ԱՆՎԱՎԵՐ ՀԵՐՈՍՆԵՐ

− Միքոն է՛․․․ հետը տեսնվեցա նե՛․․․ զարմանալի բան։

− Եղբայր, մի՜ բռնկիր, խնդիրը քսան ղրուշին վրա չէ, նա կուզես նե հանեմ տամ, միայն թե հասկնանք, նորեն խաբեբա մը չըլլա։ Ո՞վ է ատ Միքո ըսածդ։

− Հերո՜ս, հերո՜ս․․․ մարդուն վրայեն կվազե կոր հերոսությունը։ Տասը տարի կռվեր է, խմբապետ է եղեր։ Պատմեց, տեղնիտեղոք պատմեց ամեն բան, թվականներով, անուններով։ Ծո՜, ատանկ մարդու մը քսան ղրուշ պիտի տաս, ու դժվարություն կընե՜ս․․․ ծո՜, պատի՜վ է քեզի համար։

− Անշուշտ, եղբա՛յր, քառսուն տամ, բայց․․․

− Բայց մայց չի կա. ես ապուշ չեմ, ատ մարդը հերոս է կըսեմ կոր, լմնցավ։

− Է՜յ, ի՞նչ ըրած է նայինք ատ հերոսդ։

− Ինծի նայե․ չեմ ուզեր, որ ատանկ ծաղրական խոսիս իրեն նկատմամբ, վազ անցանք քսան ղրուշեդ։ Մնաս բարով։ − Տղայություն մի ըներ, նայե։ Գիտես որ ես ալ քիչ շատ հայրենասեր եմ ու ձեռքես եկածը չեմ խնայեր։ Շիտակը կըսեմ, հրացանը չեմ կրնար առնել ու կռվիլ, բայց կռվողներն ալ կհարգեմ, և երբ պետք ըլլա, կրցած օգնությունս կընեմ։

− Ես ալ անոր համար քեզի դիմեցի։

− Պատմե, նայինք, ուրեմն, ինտո՞ր ատ մարդը Ալեքսանդրիա ինկեր է։

− Զարմանալի՜ է ասոր պատմությունը։ Վանի կողմերը երեք հոգիով անցած տարի կռվեր է չորս օր երկու հարյուր զինվորի դեմ, հետո ութը հարյուր քյուրտ եկեր պաշարեր են զիրենք, տեսեր է, որ ճար չի կա, անցեր է Պարսկաստան։ Հոն ութ հոգիե նոր խումբ մը կազմեր ու նորեն հարձակեր է Մուշի կողմերը։ Նորեն օրերով պատերազմ։ Այս անգամ Երզնկայեն բանակ մը ղրկեր են իրեն դեմ․ գիշեր մը բանակին մեջեն անցնելով հաջողեր է փախչիլ ու Ռուսաստան անցնիլ։ Հոնկե նորեն 12 հոգինոց խումբով մը եկեր է Ալաշկերտի վրա հարձակելու։ Ռուս կառավարությունն իմացեր ու անմիջապես բանակ մը ղրկեր է զանոնք արգիլելու համար. մյուս կողմեն՝ թյուրքերը երկու հազարի չափ, եկեր են արշավանքը արգիլելու։ Այսպես խեղճը երկու սուրի մեջ մնացեր է ա ամիս մը անընդհատ կռվելե ետքր հաջողեր է ծպտյալ ինքզինք նետել Տրապիզոն ու հոնկե ֆրանսական շոգենավով մը փախչիլ։

− Ընկերները ո՞վ են եղեր։

− Անունները տվավ ամենուն ալ, գլխավորները՝ Վազգեն ու Արշակ կկոչվին։

− Վազգեն ու Արշա՜կ, ինքն ալ Միքո՜… ես ատ անունները տեղ մը կարդացի, կարծեմ «Դրոշակ»-ի վերջին թիվին մեջ։ Կեցիր նայիմ։

Ու ոտք ելավ, գնաց սրճարանին անկյունը դրված սեղանին վրա փնտռեց ա գտավ «Դրոշակ»-ի 31 մարտ 1899-ի թիվը և հաղթական վերադարձավ։

− Նա, քու հերոսը Գուրուպաշի նահատակներեն է, տարի մը առաջ մեռեր է։

Մյուսը առավ թերթը, երեք հերոսներուն պատկերը դիտեց, հետո կարդաց անոնց հիշատակին նվիրված հոդվածը։

− Ծո՛, վա՜յ, անօրեն, ըսել է ատ մարդը իս խաբեր է՝ Միքոն եմ ըսելով, վա՜յ խաբեբա, վա՜յ աներես․․․
***

Այո՛ խաբված էր խե՜ղճ Սիսակ Անկախյանը, հեղափոխականներու այդ բոցեռանդ, անձնվեր, միամիտ հիացողը։ Եվ աոաջին անգամը չէր, ոչ ալ վերջինը պիտի ըլլար, ավա՜ղ։

Ալեքսանդրիա, Աթթարինի մեջ ունեցած իր ծխախոտի պզտիկ խանութեն անցած էին ամբողջ անվավեր Արխանյանները, Աշոտ Թաթուլները, Սուրենները, Արտաշեսները, Զավենները, Կարոները։ Իր գլխուն թափած էին բոլոր կեղծ Շանթերը, Կայծակները, Փայլակներն ու ամենուն ալ հասած ու ամենուն ալ օգնած էր։ Իր տան մեջ երեք ամիս պահած ու կերակրած էր հերոս մը, որ պարզապես դրամանենգության համար ութ տարի Աքյայի բանտը մնալե ետքը հաջողած էր փախչիլ Եգիպտոս։ Խելքը միտքը տված հերոսներուն, երեսի վրա թողած էր գործը, որ գրեթե ա՛լ չէր քալեր։ Սիկարեթները անպտղաբեր կսպառեին կրակի ու մուխի սիրահար հերոսներու շրթունքին վրա, որոնք կատաղորեն կքաշեին անոնց ծուխը, զանոնք մեկ անգամեն բնաջինջ, բնաբարձ ընելու թափով մը, և իրենց քիթեն բերնեն մուխը կժայթքեցնեին անլուր հայհոյանքի, կատաղի սպառնալիքի տարափով մը, թուքերու խառնված, անոնց սուլթանին, անոնց Մուհամմետին, անոնց կրոնքին դեմ։

− Ձեռքս անցնեին, հրացանս դնեի կուրծքերնուն, քաշեի, գետին փռեի այդ շան զավակները… անպիտաննե՜ր։

Ու հերոսը գետին կնետեր սիկարեթին ծայրը ու ոտքովը կտրորեր, կճզմեր, կտափակցներ զայն։

− Աղբա՛ր, բան մը չէ, հազար հոգի ըլլանք, թո՛ղ հազար հոգի տան ինծի, նայե ինչե՜ր կընեմ։ Մե՜կ հատ մը ձեոքես չազատիր…

Ու կերկննար, անողոք, անդիմադրելի, աննահանջելի բազուկը դեպի սիկարեթին տուփը։

− Մարդ, զենք և դրամ, ահա մեզ պետք եղածը, ուրիշ բանի պետք չունինք… սա լուցկին հոս կանցնե՞ս։

− Ծո՛, աղյբա՛ր, չես գիտեր ինչե՜ր պիտի ընեինք, ինչպես կարգադրեր էինք ամեն բան… բայց ի՞նչ ըսեմ, աստուծո կրակին գան արգելք եղողները։ Նորեն ըրինք, չըրինք չէ, այդ շուներուն մարը լացուցինք, միայն թե պետք եղածին պես չեղավ…օ՜ֆ, օ՜ֆ։ Սիկարեթը արդեն լմնցած է և ուրիշ մը կհաջորդե անոր։ Սիկարե՞թ կդիմանա ասանկ խոսակցության, ասանկ հերոսին։

Բերանը բաց, ականջը տնկած, հիացիկ, Սիսակ Անկախյան երկու-երեք տարիե ի վեր մտիկ կըներ բոլոր այդ խոսքերը, որոնք իրարու կնմանեին՝ այծյամի մը երկվորյակ ուլերուն պես։

***

Հիմա դառնանք մեր պատմության։ Սիսակ երբ համոզվեցավ, «Դրոշակ»-ի ընթերցումեն ետքը, որ դարձյալ անվավեր հերոսի մը զոհ գացած է, բարկությամբ դարձավ իր խանութը, ուր ժամադիր էր Միքոյի, անոր հանձնելու համար բարեկամեն առնելիք ստակը։

− Ասանկ խաբեբայություն չըլլար, պետք է, որ բացատրություն մը ուզեմ իրմե. հերիք քթիս խնդաց երկու շաբաթ է ի վեր…

Միքոն երևցավ խանութին առջև, որոշյալ ժամեն քառորդ մը առաջ։

− Ի՞նչ լուր, սիկարա մը տուր նայինք, սա լուցկին ալ անցուր, խահվե մը չե՞ս ապսպրեր։ Օ՛ֆ. հոգներ եմ պե. ի՜նչ տաք կընե կոր այստեղ։ Դուն ալ խանութիդ մեջը կփակվիս կմնաս կոր, աղբար, ո՞ւր է, ըսիր որ ծովին եզերքը տեղ մը կա եղեր, հոն պիտի երթայինք… պաքո՞ս է, մաքո՞ս է, ինչ խառնախսի է… Ես աս տաքերուն չեմ դիմանար կոր… չեմ վարժված։ Սա աթոռը տուր։ Միքոն նստավ և շարունակեց խոսքը.

− Ի՞նչ ըրիր, գացիր տեսա՞ր մարդդ, ստակը տվա՞վ. չէ նե մի գայլու ավետարան կարդաց։ Ի՞նչ այդչափ դժվարություն կընե կոր երկվընե ի վեր… իբր թե մեծ բան մը ըլլար տալիքը։ Թող չի տա պե, թող չի տա, վազ անցանք, աստված ողորմած է, անոթի չենք մնար… տվա՞վ։

− Չէ՛, չտվավ,− պատասխանեց Սիսակ չոր, կտրուկ ձայնով մը։

− Չտվա՞վ․․․

− Դուն ինծի չըսի՞ր, որ Շատախցի Միքո խմբապետն ես, Վանեցի Արշակին ու Վազգենի ընկերը։

− Է՛յ, հա՛, ըսի։ − Աղեկ. բարեկամս «Դրոշակ»-ին նոր թիվը ցուցուց, որուն մեջ երեք հերոսներուն ալ պատկերը կար։ Շատախցի Միքոն անցած տարի մեռեր է։

− Վախ զավալլը, մեռե՛ր է հե…− բացագանչեց կեղծ Միքոն, նոր սիկարեթ մը առնելով…− ան ալ գնաց, օ տա կիտտի…

− Եղբայր,− գոչեց վերջապես Սիսակ իր խոսակցին աներեսութենեն կատղած,− ինչո՞ւ ինծի ասանկ խաբեցիր և ըսիր, որ դուն ես Միքոն, ես ալ պարապ տեղը մարդուն քովը խաղք եղա…

− Վայ կիտի ասլան Միքո,− կաշխարեր մյուսը, գլուխը ճոճելով,– մեռե՜ր է հե․․․ ինտո՞ր մեռեր է ատ լեռան պես մարդը։ Ծո՛, քեզի բռներ՝ ջուրդ կհաներ։ Ան իմ ճանչցած Միքոն է նե՝ անպատճառ տասը հատ թյուրք գետին փռելեն ետքը ինկած է… «Դրոշակ»-ը ի՞նչ կգրե կոր նայինք։

− Չեմ գիտեր,− պատասխանեց Սիսակ, որուն սրտմտությունը հետզհետե կավելնար. − խնդիրը անոր ինչպես մեռնելուն վրա չէ… սա դուն ինչո՞ւ իս խաբեցիր։

− Խաբելու ի՞նչ կա… ատ Միքո ըսածդ իմ քեռիս կսեպվի… մեր գեղը Շատախեն օրվան մը ճամփա է. քանի անգամ սուրբ Կարապետին վանքը ճիրիտ խաղացեր ենք մեկտեղ։ Դեռ երկու տարի առաջ անոր հարը պապուս արտը ծախու պիտի առներ․ նա, կուզես նե՝ հարցուր վանեցի Կիրակոս աղբոր, որ հոս ժամն է և մեզի աղեկ կճանչնա… Խաբել, ատ ի՞նչ խոսք է, զարմանալի բան, քեզի ինչո՞ւ պիտի խաբեմ, ես ալ հայ չե՞մ։ Խրիմյան Հայրիկը Վարագա վանքը եղած ատեն իմ պապս վանքին խորուճին էր… մենք ալ հերոս կսեպվինք։

− Ինչ որ է, մարդը դրամ չտվավ։ Բարեկամս, գլխուդ ճարը նայե. ես ալ ավելի բան չեմ կրնար ընել, այսչափ օր է ձեռքես եկածը ըրի։ Իմ ալ կարողությունս հայտնի է, կտեսնաս կոր, կաղաչեմ ինե բան մը մի սպասեր։

− Չես կրնար նե, աղեկ,− գոչեց անվավեր հերոսը՝ բարկությամբ ոտք ելլելով․․․− բայց ատանկ խոսելու իրավունք չունիս. քենե բռնությամբ բան չուզեցինք, կոկորդդ չսխմեցինք, փորդ դանակ չխոթեցինք… չես կրնար, լմնցավ։ Պարզապես կըսես, որ չեմ կրնար… բայց երկար չեն ըներ։ Տե՛ր աստված, ի՜նչ մարդերու մնացինք։ Բարով խերով չիյնայինք աս անիծած քաղաքը։ Մնաս բարով։ − Ազատեցանք ձեռքեն,− մտածեց Սիսակ ցնծացին։

Չէ՛, դեռ չէր ազատած․․․

Միքոն քանի մը քայլ առնելեն ետքը հանկարծ դարձավ դեպի խանութ։

− Սըկե քանի մը սիկարա տուր,− ըսավ անպատկառ արհամարհանքի շեշտով մը։

− Ա՛ռ։

Այս անգամ «հերոսը» աներևույթ եղավ վերջնականապես։

***

Հազիվ ամիս մը անցեր էր։

Սիսակ Անկախյան առտու մը խանութին առջև, աթոռի մը վրա նստած, թերթ կկարդար, երբ քառասուն տարեկանի մոտ, չոր ու երկայնահասակ մարդ մը դիմացը կեցավ և հարցուց.

− Պարո՛ն, դուն Հա՞յ ես։

− Այո՛,− պատասխանեց ծխավաճառը։

− Ո՞ւր է սա մարդուն տեղը, ժամ մըն է կփնտռեմ կոր,− շարունակեց մյուսը, պզտիկ թուղթ մը երկնցնելով։

Սիսակ առավ թուղթը, որուն վրա իր անունն ու հասցեն գրված էր։

− Ես եմ փնտռած մարդդ։ Ո՞վ տվավ սա թուղթը։

− Աստեղացի հայերուն տեղերը իմանալ ուզեցի, Մասիսի սրճարանեն տվին։

− Ի՞նչ կա, ըսելիք մը ունի՞ք։

− Ի՞նչ պիտի ըլլա, հայ չե՞նք, օտար երկիր ինկեր ենք, հարկավ իրար պիտի փնտռենք։

− Անանկ է… նստեցե՛ք։

Ու Սիսակ աթոռ մը տվավ իր խոսակցին։

− Նո՞ր եկած եք Ալեքսանդրիա։

− Քանի մը օր կա։

− Ո՞ր կողմեն։

− Հիմա խնդիրը իմ ուր տեղեն գալուս վրա չէ… հոս ի՞նչ պիտի ընեմ, ասոր վրա մտածե։ Դուն օտարական չես, հայ ես, քեզի շիտկե շիտակ ամեն բան կըսեմ… վրաս երկու ղրուշ ունիմ միայն։ − Ձեր անունը ի՞նչ է։

− Մարկոս, Կիրակոս, Թորոս, ինչ կուզե ըլլա․․․ ինծի սենյակ մը պետք է։

− Տաճկաստանե՞ն կուգաք կոր,− հարցուց Սիսակ, որ իր խոսակցին խորհրդավոր ձևերեն սկսած էր ու նշանավոր հերոսի մը հոտը առնել։

− Տաճկաստանեն կուգամ, Ռուսաստանեն կուգամ, Հինտիստանեն կուգամ, տեղե մը կուգամ կոր հարկավ։ Երկինքեն չինկա…

− Այո՜, բայց գիտեք,− պատասխանեց Սիսակ ձեռքերը շփելով,− վերջապես, պետք է, որ ձեր անունը գիտնամ գոնե, որպեսզի ըստ այնմ, եթե կարելի է, աշխատիմ օգտակար ըլլալու։ Ձեր խոսքերեն դատելով ինծի այնպես կթվի, թե փախստական հեղափոխական եք… չեմ գիտեր, բայց իմ վրաս այդ տպավորությունը ըրիք։

− Հեղափոխական,− ըսավ մարդը գլուխը օրորելով ու ձեռքը շարժելով,− էհ, եղանք, ըրինք, զարկինք, զարնվեցանք․․․ բայց ի՞նչ օգուտ, դրամ չի կա, մարդ չի կա, զենք չի կա։

Սիսակ անծանոթին կնայեր աճեցուն հետաքրքրությամբ, որուն կսկսեր տեսակ մը հիացում խառնվիլ․− «Թերևս Սամսոնցի Մինաս Օղլուն է»,− կմտածեր, որու մասին լսած էր, թե նույն օրերը Ալեքսանդրիա պիտի գար։ Ապահով ըլլալու համար հարցուց հանկարծ.

− Սամսոնի կողմե՞րն էիք։

− Աղբա՛ր, քենե բան մը պիտի չկրնամ ծածկել, հասկցա,− գոչեց մյուսը…− ես Մինաս Օղլուն եմ։

− Չըսե՛ս, եղբա՜յր,− գոչեց Սիսակ տեղեն ցատկելով ու մարդուն վիզը պլլվելով։

Երբ որ հուզումը քիչ մը հանդարտեցավ, տակավին դողահար ձեռքերով՝ Սիսակ սիկարեթին տուփը առավ և հրամցուց «Մինաս Օղլուին»։ Բայց հանկարծ ետ քաշեց տուփը.

− Չէ՛, կեցե՛ք, ձեզի ձեր երկրին՝ Սամսոնի ծխախոտեն տամ. հոստեղ էմբերիալ կըսեն ասոր. ամենեն բարձր տեսակն է, Խտիվին ու Լորտ Քրոմըրին խմած տեսակեն է։

Ու նոր տուփ մը ներկայացուց։

Մարդը առավ սիկարեթը, վառեց և քաշել սկսավ։ − Է՞, ինտո՜ր է․․․ ասոր հազարը երկու հարյուր հիսուն ղրուշի կծախենք։

Մյուսը երեսը ծամածռեց և քմծիծաղով մը պատասխանեց.

− Ասիկա թյություն չէ, սաման է։

Ու շարունակեց ծխել։

Սիսակ թեև բավական նեղացավ իր ապրանքին դեմ ցույց տրված արհամարհանքեն, բայց ձայն չհանեց։ Մինաս Օղլուի պես հերոսի մը ներելի էր քիչ մը դժվարահաճություն։

Նույն իրիկունը նորեկը տեղավորվեցավ Սիսակի տան մեջ։

− Ամա՜ն,− ըսած էր Սիսակին,− չըլլա որ անունս մեջտեղ հանես․․․ թերևս նորեն Տաճկաստան դառնամ։

Բայց Սիսակի սնափառությունը կարող չէր այդչափ խոշոր գաղտնիք մը երկար ատեն ծածուկ պահել, և երեք օր չանցած ամեն մարդ իմացավ, որ հռչակավոր Մինաս Օղլուն Անկախյանին տունը հյուր է։

***

Քանի մը օր ետքը, Սիսակի բարեկամներեն մին հևիհև խանութը եկավ։

− Ծո՛, ատ քու մարդդ Մինաս Օղլուն չէ եղեր։

− Ի՞նչ կըսես։

− Բուն Մինաս Օղլուն առջի օրը եկեր է․ հիմա հոս եկած ատենս ալ Մենշեի հրապարակը նստած էր։

Սիսակ ֆեսը դրավ ու դուրս նետվեցավ,− «Երթանք սա մարդը տեսնանք» գոչելով։

Փողոցին ծայրը հանդիպեցավ կեղծ Մինաս Օղլուին, որ խանութ կուգար։

− Աղեկ դեմս ելար․ եկուր միասին,− ըսավ անոր։

Երեքը մեկ, քսան վայրկյան ետքը, հասան Մանշեի հրապարակը, ուր խումբ մը հայեր նստած էին։

Մոտեցան խմբին։

− Վա՜յ, պարոն Սիսակ, եկուր նայինք,− գոչեց նստողներեն մին,− եկուր նայե, քեզի ով պիտի ներկայացնենք։

Ու իրենցմե մեկը ցույց տալով ըսավ․

− Մինաս Օղլուն է, Սամսոնցի Մինաս Օղլուն։ − Կսխալիս, բարեկամս,− գոչեց Սիսակ,− Մինաս Օղլուն՝ ահավասիկ։

Ու իր մարդը ներկայացուց։

Երկու Մինաս Օղլուները ապուշ-ապուշ իրար նայեցան։

− Աս ի՞նչ բան է,– հարցուց խմբեն մեկը դեպի իրենց Մինաս Օղլուին դառնալով։

− Ան ո՞ւր տեղեն Մինաս Օղլու կըլլա կոր. Աթինա, հայկական ճաշարանը աշճի էր,– պատասխանեց մարդը։

− Է՞յ, դո՞ւն երբեն ի վեր Մինաս Օղլու եղար,− գոչեց մյուսը իր հակառակորդին.− ծո՛, դուն Աղորան խուրու խահվեճիություն ընող Քեմախցի Մովսեսը չե՞ս։

− Է՛հ, ասիկա շատ թոհաֆ բան է,− գոչեցին նստողները կոկորդալիր քահքահ մը ձգելով։

***

− Ի՞նչ ընեմ, եղբա՛յր, ի՞նչ ընեմ,− կգոչեր քանի մը օր ետքը Սիսակ Անկախյան, երբ բարեկամներեն մեկը անվավեր հերոսներուն մասին իր չափազանց դյուրահավանությունը կծաղրեր։− Ինչպե՞ս զանազանեմ ճշմարիտը կեղծեն, ի՞նչ միջոց կա ասոր, չեմ գիտեր։ Նայե՛, ծխախոտին համար փորձագետներ կան. մարդիկը տերևը տեսնելուն պես՝ պաֆրա, սամսոն կամ պոխճա ըլլալը կըսեն։ Քարերու համար անանկ. մարդը խոշորացույցը կհանե, կնայի ու քեզի կըսե կե՞ղծ, թե ճշմարիտ ադամանդ ըլլալը։ Գինին, նույնպես, պուտ մը կառնե, քիմքին կքսե, լեզուն կդարձնե բերնին մեջ ու կըսե՝ «Ասիկա խաղողի գինի չէ», իսկ հարազատ հերոսը անվավերին որոշելու համար ի՞նչ փորձի դիմելու է…

− Տես, ինչ կընես,− պատասխանեց բարեկամը,- երբ որ չորս, վեց տասը տարի լեոները կռիվ ըրած հերոս մը ներկայանա քեզի, ձեռքը հրացան մը կուտաս և կառաջարկես, որ զայն լեցնե ու պարպե։ Եթե կրցավ ընել՝ ըսել է հարազատ է, եթե ոչ՝ անվավեր… թեև ավա՜ղ, հերոսներ կճանչնամ, երիցս հարազատ հերոսներ, որոնք այդ գործողությունը պիտի չկրնային ընել։ Գալով նշան առնելու ու նշանին զարնելու, անշուշտ այդչափ պահանջկոտ պետք չէ ըլլալ․․․ արդեն ատիկա մեր խնդրեն բոլորովին դուրս է։