր էր. շատերը մերժեր էին գալու, և ոչ մին ծածկեր էր հիվանդին մոտալուտ վախճանն, ասով հանդերձ Տիգրան համառեր էր զանոնք կանչելու համար։

Հետևյալ օր հիվանդը բոլորովին ծանրացավ, իրիկվան դեմ Տիգրանը տեսնել ուզեց, հինդ րոպե վերջ երիտասարդն անոր անկողնույն մոտն էր։ Սև վարագույրներ կարգիլեին պատուհանեն եկող լույսն որուն չէին կրնար այլևս դիմադրել հիվանդին տկարացած աչքերը. գերեզմանի պես մթին ու սգավոր սենյակ մ՛էր. հիվանդը գլխով նշան մըրավ կնոջը զինքը մինակ թողլու համար ու Տիգրանին դառնալով.

— Իմ վերջս մոտ է ալ, Տիգրան, ըսավ հազիվ լսելի ձայնիվ, ու տեսնելով որ երիտասարդն ընդմիջելու շարժում մը կընե. ոչ, ո՛չ, ավելցուց նա, խարվելու պետք ունեցողներեն չեմ ես... շնորհակալ եմ քեզմե, ճշմարիտ որդի մ՛եղար ինծի իմ կարոտության օրերուս մեջ... քեզիպեսներ շատ չեն գտնըվիր...

Հոս հիվանդին ձայնը մարելու մոտ երևցավ.

— Զավակներուս ապագան չապահոված կը թողում ու կը մեկնեմ ու այս ցավը շատ մեծ է հոր մը համար... կուզեմ որ զավակներուս հսկես, Տիգրան... կը հասկնա՞ս, զավակներս որբություն չի տեսնան...

Տիգրան իր արցունքը չի կրցավ բռնել ու հեծկլտալով արտասվել սկսավ։ — Վերջին ու գերագույն խնդիրք մալ, մրմնջեց հիվանդը շնչահատ, կինս երեսես չի խնդաց մինչև այսօր, իմ մահվամբս այն ալ կարոտ ու... աղքատ կը մնա... քսանհինգ տարեկան այրի կը թողում ահա զինքը... դուն պաշտպանե անիկա... այս քաղաքը մի՛ նստիք...

Ոգևարին խոսքերն անհասկանալի դարձան, բայց հանկարծ վերջին ճիգ մը ընելով.

— Մի՛ մոռնար, Տիգրան, իմ զավակներս քու զավակներդ թող ըլլան ու դուն երջանիկ ըրե Սուրբիկը...

Օրհասականին ձայնը կարեցավ ու անկից վերջը խղդուկ հռնդյուն մը միայն լսվեցավ. քիչ մ՝ատենեն ամեն ինչ վերջացած էր։

Ութ օր վերջը բոլոր Վոսփորի ու Պյոյուք-Տերեի մեջ խոսակցությունն երկու դեպքի վրա կը կենտրոնանար, այն է Արամ էֆենտիի մահվան ու Խոսրովի կնոջ փախուստին վրա։

Եվգինե՝ ի վերջո Մարեմյանե ձանձրացած, խռվաթ սպասավորի մը հետ սիրահարած ու ամուսնական հարկեն չված էր պարզապես։

Խոսրովի հաջողության աստղը շատոնց ի վեր խավարեր էր. Եվգինեի փախուստը վերջին հարվածն եղավ անոր. իր ընտանեկան արկածները բերնե բերան զրուցվելով իր դիրքին ալ վնաս տվին, ու անոր խոստացված պաշտոնը շի տրվեցավ, Պաշտոնն ու ապրուստն զուրկ, տունը կործանած, ամենուն ծաղրին նշավակ դարձած, Խոսրով օր մը մեկնեցավ Պոլսեն առանց մեկու մը ձայն տալու ճիշտ ինչպես որ Եվգինե ալ իր տունեն մեկնած էր։ Ո՛չ ոք կրցավ անոր ո՛ւր երթալն իմանալ ոմանք կը պնդեին թե Ամերիկա կը գտնվի նա այժմ ու բողոքական միսիոնար եղած է, անտանելի աղքատության ու տառապանաց մատնվելն հետո, ուրիշներ կը հարեին թե նա իր հայրենիքը Խարբերդ դարձած է։

Այսպես հեռացավ այս մայրաքաղաքեն այն երիտասարդն որ պարտեր գուցե բնավ ոտք չի կոխել հոս. բախտը վայրկյան մը ժպտեցավ անոր իր դառնությունը վերջեն ավելի սաստկությամբ զգացնելու համար։

Իսկ Տիգրան Արամ էֆենտիի մահվանեն մի քանի օր վերջն իր գույքն ու կարասիքը վաճառելե հետո, Սուրբիկի ու անոր զավակացը հետ Ադրիանուպոլիս երթալու համար ճամփա ելավ. վայրահաչ բերաններն այո ուղևորությունն իրենց առջի ամբաստանությանը ապացույց համարեցին։

— Չէի՞ ըսեր ձեզի, կըսեր այս առթիվ հիսուննոց գիրուկ կինը, խեղճ մարդուն մահվան պատճառ եղան ու քառսունքին չեն սպասեր անգամ, այս տեսակ սեր տեսնված չէ դեռ. ամեն մարդ շատ բան ըրած է, բայց ամոթը մեկդի թողած չէ աշխարհի առջև։

— Առաջուց ի վեր մարդ չէին սեպեր անոնք, ավելցուց դրացի խոսակից մը։

Երիտասարդ փաստաբանն երբեք կարևորություն տված չէր այս թունավոր լեզուներուն. նա՝ Ադրիանուպոլսո մեջ երկաթուղվո կայարանին քով, Քարաղաճի դաշտին մեջ առանձին տան մը մեջ կը բնակի, ընդարձակ պարտեզ մը ունի զոր կը մշակե և ուր կզբոսնու. երբեմն աղքատ ու կարոտ մարդոց դատերը կը վարե ձրիաբար, այդ կողմերն ամենքը կը ճանչնան հարուստ փաստաբանն, ինչպես կանվանեն զինքը բարեմիտ գյուղացիք։

Բայց առջի անփույթ ու զվարթ երիտասարդը մնացած չէ. հիմա մտախոհ ու տրտում մարդ մէ. մորուք թողած է ու սպիտակ թելեր կանուխեն անոր մազերուն մեջ կը տեսնվին։ Խիստ քիչ անգամ անցելույն վրա խոսք կընե։ Արամ էֆենտիի վերջին կամքն հարգած է. անոր զավակներն իր զավակներն եղած են, վասնզի Սուրբիկ իրեն կինն է։

Վ Ե Ր Ջ

Ն Ա Ր Դ Ի Կ

ՎԵՊ


Այն առտուն ժամը չորսին, սովորականեն ուշ եկավ խմբագիրը։ Օրթագյուղեն քաշելով եկած էր համրելով ճամփան ծառերը, անցնող թրամվայները. տունը՝ Նոյեմի իր աղջիկը Հիվանդ անկողինն էր ու չէր կրցած բժիշկ կանչել, տպարանին մեջ որ գրասենյակ էր միանգամայն, իր երեք գրաշարները տեսավ մելամաղձիկ գլուխնին կախած քառակուսի խորշերու վրա, ջուրե զրկված արևահար բույսերու պես. իր օգնականը բացակա էր։

— Ի՞նչ ունիք առջին երեսին համար, պարոն Ատոմ, հարցուց անանցմե մեկուն։

— Ոչինչ, պատասխանեց գրաշարը առանց գլուխը վեր տանելու։

— Ոչինչը՝ կը հրատարակվի։

— Մեր ըրածը ի՞նչ է արդեն։

Խմբագիրը նեղացավ։

— Պարոն Ատոմ, անհամ խոսքերդ մտիկ ընելու ատեն չունիմ։

Ղալաթիս նեղ, ցեխոտ մեկ փողոցին մեջ, ավերակ շենքի մը ոչ թե մեկ հարկը, այլ ճիշտ տանիքին տակ, խավար և