Քամու միջով վազող գույներ՝ անշտապ
դաշտի մեջ -
բացակա հայացքի ներքո։ Կատաղի լռություն։
Իսկ ժամանակը չի կարող իմ նկարը դառնալ,
որովհետեւ նրա յուրաքանչյուր պահի մեջ
ես մեկն եմ, որին
ուրիշ ոչ մի վայրկյան բացարձակապես չգիտե։
(Ծաղկամանի մեջ մանուշակի սերմեր եմ ցրել,
հանկարծ բարձրաձայն չխոսեք, որ
բուսնեն մանուշակները)։
Սպիտակը,- խոսում եմ դաշտից դուրս,- քանի դեռ
նրանում չես հայտնաբերել քո սպիտակը, դեռ
սպիտակ չէ, եւ ոչ մի
բառ ինքը չէ, կամ՝ լավագույն դեպքում, մի քիչ է ինքը։
Կենսական գույների միջավայրում հեռակա
բարձրանում են
աշտարակներն անգո։ Քամուն ունկնդիր։ Ես սարսափում եմ այն սիրուց,
որ ոչ թե սեր է, այլ փոխադարձ սեր։ Համատարած
դավաճանություն է ամենուրեք, որովհետեւ
եթե չես խախտում ավանդույթը, ուրեմն հավատարիմ չես նրան։
Քամու միջով վազող գույներ՝ անշտապ
դաշտի ամենակուլ
տարածքներում-
Ռեմբրանդտը, առանց շալվարի փողքերը վեր քշտելու, մինչեւ ծնկները
կանգնել է գետի մեջ հակընթաց
եւ ուզում է բռնել զրնգուն լույսն իր պարզած ափի մեջ։