Անձրև է կրկին և խցիկն իմ խեղճ…

* * *


Անձրև է կրկին, և խցիկն իմ խեղճ
Մրսում է, դողում խոնավ բակի մեջ,
Բայց սիրում եմ ես եղանակն այս, երբ
Լալիս է շուրջս երգը միակերպ
Եվ հնչում այնպե՜ս, այնպե՜ս ներդաշնակ
Հոգուն իմ բեկվա՜ծ, միայնա՜կ, մենակ…

Եվ խոնարհվում է իմ սիրտը հանկարծ,
Եվ զգում է խոր, անսասան ու պարզ,
Որ ողջ աշխա՛րհն է այդպես անխնդում,
Որ մենք բոլորս որբեր ենք անտուն,
Արծվի թևերով — ջարդված ու բեկուն,
Հավետ բանտարկված այս անել բանտում…