Անունս թողել եմ դրսում,-
բողբոջը պայթելուց առաջ,
գարունը զարթնելուց առաջ
ի՞նչ են հուշում. -
գուցե մի բա՞ն ասի անունս։
Ձեռքերս թողել եմ դրսում,-
պատերը հառնելուց առաջ,
հունդերը ցանվելուց առաջ
ի՞նչ են հուշում.-
գուցե մի բա՞ն ասեն ձեռքերս։
Երգերս թողել եմ դրսում,-
հերկերը հերկվելուց առաջ,
վերքերը երգվելուց առաջ
ի՞նչ են հուշում.-
գուցե մի բա՞ն ասեն երգերս...