Աչքովս ընկավ մի նետված ջութակ

***

Աչքովս ընկավ մի նետված ջութակ,
ջարդված ու անշուք...
         Անբացատրելի
ինչ-որ դող խաղաց
իմ արյունն ի վեր՝
         ինչո՞ւ են նետել,
նետո՞ւմ են, արդյոք, ջութակն էլ այդպես,
ինչքան էլ որ այն
հնացած լինի...
        Չէ՞ որ կարող է
        նրա լարերում
դեռ ապրում է, կա ինչ-որ մեղեդի,
անուն չունեցող ինչ-որ մի նվագ,
որ դեռ նրանից ոչ ոք չի հանել...

Ինչ-որ ցավ խաղաց իմ արյան վազքում։