Ն Ա Ր Դ Ի Կ

ՎԵՊ


Այն առտուն ժամը չորսին, սովորականեն ուշ եկավ խմբագիրը։ Օրթագյուղեն քաշելով եկած էր համրելով ճամփան ծառերը, անցնող թրամվայները. տունը՝ Նոյեմի իր աղջիկը Հիվանդ անկողինն էր ու չէր կրցած բժիշկ կանչել, տպարանին մեջ որ գրասենյակ էր միանգամայն, իր երեք գրաշարները տեսավ մելամաղձիկ գլուխնին կախած քառակուսի խորշերու վրա, ջուրե զրկված արևահար բույսերու պես. իր օգնականը բացակա էր։

— Ի՞նչ ունիք առջին երեսին համար, պարոն Ատոմ, հարցուց անանցմե մեկուն։

— Ոչինչ, պատասխանեց գրաշարը առանց գլուխը վեր տանելու։

— Ոչինչը՝ կը հրատարակվի։

— Մեր ըրածը ի՞նչ է արդեն։

Խմբագիրը նեղացավ։

— Պարոն Ատոմ, անհամ խոսքերդ մտիկ ընելու ատեն չունիմ։

Ղալաթիս նեղ, ցեխոտ մեկ փողոցին մեջ, ավերակ շենքի մը ոչ թե մեկ հարկը, այլ ճիշտ տանիքին տակ, խավար և ընդարձակ տեղ մէր այս տեղը ուս Եփրատ լույս կը տեսներ չորեքշաբթի և շաբաթ օրերը։ Հիմա այդ լույսը երկու փոքրիկ, պատուհաններեն, անթափանց դառնալու չափ աղոտ ապակիներեն անցնելով, փոշիներով ծանրացյալ երկու ծուռ ու լուսավոր սյուներ կը կազմեր որ դուրսեն ու բարձրեն կուգար, գետինը տախտակամածին վրա փակչելու համար։

Անդին տարածվող հարատև մշուշին մեջ շալեյի ձևով երկու գրասեղաններ որոց երկկողմանի զառիվայր տանիքը քառակուսի բազմաթիվ խորշերով ծակծկված Եփրատին գիրերը կը պարունակեն, խմբագրին բոլոր գույքը և բոլոր հարստությունը. 10, 12, 14 բութոնոց գիրեր, մաշած, տաշված, իրենց տիրոջ պես կակուղցած կապարի հատիկներ որոնք շողոքորթություն կը բուրեն։

Պատերը իրենց վտիտ ու սևաթույր մերկության մեջ տեղ տեղ միայն սքողված են Եփրատի, Տիգրիսի, Առավոտի չի ծախված թիվերով, տարօրինակ լրագրական սանդուխ մը որ Գասպար Քաքմաճյանի բոլոր պատմությունը, անկումը, իրագիտության դասի մը ձևով կը բացատրե։

Տպագրելու նյութեն ստակի դարձավ խնդիրը.

— Այսօր ստակ կուզենք, սկսավ գրաշարը։

— Այսօ՜ր, անկարելի է. գալ շաբթու։

— Դիմանալու կարողությունը չունինք, գոչեցին երեքը մեկեն, հասկցա՜ք, Գասպար էֆենտի, դիմանալու կարողություն չունինք։

Սեղաննին թողուցին խմբագիրը պաշարելով չորս կողմե։

Ո՜րքան ատեն ի վեր կը խաբեր, կը խաբխբեր զանոնք, միշտ բաժանորդներն, ծանուցումներն գալիք ստակը անոնց տալու խոստումով ու ինք առնելով շարունակ այդ դրամները։

Այս աղքատության արձաններեն շրջապատված խմբագիրը չի մտածեց այն վայրկյանին իր հավասար կերպով ողորմելի եղող կացությանը, իր հիվանդ զավկին որ անխնամ կը մնար երեսի վրա, ու այս մարդիկը մխիթարել ջանաց զորս իր դժբախտությանը, ձախորդությանը կապած էր։

— Տեսնենք, աստված մեծ է. Շամլյանի, Տեմիրճյանի ընկալագրերը ձեզ տամ, գացեք գանձեցեք։ Համոզելով, քաղցրությամբ, ցավակից բարեկամի մը պես խոսեցավ այս մարդոց, ու ամենքը խմբագրական գործերը թողած մեջտեղ գրին զիրենք հալածող ձախորդություննին, և ի դերե ելլող հույսերնուն բոլոր դառնությունը. խմբագիր ու գրաշար չի կար ալ. չքավորությունը ամենքը կը միացներ, կը հավասարեցներ այս պահուս։

Ատոմ մտերմացած՝ խմբագրին տան վիճակը հարցուց և Գասպար էֆենտի չի կրցավ իր զավկին հիվանդությունը պահել անոնցմե։ Հիվանդության վրա ամենքը ցավեցան, դարմանող բժիշկը հարցուցին և խմբագիրը դեռ բժիշկ չի կրնալ կանչելը խոստովանեցավ։ Հետո իր խոստումը ի գործ գնելով այս անգամ դողդոջուն ձեռքով մը գործավորներուն երկնցուց գրպանին խորեն հանելով ծալլած ընկալագրերը։ Հիմա գրաշարները կը զղջային այսքան նեղելնուն իրենց խմբագիրը ու իրենց երկրնցող քառածալ փոքրիկ թղթերը զիրենք կամչցներ։

— Չենք ուզեր, Գասպար էֆենտի, դուք առեք։

— Չէ, չէ՛, դուք ալ շատ նեղն եք։

Եվ այս մթին ու անծանոթ խորշին, այս թշվառության անկյունին մեջ պայքար մը տեղի ունեցավ. մին՝ բռնանալով տալու համար և մյուսները համառելով իրենց մերժմանը վրա. այն ատեն այս խմբագիրը՝ սովորաբար պոռոտախոս ու ցույցի համար ապրող մարդը, այս անհոգ ու անզգա մուրացիկը, այս գերազանցապես անտարբեր մարդը փղձկեցավ և արցունքի կաթիլ մը թրջեց ձեռքը մնացող ընկալագրերը։

Ջուր բերին, քաջալերեցին զինքը.

— Առջի երեսին համար անցյալ օր շրջանավարտ դպրոցական մը ութը սյունակ հոդված մը բերած էր հրատարակության. այն հոդվածը կը շարենք, ներքինները Օրագիրեն կառնենք. թերթոնը տպված է արդեն, հազիվ հիսուն տող կը պակսի, ան ալ Արամյան օրացույցին օգտակար խրատներ կառնենք, կամբողջացնենք:

Կը դյուրացնեին գրաշարները թերթին աշխատությունը, սեսնելով իրենց տնօրենին անձկությունը, անոր աղեկ օրերը վայելած էին ու նեղության պիտի համբերեին անշուշտ, վատություն չէին կրնար ընեչ. և խմբագրեն գաղտնի, իրենց մեջ. ճար մը մտածեցին առջի շաբթվան դուրս երթալիք Եփրատները խրկելու համար որոնք փոսթայի ծախք չըլլալուն, հոն մնացեր էին անկյուն մը նետված, փոշիներու տակ։

Քաքմաճյան՝ իրեն ցույց տրված օգնութենեն քաջալերվեցավ, ի բնե լավատես ու հուսալից մարդ էր. միթե Եփրատի առջի օրերը ինքը չէ՞ր նորեն այս թերթը հրատարակողը. թե որ քննադատությանը դարը անցած էր, ուրիշ միջոց պիտի որոներ, ապահովապես պիտի գտներ, ընդարմացած ընթերցողները ոգևորելու համար։

Այս Քաքմաճյանը, առաջ պարզապես մյուսյու Գասպար նախ տուներու, հետո ազգ. վարժարաններու մեջ հայերենի ազգ. պատմության ուսուցիչ, թողած էր այս ապերախտ ասպարեզը թաղյականներու և հոգի բարձուներու հալածանքեն հուսահատ, ինչպես կըսեր ինքը ամեն դեմը ելլողին, քահ քահ խնդալով այս բառախաղին վրա որ իրը չէր սակայն։

Պատրիարքարանի գրագիր, վաճառականի տոմարական հղած էր ատեն մը. հետո ուրիշ միջոց մը չի գտնելով ապրուստի, հարմար միանգամայն յուր չարամիտ ու բամբասանքի տրամադիր ոգվույն, Առավոտի արտոնությունը խնդրեր և առեր էր. լրագրությունը միայն գտնելով դյուրին և անաշխատ արվեստ որ անցյալ նվաստությանը վրեժը կը լուծեր ամենեն

«Չի պիտի վարանինք երբեք մատնանիշ ընելու ամեն զեղծում, ուր որ ալ հանդպինք»։ Այսպես կսկսեր նորեկ խմբագիրը և այս խոստումը սպառնալից բան մը ուներ իր մեջ։

Ասպատակելու, քանդելու հայտնի որոշումով այս թերթը կսկսեր հրատարակվիլ։

Առջի թերթեն շփոթեցավ. ուսկեց սկսելու էր. այնքան ըսելիք ուներ և Առավոտը անբավական կերևեր իր պահանջումներուն, հետո ինքզինքը ժողվեց և վեց խմբագրականով Քաքմաճյան ամենուն ալ ըսավ իր ըսելիքը, զորս այնքան երկար ատեն զսպեր և պահեր էր իր փոքրիկ սրտին խորը, շոգելից, կաթսայի մը՝ պես, ու շունչ մը առավ երկար, հաղթություն տանող մարդու գոհունակ ու ազատ շունչը։ Թերթը աղմուկ հանեց. Գասպար Քաքմաճյանի անունը ամենուն բերանն էր շատեր՝ հետաքրքիր տեսնել կուզեին զինքը։ Յուր ազգային տեսությունները ամփոփ պարբերություններով, ջղուտ ոճով գրված, դանակի պես հատու, քացախի պես դառնահամ էին. ութը տողի մեջ ամբողջ հայոց ազգը դատապարտելու հնարքը կը գտներ. հակասություն մը միայն կար որ բնավ չէր հասկցված, այս շատախոս մարդը լակոնական ոճը կը սիրեր. սովորաբար երկսայրաբանությամբ և խրոխտ բնաբանով մը կսկսեր անհեթեթ եզրակացությամբ մը վերջացնելու համար։

Օր մը Առավոտի մեջ, այժմյան Եփրատին նախահայրը ելավ գրեց.

«Սկզբունքը՝ կյանք ու գոյություն կը նշանակե. և Խասգյուղի թաղականները սկզբունք չունին, վասնզի ամեն օր իրարու հակառակ որոշումներ կուտան, ուրեմն Խասգյուղի Թաղ. խորհուրդը գոյություն չունի». և կը հրավիրեր թաղեցին նոր ընտրություն կատարելու համար։

Եվ հետևյալ օրը Օրթագյուղ փողոցին մեջ ծանոթ մը նշմարելով հեռուեն ձեռքով ոտքով նշան կըներ, կը կանչեր կը կեցներ մարդը որուն հետ հազիվ բարև մը փոխանակած էր մինչև այդ պահուն, ու խնդալով ուսին զարնելով, վաղեմի բարեկամի մը պես իր բերկրության մասնակից ընել կուզեր զայն։

— Կարդացի՞ր Առավոտը, ջախջախեցի թաղյականները։ Այնպես որ ամենքը ջախջախելով, փշրելով, ամբողջ հայոց ազգը ալյուրի վերածած ըլլալու էր։

Ընթերցողները տրամաբանական նրբությունները չէին հասկնար, բայց Առավոտը կառնեին սիրելով անոր վիճաբանող ու կռվարար հոդվածները և իրիկունները շուկայեն վերադարձին էսնաֆները կը գնեին զայն անհամբեր, գիտնալու համար թե որի՞ դեմ գրված էր այն օր. մյուս լրագիրները կը հարձակեին այս նորեկին վրա ի հարկին խմբագրին անձը, ընտանեկան կյանքը նետելով մեջտեղ ու Քաքմաճյանը ծաղրելի ընելու միջոցներուն մեջ ընտրություն չընելով երբեք։

Ընթերցողները կը զվարճանային և Առավոտը կը շարունակեր երևիլ. տանը դրացիները նախ զգուզությամբ դիտեցին այս կազեթաճին, որ իրիկունները թուղթերով, լրագիրներու ծրարներով ծանրաբեռնյալ կը դառնար տուն ուր անպաշտոն քարոզիչ մը, վռնտված վարդապետ մը սովորաբար հյուր եկած կը գտնվեր։

Կինը՝ Ֆուլիկ հանըմ, ատենով վարժուհի մէր Քում-Քափուի վարժարանին մեջ ուր մյուսյու Գասպար կը դասախոսեր, և՛ տասնևութ տարիի ամուսնութենե մը վերջը մեկ հատիկ աղջիկ զավակ մը միայն եկած էր իրենց առանձնությունը ոգևորելու։

Ֆուլիկ հանըմ նիհար, դյուրաթեք արարած մէր, հիմա քառսունի մոտիկ որ գյուղին մեջ կը վայելեր էրկանը հարուցած աղմուկին արձագանքը և Առավոտին համբավին կը մասնակցեր իբրև կազեթաճիին կինը։ Կզգուշանային անոր քով խոսելն, վախնալով որ հաջորդ օրը լրագիրը չի հրատարակե իրենց բամբասանքն ու սովորական չարախոսությունները։

Խմբագիրը բավական կը շահեր ընտանիքը ապրեցնելու չափ, ամառվան ու ձմեռվան գլխարկն ու շրջազգեստը շինելու չափ իր կնոջը ու աղջկան, որ գիշերները իր հոդվածներուն մաքուրը առնելու կաշխատցներ։

Երկու տարի միայն տևեց այս երջանիկ գոյությունը։ Պատրիարքական փոփոխության մը մեջ, Քաքմաճյան իր հարվածած եպիսկոպոսին ընտրությունը չի կրցավ արգիլել և նորընտիր Պատրիարքը թերթը խափանել տալով պատասխանեց խմբագրին առջի ազգ. տեսությանը, հորում մեծաբան հրապարակագիրը առջի օրեն իրեն դեմ կը զինվեր։

Այս առջի հարվածին տակ չընկճեցավ սակայն, այլ իր ամեն բան չափազանցելու տրամադիր մտքովը ինքզինքը լրագրական «նվիրական դատին» զոհը նկատեց, այնպիսի զոհ մը որ ապրելու պետք ունի, վասնզի ընտանյաց տեր է. բարեկամներ օգնության ձեռք կարկառեցին, Մանզումե իր մեծագույն հակառակորդը, այն ատեն հաջողության զենիթը հասած, գովելի վեհանձնություն մը ցույց տվավ հանգանակություն, մը բանալով, աղետն ամենեն շատ գրաշարներուն զգալի եղավ, պարապ ու անգործ մնացած խեղճերը գերեզմաններե վտարյալ ուրվականներու պես նիհար ու դժգույն շրջեցան փակ մնացող տպարանին շուրջը։ Յոթն ամիս վերջր Քաքմաճյան Տիգրիսի արտոնությամբ նորեն հրապարակ ելավ, այս անգամ խոհեմ ու շրջահայաց, տեսած պատիժեն խրատյալ։

Օր մը սխալեցավ նորեն։

«Պատ. Քաղաքական ժողովո մեկ սխալը» վերնագրով հոդված մը հրատարակեց ու Տիգրիսի հորդումներն ալ արգիլվեցան. հիմա Եփրատը կը հրատարակեր, հայտնելով ամենուն որ սարերը միայն կայծակը կը հրավիրեն ու այս անպատեհ փոխաբերությամբ սփոփված՝ որ իր սնապարծության կը պատշաճեր, հետզհետե կը վարժվեր իր ակամա գործադուլին, գրեթե կը սիրեր անոր պատճառած անդորր ծուլությունը:

Այս դադարման օրերուն մեջ, ստակի անձկությունը ավելցած օրն ի բուն կը շրջեր Պոլիս, Ղալաթիա, եկեղեցիները ու խաները, ի տես հանելով իր անձը կենդանի պատկերի մը պես որ հայ լրագրությունը կը ներկայացներ։

Հոս հոն պարզամիտ գավառացիներ կը փնտրեր, կը գտներ իր թերթին հավաքածոն առաջարկելու համար իբրև թե հազվագյուտ դրական գանձ մը ծախու հաներ և ձեռքը օդին մեջ երերցնելով ապշած դրսեցիին աչքը խոթելու ձևով, հանդիմանելով զայն, այսպիսի թանկագին բանի մը կարևորությունը չըմբռնելուն համար, կը գոչեր.

— Ժամանակակից պատմության էջերն են, զորս տեղ մը չեք կրնար գտնել. ասկից քանի մը տարի ետքը տասը ոսկիի պիտի վաճառեք թե որ ուզեք, բայց ձեզի համար երկու ոսկվո կը ձգեմ։

Մարդը կը վարաներ, ու Քաքմաճյան իր վերջին միջոցը ի գործ կը դներ։

— Քրտինքովս, արյունովս գրված են ասոնք, ազգին երեսուն տարվան վաստակավորն եմ, հասկցա՞ր, բարեկամ. գավառացին կամչնար, կը վճարեր։

Այս կերպ հնարքներով կապրեցներ տունը, պահելով խրոխտությունը մուրացկանության մեջ. անդադար ծխելով (իր միակ մոլությունը) ու մուխե ամպե մը մեջեն երերցնելով մեծ խոսիկ լեզուն, ֆեսը վեր նետած, ճակատը լայն, ամայի. ու մանր աչքերը խոժոռ խոժոռ անթարթ ուղղելով խոսակցին (եթե հարգելու մարդ մը չէր), կարծես թե ըսել ուզեր. — Դուն ես այս վիճակիս պատճառը։

Ֆուլիկ հանըմ իր խեղճ կինը ընտանի կենդանիի մը պես հնազանդ և համակերպող, վերահաս աղքատության կը դիմադրեր, կոկելով, նորելով հիները, ու պարտկելով չքավորության զրկումները։ Իր մեկ հատիկ աղջիկը՝ Նոյեմին կու գար կը հասներ ճիշտ հորը այս գահավեժ անկման միջոցին իր պատանուհվո ամեն հույսերուն, փափագներուն ոչնչացու մը տեսնելու համար։

Վարձով նստած փոքրիկ տուներնին եկեղեցվո ճիշտ դեմն էր. այս դրացիությունը աղջիկին աղոթասեր ու լռակյաց ոգվույն հարմար էր։

Հայրը իր դժգոհություններով, աղմուկովը կահաբեկեր զինքը և ավելի ևս կը պարտավորեր մեկուսի և անշշուկ կենալու։

Միակ հաճույքն էր այս աղջկան, իր փոքրիկ սենեկեն որուն բոլոր հորիզոնը եկեղեցվո բարձր պատերովը կը սահմանվեր, եկեղեցի եկողները դիտել, ջանալով գուշակել անոնց ժամասիրության պատճառը ու գաղտնիքը, գիտնալով որ տիկին Շամլյան իր տղուն նշանտուքին համար կուգար, Սուրբիկ տուտուն՝ գյուղին պառավը, տրտնջալու, ամենքը իրենց խնդիրքին համեմատ մոմերու, արծաթ խաչերու, ոսկեթել վարագույրներու խոստումով կաշառելու նախախնամությունը։ Այսպեսով Նոյեմի մոռնալ, չի տեսնել կուզեր իր հորը վրա ծանրացող թշվառությունը, մինչդեռ խմբագիրը հաճույք կզգար կարծես ամեն իրիկուն այս տասնևվեց տարու աղջկան հասկցնելով պատմելով իր բոլոր օրվան տառապանքը։

Վերջերը նոր միջոց մը հնարեր էր ստակ շորթելու ամուսնացող երիտասարդներեն։ Առջի Պսակին կամ սուրբ Սարգիսին Պատրիարքարան կը վազեր, կարգվելիք անձանց ցուցակը առնելով ընտրություն մը կըներ, հարուստը կը զատեր մեջեն և թերթին ճակտին համար հարսանյաց հանդեսին նկարագիրը կուտար Ատոմին որ հետևյալ բանաձևով կը վերջանար «երջանիկ ու բարեբաստիկ կյանք մը կը մաղթենք նորապսակ ամուսնացողներուն» և կոկիկ ծալքով, կապույտ սիրուն ժապավենով մը զոր նոյեմի կը պարտավորեր հատկապես պատրաստել, Եփրատի այն թիվը տարեկան ընկալագրին կցված հատուկ ցրվիչով կերթար մատուցվելու փեսին գրասենյակը, հարսնիքին երեքշաբթի առտուն։

Թե որ բաժանորդագինը չի գար ինքը կը ներկայանար գրասենյակ ժպտուն, քաղաքավար, գունաթափ փալթոն կոճկած, բոլորովին պաշտոնական ձևով.

— Արգելք չըլլամ Ձեր զբաղմանց. կաղաչեմ սեր գործը նայեցեք։

Մեղրածորան գգվալից բառերովը, զգույշ և բարեկիրթ վարմունքովը ամչցնելով դիմացինը։

Եվ սեղանին վրա բացված սիկառի տուփ մը նշմարելուն, մտերմանալով տիրոջը հետ.

— Սիկառ մը առնելու թույլ կուտա՞ք։

Մուխին մեջ Քաքմաճյան կը խոսեր, չի հուսահատելով ոևէ մերժումե, այլ ավելի ևս քաղցրացնելով լեզուն կը հիշեցներ Առավոտի, Տիգրիսի, Եփրատի անցյալը, միշտ անցյալը, իբրև թե բացակա մարդու մը իրավունքը պաշտպաներ։ Հետո իրավախոհության կուգար, երկու մեճիտիեով կը բավականանար և կը մեկներ։

Այսպես կը շրջեր փողոցե փողոց, ծխնելույզի մը պես բերնեն արձակելով մուխի թանձր ոլորքներ և շարժելով անհամեմատ կերպով երկայն թևերը որոնք կարծես վերջեն փակցված էին իր ոսկրուտ ուսերուն. ձեռքերը հաստ, կոպիտ, ավելի գործավորի մի վայելուչ քան թե գրական մարդու, և միշտ կարկառելու ուզելու պատրաստական, երկայն հասակին վրա փոքրիկ գլուխը հսկա գնդասեղի մը երևույթը կուտար իրեն. քիթը մանավանդ իրմե առաջ կը նշմարվեր, ցից ու հառաջապահ, միջամտող ու հետաքրքիր քիթ՝ տիրոջը բոլոր փառասիրությունները, տկարությունները ի ցույց ածելով․

Քաքմաճյան չէր տեսներ այլ կը հոտվըտար ու կը հավաքեր հաջորդ օրվան լուրերը երբ թերթը դադարման մեջ չէր, մանավանդ ամեն գայթակղությունները զորս ժողվելե վերջը կերթար հեղինակները գտնելու, քիչ մը ստակի փոխարեն լռություն խոստանալով և դրամ առնելե վերջը գոհ, երջանիկ, վեր կը բարձրացներ պարծենկոտ քիթը և խղճմտանքին վստահ մարդու մը պես կըսեր.

— Ես շանթաժ ընողներեն չեմ։

Կոտրած, ծռած գրասեղանին վրա կորաքամակ, իր մոլորյալ մտքին անհրաժեշտ եղող սիկառը բերանը, փորձերու սրբագրությունը սկսավ. մերթ ընդ մերթ կընդմիջեր սրբագրությունը լուրերուն շարադրության վրա դիտողություն ընելու համար, չի հավնելով Օրագիրիե հայագիտությանը, անոր սխալները ուղղելով։

— Պատվանշան չեն պարգևեր, կը շնորհեն, այս մարդիկը հայերեն չպիտի սովրին. տեսե՛ք, տասը տարվան խմբագիր մէ այս աններելի սխալը գործողը։

Հետո աշխատութենեն ձանձրանալով իր օգնականը հարցուց.

— Գևորգ ո՞ւր մնաց այս ատեն։

Նոր սիկառ մը շինեց ու սերթ ծխելը արդարացուց.

— Մեղմ ծխախոտը վնասակար է։

Կը քրտներ այս տանիքին տակ ուր արևուն ջերմությունը շնչառությունը կարգիլեր. հինգ վայրկյան վերջը մեկ կողմ նետեց փորձերը, խոսելու, շաղակրատելու մարմաջեն բռնված՝ Քաքմաճյան Եփրատիե համար նոր ծրագիրներ, նոր խորհուրդներ շինեց, թերթը տասը փարայի իջեցնել պզտիկ ծավալով բայց օգտակար պարունակությամբ, թերթոնը վերցնել, ի՞նչ է այս թերթոնը. ֆրանսական վեպը ի՜նչ կը հարմարեր մեր բարքերուն. կոմսուհիներով, դքսուհիներու պատմություններ որ մեր երիտասարդաց սրտերը կապականեին. հետո թերթոն բառին չի հավնեցավ, հայերենի կանոնաց համաձայն չի գտավ։

Ինքը՝ ահավասիկ ինչպես իր թերթը պիտի հրատարակեր. նախ, խմբագրական մը. ի՞նչ նյութի վրա. Քաքմաճյան խորհեցավ, փնտրեց, ազգային խնդիրներու վրա չէր կրնար գրել, ժողովականներուն ծուռ ընթացքը քննադատել մտքեն անգամ չանցուց. կամա ակամա տնտեսական պիտի ըլլար իր հոդվածը, ամենեն առաջ նյութականը, տնտեսական զարգացում մը պետք էր մեզի, խմբագրականեն ետքը օրվան լուրերը, դեպքերը, նշանավոր անձանց երթևեկը, Հավասի հեռագրերը բարձրաձայն կը համրեր նյութերը մատներուն վրա, տողերուն հաշիվը ընելով։

Այս միջոցին իր օգնականը տեսավ՝ Գալուստյան Գևորգը որ սանդուխեն վեր կելլեր Աբրահամ աղային հետ, Տևեճյան Մարտիրոս էֆենտիի մեծանուն հայ սեղանավորին, ոչ նվաղ մեծանուն սպասավորն որ խմբագիրը էֆենտիին սենյակը տանելու եկած էր։

— Կուգամ, ըսավ անոր, և օգնականին դառնալով՝

— Ո՞ւր մնացիր, ի՞նչ լուր։

— Ռուսահայ վաճառական մը եկեր է. շաբաթ գիշեր ի նպաստ Նարդիկի ներկայացում կա, ծանուցում պիտի ընենք երկու ամսեն Տեմիրճյան էլպիսին ամուսնությունը:

— Որի՞ հետ։

— Տեմիրճյանին գրագրին հետ։

— Չըսես որ Շամլյանները պիտի կատղին. Մանչեսթրեն հոս տղանին բերել տալ և չի կրնալ հավնեցնել, սա Տեմիրճյանն ալ գրագրին հանե աղջի՜կը տա, աշխարհք փոխվելու վրա է. Եձրատն ալ պիտի փոխենք։ Իր խորհուրդները, ծրագիրը նորեն պարզեց։

Գևորգ համաձայն էր բոլորովին, ան ալ իր գաղափարները ավելցուց։

— Հայ թատրոնի բարձրացման դատը ձեռք առնենք, աս ալ ազգ. իշխանության դեմ քննադատություն չէ որ արգիլվի, ուզածնուս չափ կը գրենք, թատրոն և ոչ պարահանդես. բուռն հոդված մալ գրաբարի դեմ. կը տեսնեք, Գասպար էֆենտի, որ խափանման կամ դադարման ամեն պատահականութենե բոլորովին հեռու եմ. այո՛, կա՛մ գրաբար, կա՛մ աշխարհաբար, խառնուրդ և հրեշային գրականություն չըլլար․ մին կամ մյուսը։

Քաքմաճյան իրմե ավելի ծայրահեղ մը տեսնելով դեմը մարանեցավ, երիտասարդին երեսը նայեցավ.

— Մի՞ն կամ մյուսը, հարցուց անոր, գլուխը քերելով, գրաբարի լավ մասերը առնելո՞ւ ալ հակառակ ես։ Բոլորովին։

Երիտասարդը իր կլոր կարճ հասակովը հակապատկեր մը կը ձևացներ խմբագրին երկայն, հասակին քով. Թարգմանչաց, վարժարանին շրջանավարտ՝ տարի մը պարապ պտտելեն ետքը, ոչ ոք գնած էր իր ազգային գրականության մեջ ունեցած հմտությանը։

Առջի վաճառականը որուն ներկայացավ գործ ուզելու համար, անոր ոտանավոր գրելը իմանալուն պես առանց ուրիշ հարց ու փորձի ճամփա դրավ զինքը։

Հայկ դյուցազնը. Հոմերոսը, Միլթոնը չար ոգիներու պես ամեն դուռ գոցելու ծառայեցին։

Կեսարացի վաճառական մալ Անատոլու գրվելիք առևտրական նամակի մը նմույշը դրել տվավ իրեն փորձի համար, նորընծա գրագիրը շատ պարզ. շատ հստակ գրած էր ամեն ինչ. բայց առուտուրի մեջ որոշ ու հայտնի բան մը գրելը պակասության մէր. վաճառականին կարծյոքը, մութ, տարտամ, ստվերամած գույն մը պետք էր ի հարկին փախուստի ճամփա մը ի պահեստի ունենալու համար, կեսարացին գոհ չի մնաց ու Գևորգ ամեն կողմե հուսակտուր՝ լրագրո մեջ հոդված գրելու ստիպվելով խմբագիր եղավ։

Երկրորդը՝ կեսարացի մը առևտրական նամակի մը նմուշով փորձեց պատանի Գալուստյանին վաճառականական հարմարությունը ու գոհ չի մնաց, նորընծա գրագիրը պարզ ու հստակ դրած էր ամեն ինչ. և կեսարացին կը հավատար, իբրև փորձ ռազմագետ, որ ուշիմ գրագիր մը իր նամակին մեջ ամեն դրվելիքը գրելով հանդերձ տարտամ, անորոշ գույն մը ձգելու էր հոն, հարկ եղած ատեն փախուստի, նահանջի ճամփա մը ունենալու համար. ոչ, այս տղան շատ կտրուկ, շատ որոշ կը գրեր, վաճառականը իր գտած պակասությունը չի ծածկեց բնավ:

— Աղեկ գրված է այս նամակդ, բայց ամեն բան տիփլոմաթնա ըսելու է, թե որ գիները իյնան, պետք է որ ազատ ըլլանք ապսպրված ապրանքնիս չառնելու, վնասվելու, կործանվելու համար վաճառական եղած չենք, կը հասկնաս՞։

Տղան շարադրության այս եղանակին չի կրցավ համոզվիլ. վերջապես առևտրական ասպարեզը չի ծպտեցավ իրեն շարունակվող անգործությանը մեջ սիրտը նեղացավ, հոդված գրեց, ու խմբագիր եղավ։ Լրագրեն որոշ, կանոնավոր ամսական մը չուներ բայց իր գտած բաժանորդներուն դրամը ինքը կստանար, անշուշտ հարստանալու համար եկած չէր Եփրատին. բայց հրապարակագրությունը սրտի գոհացում կուտար իրեն և այս փոշիով, սարդի ոստայններով լեցուն հարկեն կարձակեր դպրոցեն մնացած ծայրահեղ գաղափարներ զորս իրական կյանքի դառնությունն կարդարացներ։

Հիմա իր բարեփոխման ծրագիրը վախ կազդեր Քաքմաճյանին։

— Տակը կամ վրան, կըսեր երիտասարդը, լույս կամ խավար, մենք բոլորովին աշխարհաբար կը հրատարակենք մեր թերթը, իրենց բառերն անգամ պիտի մերժենք, թող իրենք ալ գրաբար թերթ հրատարակեն և ընթերցող գտնեն։

Այս ծանրակշիռ որոշումը տալե առաջ Քաքմաճյան խորհեցավ, սիկառ մը շինեց, վառեց։

Գալուստյան անգամ մը սկսած էր ու չէր կրնար կենալ։

— Ես անցյալ օրվան ներկայացման առթիվ սկզբնավորություն մը ըրած էի, հավնեցա՞ք, Գասպար էֆենտի. դերասանական արվեստը ծաղրելի միմոսություն մը չէ. բարձրագույն բարոյականի և տաղանդի արվեստն է։

Խմբագիրը շատ անգամ ծայրե ծայր չէր կարդար իր թերթը։

— Կը խորհինք դեռ, ըսավ երիտասարդին անոր եռանդը չափավորելով, դուն սա մնացած փորձերը նայե, ես քանի մը տեղ հանդպելու պարտավորած եմ, տունն ալ հիվանդ ունիմ, աղջի՜կս։

Վերջին բառին վրա հառաչեր, հառաչելու պարտավոր զգալով ինքզինքը։

— Տոքթոր Սիմոնյանը կանչեցեք, շատ ճարտար բժիշկ է, անշուշտ կարևոր բան մը չէ, կանցնի, հոգ մի՛ ընեք, Գասպար էֆենտի։

Խմբագիրը չի կեցավ ալ, սանդուխներեն իջավ ոչ թե ոտքերը տեսնելով մի առ մի, այլ երկար ժամանակով ստացված վարժությամբ մը, արագ քայլերով շիտակ ճամփեն դեպի կամուրջ կերթար։ Քոնսոլիտ խանին մեջ քոնսոլիտի գինն հասկնալ ուզեց, բայց խլացուցիչ ժխոր մը կասեցուց զինքը։

Ամենքը կը պոռային, միավոր, հարյուրավոր, հազարավոր թվանշաններ նետելով օդին մեջ. դուռնեն մինչև երկրորդ հարկը գացող երկաթե սանդուխներուն վրա ամեն ազգն ամեն տարիքե կազմված ամբոխին պայքարը մրրկոտ ծովու մը պես կուռեր կը մռնչեր գետնահարկեն մինչև ձեղունը բարձրանալով։ Դուրս են անոր պարկեշտ երևույթեն ոչ ոք պիտի գուշակեր որ դրամական աշխարհին բոլոր տագնապները, անկումները․ մեծությունները այս խանը կերկներ կը պահեր իր անզգա որմերուն մեջ։

Ամեն ոք կաճապարեր, ձայներնին խեղդուկ երկու ժամե ի վեր, մասնակցելնուն համար այս դրամական նվագահանդեսին, վերջին ճիգ մը ընելով չի կորսվելու հետզհետե բարձրակող այս ահագնալուր եղանակին մեջ ուր թիվերը ձայնանիշերու տեղը բռնած կը թվեին։

— Հազար կա։

— Հինգ հազար կա։

— Հինգ հազար ալ կա։

Ձեռվընին չարժելով գլուխնուն վրայեն տեսանելի ըլլալու համար բազմության մեջ, մեծցնելով թիվերը, առաջարկությունները ավելի հրապուրիչ դարձնելու համար. Քաքմաճյան ինքզինքը մոռցավ այս աղմուկին ու անմարմին առուտուրին մեջ. մտածեց որ քաղաքական կարևոր լուր մը եկած ըլլալու էր այս աստիճան տակն ու վրա ընելու համար խանին հաճախորդները։ Այդ լուրին ի՞նչ ըլլալը ստուգել ուզեց, փիացան հարցուց. տիրող տագնապեն հաստատ ու որոշ գին չիկար, տարբերությունները այնքան մեծ և հանկարծական եղած էին որ ոմանք իրենց դրամատունները գոցեր էին վճարման եղանակներուն մեջ այս միջոցը գտնելով ամենեն համառոտը։ Խմբագիրը գոհ մնաց հոս հանդիպելուն և աղետին ամենեն ծանր վայրկյանին հասնելուն համար։

Այս վայրկյանին բոլորովին մոռցած էր հիվանդ զավակը․ գանձելիք բաժանորդագիները և Մարտիրոս էֆենտիի հրավերը, հոս մեկ խոսքով հարստացող, աղքատացող մարդոց վիճակը դիտելու զբաղած։

Հանկարծ երկրորդ հարկը տանող երկաթե սանդուխին վրա կանգնած ծանոթ դեմք մը նշմարեց և ամենուն մեջեն սպրդելով անոր քով հասավ։

— Բարև, Ստեփանիկ աղա։

— Բարև։

— Ի՞նչպես, աղե՞կ եք։

Ստեփանիկ աղա կարմրած, ֆեսը վեր, թաշկինակովը սրբելով ճակտին քրտինքները, փոխանակ պատասխանելու իրեն, վարը կեցող մեկու մը կը պոռար հինգ մատերը բանալով, կարծես մուր տալու համար։

— Հինգ հազար կա։

— Առի, պատասխանեցին վարեն։

Հինգ հազար, հինգ հազար ալ, ու վարը կը շարունակեր պատասխանել «առի» «առի» խրոխտ շեշտով մը, կարծես թե զայրացնելու համար վերը, ուր վերջին վանկը միայն կը հասներ «ռի, ռի» սպառնալից refrainի մը պես։

Խմբագիրը կը դիտեր զմայլած, աչքերը խոշոր բացած, երբոր հիսուն հազարի հասավ ծախտծը, Ստեփանիկ աղա կեցավ. հանդարտեցավ, ահագին բ՛եռ մը պարած ըլլալու էր սրտին վրայեն. ֆեսը շտկեց, խոժոռ, բարկացած դեմքը թողուց խմբագրին երեսը նայելու համար. Քաքմաճյան այս բերանացի առուտուրին կը հետևեր ուշադիր, շունչը ղսպած, արդյունքը հասկնալու համար, երբոր տեսավ իր բարեկամը հանդարտած տեսարանը իր կարևորությունը կորսնցուց. մնաս բարով ըսավ սանդուխներեն վար իջավ, կամ արջին վրա անցագին ուզեցին տա՞սը փարա, ինչ չնչին գումար քոնսոլիտ խանի միլիոններուն քով. գրպանները խառնեց, փանթալոնին երկու խորշերը բացասական պատասխան տվին, բաճկոնին գրպանները նայեցավ. ոչի՜նչ, վերջին հույսը փալթոյին վրա կենտրոնացավ, իզուր անոր ալ գրպանները նայեցավ, հատակները քննեց և սակայն շատ լավ կը հիշեր որ քառորդ մեճիտիե մը և հարյուր փարանոց պիտի ունենար, և անցագինը պահանջող մարդուն քով պզտիկ չի մնալու ջանքով նորեն սկսավ իր անօգուտ խուզարկությունը, անցնողները զինքը կը դիտեին, ծանոթներ բարևելով կանցնեին, այո՛, ամենքը կանցնեին. ինքը միայն անշարժ ու գամված կը մնար և չէր համարձակեր ետ դառնալ. բայց ո՞ւր էր իր քառորդ մեճիտիեն. հանկարծ խորհեցավ թե կարելի առտուն Ֆուլիկ հանըմ վերցուցած ըլլար գրպանեն առանց իրեն իմաց տալու, այս շատ հավանական էր․ վայրկյանին իր կինը արձակելու անհուն փափագ մը ունեցավ. հետո հիշեց որ քառորդը առջի իրիկուն պարտքի տված էր, իսկ հարյուրնոցին հաշիվը չի գտավ։

Անցագին ուզողը կը շարունակեր զինքը դիտել ոտքսն մինչև գլուխը, հին կոշիկեն մինչև յուղոտած ֆեսը, ու այս ապարդյուն փնտռտուքը նկատելով սովորական հնարք մը ձրիաբար անցնելու համար կամուրջը։

Ետ դարձավ վերջապես հեռանալով այս ամոթի վայրեն Ղալաթիո բազմության մեջ աներևութանալու համար, իր ճանչվորները կը շարունակեին կամուրջեն անցնիլ ազատ համարձակ, իր բերնին ջուրերը վազցնելով, որոնց և ոչ մեկեն չի համարձակեցավ տասը փարա ուզել, սպասելով որ բարեկամի մը ընկերացած ինքը ես իր կարգին այս անանցանելի գիծը անոնի. ոչ որ տեսավ որան հետ այս փորձին ձեռնարկեր ու պարապ գրպաններուն մեջ դեռ թափառող ձեռքերը ընկալագրերուն կը հանդիպեին միայն, այն ատեն զայրացավ, տասը փարայի տուրքը անհիմն ու անիրավ գտավ և որոշեց որ առանց զայն վճարելու անցնի կամուրջեն. ի՞նչ կերպով. Ղալաթիս եզերքեն մինչև անցագին ուզելու տեղը տասը կանգունի չափ կրնար հառաջանալ. ատկե պետք էր սահիլ ստվերի մը պես առանց ուշադրություն հրավիրելու. դյուրին, հրապուրիչ երեցավ այս ծրագիրը և ճերմակ շապիկով հոն կեցող սպառնալից ուրվականին դեմ արժանի վրեժխնդրություն մը։

Ոսկեղջյուրի նավակները դիտելու ձև մը առած խմբագիրը անտարբեր, համրաքայլ հառաջացավ աչքին պոչովը դիտելով սպիտակ ուրվականը որ իրեն չէր նայեր այս միջոցին, երկու մուրացիկ տղաք ողորմություն ուզեցին իրմե. հանկարծ կամուրջին քովի երկաթին հենած մարդ մը իրեն պես տասը փարա չի վճարող մը անցագիծեն խույս տվավ բայց ոչ այնքան հաջողությամբ որ պահնորդները չի տեսնեին, երկու ծովային զինվոր ետևեն հասան ու ետ դարձուցին մարդը։

Քաքմաճյան այս տեսաբանեն խրատվեցավ ու ետ դառնալու վրա էր երբ փրկավետ ձայն մը զինքը կանչեր։

— Ի՞նչ կը դիտես հոդ։

Խմբագիրը նոր կյանք ստացավ տեսնելով Պասմաճյան Հակոբիկը։

— Ոչինչ, ո՞ր կողմ, Հակոբիկ էֆենտի։

— Պոլիս։

— Ես ալ. միասին երթանք։

Հակոբիկ վճարեր ստակը, ուշ մնացած էր. կամուրջին կեսեն-պատճառ մը առարկեց ու երիտասարդեն զատվելով շուտաքայլ հեռացավ իր բաժանորդները գտնելու համար։

Նախ Չաքմաքճըլար Շամլյաններոլ վաճառատունը հանդիպեցավ ուր պասմայի ծրարներու ետին պատերը անտես կը մնային։ Բեռնակիրներ դրան առջև ձգված վաճառքի հակերը քակելու կզբաղեին. ներսը պարսիկ վաճառական մը մաս մը ապրանք կը սակարկեր հրեայե մը ավելի բծախնդրությամբ, նեղ խանութին մեջ անցնելու տեղ չէր մնացեր. խմբագիրը զգաց որ պատեհ ժամ չէր ստակ ուզելու, ետ դարձավ անկեց Սիրքեճի Տեմիրճյաններուն. հոն հաջըղեցավ. գանձապետը դեղնի վրա, ակնոցավոր սիրուն տղա մը, առանց ընդդիմության վճարեց տարեկան բաժանորդագինը. Քաքմաճյան շնորհակալ եղավ ու տեղի անձկության պատճառավ գետնի վրա դիզված երկաթե փողերու վրայեն քալելով, ճշմարիտ լարախաղացի մը ճարտարությամբ հեռացավ։

Ամենեն հուսավետը, Մարտիրոս էֆենտին, վերջի թողած էր, այն մանուկներուն պես որ սիրած կերակուրնին ետքի կը պահեն։ Տասը քայլով ինքզինքը Թաշխանի դուռը գտավ, վեր ելավ էֆենտին հարցուց. բազմություն կար։

— Էֆենտին զիս է ուզեր, ըսավ խմբագիրը, իմացուցեք. դրան մոտ նորեկ ծառա մը կընդդիմանար այս մուրացիկի զգեստով մարդուն։

Մարտիրոս էֆենտի անկյունը բազմոցին վրա նստած, սովորական անմատչելի անձը չէր. Քաքմաճյան կը զարմանար, ո՞ր էր այն մարդը որ դրամ բառին դ գիրեն կսկսեր երեսք կախել, հազար առարկություն հարուցանել ստակ չի տալու համար. թերթը կանոնավոր կերպով չէր խրկվեր, լուրերը երկու շաբաթ առաքվան լուռերն էին։

Այսօր ընդհակառակն իր դեմքը չի մթագնեցավ, լուր հարցուց խմբագրեն, գովեստ խոսեցավ Եփրատի վրա. Քաքմաճյան իր առջի սիկառը ուզեց։

— Դուք հոտավետ ծխախոտ ունիք, սիկառ մը կաղաչեմ, էֆենտին ծխախոտը ներկայացուց և հառաջիկա շաբաթ օրվան ներկայացման առթիվ Եփրատի մեջ գեղեցիկ հոդված մը ուզեց խմբագրեն։

— Անոր համար կանչեցի Ձեզ։

— Գլխուս վրա։

Հիմա այս ազնիվ ընդունելության պատճառը հասկցած էր։ Օսմանիեի թատրոնին առաջին դերասանուհվույն նպաստ Ներկայացումն էր։

— Տաղանդավոր աղջիկ մ՛է այս դերասանուհին։

Մարտիրոս էֆենտին ազգին արվեստավորները քաջալերելու կողմն էր։

— Ի՜նչ է օտար թատրոններու տրված ստակը, մեր ազգային թատրոնը, մեր դերասանները հազար անգամ օտարե բարձր են։

Քաքմաճյան գիտեր այս ազգային թատրոնի համար ցույց տրված խանդաղատանքին գաղտնիքը, ու էֆենտիին տկարությանցը տեղյակ՝ հիմա կը թողուր իր պաշտոնական նստվածքը, սիկառին մուխը ռունգերեն կարձակեր, քրտնած ձիու մը պես, սենեկին կես լույսը անթափանց մառախուղի մը վերածելով. և բարև բռնող ձեռքը քակած, ոտքը ոտքին վրա հանելով, խմբագիրը տեսակցությունը շարունակեց։

Շաբաթ գիշեր Օսմանիեի թատրոնը արտասովոր բազմությամբ կը լեցվեր. ահագին gazometre մը կարծես այս շենքը, կամ մեծածավալ փեթակ մը որուն փոքրիկ դռնեն մտնողներուն վերջը չի գար։ Շաբաթե մը ի վեր թատրոնին մուտքին, փողոցի պատերուն, տախտակներուն վրա փակցված դեզին, կարմիր, կանաչ ծանուցումները, լրագրաց հրատարակությունները մեծ գիրերով ՆԱՐԴԻԿի անունը ամեն կողմ աչքի առջև կը գնեն և բազմությունը հրապուրված՝ անընդհատ կուգա գյուղեն, քաղաքեն, հետաքրքիր, տեսնելու համար դերասանուհին որ իր կատարելիք դերով նույնիսկ իր գոյությունը ի հանդես գիտի բերե։

Քամելիազարդ տիկին պիտի ներկայացվի, պարտիզին մեջ նոր եկող կառքերու թավալումը, խոսակցությունները, տոմսակ ուզողներու ձայնը, անթիվ, թվավոր նստարան, պենեոլառի, երրորդ հարկի օթյակ, աղեկ տեղ մը ընտրելու, շուտ ներս մտնելու ջանքերը՝ բոլորը իրարու կը խառնվին։

Ներսը՝ լուսափողփող ու բոլորակ սրահ մը որուն շուրջը օթյակներու չորս հարկերն կը բարձրանան իրարու վրա, դուրս գացող հսկա շոգենավի մը խցիկներուն պես. նոր հասնողները տակավ առ տակավ կը տեղավորվին. օթյակներու դուռները անընդհատ կը բացվին կը գոցվին սաստիկ շառաչմամբ. վերնահարկը, սրահը անհամար գլուխներով կը ծածկվին. և ամենուն տեղերը որոշող պաշտոնյաներուն ձայները կը լսվին շարունակ, տոմսակներուն համաձայն։

— Թիկնաթոռ թիվ 24։

— Նստարան թիվ 37։

Սխալներ տեղի կունենան, իրարու տեղ գրաված ըլլալու թողոքներ կը լսվին, և բազմությունը հետզհետե կը զետեղվի Թատերաբեմին փակ վարագույրին դիմացը, ծանոթներ զիրար կը բարևեն գլխով, ձեռքով, մեկը՝ վարագույրին վրայի պատկերին նշանակությունը կը հարցունե քովի նստող մարդուն. Նվագածուները իրենց գործիքները կը ներդաշնակեն խժալու աղմուկով մը ծածկելով բոլոր ձայները և հանդիսատեսներուն անհամբեր մասը ոտից կամ գավազաններու միօրինակ տրոփյունով ներկայացման սկզբնավորությունը կը պահանջե, ներկայացվելիք խաղին, անձերուն, դերասաններուն անունները պարունակող փոքրիկ ծանուցու՜մներ ձեռքե ձեռք կը շրջին հարցումներու, քննադատությանը տեղի տալով. օթյակներուն մեջ տիկինները վրանոցնին կը մերկանան, ձյունաթույր ուսերու, լանքերու, դաստակներու փողփողումր խառնելով եզերքի կարմիր թավիշին։

Տենդոտ, հիվանդագին բան մը կար բոլոր այս բազմության մեջ։

Ամնն ոք, այս ներկայացման գալով, հասարակաց կինը տեսնելու կուգար թատերաբեմին վրա, իր բոլոր գրապույրին բոլոր թշվառությանը մեջ։

Այս էր ահա այդ երեկույթին բոլոր ձգողությունը։

Հասարակաց կինը միշտ սովորական ու միշտ հետաքրքրաշարժ բան մըն է։

Անտարբերները կր վայելեն, անողորմները կը պարսավեն և ողջամիտ անձերը զայն կը մեղքնան։

Ժպիտն ու արցունքը դրե՛ք քովե քով, հառաչանքը խառնեցեք զվարթ քահքահներու հետ, այդ է ահա հասարակաց կինը, էրիկ մարդիկ երբեք չպիտի հասկնան այս բադադրությունը, բայց երբեք ալ ազատ ու զերծ չպիտի մնան անոր հեշտալի ազդեցութենեն։

Ի՛նչ տեսակ էակ է այն որուն կյանքը՝ ասոր անոր կես կամ քառորդ մամերովը կը կազմվի։ Ուրույն գոյություն մը ունի՞ արդյոք։ Արք, հետաքրքիր, հավիտյան պիտի դեգերին այս հարցումներուն շուրջը։

Մարդկային անվերջանալի բարեկենդանին մեջ, հասարaկաց կինը մյուս դիմակավորներեն սա տարբերությունն ունի որ, ինքը միայն անպատրվակ, հետամուտ չէ ինքզինքը չճանչցնելու։ Սիրո վաճառականուհին է. իր զգեստը, ձևերը, շարժմունքը, ամեն բան կը մատնեն զինքը։ Դիմակ չունի բոլոր դիմակավորներուն մեջ. իր արհեստն ընթեռնելի կերպով դրված է ճակտին վրա. ոչ ոք խաբվելու և գանգատելու իրավունք չունի։

Ավանսենի մը մեջեն Մարտիրոս էֆենտին կը բարևեր շուրջը, Գալուստյան Գևորգը որ իր թիկնաթոռեն ոտքի վրա ելլելով էֆենտիին, Եփրատի պաշտպանին, բարևը կառներ, անդին միևնույն կարգին վրա Պասմաճյան Հակոբիկը, Տեմիրճյաններուն գանձապետը՝ Լևոնը, պելեթաժեն Շամլյան Հովակիմ աղան իր կնոջ ու աղուն Արմենակին հետ. ուրիշ օթյակի մը մեջ Ստեփանիկ աղան, քոնսոլիտ խաղացողն։

Բազմությունը՝ իր ոտից տրոփյունը կավելցներ. վերջապես զանգակը հնչեց, երաժշտությունը խոսակցությունները դադրեցուց և վարագույրը բացվեցավ։ Առաջին արարվածը խորին տպավորություն մը թողուց. ոմանք՝ խաղին հետևեցան. ոմանք դերասանուհվույն դաշնակավոր ձայնին, բոլորը՝ անոր մարմնական հրապույրին, կանայք անոր կապույտ թավշե մեծագին շրջազգեստին հավնեցան։

Նարդիկ՝ սիրո զգացումը իր անհուն, անծայրածիր տեսլականին մեջ արտահայտեց, ամենքը կը մաղթեին որ իրենց ուղղվեր անոր հրավառ շեշտերը և դերասանուհին կարծես այս մաղթանքը արդարացնելու համար բոլոր սրահին վրա կը պտտցներ իր բորբոքիչ նայվածքը։

Ծափահարություններ, փունջեր, bis, կեցցեի աղաղակ և առաջին արարվածը վերջացավ։

Թատրոնի նորեկներ հասկնաք կուզեին այս գեղեցիկ կնոջ ո՞վ ըլլալը, մանավանդ ո՞ւր բնակիլը։

Մեծ մաս մը թողուց իր աթոռները, պարտեզին զովությունը վայելելու համար. օթյակներուն մեջ այցելություններ սկսան։

Վարը, Հակոբիկ՝ իր ընկերը դերասանուհվույն քով տանիք կառաջարկեր։

— Երթանք Նարդիկը տեսնել, քիչ մառաջ «մեկտեղ բեր բարեկամդ» ըսավ ինծի, չուզած բանդ, այնպես չէ՞։

Փոքրահասակ, դուրս ցցված աչքերով երիտասարդ մը որուն ճաշակավոր հագուստը անձին տգեղությունը կը մոռցներ։ Խառնուրդ մը այս տղան, բոլոր գիշերօթիկ վարժարաններու Շահնազարյանի, Ռոպերթ քոլլեճի, Լիսեի, ուսկից ստացած ուսման հետքերը միայն մնացած էին քովը։ Գործի մեջ ճարտար ու հնարամիտ, մաքսատունեն հանելիք վաճառքները շուքի մը պես աննշմարելի կերպով անցրնելու գաղտնիքը գիտցող. կը վաստկեր շատ և շատ կը մսխեր, քանի մը հոգի էին ասոնք, քանի մը երիտասարդներ, Պահչե քափուի մեջ, որ մաքսատան պաշտոնյաները կը հուսահատեցնեին, տարօրինակ պայքար՝ ուր ընդհանուր կանոնին հակառակ՝ փախողը տարած կըլլար հաղթությունը։

Եվ Պասմաճյան Հակոբիկ կը փախեր ու կը փախցներ. ամառը՝ Պյոյուք-Տերեն խոսեցնելով իր մեծածախ զբոսանքներուն և կարճ հասակին վրա, ձմեռը՝ Փերան։

Գեր կիները հատուկ ձգողություն մը ունեին իր փոքրիկ անձին համար և անոնց մեջ կը թավալեր, վերջ ի վերջո կանգ առնելու համար այս դերասանական խումբեն միույն քով տիկին Մազչմյանի ստվար թևերուն տակ։

Մյուսը՝ Տեմիրճյաններու գանձապետը՝ վաճառատան գործերու առթիվ ծանոթացած, մտերմացած էր Հակոբին հետ ինքը՝ կարգի կանոնի տղա, բոլորովին հեռու էր անոր հարաբերությանց հաճույքեն. բայց այս վայրկյանին իր բարեկամին առաջարկությունը երջանկության հրավերի մը պես հնչեց իր ականջին, այսպես շուտով մոտենա՜լ այս բոլոր բազմության պաշտած դիցուհվույն։

— Էրթանք, ըսավ, բայց ես գերասանուհյաց վարժության չունիմ։

Թողուցին աթոռնին։

— Թե որ մեկը զմեզ տեսնա, կըսեր Պասմաճյան, ինծի համար փույթ չէ, բայց դո՞ւն նշանած երիտասարդ։

Եվ կառաջնորդեր նեղ նրբանցքներու ոլորապտույտ ճամփաներու մեջեն ուր հեռու հեռու գրված կանթեղներուն լույսը օգուտ չուներ։ Այդ տեղերու ծակը ծուկր գիտեր։

Դերասանաց հատկացյալ սրահը խառնաշփոթ տեղ մէր Պիթբազարի և Փերայի վաճառատան զուգավորություն մը. հոս հոն բազմոցի կամ աթոռակի մը վրա զգեստներ, ձեռնոցներ․ գլխարկներ, էքսթռեի շիշեր ու երեսի ներկեր։ Ոմանք իրենց դեմքին ավրված գույները կը նորոգեին. մին կը ծերանար մյուսը իր տարիքը կը ծածկեր, ուրիշ մը իր մոռցած դերը հիշելու կը ջանար՝ ինքնիրեն քթին տակ կրկնելով պարբերությունը․

— Եվ Արմանին ընկերացա հոնկե մինչև հոս..․ ու չի հաջողելով շարունակությունը հիշել։ Մեկ քանիիներ կը խոսեին, կը խնդային։

— Ինծի նայե, Միշե՛լ, կըսեր անոնցմե մին պոռալով, իրավ որ դուն ապուշի բնական հարմարություն ունիս։

— Կորսվե՛ դուն ալ, հանդիսականներուն պահե անճոռնի կատակներդ, կը պատասխաներ Միշել։

Տիկին Մազլըմյան կընդմիջեր.

— Սուս եղեք քիչ մը։

Քորսեին կապերը կը քաշեր շարունակ չի կրնալով իր պարարտ մարմինը սեղմել այնքան որ իր մեջքին լայնության անպատեհությունները վերցնե. նույն միջոցին Հակոբիկը տեսավ, օգնության կանչեց։

— Եկո՛ւ, եկո՛ւ, սա կապերը քաշե։

Անդին՝ ճամպազյան՝ Արմանի դերը կատարողը՝ մանկամարդ աղջկան մը հետ կը խոսեր։

— Սուտ մըսեր, Սաթենիկ։

— Ես սուտ մուտ չգիտեմ, ամեն բան բացե բաց. կը սիրեմ՝ կը սիրեմ, չեմ սիրեր՝ չեմ սիրեր։

— Կեցցես, Կապուտ-հազ, ըսավ անոր Հակոբիկ, միշտ այդպես անկեղծ եղիր և ոչ ասոնց պես խաբեբա։

Երիտասարդը տիկին Մազլըմյանր ցույց կուտապր ամենուն խոսքին, գործին կը խառնվեր, դերասանները իր անկարգ ու զվարճասեր կյանքին սովորական ընկերներն էին. դերասանուհիք քիչ շատ իր սիրուհիները, հոս՝ իր տանը, ընտանյաց մեջն էր կարծես, ամենուն ներքին կյանքը, կապակցությունները գիտեր.

— Ստակներդ առի՞ր, Միշե՛լ, կը հարցներ։

— Ոչ դեռ։

Լևոն ապշեր էր այս անծանոթ մարդոց ու աշխարհին մեջ։

— Ո՛չ դեռ։

Եվ տիկին Մազլըմյանին մոտենալով՝

— Դուն ինչպես ես, հանը մըս։

Տիկին Մազլըմյան իր վրեժը լուծեց.

— Խաբեբաներուն մեծը դուն ես, ո՞ւր է խոստացած փաթիդ։

— Բոլորովին մոռցա, արդեն շատ ալ զբաղյալ էի. գալ ուրբաթ անպատճառ. Նարդիկ, մեկտեղ ես, Լևոնին համար կը մտածենք, կաշխատինք։

Զանգակը հնչեց, երաժշտությունը երկրորդ արարվածին նշանը տվավ. հուշարարը՝ տետրակը ձեռքը իր փայտե տուփի մեջ մտնելու վազեց։

Երկու երիտասարդները բաժնվեցան մինչդեռ Նարդիկ ետևնուն կը պոռար.

— Անթրաքթին եկեք նորեն։

Ո՛չ. հիմա ուշադրություն չէր ըներ խաղին, ամբողջ սրահը, օթյակները, բաղմաթյունը կը ցնդեր կանհետանար, մինակ Հո՜ն, բեմին վրա ձգելով դերասանուհին որուն ժպիտները հատկապես իրեն կուղղվեին, արևեն անջատված ճառագայթներու պես համակ լուսով ողողելով զինքը. կը խորհեր իր նշանածի դիրքին, կարգադրված ապագային՝ որոնք պարտավորություններ կը հիշեցնեին, իր խոսեցյալին դեմքը աչքին առջև կը բերեր, անոր ալ հրապույրն ու գեղեցկությունը հիշելու ջանք կըներ առանց հաջողելու, քովեն բարեկամը հանգիստ չէր թողուր զինքը.

— Չի՜ խոսիս։

Ի՞նչ խոսեր, երկրորդ դադարին ամենեն առաջ ինք թողուլ իր աթոռը, չի կրնալով հանդուրժել սրահին հեղձուցիչ մթնոլորտին։ Պարտեզին մեջ Ստեփանիկ աղան ելավ դեմը։

— Ի՞նչ կըսեր սա քոնսոլիտին իյնալուն։

Շահադետը կարծիք կը ժողվեր խոսակցությամբ, գագափար կը հասկնար վերջեն ընտրություն մը ընելու համար անոնց մեջեն։

Լևոն պատասխանելու տրամադիր չէր։

— Չեմ գիտեր, չի լսեցի։

Ստեփանիկ աղան կը պնդեր․

— Ի՞նչ ըսել է «չի լսեցի», չորս ղուրուշի անկում և դոմ տեղեկություն չունիս. ո՜ւր կապրիս կոր, վաճառական չե՞ս դուն։

Խաղացողը կը պարսավեր երիտասարդը հայտնելով որ վաճառական մը դրամի և արժեթուղթի հրապարակին անտարբեր չի կրնար ըլլալ. ամեն փոխանակություն դրամի, արժեթուղթի կամ վաճառքի, միություն մը կը կազմեր և այդ երեք մասերը սերտիվ կապված էին իրարու։

Գալուստյանը տեսավ, անոր ալ կարծիքը հարցուց.

— Պատճառը հայտնի է, ըսավ օգնական խմբագիրը։

Քաղաքական կացությունը ծանր է. վերջին հեռագիր մը Անգլիո և Ռուսիո մեջ հարաբերությանը խզում մը կը հայտներ։

Ստեփանիկ աղան ամենեն առաջ պոռսային մեջ այդ լուրը առած էր. հուսացածին պես նոր բան մը չի կրցավ իմանալ։

Լևոն հայտնապես կը ձանձրանար. Նարդիկի մոտ երթալ կուզեր և այս հաճույքը կը տանջեր զինքը, կը ծանրանար սրտին վրա. որոշեց վերջին անթրաքթին երթալ. ներկայացման վերջանալուն մոտ, տարտամ ակնկալություն մը ուներ այս հետաձգումովը։

Պարտեզին քազինոյին մեջ հանդիսականները լեցված էին տեսակ տեսակ ըմպելիքի գավաթներով ծածկված սեղաններու շուրջը․ ամեն ոք իր տպավորությունը, կարծիքր կուտար. սպասավորները ապօպրված ըմպելիքներու անուններ կը պոռային պյուֆեի մարդուն հունարեն թիվերով։

— Միայն քոնյա՜ք, տիո շա՜րթրյոզ։

Եվ ձեռքերնին ափսեներ կը շրջեն բազմության մեջ սեղաններու մեջեն անցնելով դառնալով անընդհատ։

Լևոն երկու քոնյաք խմեց, զինքը ճնշող անհանգստությունը թոթափելու համար։

Սպասավորները կը շարունակեին բարձրաձայն պոռալ, հունարենին խառնելով տաճկերենն ու հայերենը.

— Երկու լիմոնադա, Մարտիրոս էֆենտիի լոճային։

Մարտիրոս էֆենտին ծանոթ էր այս տեղ իբրև ամեն ներկայացումե անպակաս, ավանսենի օթյակը իրեն հատկացյալ էր ուրկե առանց դիտակի օգնության կրնար խաղին հետևիլ։

Երաժշտության ձայնը երկրորդ արարվածին սկսիլը իմացուց. քազինոն հինգ վայրկյանի մեջ պարպվեցավ. ամեն մարդ իր տեղը բռնելու վազեց, Լևոն վարագույրը բացվելեն ետքը իր տեղը եկավ. Մարկրիթ Կոթիեն խնջույքի տեսարան մը կը պարզեր որ խեղդուկ հազով մը, բերնեն եկող արյունալի փրփուրով մը կընդհատվեր. և ակամա բաղդատություն մը եկավ միտքը զվարճության և տառապանքի, երջանկության և մահվան այսքան քով քովի գտնվելուն վրա. Մարկրիթ իր հազի տագնապին Նվաղումեն սթափեցավ, թաշկինակով սրբեց բերանը ուր արյունը շրթունքը բոսորագեղ ներկած էր. Լևոն այդ մահագուշակ ու արյունոտ թուքը սիրահոժար պիտի ծծեր, առներ անոր զրթունքներեն. դերասանուհվույն թաշկինակը իր Նախանձը շարժեց։

Սրահին մեջ շնչառությունը դադրած, խոր ու անձկալից լռություն մը կը տիրեր. Մարկրիթ ինքզինքը գտավ։

— Մի՛ վախնաք, կըսեր Արմանին. շատ հեղ կը պատահի այս, իրավ որ մեռնելե չեմ վախնար, քեզմե բաժնվելուս համար միայն կը սարսափիմ։

Եվ սրահին մեջ Նարդիկի նայվածքը կուգար երիտասարդը փնտրելու, կարծես հասկցնելու համար որ, միայն անոր կուղղվեր այս հայտարարությունը։

Այս վայրկյանին ոչ ոք անոր մարմնուն հրապույրը կը տեսներ և ուրիշ բան չէր բայց եթե աննման տաղանդի մը և ահավոր կերպով սրտաճմլիկ տեսարանի մը զորությունը որ կիշխեր քար կտրած հանգիսականներուն վրա։

Հետո ծափահարություններ անընդհատ, որոտալից գոռ ու գոչում մը, վերնահարկեն մինչև գետնահարկը, ոտքի տրոփյուններ՝ թատրոնին հին շենքը դողացնելով իր բոլոր փայտե կապերուն և ատաղձներուն մեջ։

Վերջի դադարին ա՛լ չի համբերեց. Հակոբին հետ միասին Նորեն անցավ մանվածապատ ու մթին ճամփաներե, ներսը վարագույրին ետին հավաքվեր էին։

Նարդիկ այն պաշտելի հյուծախտավորը չէր, այլ զվարթ վառվռուն աղջիկ մը.

— Ո՞ւր մնացիք։

Լևոն հիվանդագին վիճակին մեջ կուզեր գտնել զայն. ծունկի գալ անոր մոտ համբույրներով ծածկելու համար անոր թալկահար ու տամուկ ճակատը։ Այս միջոցին թեթև ձեռք մը ուսին դպավ.

— Բարի եկաք։

Լևոն մինչև իր հոգվույն խորը զգաց այս քաղցրահնչյուն ձայնը. դարձավ, Նարդիկն էր. հիմա մութ կարմիր զյուռայե շրջազգեստ մը հագած էր երկրորդ արարվածին պահանջման համեմատ. բաց կուրծքին վրա նետված դանթելի կոհակներն հեշտավետ հովի մը ճերմակ փրփուրներուն պես դուրս կը թափեին կարծես ներսի խռովության արտահայտությունը, պալայոզներու վրա բռնված փեշը թատերաբեմին կեսը կը ծածկեր և Նարդիկ՝ ամեն շարժումին ոտքի փոքրիկ հարվածով կը պարտավորեր զայն շտկել, և այսպեսով ցույց կուտար յուր սիրուն փոքրիկ կոշիկները, երբեմն բուռն շարժման մը մեջ նույն գույնով մետաքսյա գուլպայի մը սկզբնավորությունը որ յուր սրունքներուն կը փարեր, կը գրկեր զանոնք, ծառի մը փաթթվող պատատուկ թավիշե մարմանդներու մեղկ ու քաղցր հպումովը։

Երիտասարդը անոր ձեռքը բռնեց, ջերմ, տենդոտ ձեռք մը, աղջիկին մազերուն, մարմնույն բուրումը եկավ իր ռունգերուն. այդ մարմնույն հեշտությանց ու թաքուն շնորհներուն վրա գաղափար մը, զմայլելի գաղափար մը տալով հիմակուց.

— Ծաղիկներու թագուհին եք այս գիշեր։

Հակոբիկ եկավ հասավ.

— Ահավասիկ պատվերիդ համեմատ այս պարոնը բերի քովդ, կուզե՞ս որ ներկայացնեմ։

Մյուսները Նարդիկին շուրջը բոլորվեցան. պիռա բերեք. Հակոբիկ ամենուն կը հրամցներ, մերժողներուն կսպառնար․

— Չէ նե վրադ կը թափեմ։

Հետո Արմանին կը դառնար.

— Դուն նա՞սլ ես կապուտ-հազիդ հետ. բժշկվեցար. մյուսը գլխովը բացասական պատասխան կուտար։

Այս քաջառողջ երևույթը իր պատրանքը փարատեց։

Տիկին Մազլըմյան իր փառթիե հաստատել կը ջանար։

— Ուրեմն որոշված է ուրբաթ օրվան համար Թաշտելեն երթալնիս։ — Այո՛, հոգիս, որոշված է։

Հակոբիկ՝ համբույրով մը կերաշխավորեր այս խոստումը։

— Թե որ կուզես այս գիշեր ալ ճաշ մը Փերայի մեջ։

Տիկին Մազլըմյան Նարդիկը անպատճառ մեկտեղ կուզեր և դերասանուհին չէր կրնար գալ։

— Ինչո՛ւ, և առաջարկությունը ավելի ազդեցիկ դարձնելու համար կավելցներ, Լևոն ալ կաղաչե քեզ որ մեզի հետ գաս։

— Կաղաչեմ, կըսեր Լևոն։

— Ո՛չ, ոչ, չեմ կարող։

Հակոբիկ կը վիճեր.

— Ի՛նչ, նորեն սա տեվեն է, տեվեճին է․ ո՞վ է թեզ հափշտակողը։

— Խենդ խոսքեր մի՛ ըներ, անհանգիստ եմ այս գիշեր, ուրիշ արգելք չունիմ, գլուխս մի՛ ցավցներ։

— Դուն գիտես, երթանք, Լևոն, ուրբաթ օրվան գոնե ապահովապես խոսք տվիր։

Հակոբիկի վերջին խոսքերուն վրա կը մտածեր Լևոն նեղ համփաներուն մեջեն վերադառնալով, ու հիմա իր թիկնաթոռեն ավանսենի օթյակը կը դիտեր շարունակ փոխանակ թատերաբեմեն վրայի ներկայացումը դիտելու. հոն Մարտիրոս էֆենտի կը խրոխտար ծավալելով իր խոշոր մարմնույն գոհունակությունը և անտանելի ատելություն մը արծարծելով երիտասարդին սրտին մեջ։

Դերասանուհվո մը կյանքը չգիտնալու չափ միամիտ չըլլալով հանդերձ, միշտ բացառություն մը ենթադրեր էր այս աղջըկան համար, որ առաջին օրեն խորին ու անդիմադրելի զմայլանք մը ազդեր էր իրեն, հեռիեն նայելով, մաքրության ու անմեղության մթնոլորտի մը մեջ երևակայեր էր զայն միշտ, և ահա քառորդ ժամի մը խոսակցության մեջ հարկ կըլլար համոզվիլ և ճանչնալ թե բացառիկ ու գերագույն էակ մը նկատված այս կինն և ոչ մեկ կերպով կը տարբերեր իր նմաններեն։ Միանգամայն կը մտածեր թե նարդիկ ինչո՞ւ չընդունեց իրենց հրավերն, իրոք ուրի՛շ մը, մշտակա ու նախանձոտ սիրո՛ղ մը կար այս կնոջ վրա հսկող, թե ոչ անհանգստությունը միայն արգիլեր էր զինքն իրենց հրավերն ընդունելու։ Ինքնիրեն չափեց ու բաղդատեց այս երկու հավանականություններն, և ավելորդ է ըսել որ իր տկար սիրտն ավելի Նարդիկի հառաջ բերած բարուրանքը իրավացի համարելու կողմն հակեցավ։

Այս մտածմանց մեջ ընկղմած՝ ալ ուշադրություն չըրավ երրորդ արարվածին որ թատերաբեմին վրա կը ներկայացվեր։ Այն ատեն միայն սթափեցավ երբ տեսավ վարագույրն իջած ու հանդիսականները գրեթե մեկնած. իր նայվածքը թափուր և ստվերամած սրահ մը տեսավ, որ հետզհետե կը մթննար. լուսերը կը մարեին, թատրոնը ահագին գերեզմանի լռության դատապարտելով. հիմա հիշատակ մը չի կար բոլոր երեկույթեն և իր հոգին դղրդող աղմուկներեն։

Դուրս ելավ. ժամը վեցն էր, պարտեզին մեջ հապաղողներ միայն մնացեր էին. դրան մոտ քուփե մը կսպասեր որուն վալապտերները արյունացայտ աչքեր ու պես կը շողային մթության մեջ։

Հովեն կին մը անցավ, Նարդիկն էր որ կառքը կը մտներ, անիվները դարձան, քուփեն մեկնեցավ, հեռուեն ցույց տալով իր կարմիր լույսերը, և երիտասարդը անհուն պարապության մը մեջ ձգելով։

Դանդաղ ու վարանոտ քայլերով, ձեռքի փոքրիկ լապտերովը լուսավորելով շուրջը, Լևոն կը վերադառնար տուն Կետիքփաշայի լայն և ամայի զառիվայրը իջնալով. երկու կողմեն փլած փլփլկած պատեր, տարի մը առաջվան ավերիչ հրդեհեն մնացորդ, և տեղ տեղ վտիտ, բարձր ու երկայն ծխնելույզներ, ոմանք կանգուն, ոմանք կիսակործան. և այս անշեն ու մոխիրով ծածկած փողոցեն քալելով կը հիշեր հրդեհին գիշերը բոլոր այս թաղը, տուները, բոցերու մեջ վիթխարի veilleuseի մը պես լուսավորելով բոլոր շրջակայքը, կամ մազերը բռնկած հսկա կին մը որ այդ բարձունքեն կը վազեր կիջնար վար ծովուն մեջ մարելու համար կարծես զինքը սպառող կրակը, այդ գիշերը աչքին առջևն էր. ինքն ալ եկած էր հոն բարեկամներու օգնության, և հրդեհին լույսերեն, այրողներուն թոհ ու բոհեն, ձայներեն, աղաղակներնն՝ այդ սևցած, խանձած ծխնելույզներեն զատ ահավասիկ ոչինչ կար հիմա, և վերադարձ մը ընելով իր անձին, իր սիրտը այրող կրակին հետևանքը՝ շուրջի ավերակներուն ողորմելի երևույթովը կերևար աչքին։

Պոլսո առաջնակարգ վաճառատան մը մեջ գանձապետի կարևոր պաշտոնը կը վարեր քսան ոսկի ամսականով, և իր վարպետին աղջկան խոսեցյալն էր. պաշտոնական նշանտուք չի կար բայց ամուսնությունը որոշված էր, և ասով մեծագույն ասպարեզ մը և նախանձելի վիճակ մը պիտի ստանար, ահա ճիշտ այդ միջոցին էր, երեսունը անցնելե վերջը, հեռու ամեն սիրային արկածե, չի հավատալով որ սերը կրնա երբեք անդիմադրելի, անակնկալ և ճակատագրային բան մը ըլլալ, ծաղրելով իր բարեկամներեն շատերը որ իրենց սրտի տկարությունները, դժբախտությունները կը բացատրեին, ճիշտ այդ միջոցին ինքն ալ պարզ դիպվածի մը բերմունքով դեմ հանդիման կուգար այնպիսի էակի մը զոր տեսնելուդ պես կրնար չի կենալ, չի դիտել, ետիդ չի դառնալ անոր հեռանալը տեսնելու համար, էակ մը որ անձ մը չէ՜, այլ բոլոր կյանքի անարջներու անկարելի մարմնացումը, գաղտնիք մը որուն համար անկարելի է չի հետաքրքրվիր ետևեն չի վազել, ժամերով չի շրջիլ փողոցե փողոց, թաղե թաղ, թերևս հետը խոսելու հույսը չունենալով, բայց էակ մը զոր սիրտդ անմիջապես կը ճանչնա, կը զատե բազմության մեջ, իբրև թե վաղուց անտի ծանոթ մը, մտերիմ մը ըլլար քեզի, որուն հաճելի եղած բաները գիտես, ճաշակը սիրած ես, և որուն անհաճո երևալու վախը կը դողացնե քեզ։

Ահա ինչ որ զգացեր էր երիտասարդը Նարդիկր տեսնելուն․ և կը խորհեր որ անհնարին անկարելի դժնդակ բան մը պիտի ըլլար իր հեռացումը այս աղջիկեն, և ասոր համար վտանգի դնե՜լ իր բոլոր ապագան, հույսերը, այո՝ ինչո՞ւ չէ. թողուլ նախանձելի վիճակ մը, չքավորության ու նեղության օրեր տեսնել. հոժարությամբ, եթե Նարդիկի մոտ պիտի անցնեին այդ օրերը։

Պահ մը իր միտքը կամփոփեր, հիմարություն այն բոլորը, ո՞վ էր այս կինը որ հանկարծ կուգար իր ճամփուն վրա պատվարի մը պես. ի՜նչ իրավունքով, կարժե՞ր որ դերասանուհիի մը համար բաժնվեր իր որոշյալ ամուսնութենեն, պատվավոր աղջիկ մը զոհել անպատիվ կնոջ մը՝ ինչ որ ալ ըլլար իր հրապույրները. միթե այդ վայելքը չէ՞ ր կրնար գնվիլ, ստացվիլ առանց վտանգելու իր կացությունը. այս գաղափարին Լևոն դիմադրեց. այդ վաճառիկ ցանկությունն չէր որ կախտավորեր զինքրը մանկական, գրեթե եղբայրական գորովի կարոտը, պակասը զգացեր էր այս կինը տեսնելով և այդ պակասը ան միայն կարող էր լեցնել։

Քում-քափու հասած էր ան Նշանճիի փողոցին մեջ ուր կը բնակեր դերասանուհին. իր տանը ճամփուն վրա էր անոր տունը. դրան քով կանգ առավ, պատուհանները դիտեց։ Ոչ ձայն, ոչ լույս, մարդ չիկար, դերասանուհին հոն չէր անշուշտ. և մտքովը ո՞ւր ըլլալը փնտրեց, այդ ատեն հիմար գաղափարներ անցան ուղեղին մեջ. կեցած էր հոն, ձեռքի լապտերին լույս կը հատներ սպասելով այդ դրան առջև, հեռուեն գիշերապահին հարվածները լսեց, համրեց՝ յոթն էր ժամը, Նարդիկ պառկած էր այս ժամուն, փողոցին մեջ ոտքի ձայներ ականջին եկան. ամչցավ հոն գտնվելուն և ճամփան շարունակեց։

Տեմիրճյան առանց իր գանձապետին հարցնելու գործ չէր ըներ. դիպվածով հարստացել էր նախ ինքը զարմանալով այս հաջողության վրա. բայց անկե ի վեր ժամանակները փոխված էին և Տեմիրճյան ոչ թե ստակ շահելու կը ջանար, այլ ունեցածը ձեռքե չի հանելու, խոհեմ և զգույշ վաճառականի համբավ ուներ զոր իր անբանի վեհերոտությամբը ձեռք բերած էր, Անգլիո հետ գործ մը կըներ և ուրիշ երկրի անուն լսել չէր ուզեր բնավ, իզուր միևնույն վաճառքը Ֆրանսա կամ Պելճիքա ավելի աժան ծախելու պիտի ելլեր իրեն, ինքը գիտցածեն չէր բաժնվեր, լողալ չի գիտցող նավաբեկյալի մը պես որ ծովուն մեջ առջի ձեռքին դիպած փայտից կը կապվի և չի համարձակիր զայն թողուլ՝ միշտ խեղդվելու վտանգեն սարսափահար։

Գանձապետը իր խորհրդատուն էր որուն կը վստահեր, խոսքին կը հավատար հակառակ իր կասկածոտ բնությանը. Լևոն իր վարպետին տկար կողմերը գիտեր և երբեք անոր ծանոթ համոզման հակառակ կարծիք չէր տար. առաջին փոփոխությունը որ մտած էր մաղազային մեջ, տետրակներուն կրկնատումարի վերածումն էր։ Ինքը այս դրության ինչ ըլլալը չէր գիտեր, բայց եկող գացողին կը պարծենար.

— Մեր տետրակները տոպիո են։

Ժամանակ անցնելով գանձապհաին կարողության և հավատարմության վրա համոզում գոյազուցած էր և ամեն ինչ անոր տնօրենության տակ ի գործ կը դրվեր։ Երիտասարդը մեղմիվ, քիչիկ քիչիկ կը ջանար իր վարպետին փերեզակի հոռի գաղափարները ուղղել, և զանի գործի մը մեջ մտցնել, երիտասարդ, եռանդուն տղա՝ ասպարեզ կուզեր նետվիլ արդյունավորելով այդ վաճառատան հին ու պատվավոր անունը և անխախտ վարկը։

Մեկ երկու գործերով անակնկալ շահեր ցուցուց և վարպետը ա՛լ բոլորովին կույր վստահություն մը ունեցավ իր վրա․ ամենքը Տեմիրճյանին շահադիտական դործողությանց մեջ մտնելուն կը զարմանային, անոր ճարտարությունը դրվատելով և հեգ մարդը, Լևոնեն սորված քանի մը պարբերություններով զինված ամեն տեղ կը խոսեր մեծ մեծ, նոր թեորիներ պարպելով։

— Պետք է, կըսեր, որ վաճառական մը միշտ հետամուտ ըլլա, պետքեր փնտրե որպեսզի գոհացում տա անոնց։

— Պետքերը գոհացնե. բայց ո՞ւրկից պիտի փնտրե, հասկնա, կը հարցնեին մյուս վաճառականները շփոթած։

Այն ատեն Տեմիրճյան իր կարևոր և բացառիկ կերպով ժտյալ մարդու ձևերը կառներ։

— Ատիկա վաճառականին կարողությանը կապված է, արդարև չի սորվվիր, բնական են տրված ըլլալու է։

Շամլյան Հովակիմ աղա չէր հասկնար բայց կը համոզվեր տեսնելով Տեմիրճյանին հաջող գործերը, մինչդեռ իրենները անդարմանելի ձախորդություններու կենթարկվեին շարունակ։

Երբ էլպիս եկավ հասավ, ամուսնանալու առաջարկությունները ամեն կողմն տեղացին, հորը մեկ հատիկ աղջիկը գլխավոր, եթե ոչ միակ ժառանգորդն էր. և շուտ մը հաշիվը կընեին։ Տեմիրճյանին մահվան ձգելիք հաշիվը, կնոջը մեկ ութերորդը, եղբորը արու ժառանգորդին բաժինն ալ կը հանեին մեջեն, թեև ակամա, բայց ասով հանդերձ նորեն քսան հազար ոսկվո հարստություն մը կը մնար։

Եվ հիմակուց կը հետաքրքրվեին, Տեմիրճյանին առևտրական գործողություններեն դող կելլեին երբ վաճառականը նոր շահադիտության մը կը ձեռնարկեր վախնալով որ չի փճացնե իր աղջկան օժիտը. և միջնորդ դնելով ամուսնության առաջարկությունները կը ներկայացնեին առանց պայմանի ամեն ինչ հորը կամքին թողլով. իսկ վաճառականը կը հապաղեր իր պատասխանը, չուզելով իր կենդանության ատենեն ժառանգության պահանջումներու դուռ բանալ և տեսակ մը գերեզմանե փախող ոգիի մը պես իր կորսվելուն՝ ժամ առաջ անհետանալուն փափագողներ ավելցնել։

Վերջեն լուսավոր գաղափար մը հղացեր էր, աղջիկը Լևոնին տալու գաղափարը, այս կերպով վաճառատան շահերը ավելի ևս հոգածության և խնամքի առարկա պիտի ըլլային, և փեսան իբրև իր պաշտոնյան չի պիտի կրնար՝ ստակի վեճ ու խնդիր հարուցանել. տիկին Տեմիրճյան այս ծրագրին քիչ մը դեմ կերավ, իր մայրենի փառատենչիկ սրտին համար մեծ տեղե առնելու էին աղջիկը, բայց հայրը իր որոշումը հարգել տվավ և այսպես որոշվեցավ էլպիսի ամուսնությունը։

Աղջկան համար փույթ չէր ամուսին ըլլալիք անձին ով ըլլայը, իր սիրտը անհանգիստ թռչուններուն կը նմաներ որ կը սիրեն թոչիլ հոսկե հոն, անդադար նորության մեջ գտնելով հաճույքը, ուսում չուներ, իր պատանուհվո ատենի սիրահարության նամակները գրած ատեն մեծագույն տառապանքը կը քաշեր, թուղթը ոսկեզօծ, զարդարուն, գեղեցիկ, բայց սկսելու բառեն կը շփոթեր ուղղագրության համար և իր բազմաթիվ սիրահարներուն կը գրեր.

— Յոգիս, խուշս։

Նամակին անուշահոտ, խորհրդավոր ու արթիսթիկ ծալքերը, երևույթը, ուղղագրության սխալները, ոճին ռամկությունը կը մոռցնեին նամակագրին սիրուն աչքերը, գեղեցիկ մազերը հորատի հարուստ աղջիկի առավելությունը հիշեցնելու համար։

Գիշեր ատեն իրենց Թաշ Վերտիվենի տան պարտեզին դրան քով ժամադրությունները կը պատմեին գյուղին մեջ այս անվախ աղջիկին որ մարդե չէր քաշվեր ու դպրոցին էն գեղեցիկ տղաքներուն հոժարափույթ կը նվիրեր իր սերը և համբույրները։

Լևոն ոչինչ գիտեր այս ամենեն և այն կապույտ ժապավենով կապված նամակներու ծրարեն որ էլպիս Տեմիրճյանի ննջասենյակին մեջ, անկողնին տակ պահած էր խնամով։

Երբ իր ամուսնության խոսքը հաստատվեցավ, էլպիս բացավ այս ծրարը որ հիմա դեղնած էջեր, գունատ մելանով բառեր կը պարունակեր և տարբեր տարբեր ստորագրություններ, երբեմն անունին առաջին գիրը միայն, երբեմն անունն ու մականունը միասին, ամբողջությամբ, երբեմն ստորագրության տեղ վերջին հայտարարություն մը սիրո, անվերջանալի սիրո, քաղվածք մը կըներ այս ամենեն, չորս տարվան կյանքեն, գաղտնիքներով, համբույրներով, անպեխ սիրահարներով լեցուն, մի առ մի զատվեր էր որոնցմե, ձանձրանալով բոլորեն ալ, միևնույն խոսքերը, հայտարարությունները լսելով, և հասկնալով որ այս դպրոցականները ամուսնանալու մարդիկ չեն։

Նորեն ժողվեց ծրարը, նամակները, իրենց սովորական ծալքովը ամփոփեց, մեյ մը այրել ոչնչացնել ուզեց այս ամենը, թե որ մեկու մը ձե՜ռք իյնար, բայց սիրտը չի թողուց ոք այս խորհուրդը գործադրե։

Իր խոսեցյալին հետ միայն սիրահարությամբ չէր սկսած և լավ մը չէր գիտեր անոր հետ ինչպես վարվելու եղանակը։ Լևոն կյուրակե օրերը կուգար միայն, ճշտապահ, որոշյալ ժամին. ցորեկվան ճաշը միասին կընեին ու գիշերը հոն կանցներ. երբեմն պտույտ մր ընելու կելլեին թև թևի և խոսակցությունը կսպառեր իրենց շրթունքին վրա. ոչ սիրո խոսքեր, ոչ ապագայի խորհուրդներ. օտարական այցելու մը՝ ասկե զգույշ չի պիտի ըլլար. երկուքն ալ իրարու լեզվե անտեղյակ՝ իրենց գաղափարներուն մեջ կառանձնանային։

Կյուրակե առտու իր սովորության համեմատ Օրթագյուղ կերթար Լևոն. Կամուրջեն շոգենավ նստավ և քովի խցիկներեն միույն մեջ դեռ առջի իրիկվան ներկայացման կը խորհեր, միտքով կւ հիշեր կը վերլուծեր Նարդիկի դեմքը և զմայլելի կը գտներ և անոր քով իր նշանածը աննշան, անհրապույր էակ մը կը մնար. Թաշ-Վերտիվեն Տեմիրճյաններուն տան մեջ միևնույն բաղդատությունը կը շարունակվեր միտքին մեջ, և էլպի, ամփոփված մազերովը՝ գլխուն վրա գալարված օձ մը ունեցող աղջկան մը կը նմաներ, քալած ատեն հատուկ ջանքով մը կը ցուցներ կարծես իր ճերմակ գուլպաները, որոնցմե երիտասարդը կը գարշեր և ականջեն կախած ադամանդե օղերը պարտիզակցի հարսի մը երևույթը կուտային անոր։

Լևոն սովորաբար քիչ խոսող մեկն էր. այն օրը արձանի մը լռությունը պահեց։

Ցորեկվան ճաշեն ետքը բազմություն հավաքվեցավ Տեմիրճյաններուն բնակարանը, նախ վաճառականին փռեֆի ընկերները. Ստեփանիկ աղան, և Շամլյան Հովակիմ Էֆենտին, Հովակիմ էֆենտիին տղան Արմենակ, գյուղին թաղականներեն մին՝ Մելքոն էֆենտի իր կնոջ հետ, նիհար կին մը մարած աչքերով որոնց մեջ վերադարձի իղձերը հայտնի կը կարդացվեին։

Ընդունելության սովորական սենյակին մեկ անկյունը, ֆռեֆաճիները սկսան խաղերնին, և ընդհանուր խոսակցության մեջ ձայներնին կոպար կը հասներ ընդմիջելով ամենքը։

— Փիք սեքիզ։

— Սպաթի սեքիզ։

Տեմիրճյանի միակ տկար կողմն էր այս խաղը որ իր աճուրդի, մրցումի ոգևորությամբը զինքը կը հափշտակեր. կավելցնեին և ինքն ալ կավելցներ, մոռնալով հաշիվը ու վնասը։

— Միզեռ, կը գոչեր վերջապես համբերությունը հատած, այնպիսի թուղթով մը որ ապահով վեց ձեռք կը կոտրեր։ Եվ եթե հաջողեր, հազվագյուտ բացառություն, անվնաս ելլել միզեռեն, այն ատեն իր բերկրության չափ ու սահման չի կար։

Հիմա նորեն կորսված էր իր փռեֆին նրբությանցը մեջ, մինչդեռ անդին տիկին Մելքոն իր էրիկը կը պաշտպաներ անիրավ հարձակումներու դեմ։

— Իմ էրիկս բանկալ գացած օրը հարյուր ղրուշ ավելի հասույթ կըլլա․ հասկցա՞ք, մյությու Արմենակ։

Թուղթի սեղանեն Ստեփանիկ աղա խոսքի կը խառնվեր. — Իմ քովս ալ եկած ատեն միշտ կը կորսնցնեմ, տեսեք ճիշտ այս վայրկենին...։

Թաղականը կը հեռանար նախապաշարյալ քոնսոլիտճիեն որ ուղուրի, խատեմի չափազանց կարևորություն կատար։

Իսկ Արմենակը կը խոսեր էլպիսին մորը հետ, իբրև բարեկիրթ տղա որ ծերերը կը հարգե, գիտե անոնց հաճելի ըլլալ, Անգլիո կյանքեն հատվածներ, հետաքրքրական նյութեր կը պատմեր, երբեմն խոսքը ուղղելով էլպիսին, անոր ալ կարծիքն առնելու համար։

Դուռը զարնվեցավ, նոր հյուրեր եկան, նախ Սուրբիկ տուտուն՝ գյուղին պառավը, շատախոս ու չարախոս կին ուրկե ամեն ոք և մասնավորապես Ստեփանիկ աղա կը սարսափեք իբրև փորձյալ ուղուրսուզ մը, օրիորդ Վասիլիկ Քալեմճյան իր աղբոր Տիգրանին հետ էլպիսր դիմավորեց։

— Ի՞նչպես ես, աղե՞կ ես, Սուրբիկ տուտու։

— Գեշին գեշը. զաթը ո՞վ աղեկ է քի ես ադեկ ըլլամ։

Հետո օր. Տեմիրճյան Վասիլիկին քովը եկավ, համբուրեցին զիրար, մինչդեռ Տիգրան իր քրոջ քովիկը կեցած՝ այս շրթան հպումը տեսնելով կը խռովեր։

Սուրբիկ տուտուն օրվան լուրերը կը բերեր, սովորաբար չարագուշակ և ձախորդ լուրեր։

Հոգնություն առնելե, խահվեն խմելե վերջը իր առջի խոսքը այս եղավ.

— Ֆուլիկ հանըմին աղջիկը հիչ աղեկ չէ՛։ Ամենքը հարցուցին հիվանդը, հիվանդությունը։

— Ո՞ր աղջիկը։

— Մեկ հատ մը ունի, Նոյեմին։

Վասիլիկ ճանչցավ։

— Մեկտեղ դպրոց գացած ենք։

Էլպիս ալ գիտեր, ամեն եկեղեցի երթալուն պատուհանը կը տեսներ։

— Հույս չի կա, կըսեր պառավը, երերցնելով գլուխը, վերեմ է ըսեր են տոքթորները։

Արմենակ հիվանդին վրա ըսված խոսքերը մտիկ կըներ։ Փռեֆին սեղանեն՝ ձայները կը բարձրանային կատաղի, գրգռիչ, ասպարեզ կարդալով իրարու։

— Քառո՜ օն։

Որուն դիմացինը տեղի կուտար վերջապես մեղմ ու խոնարհ ձայնով.

— Փասսո։

Կորսնցունողը կը գանգատեր թղթին ձախորդութենեն, ընկերոջը ապիկարութենեն, այս տրտունջներուն պատասխանատու մեկը փնտրելով։

Լևոն հազիվ երկու խոսք արտասաներ էր բոլոր օրը, կը նեղանար այս անմիտ խոսքերուն և մարդերուն մեջ, իրիկվան դեմ բարուրանք մը հնարեց, մորը անհանգստությունը, գիշերը Պոլիս դառնալու համար։

Վաճառականը դիմագրեց, էլպիս նույնպես աղաչեց Լևոնին որ չերթա, բայց երիտասարդը համառեցավ ու թողուցին որ մեկնի։

Սուրբիկ տուտուն աղեկ գաղափար մը չէր կրնար ունենալ այս սակավախոս ու մարդատյաց տղուն վրա։

— Նշանածդ շատ քիպիր կերևա կոր, ըսավ էլպիսին։

Հետո մյուս հյուրերը գացին, իսկ Արմենակ ամենեն վերջը, սպասելով հորը որ փռեֆը վերջացունե։

Տեմիրճյան շահեցավ և այդ վաղանցիկ հաջողությամբ ընկճելով դիմացինները կը պոռար հիմա.

— Մազեթաներ։

Հովակիմ աղա ոսկի ու կես կորսնցուց, Ստեփանիկ աղա չորս մեճիտիե, բայց Տեմիրճյան դեռ իր փափագը առած չէր թուղթեն։

— Ճաշեն ետքը միանանք։

Արմենակ էլպիսին շուրջը կը դառնար, մեծարանքներով. փաղաքուշ խոսքերով։

Լևոն՝ Պոլիս դառնալուն Նարդիկի տան առջևեն անցավ։ անորոշ հույսեր ուներ, դերասանուհին թերևս դրանը առջև կամ պատուհանը նստած պիտի տեսներ, ո՛չ ոք, անցավ, բարկանալով որ այսպիսի անակնկալ հաճույք մը չէր կրցած վայելել․ տունը՝ չի կրցավ մորը երկար բարակ հարցումներով պատասխանել։

— Նշանածդ ի՞նչպես էր, տիկին Տեմիրճյան ի՛նչպես է, ո՛ր կար, ինչո՛ւ գիշերը չի կեցաը նշանածիդ։

— Չեմ գիտեր, կըսեր երիտասարդը։

— Չէ նե մի նոր բան կա։

— Ի՛նչ նոր բան, խե՛նթ ես, մայրիկ։

Մորը երկյուղը փարատելեն ետքը, ճաշեցին, ժամը մեկ ու կեսին դուրս ելավ։ Ամառվան տաքը՝ փողոցին օդը տաք, անջնջելի կըներ, ամենքը դրան առջև նստած գիշերվան զովություն կը փնտրեին։

Նարդիկի տան առջև երկու հոգի կար. դուռը բաց էր, Լևոնին սիրտը ուժգին բաբախեց, մոտեցավ, դերասանուհին էր, հիսուննոց կնկան մը հետ նստած։

— Հրամմեցեք, աթոռ մը տուր, Թեյզե։

— Ո՛չ, ներեցեք։

Լևոն կը մերժեր առանց ուզելու, նստելու անհուն փափագին հակառակ։

— Այցելություններ ունիք անշուշտ, կըսեր Նարդիկ, զորս չեք կրնար թողուլ։

Լևոն շփոթեցավ։

— Բան մը չունիմ։

— Ինչո՛ւ չեք նստիր ուրեմն։

Երիտասարդը առավ աթոռը, մինչդեռ Թեյզեն կը դիտեր զինքը մանրակրկիտ քննությամբ։

Մինչև ժամը հինգ խոսեցան առքի օրվան ներկայացումին, ուրբաթ օրվան Ալեմտաղի երթալու ծրագիրին վրա. հետո Լեվոն մեկնեցավ. իսկ դերասանուհին հաջորդ գիշեր նորեն գալու խոստում առավ անկեց։

Հետևյալ առավոտ ուշ գնաց վաճառատուն, ճամփան՝ պատուհանը նստած տեսավ Նարդիկը մազերը թափած, առավոտի շնորհալի անկարգության մեջ. բարևեց անցավ, քայլերը հառաջ չի տարին զինքը. ետին դարձավ. Նարդիկ ալ իրեն կը նայեր դեռ և կը ժպտեր։ Վաճառատան մեջ ամեն ինչ անկարգ անիմաստ թվեցավ իրեն. գրագիրներուն սրդողեցավ. բեռնակիրները չախեց, գործերը կը կարգադրեր հապճեպով, վայրկյան մառաջ լմնցնևելու, դուրս նետվելու փափագով տանջված։ Ներսը երկաթ կը կրեին շարունակ, իրարու վրա կը դիզեին փութռելները որոնք բախման ձայներովը վաճառատունը կը թնդար։

Լևոն այն օրվան գանձվելիք փոխանակագիրները աչքե անցուց որոց համար մինչև իրիկուն սպասելու պարտավոր էր, այս սպասելը տաժանելի գերության մը պես եկավ իրեն սրտին. և ոչ իսկ օր մը ազատություն. այս վայրկյանիս բոլոր գանձապետի, տնօրենի գիրքը ազատ մուրացիկի վիճակին հետ պիտի փոխեր։ Այսպես շրջեցավ վաճառատան մեջ, առանց կարենալ աշխատելու, միայն ժամերը մոռնալու ջանքով. իրիկվան դպրոցն արձակվող տղու մը պես դուրս ելավ գրասենյակեն դերասանուհվույն տան առջևեն անցնելու համար միայն, հոն չի պատահեցավ Նարդիկին, դուռը, փողոցը մարդ չիկար, գիշերը ճաշեն վերջը վերադարձավ, առանց հանդպելու Նարդիկին։ Հետևյալ առտու նույնպես Լևոն Տեվեճյանը հիշեց։

Այդ օրը Տեմիրճյաններու գանձապետը կատարյալ հիմարի մը ձևը ուներ, այն սովորաբար քիչ խոսող երիտասարդին, հանդարտ ու պաղարյուն մարդուն տեղ, առանց պատճառի զայրացած կատղած մեկն էր, որ այցելուի, հաճախորդի հետ անգամ հայտնի անհամբերությամբ կը խոսեր։

Ժամը 8ին Շամլյան Արմենակ եկավ հորը կողմե խնդիրք մը ընելու Տեմիրճյանին. վաճառականն իր գանձապետը կանչեց․ երկու հազար ոսկվո ապրանքի վրա Շամլյանները երաշխավոր ըլլալ կառաջարկեին իրեն, կարևոր շահու բաժին մը խոստանալո՛վ։

Արմենակ առաջարկության շահավոր կողմերը կը պարզեր, ոտքի վրա կեցած, գլխարկը ձեռքը. Լևոն ժամանակ ուզեց մտածելու. Շամլյան գործին ստիպողական ըլլալը կը հայտներ, պայմաններուն վրա վիճեցան քիչ մալ. հարյուրին հինգ շահ կուտար Շամլյան և Լևոն հարյուրին քսան կը պահանջեր, միջոց մը խոսակցությունը դառնացավ։

— Ապուշի տե՞ղ դնել կուզեք զիս, կըսեր Արմենակ։ — Ամենևին, բայց երկու հազար ոսկվո հանձնառության մը տակ դյուրավ չի մտնվիր։

— Ի՞նչ վնաս, քանի որ մեզի երաշխավոր պիտի ըլլաք, կը կասկածի՞ք մեր վրա։

— Ամենուն վրա կը կասկածիմ։

Տեմիրճյան միջամտեց. Լևոն աչք ըրավ անոր մերժելու համար և վաճառականը՝ չի կրնալը հասկցուց. Ար մենակ տեսավ որ օգուտ չունին իր փաստերը, վերջին հուսահատական փորձ մը փորձեց, ստույգը այն էր որ բուն իսկ իրենց վաճառքն էր որ օտարի մը նոր գնվելիք ապրանքի մը պես ցույց կուտային Տեմիրճյանին, անոր երաշխավորությամբը հրապարակեն երկու հազար ոսկվո փոխառություն մը ընելու հույսով։

— Դուք գիտեք, ես Մարտիրոս էֆենտիեն առաջ ձեզի գա ուզեցի, անոր հետ հարյուրին հինգով կրնայի լմնցնել։

Մեկնեցավ, Տեմիրճյան Շամլյաններուն վիճակին վրա տարակույսներ կը հայտներ Լևոնին։

— Ի՞նչ է սա երկու հազար ոսկի քելեփիր ապրանքը, խելք չի հասավ։

— Ոչ ալ իմս։

— Դուն այսօր անհանգստություն մը ունիս վրադ, հիվա՛նդ ես։

Գանձապետը չի պատասխանեց այդ հարցման և Մարտիրոս էֆենտիի վրա դարձուց խոսքը, ո՛վ էր այս մարդը, ուսկի՞ց էր իր հարստությունը. Տեմիրճյան կը հիշեր որ տասը տարի առաջ աննշան վաշխառու մէր։

Այն իրիկվան վերադարձին Նարդիկի տան չի մոտեցած, միտքեն՝ պիտի տեսնեմ, չի պիտի տեսնեմ ի գուշակություններ ըրավ. փորձեր կատարեց, ճամփուն վրա իր գտնված տեղեն մինչև սա շենքը թե որ հարյուր քայլե ավելի չըլլար, Նարդիկ պատուհանն պիտի գտնվեր, թե որ հարյուր քայլե ավելի ըլլար հեռավորությունը՝ Նարդիկը պիտի չի տեսներ, և քայլերը կառներ մեծ-մեծ, ամեն ճիգ թափելով որ հարյուր քայլը չանցնի և կարենա այն իրիկուն դերասանուհվույն երեսը տեսնել․ այսպես ճամփան շարունակ իր սիրած նյութին խորհելով զբաղեցավ մինչև երանավետ տան մոտ։ Նարդիկ` պատուհանն էր. գուշակությունը ճիշտ ելավ. պատուհանը բացվեցավ. խոսեցան։ Ճաշեն ետքը նորեն վերադարձավ և ձեռքը բռնելով անոր իր դողդոջուն ձեռքերուն մեջ, Լևոն երկու օրվան տառապանքը, մահացումը պատմեց։

— Չե՛մ կրնար զքեզ չի տեսնել, օդը, լույսը ինչպես պետք է ինծի, այնպես քեզ տեսնելու պետք ունիմ։

Դերասանուհին այս խելահեղ սիրույն ունկնդրելով կարբենար։

— Տեսի՛ր ուրեմն զիս ամեն օր։

Գիշերվան զովությունը կուգար առանց մեղմելու իրենք տագնապներուն սաստկությունը, փողոցին լռությունը, առանձնությունը, մութին հետ կը շրջապատեին երիտասարդն ու երիտասարդուհին անոնց գաղտնիքը պահել խոստանալով։

Անկե վերջը ամեն գիշեր Լևոն Նարդիկի տունեն անպակաս եղավ։

Իսկյուտարեն Ալեմտաղի տանող ճամփուն վրա, երկու կառքեր կը վազեին անիվներեն բարձրացող փոշիին մեջեն, հազիվ արշալույս էր. Չամլըճայի սարեն տարածվող լեռնադաշտին մեջ շոսեին բիլ գույնը կը ճշտվեր, օձապտույտ գալարումներով հողին մեղրագույն մակերևույթին վրա։

Մարդ չի կար այսքան կանուխ այս միայնության մեջ, բացի ածուխ բեռնավորված կովի կառքի մը քովեն, հետիոտն, բոպիկ քալող, մուրեն ու արևեն սևցած մարդեն՝ որ կես գիշերեն ի վեր քնաշրջիկի մը պես հուշիկ, այս ծույլ կենդանիներով ետևեն կուգար շարունակ, պահ մը ածխավաճառը կենդանության նշան կուտար, կարթննար և այս երկար և անծառ ճամփուն վրա, արևին ջերմության տակ չի մնալու ջանքով, իր համրընթաց կովերը կը մշտեր ձեռքի երկար խթանովը կովերը կը ցատկեին, խույս տալով խթանին սուր ցավեն, մեկտեղ քաշելով իրենց անտանելի բեռը, հետո քիչ քիչ կը մեղմացնեին ընթացքնին, իրենց առջի դանդաղ քալվածքին վերադառնալու համար, մինչդեռ մարդը երբեմն հայհոյելով, երբեմն շողոքորթ գգվանքով իզուր փութացնել կուզեր զանոնք, հետո ինքն ալ իր միօրինակ քալվածքին, կես մրափին մեջ կիյնար նորեն. վերջապես կը հեռանային կակուղ հողին վրա բացված վարուն արահետեն զոր ամառը սայլավարը կը նախընտրե պաշտոնական կարծր քարուղիեն։

Առաջին քուփեին մեջ Նարդիկի համբերությունը սպառելու մոտ էր, Իսկյուտարի նավամատույցեն ճամփու ելլելնուն ի վեր սեղմված մնալեն։

— Չեկանք դեռ։

— Կես ճամփան անգամ չեկանք, ըսավ Պասմաճյան Հակոբիկ. տիկին Մազլրմյան փոքրիկ կառքին մեջ ճնշված կը կենար։

— Ոսկորներս կոտրտեցան, ըսավ ան ալ։

— Դուն ոսկոր չունիս, բոլոր միս ևս։

Խնդացին։

Լևոն Նարդիկի դեմը նստած ծունկ ծունկի գանգատելու մտադիր չէր ճամփան երկայնութենեն. միայն դերասանուհվույն անհանգստությունը տեսնելով բառ մը ըսելու պետքը զգաց.

— Նեղեցի Ձեզ։

— Ո՛չ, ո՛չ։

Լևոն դռնակեն կը դիտեր կառքին ընթացքին հետ, կտոր կտոր աչքին առջև պարզվող սարահարթին թեթև ելևէջները. ձախ կողմեն՝ հեռուն, լեռներուն շարքը և անոնց կողերը պատրոտող ձորերուն խոնավ ստվերները, ու աջեն ուսկից ցամաքը հետզհետե, մեղմիվ կը խոնարհեր ծովին կը հասներ, Սելիմիեյի դեղին զորանոցը քառյակ աշտարակներով, անդին Քատըգյուղն իր շեն ու փայտաշեն տուներով. հետո Ֆեներ- Պահչեի լեզվակը որուն ծայրի սհակը սպիտակ ու մաքուր որ հեռուեն՝ ծովեն ելած ու պուռնուզի մը մեջ փաթթված մարդու կը նմաներ. և ավելի անդին Մարմարայի կապույտ ջուրերուն մեջ կղզիներն, Հնաքրն՝ շիկորակ բլուր մը. Պուրկազ փոքրիկ ձագուկ մը առջին ձգած. Հալբիի բլուրները իրենց շոճիներու վեղարով և Մեծ կղզին գույնզգույն շքեղ ապարանքներով հպարտացած։

Ճամփան շարունակվեցավ անիվներուն միօրինակ թավալման դղրդյունովը և Հակոբիկի կատակներով խառնված, մինչդեռ Լևոն իր գործը, գրասենյակը կենացը մեջ առաջին անգամ թողած ըլլալու խղճահարությամբ կը մտածեր և նարդիկի մոտ գտած երանությամբը մոռնալու կաշխատեր։

— Ես Մարմարան կը սիրեմ, կըսեր դերասանուհին։

— Ես ալ, ըսավ Հակոբիկ։

Տիկին Մազլըմյան Մարմարտն կատեր։

— Վոսփորը Մարմարային չեմ փոխեր։

— Վոսփորդ ալ կը սիրենք, տիկին, պատասխանեց երիտասարդը։

Խնդալով մարեցան։

— Ուսկից ալ կը գտնես, կըսեր տիկին Մաղլըմյան, ջանալով քոռսեին կապերը թուլցնել։

Վերջապես ծառերու խումբ մը տեսնվեցավ. Տուտուրլը հասան, ճամփուն աջ կողմը պուրակ մը, ձախը՝ հերկված հողեր, քառակուսիներ նոր կամ հինեն հերկվելուն համեմատ տարբերելով իրենց գույներուն մեջ, գույնզգույն պասմայի կտորների շինված ընդարձակ սավանի մը պես որ գյուղին շրջակայքը կը ծածկեր բոլոր, պարտեզներ, որոնք ծառի ոստերով ձևացած ցածուկ պատերով կը զատվեին, բանջարեղեններու ածուներ իրենց նեղ ակոսներովը, սրճարան մը դեռ գիշերը գոց․ անդին տնակները՝ փայտաշեն ու գեղջուկ բնակարաններ և մզկիթը իր պարզ մինարեովը։

Այս էր Տուտուրլուն, տաճիկ գյուղ ուր կանգ կառնե Ալեմտաղի գացող ամեն կառք, արևակեզ ճամփուն երկարութենեն հոգնած։

Հազիվ առավոտ էր հիմա, արևուն ամփոփ ճառագայթները կելլեին կը ցրվեին չորս կողմ, լեռներուն և ծառերուն կատարները շողացնելով, ու քիչ քիչ շոգիացնելով գիշերվան ցողը որ վճիտ բյուրեղներու պես տերևներու ու ծաղիկներուն վրա տարածված կը փալփլեր։

Գյուղը դեռ քունի հանդարտության, ամայության մեջ էր, մեկ երկու հոգի ախոռներուն դրան մոտ կը տեսնվեին ձեռքերնին պղինձե ամաններով, ուրիշ մը աղբյուրեն երեսը կը լվար։

Կառքերեն իջան հոն, ծառոց շուքին տակ խոտերուն վրա. մոռցված աթոռակները գտան, երկրորդ կառքը անակնկալ կոչնականներ կը բերեր, դուրս կը հաներ, զոր Հակորիկ իր փառթի կարգադրելու պաշտոնին մեջ չէր կրնար մոռնալ, Պոլսո էն ճարտար համբավավոր նվագածուները, երգիչները. Նարդիկ ծափ զարկավ. մինչև հոն երիտասարդը գաղտնի պահած էր ասոնց գալը, կառք մը կուգար կը հետևեր իրենց կառքին, բայց հոն գտնվողները չէին կրցած տեսնել։

Դերասանուհին կը ճանչնար ասոնք՝ Ակոնին, Ճիվանը, Սատրին, չորրորդը չի գիտցավ, մարդիկը բարևեցին, խումբ մը կազմեցին, տիկին Մազլըմյան կառքի անձուկ անկյունեն ազատած, կսկսեր համարձակ շունչ առնել։

— Էո՛ֆ, քիչ մալ անցներ նե պիտի խղդվեի։

Նախաճաշի պատրաստություններ տեսան, ծառերուն զովությունը կը պատսպարեր զիրենք ելլող արևին տաքութենեն. գյուղը կարթննար, կը շարժեր, եղերը արածելու կը տանեին, սրճարանը կը բացվեր։

Իրենց պաշարեն մաս մը հանեցին դուրս, գյուղեն մածուն ծախու առին, գետինը ձգված ճերմակ սփռոցի մը վրա նախաճաշիկնին ըրին, կշտացան, հետո քահվեն եկավ, տիկին Մազլմյան հիմա բոլորովին հանած էր քոռսեն, իր ամենօրյա թշնամին ուրկե չէր կրնար զատվիլ, Լևոն կը ծխեր խոտին վրա պառկած. Հակորիկ՝ նարկիլե կը քաշեր, աչքերը կիսափակ։

— Թաքսիմ մը, ըսավ Ակոնիին դառնալով։

Ակոնին քեմենչեն հանեց իր սև լաթե ծածկույթեն, փույթերը դարձուց, թելերը համաձայնեցնելով, հետո սկսավ, մյուսները կունկնդրեին լռիկ, լավ կերակուրե մը հառաջ եկած թմրության մեջ թաղված։

Նվագարանին մեղմ ու դաշն ձայնը՝ տերևոց խարշափյունին մեջ բարձրացավ, աղեղը կերթևեկեր աղյաց վրա, Ակոնիին դեմքը կը գունավորեր, կը կենդանանար իր մատներեն թռչտող ձայնին զորությամբ։

Աղաչավոր շեշտերով կսկսեր, կարծես քաղցրությամբ համոզել ուզեր մեկը, ու գործիքին ձայնը կը մեղմանար, կը մեղմանար, անլսելի ըլլալու չափ, իբրև թե շունչը սպառեր այս պաղատանաց մեջ։

Նորեն կը բարձրանար ձայնը հնչուն, հզոր, հանդիմանականա ձևով, սպառնալիքը աղաչանաց կը հաջորդեր, հետո նորեն կը թուլնար կը խոնարհեր, հեզիկ, գլխիկոր իբրև թե ներողություն խնդրեր առջի հպարտության համար։

Եվ ունկնդիրները բառ մը չէին արտասաներ չընդհատելու համար ներդաշնակությունը որ խաբվելու չափ կը նմաներ վերը, ծառին ոստին վրա պահվըտած թռչունի մը ձայնին։

Թաքսիմեն էր այս, ետքը չորսը միացած, մին՝ իր ոտով մյուսն՝ լավութայով, չորրորդն իր դափով փեշրեվը սկսան։

Նարդիկ սթափեցավ. եղանակը հարցուց, ուշշաք կը զարնեին, Լևոն բան մը չէր գիտեր, չէր հարցներ, վերջեն երգերու կարգը եկավ, կիները հրամաններ կուտային, այս երգը կուզեին, իրենք ալ կընկերանային երգիչներուն, հնչեցնելով ծառերուն անխոսիկ արձագանքը, մինչդեռ նվագածուները կը մեղմացնեին իրենց ձայները կանանց թարմ ու քաղցր ձայները լսելի ընել տալու համար։

Գյուղեն իրենց արտը գացողներ կանգ կառնեին ճամփուն վրա, ասոնց շուրջը, մտիկ ընելով այս եղանակներուն որոնք իրենց արևելքցիի մելամաղձոտ ու դանդաղ գոյության կը համապատասխանեին, մինչդեռ քեմենշեն իր սուր, ազդու ձայնը կը նետեր օդին մեջ և ուտը իր բամբով անոր ստվար շեշտը կուտար։

Ալեմտաղիի մեջ իրենց գալուստը շփոթություն չի հարույց․ շատ տեսեր էին ասոնց պես զվարճանալու եկողներ, ճամփուն վրա հանդիպողներ կը կենային վայրկյան մը առջի կառքին մեջի կիներուն նայելու համար և այսչափ միայն, և անտառին մեջ կերթային, ծույլ, դանդաղ, փայտ բերելու։

Հակոբիկ ամենքը կը ճանչնար այս գյուղացիներուն, ահավասիկ Փարթամ չորպաճին. օտարական մը՝ այս անունը լսելով դառն հեգնություն մը լսել պիտի կարծեր չորպաճիին պատառուն ու ողորմելի հագուստը, երևույթը տեսնելով, փարթամութենե զատ ամեն բան կար հոն. սա թուխ, սև աչվի երիտասարդը՝ Օղիկենց փեսան՝ սայլավար մը անցյալ տարի ամուսնացած. Հակոբիկ կը բացատրեր այս ամենը, Լևոն՝ հիմա իր վաճառատան կը խորհեր, գողալով որ ծանոթ չի գտնվեր այս կողմերը, բոլոր կյանքին մեջ առաջին անգամ ըլլալով մասնակից կըլլար ասանկ զբոսանքի մը, թողլով բանը գործը. և իր սակավապետ ու աշխատասեր երիտասարդի սովորությունները, իր նշանած անձի վիճակը կր բողոքեին կարծես այս գաղտնի և փախստական սիրահարության դեմ։

Հոս չի կեցան շատ, Հակոբիկ ցորեկվան և իրիկվան ճաշին պատրաստություններով զբաղած է, կերակուրները, աղանդերը կորոշե, կովի սայլեր պատրաստել կուտա ճերմակ սավանե ծածկույթով, գահավորակի մը պես որով Դաշտելեն պիտի երթան, և կը մեկնին կիները՝ ընկողմանած այս երկար, վրան բաց, տոմինոյի տուփի ձևով կառքերուն մեջ, Հակոբիկ՝ փորձ սայլավարի մը պես անուշ խոսքերով գգվելով հանդարտաքայլ գոմեշներուն ընթացքը, ամեն մեկուն իր անունը տալով։

— Տի՜հ, Պենեկլի։

Կամ թե՝

— Կյոզյույի սևտիկիմ Քարամանը։

Գյուղացի սայլավարը կը խնդար իր բարբառը Հակոբիկի բերնեն քսելով, մինչդեռ գոմեշները զիրենք վարող անծանոթ ձայնեն զարմացած կսկսին վազել անտառին նեղ ու մութ արահետին մեջ մխվելով և իրենց ոստոստումին մեջ սպառնալով կործ անել, շրջել ետևնուն ձգված երկար ու ծանր տուփը։ Եվ այս ցնցումներուն, սասանումներուն մեջ Լևոն Նարդիկի մոտը նստած կը տատաներ ինքն ալ ուրիշ աշխարհի մը երազներուն մեջ։ Ճիշտ քովեն գաղտուկ՝ կը դիտեր դերասանուհվույն մաֆուր դիմագիծը, այտին վրա մորթին վարդագույն ներկվող կաթնաթույր փափկությունը, կռնակեն առատ, ոսկեփայլ մազերը վեր ժողված, ծոծրակը կը տեսնվեր նուրբ, թեթև աղվամազի մը ստվերին մեջ և ավելի վար չիփակին օձիքեն՝ պարանոցը՝ դողդոջուն, կարծես երջանիկ ձեռքի մը փայփայանաց կարոտ, կերթար կը միանար վայելչապանծ, ինքնամատույց կուրծքերուն։

Երիտասարդը իր զմայլման մեջ ինքնիրեն բաղդատություն մը կըներ հոս այս երկու կիներուն մեջ. տիկին Մազլրմյան գեր, մսալի, պարպատան լանջով, լայն շրջազգեստին ծալքերով, սոնք և փարթամ հրապույրներով լեցնելով բոլոր կառքը ու այս պահուս թիկնահեց երկնցած մեկ կողմեն ցույց կուտար ճերմակ վզին ծրունքը և առույգաբարձ երանաց վայելչությունը։

Մին՝ իր միսի հարուստ և վաճառիկ գեղովը կը պանծախ մյուսը իր ձևին, շնորհին վայելչությամբը կիշխեր սիրտերու։

Դաշտելենի աղբյուրին քով, գետինը ծածկող չորցած տերևներուն վրա, անտառին զով ստվերին տակ նստեր էին, օղի, սրվակներու, փոքրիկ բաժակներու և բազմատեսակ աղանդերի շուրջը բոլորվելով։

Առաջ նվագածուներուն տվին օղիով լեցուն գավաթներ, հետո իրենք ալ առին, պզտիկ բաժակները բախելով։

Զուր բերին աղբյուրեն, երկրորդ օդին Դաշտելենի կենաց առաջարկեց Հակոբիկ. հիմա հիշատակներ կը պատմեր անցյա զվարճություններե քաղված ճիշտ այստեղ, Դաշտելենի աղբյուրին քով. հետո տիկին Մազլրմյանի կյանքին խմեց։

— Կենա՛ցդ, Սուրբիկ, պոռալով։

— Կենա՛ցդ, Սուրբի՛կ. կրկնեց անտառը խորունկեն։

Արձագանքը զիրենք զվարճացուց, Նարդիկ ծառոց բունին Փաթթվող մամուռներ ժողվելու ելավ, մյուսներն ալ ցրվան հոս հոն բարձրաձայն կը պոռային о՜հ, о՜հ և անտառը իր լռության մեջ վրդոված, այս զվարճասերներուն հետ ինքն ար ուրախացած վայրկյան մը կը պատասխաներ о՜հ, о՜հ, ետ չէր մնար անոնցմե, մոռնալով իր ծերությունը։

Օղիին բաժակները նորեն ու նորեն բարձրացան, զարնվեցան իրարու, սիրտերը, գլուխները տաքցնելով, բարեմաղթություններով, կատակներով ընդմիջված։ Նվագածուները՝ գործիքնին ձեռք կառնեին, նախ զարնելով այս ու այն թելին, բաղդատելով հնչումները իրարու հետ։

Ցածեն, մեղմիվ ուտը՝ իր թավ ձայնը մեջտեղ կը նետեր, պզտիկ եղանակի կտորով մը ու կանգ կառներ. հետո կսկսեր նորեն, ու նորեն կը դադրեր, վերջը կը շարունակեր եղանակը և հարիչին՝ աղյաց վրա զարնվածքը ունկնդիրներուն սրտին մեր արձագանք կուտար. ամեն բան կըսեր ու բան մը չէր ըսեր այս երաժշտությունը, իր հրապույրը սևեր հագնող գեղանի կնոջ մը պես, տխրությունն էր։

Անտառը իր լռության մեջ կը թաղվեր, ծառերը անշարժ կը մնային իրենց երկարաձիգ արմատներուն վրա, և ուտին ձայնը կը բարձրանար, կը խոնարհեր, կը վարաներ, կամ ազատ համարձակ դուրս կը սլանար արաբ նվագարանին գոգ և ուռուցիկ կուրծքեն զոր նվագածուն՝ հառաչանքով լեցուն սիրուհվո մը կուրծքին պես կը սեղմեր իր սրտին վրա։

— Սուզինաք կուզեմ, պոռաց Նարդիկ։

Սուզինաք նվագեց ուտը և մյուսները ընկերացան, ձայներնին միացուցին։

Նարդիկ ինքը կսպասավորեր, գեղատեսիլ մատռվակ, մեկ ձեռքով վեր ժողվելով շրջազգեստը, գեղեցիկ սրունքները ի տես հանելով, մյուսով օղիի բաժակներ հրամցնելով։

Լևոն ամենեն առաջ գինովցավ. բայց իր միտքը պատող թանձր մշուշին մեջեն անհանգիստ խղճմտանքը կսթափեր Վայրկյան մը երազի մը պես հիշեցնելով հեռավոր Պոլիսը, իր վաճառատունը, Օրթագյուղ իր նշանածին տունը. վերջը այս բոլորը կանհետանար երբ նարդիկ իր քովը կուգար ըսելով.

— Իմ կենացս ալ գավաթ մը պիտի խմես, կը պահանջեր, կը հրամայեր այս աղջիկը։

Անտառին մեջ առտու երեկո չի կար, այլ միօրինակ կես լույս մը որ վերեն ծառոց սաղարթներուն պատռտված կապույտեն կուգար։

Երաժիշտները կը շարունակեին երգերնին, Հակոբիկ ստակ կը նետեր ամենուն, նոր երգեր, եղանակներ ուզելով միշտ։

— Կազել մը, Մա՛դրի։

Հոն ճաշեցին այսպես առանց գիտնալու կերածնին ու խմածնին. հետո իրենց սայլերով դարձան ետ զառիվայր ուղի են. մութը կը թանձրանար, ճամփան բոլոր երկայնությամբը Պենկալի գույնզգույն կրակներ, ծառերը կը լուսավորվեին, և աջեն ձախ են արձակված հրթիռներուն պայթյունը, լուսավոր շավիղները կառքերուն հետ կը մոտենային գյուղին։ Ճամփան տա՝ տանումներուն մեջ իրարու վրա կը թավալեին կառքին մեջ, հետո կը շտկվեին, կելլեին կը նստեին, համբույրներու ձայներ երգի ձայներու կը խառնվեին երբեմն։

Այսպես ահա կուգային Դաշտելենեն իրենց աղմուկովը, հույսովը արթնցնելով գյուղացին որ պատուհանը կելլեր հրախաղությունը դիտելու համար, հետո կերթար պառկելու, տեսնելով որ այս երիտասարդները քնանալու միտք չունին և մեծ ծառին տակ այս ամառ գիշերը լուսցնելու կը պատրաստվին։

Տեվեճյան Մարտիրոս էֆենտիի խանութը Պահչե-Քափու Թաշ խանի մեջ էր. կենտրոն տեղ ուր փոխադրված էր հիմա։ Գործերուն ընդարձակության համեմատ չէր իր կես խավար սենյակը որ երկու փոքրիկ պատուհանե միայն լույս կառներ։

Բոլոր դրամի պետք ունեցողներու ծանոթ խանութը այս քարաշեն ու ամրափակ սենյակը խոշոր սնտուկի կը նմաներ, սալահատակին վրա խսիր մը, լայն ու կոպիտ հյուսկենով խսիր մը փռված էր. մեկ կողմը երկար բազմոց մը Անատոլուի հաստ ու բրդոտ գորգով մը ծածկված, անկյունը պատին մեջ հյուսված էր քացան որուն երկաթյա ծանր դուռը երեք բանալիով կը բացվեր։ Հրապարակին ու ազգին մեջ ծանոթ ու հարուստ դրամատերներեն մին էր այս մութ որջին մեջ ամրացած մարդը, կարճ ու գեր իր սնտուկին պես։

Անշնորհ ու անխնամ զգեստներեն, ուռած փորեն, փայլուն աչքեն դատելով, չի ճանչցող մը՝ այս ազգին նշանավոր մարդը հարուստ մեծատան մը մատակարարը պիտի կարծեր։

Ամառը զով էր այս քարանձավին մեջ ու ձմեռը խոնավ, դրան ուղղության վրա գտնվող անկյունը սեղանի քով նստած էր իր երիտասարդ գրագիրը պատին մեջ շինված տոլապե մը անհամար տետրակներ հանելու, դնելու զբաղած. դուրսը ուրիշ ծառա մը, ակնցի եղբորորդի մը սենյակները մաքրելու ու իրիկունները գոցելու պաշտոնին մեջ իր փորձյալ հավատարմությամբը, ողորմություն ուզողները ներս թող չի տալու համար սպասելով մինչև իրիկուն։ Երբեք Մարտիրոս էֆենտի մինակ չէր մտներ այս սեմեն ներս, ու իր սպայակույտը ուներ, փոքրիկ փերեզակներ որք իր շնորհիվ վաճառականի տիտղոսը առած էին, դրսեցի փոլիցաճիներ միշտ իր աջակցությանը կարոտ, որոնք առտուները կը շրջապատեին զինքը, մինչև սենյակ տանելու համար. խանը հասնելնուն, օտապաշին ոտքի կելլեր բարև բռնած փեշը փեշին, իր գալուստը կիմարվեր անմիջապես:

— Եկավ, եկավ, կըսեին իրարու։

Մարտիրոս էֆենտի անտարբեր իր գալուն համար ցույց տրված մեծարանքներուն, հարուցած աղմուկին, համրաքայլ կը հառաջանար, իր ճարպալից մարմնույն բեռան տակ ընկճյալ, տոտիկ տոտիկ կելլեր քարե սանդուխը որ իր սենյակը կը տաներ։

Դրան մոտ եղբորորդին կանգուն, ձեռքերը միացուցած, կը վաղեր աղային գալը ներսը իմացնելու։

— Բարի լույս, Աբրահամ։

Ու Աբրահամ այս բարի լույսեն շողոքորթված, պատասխանելու անկարող, թեմեննահ մը կըներ գետնեն։

Վերջապես կը մտներ ներս ուր զինքը սպասողները ոտքի վրա ելած կընդունեին զինքը, բազմոցին վրա իրեն համար որոշյալ անկյունը կանցներ ու իրեն դիմողները մտիկ կըներ։

Տասնութը տարու էր երբոր Ակնեն Պոլիս եկավ «սարֆութին» ընելու համար, այս դրամի առուտուրը իրենց ընտանեկան մոլությունն էր. ամեն ոք սարաֆ կը ծներ այս ընտանյաց մեջ. կարգավ, տարիքի ու փորձառության կարգավ, մի առ մի կուգային մայրաքաղաքը, նորեկները՝ վարժվելու, ծերերը՝ նորեկներուն սորվեցնելու համար արհեստին գաղտնիքը, անընդհատ երթևեկ մը Ակնեն Պոլիս տանող ճամփուն վրա, հաստատամիտ մրջյուններու ուղևորության մը պես։

Աստվածապաշտ կը թվեին այս մարդիկ։ Սաղմոսեն տուներ, Ավետարանեն հատվածներ բերնուց գիտեին, օգտակար փաստեր, զորս շահավոր առուտուր մը ի գլուխ հանելու կը գործածեին։

Սակավապետ, կծծի, խանի մը սենյակին մեջ. պարտկված Տեվեճյանները միշտ հարուստ-աղքատներ մնացած էին, մինչդեռ ուրիշ հայրենակիցներ հաջողության մեջ մոռնալով իրենց առջի խնայող սովորությունները, պոլսեցիի մը պես շռայլ ու մսխող դարձած էին։ Հոս կամ երկիրը, թոնիրին քով կամ տանիքին վրա, առտու կամ իրիկուն, դրամն էր իրենց խոսակցությունն, հաճույքն ու ցավը, սփոփանքն ու հուսահատությունը։

Առնելիքի, գանձման, դատի, տոկոսի, մուրհակի անվերջանալի վեճ մը որ տունն ու խանութը հավասար կատաղությամբ հառաջ կը տարվեր, մին՝ մյուսին գործողությունները քննադատելով, դժգոհ, գանգատող, չի կրնալով երբեք բավականանալ հաճախորդներուն կողոպուտներեն, առնված շահեն, ապահովութենեն կամ գրավեն։

Այս շահամոլ մթնոլորտին մեջ ծնավ ու մեծցավ Մարտիրոս. ուղիղ ընթերցանութենե ավելի չի սորվեցավ երբեք. բայց մանուկ հասակեն սարաֆության բոլոր ծակ ու ծուկը, վարպետությունները սորված հասավ Պոլիս, հորեղբորը Սարգիս աղային քով տեսականը գործնականով կատարելագործելու համար։

Մեծ Նոր խանի մեկ սենյակին մեջ որ իրենց տունն ու խանութն էր միանգամայն, սպասավորի համեստ դիրքով սկսավ իր աշխատությունը, անկողին շտկէց ու ժողվեց, սենյակը ավլեց ու իրիկունները դրան առջև փոքրիկ երկաթե վառարանին վրա կերակուր եփել սորվեցավ։

Չախ ու ծեծ կերավ հորեղբորմեն, երբոր աղը շատ նետեց կամ պտուկը կրակին վրա մոռնալով այրած ու սևցած սեղան բերավ։

Արյունը՝ մահամերձ ծերուկի մը հանդարտությամբ կը սողար իր երակներուն մեջ. հնազանդությունն ստրուկության կը հասներ այս տղուն քով. իր պապը՝ ծեծի ու հանդիմանության շնորհիվ հառաջացած ըլլալը կը պատմեր. հայրը նույն կերպով մարդ եղած էր. ինքը բացառություն մըլլալ մտքեն շանցուց. իր հայրը, հորեղբայրը ու պապը դարուս նշանավոր մարդիկն էին իր աչքին ու ըստ այնմ իր հարգանքը ու ակնածությունը անսահման էր։

Խոհարարութենե սկսավ հառաջադիմել մինչև սենեկի մանչ «օտա ուշաղի» ըլլալու աստիճան. խահվե ու չուպուխ կը հրամցներ հյուրերուն, ջուր կը բերեր ու սիկառի կրակ կուտար, ու դրան մոտ կսպասեր ձեռքը ձեռքին վրա բարև բռնած մինչև որ հորեղբայրը կանչեր զինքը.

— Ծո տղա, ֆեոս եկու։

Գիրուկ, գեղեցկադեմ տղա էր զոր սևնեկին հաճախորդներն շուտով նշմարեցին, ինքն ալ զգաց այն հատուկ ուշադրությունն որուն առարկա կըլլար, ոմանք պախշիշներ տվին իրեն զորս ընդունեց, առաջարկություններ լսեց որոնցմե իզուր ուզեց խույս տալ։ Հորեղբայրը որուն թերասքող բառերով իր վարանումները բացատրեց, չի հասկնալ ձևացուց իր խոսած լեզուն։ Ծերուկ կալվածատեր մը՝ հինուց ի վեր խանութին հաճախորդներեն մին, Մարտիրոսին ամենեն ավելի հետամուտ գտնվեցավ. մինչև իրիկուն խանութեն չէր ելլեր, առանց բնավ պետք ունենալու շարունակ փոխ ստակ կառներ, մեծամեծ շահերով վերադարձնելով քիչ օրվան մեջ, խանութը կը շահեր այս հաշվեն ու Սարգիս աղա՝ ծերունի կալվածատերին տկարությանցը ուշադրություն չի դարձուց։

Քիչ ատենվան մեջ Մարտիրոս ինքն ալ փոքրիկ գումար մը ժողվեց իր տեսած առատաձեռնություեներեն ու իր հաշվույն պզտիկ գործ մը սկսավ հորեղբորմեն գաղտնի, տոկոսով փոխ ստակ կուտար, ութ օրվան մեջ կրկինը ստանալու պայմանավ. այս անհուսալի շահը կրցավ իրականացնել, փարան փարային ու ստակը ստակին վրա գրավ, երբեք զբոսանքի ու հաճույքի փող մը չի տվավ ու երկու տարի վերջը բավական ստակ դիզած էր։

Այս հաջողությունը իր շահու ծարավը սաստկացուց, այնպես որ, հորեղբորը խանութին մեջ գրեթե խանութ մալ ինք հաստատեց, ճարպիկ ու համոզիչ էր. հաճախորդները մի առ մի կորզեց, ամենքը հարեցան իրեն երիտասարդի մը քով ավելի վեհանձնություն գտնելու հուսով քան թե անոր կարծրասիրտ աղային մոտ որ զիրենք անողորմաբար կը կողոպտեր։

Այսպես անձայն ու անշշուկ իր հաշիվը հորեղբոր հաշիվեն զատեց ու անոր շուքին տակ մեծցավ ի վնաս հայրենի տոլապին։

Սարգիս աղան զգաց որ իր տակավ առ տակավ պակասող շահերուն ու այս վտանգավոր վիճակին գաղտնիքը եղրորորդվույն քովն էր․ իր սենետները մեսյալ տառ մնալու կը դատապարտվեին․ ոչ ոք ստակ մը կը վճարեր առջի պարտքերուն համար. խանութին առնելիքները որ սարաֆի մը աչքին պատրաստ դրամե ավելի նվիրական են, փճանալ կսպառնային. թշնամին ներսեն էր, այս փոքրիկ վստահության զեղծումը տարապայման կերպիվ մեծցավ և աններելի ոճրի մը հանգամանքը ունեցավ իր աչքին, իր ուրիշները կողոպտելու միջոցն՛երով լեցուն միտքը չկրցավ ըմբռնել այս խաբեությունը երբ իրեն դեմ ի գործ կը գրվեր։

Խաբելն՝ միայն իբրև ներգործական ճանչցած էր. կրավորական ձևը տեսնելով կատղեցավ․ նախ վռնտել մտածեց Մարտիրոսը. հետո խորհեցավ որ հայտնի թշնամությամբ համարձակ հակառակորդ մը պիտի ըլլար իր դեմը. մեղմացավ, իրավախոհություն մը նախամեծար դատեց. Մարտիրոս իր կանխահաս ճարպիկությամբ հայրենի արյունը կը հաստատեր, շահու բաժին մը տվավ խանութեն ու դաշնակցությունը պատերազմին առաջքն առավ։

Բայց երբեք անառակությունը դրամ ծախսելու պատճառ մը չեղավ իրեն։

Փերայեն միշտ երկյուղ մը ուներ այս դրսեցին որ իր քսակին համար փրկավետ եղավ, երբեք չի հաճախեց այն հասարակաց տուներն ուր կյանքը ու դրամը հավասար շռայլությամբ կը վատնվին։

Ահա այսպես անցավ իր կենաց մեծագույն մամը. հարստացավ. այն ատեն ամենքը մոռցան իր աղտոտ գործողությունները, ամոթալի անցյալը, միայն սնտուկին լեցունությունը հիշելու համար, ոսկվույն փայլը իր խայտառակությանը աղտը աննշմարելի դարձուց։ Տարի մը հինգ ոսկի տվավ Հիվանդանոցին ու Պատրիարքարանը օրհնության կոնդակ մը խրկեց իրեն, լրագիրներն այս բարերարին անունը ամեն կողմ տարածեցին. Ակնեն ընտանիքը կարդաց ու պարծենցավ։

Հայրենիքեն դեռ իր եկեղեցասիրությունը ու բարեպաշտ սովորությունները պահած էր. ամեն կյուրակե եկեղեցին կը տեսնեին զինքը սև չուխա սեթրիովը դավթին մեջ կանգնած, հերազուրկ գլուխը բաց փղոսկրե գունտի մը պես փայլուն, ձեռքը համրիչը, քթին տակեն մռմռալով՝ սեղանին կամ դասին մեջ ըսված աղոթքները։

Հիմա կատարելապես մեծ մարդ մէր, այսինքն ինչ որ կը հասկցվի մեծ մարդ ըսելով հայոց մեջ, ու Մարտիրոս էֆենտի, վասնզի էֆենտի էր հիմա, իր դերը կը կատարեր։

Գործի վրա խորհուրդ կուզեին իրմե, վեճերու մեջ իրավարար կը կարգեին զինքը իբրև անկաշառ մեկը Ազգին մեջ, ոչ վարչության անդամ էր և ոչ երեսփոխան։

— Ես ատանկ ցույցերե չեմ ախորժիր, ձեռքես եկածին չափ կաշխատիմ, առանց անդամ ըլլալու։ Ու մեկուսի, հպարտ, ազգային գործերու վրա հանդիմանական ձևով իր կարծիքը կուտար այն դործիչներուն որ կուգային ստակ ուզելու իրմե։

— Ատանկ ժողով չըլլար, ազգը պոշպողազներու ձեռքը մնացեր է։

Այսպես առանձին, անկախ, ու հզոր իշխանություն մը կլլար, զոր ամեն ոք կը ճանչնար ու կը հարգեր և թուրքերն ալ կը մեծարեին զինքը, անոր գռեհիկ մականունը կազնվացնեին, Տեվեճիզատե Մարտիրոս էֆ․ կոչելով զինքը։

Մեծ գործերու ձեռնարկած էր հիմա. կարևոր հաստատության մը հացը կը հայթայթեր և կը հարստանար գողնալով տեսակեն, քանակութենեն, իբրև ճշմարիտ պոլսեցի վաճառական մը, ու հետզհետե լինելով ճշմարիտ իշխան մը, ծախքը մեծցնելով, բազմաթիվ ծառաներով շրջապատյալ ու ձգելով իր Քում—Քափուի տունը ուր իր արդի մեծությունը չէր սղմեր, Օրթագյուղ փոխադրվելու համար։

Շատոնց լրագիրները վսեմափայլ կը կոչեին զինքը. ինքն իր երկաթյա քացային կրթնած իբրև անառիկ ամրոցի մը, ալ առաջվան պես սարաֆություն չէր ըներ գրեթե, բայց անհաշվելի առնելիքները անգանձելի մնացած էին և իր հինավուրց վաշխառուի միշտ դյուրազգաց մնացող սիրտը կարյունեին։

Բայց ոչ մեկ թվաբան բաղադրյալ տոկոսի հաշիվ մը իրեն չափ հաջողությամբ պիտի կրնար ընել։

Ստակին շահը, շահը դրամագլխեն ավելի նվիրական բան մը ուներ այս մարդուն համար, դրամագլուխը կորսնցնելու հոժար էր բայց տոկոսին դպչիլը մահացու մեղք էր։ Ասկից անկից տեսած փոքրիկ վնասներեն զայրացած՝ ապահովություն ապահովության վրա, գրավ գրավի վրա կը պահանջեր փոխ ստակ տալու համար։

Եվ հանձնառու կըլլային ամենքը վստահելով այս հարուստ մարդուն որ իրենց ավանդն ու գրավը յուրացնելու պետք չուներ, հանձնառու կըլլային այս մարդուն բոլոր անիրավ ու անտեղի պայմաններուն։

Իր գործողությունները, ամեն ավանդյալ գրավները ծախու առնելու ձևով տեղի կունենային, հասա խորդները միշտ պարտավոր էին հավատալ իր խոսքին թե գրավները պիտի վերադարձներ եթե իրեն պարտքը հատուցանեին։

Այս խստությունը, այս անվերջանայի պահանջումները, պայմանները, սենետները, ա՛լ ավելի վստահություն կը ներշնչեին հաճախորդներուն. իրենց ստացվածքին աչք տնկող մարդ մը այնքան դժվարություն չպիտի հարուցաներ քիչ մը ստակ տալու համար, այս համոզմամբ ադամանդները կը լեցնեին իր երկաթե սնտուկին մեջ։ Կալվածները յուր հորը անվան կը դարձնեին իբրև վերջնականապես ծախված, առանց փոխարեն թուղթ մը, գիր մը առնելու։

— Իմ տետրակիս մեջ գրված է, կըսեր սարաֆը վեհապանծ, ցույց տալով իր կաշեպատ տումարները, իբրև թե Ավետարանը ցույց տար այս միամիտներուն։

Բայց իր բոլոր հարստությամբը հանդերձ իր վաշխառուի հնավանդ տկարությունը կը պահեր միշտ ու երբ դիպվածով մեկը գար իր պարտքը հատուցանելու, այս պարտքը անհավատալի արագությամբ աճած ու բազմապատկած կը գտնվեր, հաշիվ ընելու հատուկ եղանակ մը ուներ այս մարդը՝ տոկոսը կը հաշվեր նստած տեղեն, մատերուն վրա համրելով անցած ժամանակը։

— Զիլհիննե, զիլքատե, շևվալ:

Եվ այս արաբական ամիսներուն անուններովը ու հասած եզրակացությամբը ապշեցնելով դիմացինը, իբրև թե արաբական տարին 14 ամիսե կազմվեր։

Վերջապես գումարը կորոշվեր, շահը շահին բարդված պարարտ գումար մը, զոր ամբողջապես իր ափին մեջը աեսնելե վերջը միայն կը բանար իր սնտուկը. անել հորի մը պես ժամերով փնտրելով, հետո ակամա կարծես տիրոջը վերադարձնելով ձգված ավանդը։ Իսկ թուրք հաճախորդացը հետ միշտ համեստ ու երախտապարտ, կրկնելով մարդուն մեկնած միջոցին իր շնորհակալության ավանդական բանաձևը, ճիշտ այնպես երբ Մեծ Նոր-խանի մեջ հինգնոց մը պարգև կուտային իրեն։

— Պերեքեթ վերսին, էֆենտիմ.

Իբրև կրոնասեր և աստվածավախ մարդ չէր կրնար ամեն զվարճության մասնակցիլ. թատրոն կերթար միայն հինգերորդ արարվածին՝ չարագործներուն պատուհասը, առաքինիներուն երջանկությունը տեսնելու և հրճվելու համար, հոն սիրո տեսարանները զինքը կը գայթակղեցնեին, հիշեցնելով իրեն ամեն տարփանքե զուրկ մնացող պատանեկությունն, և դրգռելով իր նախանձաբեկ հոգին, վերջերը ակամա կը շարունակեր երթալ ո՛չ ալ բարոյականի հաղթանակը տեսնելու համար թատերաբեմին վրա, այլ կանանց սիրաբորբոք տկարությունները, պարտությունները լսելու, դիտելու, վայելելու համար, տեսակ մը անցյալի պատկեր որով կը վերադառնար իր երիտասարդ տարիներուն։

Այսպես կիներուն նայելու համար միայն հիմա կուգար ներկայացմանց, հետզհետե ավելի ջերմ կուսակից դառնալով թատրոնի, և իր օթյակեն՝ բերանը բաց, զմայլելով Նարդիկի հրապույրներուն վրա, և ապաժաման ցանկության մը բոլոր դառնությունը զսպելով սրտին մեջ։

Վերջեն չէր կրցած համբերել այս հանդիսատեսի դերին. իր ծանոթներեն մին միջնորղած էր Նարդիկի քով և Մարտիրոս էֆենտի հոժարությամբ բացած էր իր ամրակուռ քացան, լիաբուռն վատնելու համար հազար կեղեքումներով հավաքված ոսկին.

Գործի մեջ միևնույն հաստատ և հաշվող մարդն էր. Շաբաթ իրիկունները իր գանձման իրիկունն էր. Մարտիրոս էֆենտի իր պարտատերերուն ցուցակը ձեռքը՝ աչքե կանցըներ, անուննին կուտար, ոմանք իրենց պարտքը վճարած էին և ոմանք չէին երևցած դեռ իրիկվան ժամ 9ին. Շամլյաններեն՝ որոնցմե հազար ոսկվո չափ առնելիք մը ուներ, ոչ ոք եկած էր. Մարտիրոս էֆենտին կասկածոտ կատվի մը պես կը մռլտար.

— Ո՛ւր մնացին այս Շամլյանները. ալ համը հոտը փախավ։

Քառորդ ժամ մ՛ալ սպասեց, հետո Աբրահամը խրկեց․

— Կես ժամեն Հովակիմ աղան պիտի գա, պատասխան եկավ։

Մարտիրոս էֆենտի թաց տեղը պառկող մարդ չէր. իր առնելիքին փոխարեն Շամլյաններուն Օրթագյուղի մեջ բնակած տունը իր հոր անվան գրավի առած էր. կարող էր ի հարկին Դամասկոս վերադարձնել բոլոր Շամլյանները և տունը գրավել։

Եռահարկ գեղեցիկ տուն մը, ուր պիտի կրնար ինքը փոխադրվել, տան վարձք վճարելե ազատիլ. այո, ըլլաքիքը այս էր, ապագան տեսնելու, գուշակելու մեջ մեկ հատիկ էր սարաֆը, այս Շամլյաններուն գործը ձախորդ կերթար, դրամական անձկություննին կավելնար։ Ասկե անկե փոխ ստակ կառնեին միշտ իրենց վճարումները անխափան շարունակելու համար։ Ծանր տոկոսներ կուտային։ Սարաֆը ամեն ինչ կիմանար։ Հովակիմ աղա ներս մտավ տրտում, մտախոհ, բարեվեց, հետո դրամի խոսքը բացավ։

— Այս շաբթու մեջ զիս պիտի սեղմես, սկսավ վաճառականը։

Մարտիրոս էֆենտի իր անկյունին մեջ բոլորած, ամփոփված կը կենար նետվելու պատրաստ պոայի մը նման, առանց մտիկ ընելու ըսած խոսքին։

— Ո՞րչափ ստակ բերիք։

Շամլյան իր դժվար վիճակը կրկին կը հայտներ։

— Այu շաբթու...

Սարաֆին դեմքին վրա քիթը երկնցավ մինչև թուշը հասնելու չափ, աչերը ավելի մանրցած,

— Այդ բանը չընես հա՜, կը նեղանամ։

Կը նեղանար, այո՛, սարաֆը նեղացնելու չէր գար, ահարկու սպառնական բան մը կար այս պարզ խոսքին մեջ «կը նեղանամ», որ կը գիշատեմ կը նշանակեր հոս։

Շամլյան կաղաչեր, պատճառներ կը համրեր, հույսեր կուտար․ մյուսը՝ անդրդվելի, հետզհետե կը խոժոռցներ դեմքը, խոսքը դառնացնելով. առաջի օրեն երբ ստակ ուզած էին իրմե միթե չէ՞ր ըսած որ ժամանակին չի պիտի կրնային վճարել. այն ատեն խոսքով երդումով խաբեր էին զինքը և ահա հիմա ասով երկու շաբաթ կըլլար որ փախուստի դուռները կը բացվեին. գուշակությունը, կասկածները կիրականանային. ո՛չ, չէր կրնար սպասել։

Մյուսը՝ կը կարմրեր, կը քրտներ խստապահանջ դրամ էստերին դեմը, խոնարհելով անոր գանգատներուն առջև որոնք ավելի նախատինքի կը նմանեին։ Գալ շաբթու, գալ շաբթու անպատճառ պիտի վճարեր։

— Ո՞ւսկից, կը հարցներ Մարտիրոս բրտությամբ։

Վաճառականը կը պարտավորեր իր բոլոր գործերուն համարը տալ, գալիք ապրանքներուն, դրամներուն Հաշիվը բացատրել. կը հիշեցներ նաև իրենց Օրթագյուղի տունը գրավի դրված պարտքերնուն փոխարեն, վերջապես տոկոսի նոր հավելում մը եղավ, հաշտվեցան. նախատինքներն վերջը բարեկամությունը սկսավ։ Մարտիրու էֆենտիի շրթունքեն հիմա մեղր կը հոսեր, քաղցրությամբ, մտերմությամբ խրատ կուտար Շամլյանին, Արմենակին հարուստ աղջիկ մը գտնելու էր, և Տեմիրճյանին աղջկան վրա դարձավ խոսքը։

Հովակիմ աղա իր սիրտը բացավ.

— Իմ բոլոր հույսս ան էր. բայց ետ մնաց։

Մարտիրոս էֆենտի աշխատելու, չի հուսահատելու խորհուրդ կուտար։

Հովակիմ աղա մեկնեցավ. խորհելով իր տեսած նախատանաց և մոտավոր ապագային վրա որ ավելի ևս դժնդակ ու ահավոր կերևար։

Շոգենավին մեջ մարդու հետ չի խոսեցավ. տունը՝ ճաշին տակ լուռ ու մունջ էր. կը մտածեր որ ոչ իսկ այս բնակարանը իրենցն էր այլևս, իրենց առևտուրին մեջ հազիվ երեք հազար ոսկվո չափ գումար մնացած էր նախորդ հարստութենեն. ստակի նեղությունը, վաշխառուներու հարկը կուտեր կը հատցներ իր բոլոր աշխատության շահը և վնաս կը մնար միշտ. Արմենակին Մանչեսթրի մեջ պարտքերուն վճարումն ալ դրամագլխեն մեկ մասը տարած էր. և մեծ փոխառությամբ մը միայն իր պատիվն ու անունը մոտալուտ աղետե պիտի կարենար ազատել։

Իր հույսը նորեն դարձավ Տեմիրճյանին հետ խնամության մը վրա. բան մը չըսավ իր կնոջ ու զավկին. բայց ճաշեն ետքը ելավ փռեֆի երթալու, և Արմենակին ըսավ որ մեկտեղ գա ինքնիրեն կը մտածեր որ ինչո՞ւ իր տղան չի կրնար այն աղջիկին սիրտը շահիլ։

Փռեֆին մեջ կորսնցուց. կորուստ ամեն կողմեն. չար ոգի մը կը հալածեր զինքը. բայց այն իրիկուն Արմենակ բավական երկար խոսեցավ էլպիսին հետ, գգվելով ողոքելով հարուստ աղջիկը իր ճենթլմենի ձևերով։

— Անշուշտ, օրիորդ, իրավունք ունիք, оրիորդ։

Էլպիս Եվրոպան չէր սիրեր, Պոքիսեն չէր զատվեր, երիտասարդը չէր կրնար հակառակ խոսիլ։

— Ճշմարիտ է, օ՛րիորդ, բայց Մենչեսթրը. առաջին վանկը՝ մենը կը շեշտեր սովորապես Մանչեսթր ըսողներուն սխալը հասկցնելու համար։ Ա՜հ, թե որ Անգլիան տեսներ, ապահովապես պիտի հավներ։ Եվ կը համոզեր իբրև թե այս վայրկենին օրիորդ Տեմիրճյանը առնելո՛վ Անգլիա տանել առաջարկեր։

Ոչ ոք սակայն Արմենակի չափ ստույգ և իրական սարսափ կզգար Մանչեսթրեն. իր Քուին-սթրիթի բնակարանին մեջ ի՜նչ տագնապներու հիշատակները թողած չէր. ո՞վ ըսավ որ զվարճանալու համար գացեր էր Անգլիա. այո՛, Շամլյան վաճառատան Ընդհանուր ծախքի հաշվեգլխույն մեջ անցուցած էր անգլուհիներու համար վատնա՛ծ դրամը, հորը թևարկութենեն նոր ազատող երիտասարդի շռայլությունները, հետո քայքայված առողջությունը դարմանելու համար Փարիզի, Վիեննայի բժիշկներուն վճարած անհատնում ստակները, այո՛, ստույգ էր այս ամենը, բայց թե որ տեսնային զինքը, ինչպես ամեն չորեքշաբթի և ուրբաթ Պոլսեն թղթատար շոգենավին հասնելուն կը վազեր նամակատուն, գործարանին տիրոջ տրվելիք ստակը Պոլսեն մոռցած ըլլալնուն վախովը սրտատրոփ, և նամակը կշռելով գգվելով ձեռքին մեջ, դուրսեն, վայրկյան մը առաջ գուշակելու համար ակնկալած փոխանակագիրը կը պարունակեր թե ոչ, վասնզի կատակե չէին ախորժեր այս անգլիացիները, բնավ չէին ախորժեր։ Մինչդեռ Պոլսեն իր հայրը Հովակիմ աղա՝ ծույլ և անփույթ, աճապարելու պետք չէր տեսներ, Չաքմաքճըլարի խանութին մեջ նստած կը բարկանար Արմենակին և այս խոսք չի հասկցող անգլիացիներուն դեմ, պոռալով.

— Փաթլամիշ չեղան ա՛, գալ փոսթայով թող ըլլա։

Եվ երիտասարդը Անգլիո անթույլատու և աններող սովորությանը ենթակա, չի կրնալով իրենց համեստ դրամագլխով ձեռնարկած առուտուրին բավել, Պոլսեն ցույց տրված անփութությանը տոկալ, օրն ի բուն իր գրասենեկին մեջ կծկտած տետրակներու վրա կորաքամակ, երեսը կը պահեր առնելիքվորներեն որ շաբաթ օրերը կուգային գրասենեկին դրան վրա կապույտ գիրերով նշանակյալ հրավերին համեմատ, «Վճարմունք շաբաթ օրը ցորեկեն վերջը ժամը 2են մինչև 4»։

Կը պատահեր որ թղթատարը չի բերեր Պոքսեն կրկին և կրկին պահանջված դրամները, և այն ատեն գերագույն ճիգ մը ընելու կը հարկադրվեր, ամենեն անձուկ վայրկյանը իր կյանքին. դուրս կելլեր իր դրամատունեն վարկի հավելում ուզելու համար, Ճոյընդ-Սթոք պենքեն Քինկ-սթրիթի մեջ. հոն կը հնչեցներ զանգակը. Մենեյճըռը կընդուներ զինքը, բարեմտությամբ ունկնդրելով իր պատմությանը. Պոլսեն այս անգամ դարձյալ ռըմիզ չէին հասցուցած բայց ութ օրեն անպատճառ պիտի խրկվեր. ի՜նչպես կարտասաներ, ի՜նչ անկեղծությամբ, սրտին հոգիին խորեն այս «անպատճառ» բառը և տեսնելով որ Մենեյճըռը կը շարունակե ունկնդրել, իրենց վաճառատան պատիվը կը հիշեցներ, Շամլյան անունը միշտ անաղարտ և անբիծ մնացած էր և պիտի մնար։ Մենեյճըռը իրենց հաշվընթացը աչքե անցընելու կերթար և ինքը կսպասեր ընդարձակ և թափուր սենյակի մը մեջ ուր վառարանին լույսը կը ցոլար, իր տասնապատիկ մեծցած ստվերը պատե պատ, գետնե գետին կը տաներ կը բերեր, կը քրտներ երիտասարդը այս խոնավ ու ցուրտ սենյակին մեջ, ամեն հոս եկող կը քրտներ, սպասելով գալիք պատասխանին, «այո»ին կամ «ոչ»ին։ Այս կերպ նեղություններով Մանչեսթրի մեջ ավարտած էր իր կայանքը, որպես պարտ է ընել ամեն պասմանի վաճառականի տղա, չորս տարվա մեջ Եվրոպիո աղտն ու մուրը, հիվանդությունները հավաքելե վերջը իր ապիկար անձին վրա։

Հաջող ամուսնության մը ակնկալությամբ կը դառնար Պոլիս, երկայն, սև, փայլուն գլխարկով որուն տակեն կարծես իր էսնաֆդ փյուսկյուլը դեռ կը ծածաներ, երկկողմանի ու տափակ մորուքին մեջեն ցույց տալով կզակը՝ ածիլված, մաքուր, կորովի, ճշմարիտ մսակերի կզակ, ալ թողած էր անգլիական ոստանն և փրկված անոր հատուցման անողոք պայմանաժամներեն։

Անտեղի սնապարծության մը համար ուրեմն կը գովեր էլպիսին բրիտանական մառախլապատ երկինքն։ Հոժարակամ տեղեկություն կուտար Եվրոպիո ամեն մասերուն վրա. գրական, արվեստական նորությունները կը հիշատակեր. Վակնեռի նոր օփեռային և զվիցերական դաստիարակության վրա՝ հավասար դյուրությամբ կը ճառեր. Տեմիրճյանին Անգլիո երկաթագործական արվեստները կը թվեր, կը բաղդատեր Պելճիո հետ. Ստեփանիկ աղային արժեթղթոց վրա շահադիտական նոր ծրագիրներ կը պարզեր, առիթ, վայրկյան չի փախցնելով իր հմտության ապացույցները տալու ամենուն։

Փռեֆ չեղած իրիկունները նորեն Տեմիրճյաններուն կերթար՝ տիկնոջ հետ, օրիորդին հետ խոսակցելու, քաղաքավար ձևերը, բարեկեցիկ վարժունքը ավելի ևս նրբացնելով, մեծարանքի, փայփայանաց շրջանակի մը մեջ պաշարելով մայրն ու աղջիկը, և շարունակ լռելյայն բաղդատության մը հրավիրելով զանոնք իր անձին և իրենց փեսացուին մեջ։

Ստեփանիկ աղա՝ տիկին Տեմիրճյանի հայտնի կուսակցութեն են քաջալերված, Արմենակ Շամլյանի պաշտպան կը կանգներ, գովեստը շռայլելով։

— Էլմասի պես տղա է։

Այնչափ որ կյուրակե օրերը Լեռնի այցելությունը տանը մեջ անուշադիր կանցներ, անկարևոր կը դառնար, էլպիս՝ Արմենակը մտիկ կըներ, մայրը ահով կզբաղեր և չէին բռնադատեր, ստիպեր զինքը կենալու առաչվան պես երբ գանձապետը գիշերը Պոլիս դառնալու կելլեր։

Օրթագյուղ Պոլսո հայոց Ֆոպուռ Սեն-Ժերմենն է. այն երկու բլուրներեն որք հսկա թռչնո մը պարզված երկու թևերուն պես կը բարձրանան ծովեզերքեն, և որոց մեջ բացվող խոնավ ու մթին ձորը մինչև նավամատույցը կը հասնի, աջ կողմինն է, ազնվական թաղը։ — Խողովակներու պես նեղ, կիրճերու պես երկարաձիգ ու խորտուբորտ փողոցներով, գրեթե քարահատակ սանդուխներով ձևացած թաղ՝ ուրկե իր անունը՝ Թաշ-Վերտիվեն։

Հպարտ ու մահաբույր հով մը կա այս թաղին մեջ, անշարժության հովը։

Անջատ պարտեզներու մեջ բարձրաբերձ պատերով զատված փայտաշեն, մեծատարած տուներ որոնք իրարու վրա կը նային, իրարմե կզգուշանան, կը քաշվին։

Ամայի փողոցներուն մեջ անցուդարձ չի կա ու այս միայնությունը տաճիկ թաղերուն լռությունը ու մելամաղձոտությունը կը հիշեցնե հեռուեն։

Բայց տուներուն մեջ կյանքը հուզյալ ու արկածալից է միշտ, ներսի եռանդը՝ դուրս ի անտարբերության պակասը կը լեցնե ու կավելնա, բայց օտարական մը այս հին շենքերը, ամայի թաղը տեսնելով պիտի կարծե թե անոր բնակիչները շատոնց մեկնած են այս տեղերեն։

Բնակիչները իրենց շենքերուն հանդարտ ու հպարտ երեվույթը ունին. վազող, աճապարող մարդ չի կա հոն. հանդարտաքայլ, ծանրախոհ ու մտազբաղ են ամենքը, եթե ոչ նոր. գեթ մաքուր ու կոկիկ հագված, քիչ խոսող, ցած ձայնով, դրացինը անհանգիստ չընելու երկյուղով, այս մարդիկը՝ քաղաքավարությունը ամեն առավելության կը նախադասեն։

Չեն կռվիր, չեն հայհոյեր. պարոնը կըսեն մեկու մը խոսած ատեննին, էֆենտին կըսեն դիմացինին. Օրթագյուղի խանութպաններն անգամ ուրիշ տեղերու մարգոց չեն նմանիր. սըրճարանը ուր կիրակի օրերը միայն ոմանք կերթան, ձայն ու ձուն չիկա, խելոք կերած տղոց վարժարանի մը պես, սպասավորները չեն պոռար բարձրաձայն ապսպրված ըմպելիքը, լրագիր ընթերցողները կամ խոսակցությունները չի շփոթելու համար, այլ հուշիկ ու զգույշ կը մոտենան քովդ, դավադիր մեկ անցախոս բառը հաղորդելու ձևով, ցած ձայնով կամքդ կիմանան ու կամացուկ մը կը գործադրեն։

Օրթագյուղցին՝ իր թաղեն դուրս զբոսանք և հաճույք չունի, կը սիրե իր գեղին օդը, դիրքը, ձևը ու բնակիչները, ման գալու համար իր Փանկալթիի պարտեզը ունի, ներկայացմանը համար իր թատրոնը, եկեղեցին ու դպրոցը փոսի մը, գրեթե անդունդի մը մեջ շինված են. հոս՝ անդունդը կը լուսավորն բարձունքը, և կռնակը բարձրացող սեպացյալ լերան կուշտին վրա հայոց տուները դեպի իրենց եկեղեցին կը ծռին, կը նային շարունակ։

Օրթագյուղ խոսակցությանը գյուղն է. օրվան դեպքերը, լուրերը կիմացվին կը քննադատվին հոն, հասարակաց կարծիք մը կը գոյանա իսկույն։

Քաքմաճյան բնակության լավագույն կենտրոնը ընտրած է, իրիկունները տուն դառնալուն իր կնոջմեն կիմանա անցած դարձածը. և հիվանդ զավկեն մահճին քով նստած մտիկ կընե օրվան համարատվության. ինքն ալ իր կողմե պատմելու համար իր շան տանջանքը, ամեն ավուր կյանքը։

Սենյակին երկու պատուհաններուն վարագույրները բացված են, դյուրացնելու համար անշուշտ լույսին մուտքը, զոր եկեղեցվույն պատերը կարգիլեն իրենց ներկին դեղին ցոլացումը խրկելով անոր տեղ։

Պզտիկ բարվոքում մը կա այսօր Նոեմիի վիճակին մեջ. մայրը հազար պաղատանոք համոզած է զինքը անկողինեն ելլել, և նորատի աղջիկը հիմա իր սովորական անկյունի բազմոցին վրա է, գլուխը ձգելով բարձերու կույտի մը վրա զոր մայրը հիվանդին նիհար մարմնույն, ոսկորներուն խնայելու համար գիզած է հատկապես։ Անկողինը անդին կը պահե անեղծ հիվանդին թողած գոգաձև կաղապարը և բարձր անոր հեք գլխուն դրոշմը, մահճակալին քովի սեղանին վրա դրված են դեղերու շիշեր, տուփեր իրենք կուրծքին վրա փոքրիկ նարնջագույն ծանուցումով, կարմիր վերքի մը պես, դեղարանին անունը ու դեղին առնվելուն եղանակը բացատրող, ասոնց հոտերը, քրտինքի բուրում մը առկախ կը կենան փակ պատուհաններով բանտարկված օդին մեջ։

Ֆուլիկ հանըմ իր զավկին մոտ կը կենա, հետևելով անոր ամեն մեկ շարժումին, շունչին, գուշակելով ամեն կամքը, ու կեղծ զվարթության մը տակ պահելով իր կսկիծը, ձեռքը՝ Նոեմիին ճակտին վրա կերթա միշտ տեսնելու համար ջերմին գալը որ այսօր կուշանա, կուշանա, հույսը կուգա իր մայրական ողորմելի սիրտը բերկրությամբ լեցնելու, չի պիտի գա ջերմը այսօր և չի պիտի գա վաղը, մյուս օր. պիտի փրկվի զավակը, այս ամենը կոպան իր մտքին առջև իրականացած, զավակը կը տեսնե ոտքի ելած, հագված, շքված գեղեցիկ նազելաճեմ հասակովը գյուղին աղջիկներուն նախանձը շարժելով։

Դուռը կը զարնեն. Գալուստյան Գևորգն է որ իր խմբագրապետին աղջկան հիվանդտես կոպա և զվարթ բնավորության ուրախությամբը այս ցավերով լեցուն սենյակին տրտմությունը պահ մը կը փարատե։

— Տեսա՞ր մի, այսպես քաջ եղիր քիչ մը, ել նստե։

Հիվանդը կը ժպտի և այս ժպիտը իր այտերուն ոսկերոտիքը դուրս կը հանե։

Ֆուլիկ հանըմ լուր կը հարցնե։

— Ի՜նչ լուր, ազգային գործերե զզված ես անշուշտ, նվաստություն ու վատություն ամեն կողմ, ահա բոլոր մեր կյանքը. ուրախանալու խնդալու բան չի կա այն կողմը, ուրիշ տեղ նայինք։

Եվ կը նայեր հիվանդին անոր նշաձև սիրուն աչքերը դիտելով որոնք հորը ինկած էին, բայց պահելով միշտ միամիտ նայվածքի մը քաղցրությունը, մութ փոսե մը բխող վճիտ ջուրի մը պայծառությանը պես դաստակներուն վրա երակները՝ բաց կապույտով նուրբ մորթին վրա կը գծագրեին իրենց առուները զորս ճերմակ քամիզոլիե թեզանիքեն կը նշմարեր. շրջազգեստը կը փակչեր ծունկերուն տեղ տեղ մատնելով սրունքներուն նիհարությունը, և այս արգահատելի տեսարանը խանդաղատանքով կը լեցներ երիտասարդին սիրտը, ո՞վ էր ինքը, աղքատիկ տղա մը որուն մեծ տիկիններ ու օրիորդներ չէին հաճիր աչք դարձնել, և այս հիվանդագին աղջիկը իր հյուծումով, իր սպառող երիտասարդոլթյամբը կը հուզեր իր բանաստեղծի հոգին. գութը՝ սիրո դուռը կը բանար, և պաշտել կուզեր այս ոսկերոտին որ աղջիկ մ՛էր, այս տամուկ ճակատը որուն վրա թափող սև մազերը, նոճիներուն սաղարթներուն պես տրտում ու սգավոր ստվեր մը կը ձգեին։ Խոսեցավ դուրսեն ներսեն. Մեծ Կղզիի զվարճություններեն, Պյոյուք-Տերեի երաժշտություններեն, ամեն մարդ գյուղերը գացեր էին օդափոխության։

— Ի՞նչ երջանիկ են գյուղ գացողներն, մրմնջեց աղջիկը։

Դառնություն չի կար իր խոսքերուն մեջ, այլ պարզ համակերպություն մը ճակատագրին, անմեղ փափագ մը որուն անկարելի ըլլալուն կատարյալ գիտակցությունը ուներ, գյո՜ւղ երթալ ամառը, լուսինը երթալ բնակելու պես բան մը իրենց համար։

Գալուստյան կախորժեր հոս, այս հիվանդ հոտող սենյակին մեջ. տրտմությունը իր հրապույրը ունի, ինչպես անդունդը իր ձգողությունը, ու չէր ուզեր մեկնիլ. ուրիշ ատեն ալ եկած էր անուշադիր այս աղջկան ուրկե աչքը չէր զատվեր և որ փոխադարձաբար զինքը կը գիտեր շարունակ։

Հետո մտածեց որ նեղություն չի պատճառե երկարելով այցելությունը. ոտքի ելավ. Ֆուլիկ հանըմ աղաչեց որ նստի, հիվանդիեն դարձավ անոր կամքը հարցնելու համար.

— Ձանձրություն չիտամ։

— Դուք չի ձանձրանաք, մեզի ուրախություն մ՛է ձեր գալը, մարդ մարդասանք չունինք. հիվանդին երեսը պաղ է։

Մեղմ ձայնով մը կը խոսեր աղջիկը։

— Տեմիրճյաններու հարսնիքը ե՞րբ է, հարցուց հանկարծ։

— Չեմ գիտեր, կարծեմ թե նոր բաներ կանցնին. Արմենակ գիշեր ցորեկ իրենց տունն է. կարելի է մտքերնին փոխեն ու Արմենակին տան աղջիկնին։ — Իրավունքն է խեղճին, Անգլիայեն մինչև հոս եկավ հատկապես։

Ֆուլիկ հանըմ այս ամուսնության խոսքը կը գոցեր.

— Ճա՜նըմ, ուրիշ խոսք չունի՜ք։

— Շատ ուսյալ է կըսեն այս երիտասարդին համար, մյուսյու Գալուստյան, հարցուց Նոեմի, իրա՞վ է։

— Հորը գործերը գրեթե փճացուցած է, այդ գիտեմ, բայց ուսմանը աստիճանեն տեղեկություն չունիմ. վարժարանին մեջ աննշան աշակերտ մ՛էր։

— Ուրեմն ավելի իրավունք ունի էլպիսին հետ ամուսնանալու. աղքատության վախը կա, հետո քիչ մը կենալե ետքը։

— Թո՜ղ երջանիկ ըլլա։

Անկե վերջը ուրիշ նյութերու վրա խոսեցան. իրիկվան դեմ Գասպար էֆենտին եկավ, դուռն են իր զվարթ ձայնին արձագանքը մինչև վեր եկավ։

— Հայրս այս իրիկուն ուրախ է. տեսնենք ի՜նչ ունի, դուք մեզի այսօր առտվընե ի վեր զվարթություն բերիք, անանկ չէ՞, մայր։

— Անանկ է, աղջիկս, մյուսյու Գալուստյանը բարի սիրտ ունի, իր այցելությամբը երջանիկ եղանք այսօր։

Գասպար էֆենտի սենյակեն ներս կը մտներ խնդալով։

— Բարև, Գևորգ, ի՜նչպես ես, Նոեմի. Մարտիրոս էֆենտին կատղեր է. թատրոնի համար այդչափ ստակ վատնելեն վե՜րջը. կարծեմ թե երեք հարյուր ոսկվո չափ փոխ տված է տնօրենին, առ նվազն այդչափ մալ ուրիշի մը տված։

<1891>

[Վեպը այստեղ ընդհատվում է]