Առանց բառերի Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անձեռնմխելի գիշեր)

Վարդան Հակոբյան

Տերևը՝ աղջկա ափի մեջ
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԳԻՇԵՐ


Վառվող խաշամի մեջ թիթեռնակի թեւեր,
վայրի փետուրներ կան ամեն գույնի,
եւ կրակը՝ հովվից մնացած,
երկնքի մոխրավուն կտավին
թանձր ծխակապույտով նկարում է
ծույլ-ծույլ առուներ։

Ուշացած ճամփորդի աչքը հեռվից
նկատում է ծմակի խորքում
թափահարվող ծառի կատարը. արջը
հասած տանձ է «առաջարկել»
իր քոթոթներին՝ ուշք չդարձնելով
տանձենու միակ չորուկին նստած ագռավին։

Քամու ձեռքն ընկած մի ածխաճյուղ
երկինք ու երկիր ներկում է
ագռավի դաժան սեւով, վրա է հասնում
գիշերը անեզրական, եւ ոչ-ոք չի տեսնում
արջի, դուրս ցցված ատամի վրա, վեր քաշված
շրթունքը՝ ինքնագոհ ժպիտի համար։

Տիեզերական անդորրին տրված ծուռթաթի
մի աչքն ու ականջը հանկարծ
սրվում-տնկվում են վեր՝ ինչ չրթոց լսվեց...
Անձեռնմխելի է գիշերը, պարզապես,
երբ ագռավը քնով է անցել ու ծանրացել,
ոտքերի տակ խիստ բարալիկ չորուկը չի դիմացել։

Արոտներից իջած հոտի հետքերը
ծմակից դուրս հոտոտում են գայլերը, եւ
ոհմակի աչքերը շարժվող աստղերի
պատրանք են հյուսում. լռությունը
խզող ամեն հովվականչ՝ կորած երինջի համար,
ավելի է խորացնում անմեկնելի խորհուրդը մութի։