ԿԵՂԾ ԼՐՏԵՍԸ

− Մյուսյու Ժաքը պակաս է այս գիշեր,− ըսավ տանտիրուհին, երբ թղթախաղին սեղանը սարքվելով՝ տասնի չափ հյուրերը բոլորեցան շուրջը։

− Աս իրիկուն տեսա զինքը Շիտակ ճամփան, երկայն ֆեսով մեկու մը հետ կերթար կոր,− պատասխանեց Մարկոս էֆենտի, թուղթերը խառնելով։

− Երկա՞յն ֆեսով,− շեշտեց մեկը։

− Այո՛, կարծեմ տաճիկ էր։

− Իրա՞վ է, որ խաֆիեները երկար ֆես կդնեն,− հարցուց օրիորդ Զարուհի, ձայնը սովորականեն ավելի ցած հանելով։

− Անանկ կըսեն կոր։

Թուղթերը բաժնվեցան, խաղը սկսավ և սակայն տարտամ մտատանջություն մը կար ամենուն քով։ Երկար ֆեսով մարդը մյուսյու Ժաքին հետ սկսած էր անհանգիստ ընել զիրենք։

− Դեպի վե՞ր կերթային կոր,− հարցուց մին, խոսքը Մարկոս էֆենտիին ուղղելով։

− Չէ՛, դեպի վար։ Ուշ մնացածի պես կքալեին կոր։

Պատասխանը, փոխանակ հանդարտեցնելու, ավելի հուզեց ունկնդիրները։

− Ո՞ւր կերթան դեպի վար,− հարցուց գրեթե ինքնիրեն Սարգիս էֆենտի, կնճռոտ ու անլուծելի հարցի մը դիմաց գտնվողի երկմտությամբ։

Խաղը կշարունակվեր, բայց միտքերը խռոված էին։

− Շիտակ ճամփան ո՞ր կողմը տեսար սա մարդը։

− Ռուսիո, դեսպանատան առջևները։

− Ժամը քանի՞ին։ − Տասներկուքը կար, կազերը վառելու վրա էին։

− Դեպի վա՞ր կերթային կոր։

− Դեպի վար։

Հուսեփիկ աղա հավաքեց բոլոր ստացված ծանոթությունները, լույս մը ծագեցնելու համար անոնց մեջեն։

− Ժամը տասներկուքին, Շիտակ ճամփան, Ռուսիո դեսպանատան աոջևները, մյուսյու Ժաք տաճկի նմանող երկար ֆեսով մեկու մը հետ, ուշ մնացողի մը պես քալելով, դեպի վար կերթա…

Պահ մը ամենքը կարծեցին, թե Հուսեփիկ աղա հետևություն մը պիտի հանե իրողություններու այդ կուտակումեն, բայց ոչ։ Երկու ափը բացավ, աչքերը դեպի ձեղունը հառեց, դեմքը ծամածռեց, լուռ կերպով հասկցնելու համար, թե խելքը չի հասնիր կոր։

− Զապթիեն չերթան,− գոչեց տիկինը, իր ըսածեն ինքն ալ սահմըռկած։

Նույն միջոցին դուռը զարկին։

− Վո՜ւյ ան է։

− Բարով խերով չի գար։

− Կարճ կապեցեք։

Եկողը փաստաբան Կարապետ էֆենտին էր։

− Վա՞յ, արդեն սեղանը դրեր եք,− գոչեց գոհ ու զվարթ։

Բարևտուքի արարողութենեն ետքը, տանտիրուհին լուրջ, հանդիսական ձայնով մը հարցուց նորեկին․

− Կարապետ էֆենտի, քեզի բան մը պիտի հարցնեմ, շիտակը ըսե, սա մյուսյու Ժաքին վրա ի՞նչ կարծիք ունիս։

− Բոքերեն երեք ոսկի տալիք անի ինծի, դեռ չտվավ, աղեկ կարծիք մը չունիմ վրան։

− Չէ՛, իմ հարցուցածս ան է, որ ինչպե՞ս մարդ է։

− Աոավ-փախավին մեկն է։

− Ասիկա ամենուս գիտցած բանն է, բայց կկարծե՞ս որ խաֆիե ըլլա։

− Կրնա ըլլալ, շատ աղեկ կրնա ըլլալ․․․ Ի՜նչ, բա՞ն մը լսեցիք որ…

− Մարկոս էֆենտին տեսեր է այս իրիկուն, Շիտակ ճամփան, երկայն ֆեսով մարդու մը հետ կերթա կոր եղեր։

− Ուշ ատեն, Թյունելի մոտերը, դեպի վար կերթան կոր եղեր,– ավելցուց Հուսեփիկ աղա տաճկերեն լեզվով։ − Շիտակը ըսեմ, տիկի՛ն,− պատասխանեց Կարապետ էֆենտին,− ես արդեն սա մարդեն կկասկածեի կոր քիչ մը։ Ինչո՞ւ, չեմ գիտեր, բա՞ն մը լսած եմ, չեմ լսած, բա՞ն մը տեսած եմ, չեմ տեսած… բայց կկասկածեի կոր։ Զգուշանալու է, էֆենտիմ, զգուշանալու է։ Հիմակ անանկ ատեն մըն է, որ մարդ ինքզինքեն անգամ կկասկածի կոր։

− Մինչև հիմա բան մը չըսի,− խոսք առավ անդիեն ծերունի մը,– բայց քանի որ տեղը եկավ, ես ալ ըսեմ, որ ատ մարդուն վրա բնա՛վ վստահ չէի։

− Իրա՛վ է,− վրա բերավ Մարկոս էֆենտի,− գիտես քի բան մը ունի վրան։

− Երբեմն կամուրջին վրա կտեսնամ, արագ-արագ քալելով կերթա,− ըսավ ուրիշ մը։

− Օր մը Պեյխոզ հանդիպեցի իրեն։

− Պեյխո՞զ… Պեյխոզ ի՞նչ գործ ունի։

− Անոր մայրը արդեն ժամանակին շատ խոսված կնիկ մըն էր։

− Հապա հա՞յրը, երկու անգամ թոփ նետած է։

− Աղբարն ալ վերեմեն մեռավ։

− Շատ երես տալու չէ, վարպետությամբ մը ոտքը կտրել տանք մեր տունեն,− եզրակացուց տանտերը,− հոս ալ գա նե՝ նայեցեք անզգուշությամբ վտանգավոր խոսք մը չփախցնեք բերաննուդ։

Մյուսյու Ժաքին խաֆիե ըլլալը այսպես հաստատվեցավ և վճռվեցավ։

***

Ամենեն անվնաս մարդերեն մեկն էր մյուսյու Ժաք։ Երեսուն տարեկան պարապ պտտող Բերացի երիտասարդ մը, որ ցերեկը անկողինը կանցներ իր ժամանակը ու իրիկվան դեմ դուրս կելլեր սրճարան երթալու և քանի մը օղի խմելու համար։ Գիշերն ալ կամ Քոնքորտիայի ու Բալե Քրիսթալի ֆուայեները կսլքտար, կամ ծանոթ ընտանիքներու տունը բոքեր խաղալու կերթար։ Ապրուստի որոշ միջոց մը չունենալով՝ ընդհանրապես փոխառություններով կամ թղթախաղեն շահած դրամովը կապրեր։ Հայկական խնդիրը այնչափ կշահագրգռեր զինքը, որչափ Չինաստանի երկաթուղիներուն խնդիրը։ Ամեն անգամ, որ սրահի մը մեջ օրվան խնդիրներուն վրա խոսք բացվեր, անդիմադրելի պզտիկ քուն մը կուգար վրան, զոր միայն թղթախաղի սեղանին մեջտեղ բերվիլը կրնար վանել։

Ընտանիքներու մեջ սիրով կընդունեին զինքը, նախ՝ լավ բոքեր խաղացող մը ըլլալուն, երկրորդ՝ միշտ քովը անտիպ բամբասանք մը գտնվելուն համար։ Ամեն անգամ որ տանտիրուհին− «Մյուսյու Ժաք, ի՞նչ նոր լուր» հարցներ, մյուսյու Ժաք պատրաստ ուներ էրիկ-կնկան կռիվ մը, բոքերի առթիվ ծագած վեճ մը, ետ եղած նշանտուք մը կամ ամուսնացած կնոջ մը արկածները իր սիրահարին հետ։

− Ո՜ւր տեղեն ալ կիմանաս,− կըսեին ունկնդիրները հիացմամբ, որուն մյուսյու Ժաք խորհրդավոր ձևով մը կպատասխաներ․

− Խուշը խապար կբերե ինծի։

Արդ, մեր վերը հիշած խոսակցութենեն շաբաթ մը ետքը ամբողջ Բերայի մեջ տարածված էր, թե մյուսյու Ժաք լրտես մըն է, թե ամեն օր Զապթիե կերթա ու միշտ խաֆիեներու հետ կպտըտի։ Ինք դեռ բան մը չէր իմացած իր վրա պտտած զրույցներեն։ Ծանոթները կշարունակեին ընդունիլ զինքը, բայց առջի մտերմությունը, առջի անփույթ խոսակցությունը չկար իրեն հետ։ Սենյակե մը ներս մտած միջոցին սկսված խոսակցությունները կդադրեին և տանտիկինները լուր չէին հարցներ իրեն։

Իր լրտես ըլլալը առանց դժվարության, առանց քննության, ընդունված էր ամենեն։

− Վա՞յ, ան այ խաֆիե եղեր է,– ըսեր ու անցեր էին։

Վերջապես, շշուկը հասավ մյուսյու Ժաքին ականջին.− «Ե՞ս, խաֆիե՞․․․», և խեղճը զարմանքեն ու բարկութենեն ինքզինքը կուտեր։ Գնաց ծանոթներուն տունը, բողոքեց այդ զրպարտության դեմ։ Ամենքն ալ գրեթե միևնույն խոսքերը ըրին իրեն.

− Մյուսյու Ժաք, կարևորություն մի տար, թշնամիիդ մեկը բան մըն է ըսեր է։ Մեր ականջն ալ հասավ ատանկ խոսք մը, բայց մենք չե՞նք ճանչնար քեզի։

Ու մեկնելեն ետքը.

− Անամո՜թ, երես ունի տե բողոքելու ելեր է․․․ ա՜լ ասոր վրա աղեկ մը համոզվեցա խաֆիե ըլլալուն։

Մյուսյու Ժաք իր բողոքներուն անզորությունը տեսնալով՝ ուրիշ միջոցի դիմեց։ Սկսավ ազգասիրական հովեր առնել։ − Անպիտան,− ըսին ետևեն,− ազգասեր կձևանա կոր բերներուս խոսք առնելու համար։

Տաճկական կառավարության դեմ խոսեցավ.

− Աներեսը դիտմամբ կըսե, որ նայի թե իրեն իրավունք պիտի տա՞նք։

Որոշեց բնավ խոսակցության չմասնակցիլ։

− Բիս մարդը բերանը կըկղպե կնստի, որիշներուն ըսածը մտիկ կընե։

Սուլթանը սկսավ պաշտպանել։

− Ատ էր պակաս, սրիկա՛…

Չէ, ճար չի կա, ազատում չի կա, ուզե չուզե պետք է, որ լրտես մնա։

***

Այն ատեն մյուսյու Ժաք լուսավոր գաղափար մը ունեցավ։

− Քանի որ,− մտածեց,– անպատճառ իբր լրտես պիտի նկատվիմ, գոնե ջանամ օգուտ մը քաղել անկե։

Ալ չբողոքեց իրեն տրված ստոր դերին համար։ Հագավ լրտեսությունը, ծպտվեցավ անով և սկսավ շահադործել զայն։ Պապը Ալիի ցույցին վրա քանի մը ամիս անցեր էր. ձերբակալաթյունը, խուզարկությունը և բանտարկությունը ամենուն գլխին վրա կսավառնեին սպառնալից։ Մյուսյու Ժաք շարունակեց այցելել ծանոթ ընտանիքներու տունը։ Իրավ է, որ աոաջվան մտերմությունը ցույց չէր տրվեր իրեն, բայց ի փոխարեն ավելի հարգանքով կվարվեին հետը։

− Ամա՜ն, գեշ մարդուն հետ գլուխ չելլվիր, հետը աղեկ երթանք,− կըսեին բոլոր անոնք, որոնք «գեշ մարդ» շինած էին մյուսյու Ժաքը։

Ինքն ալ հիմա փոխված էր։ Հանդիսական, կարևոր մարդու մը հովերը ուներ․ ա՛լ բամբասանքի լուրեր չէր բերեր, այլ ավելի լուրջ բաներու վրա կխոսեր.

− Էֆենտիմ, այսօր Զապթիեն էի, նորեն քսան հոգի բերին, ամենուն ալ թևերը կապված։

− Հանցանքնին ի՞նչ է եղեր, Ժաք էֆենտի։

Մյուսյու Ժաք՝ Ժաք էֆենտի եղած էր։

− Ի՜նչ պիտի ըլլար, էտեպսիզություն, որը նամակ բաժներ է, որ փարա ժողվեր է, որը Հնչակ ցրվեր է․․․ փաշան ըսավ, որ եթե ասանկ երթա, բոլոր տուներն ալ խուզարկել պիտի տա․ մանավանդ Բերա ու Գատը-գյուղ։ Վտանգավոր բան մը ունիք նե՝ մեջտեղը մի ձգե՛ք, վերցուցե՛ք, ջնջեցե՛ք, ետքը մեծ փորձանք կբացվի գլխներնուդ․․․ չեմ խառնվիր։

Եվ ընդհանուր բողոք մը կբարձրանար․

− Ժաք էֆենտի, ի՜նչ կըսեք, մեր տունը անանկ բան կգտնվի՞․ մենք տերության հավատարիմ մարդիկ ենք։

− Գիտեմ, ճանըմ, գիտեմ, ես արդեն պետք եղածը ըսի փաշային։

− Շնորհակալ ենք, գիտենք, որ դուք մեր բարեկամն եք, հարկավ ձեր շնորհիվ ապահով կրնանք ըլլալ։

− Մի՛ վախնաք, ես հոս կեցեր եմ, փաշան զիս աչքին լույսին պես կսիրե կոր, ամեն բան իմ խորհրդովս կընե. ինչ ըլլա նե՝ «Ժաք էֆենտի, սեն նե՞ աերսին պագալըմ» կհարցնե։

Ու ահա հարգանքն ու պատկառանքը մյուսյու Ժաքի նկատմամբ՝ գրեթե երկյուղածության կհասներ ամենուն քով։

Ընդհանրապես այդ տեսակ խոսակցաթյանց արդյունքը կըլլար հետևյալ օրը Ժաքին կողմե եկած նամակ մը, որով քանի մը ոսկի փոխ կուզեր։ Դրամը կվճարվեր անմիջապես, նույնիսկ տեսակ մը գոհունակությամբ։ Քանի մը ոսկիի փոխարեն այնչա՜փ ազդեցիկ պաշտպանություն մը վայելել այդ անստույգ ժամանակին, անշուշտ մեծ բախտ մըն էր։

Կամաց−կամաց մյուսյու Ժաք արվեստի մը կատարելությանը հասցուց իր կեղծ լրտեսությունը։

Օր մը հուզված՝ վազեց Ղալաթիա, Հուսեփիկ աղային գրասենյակը։

− Դուն հոս անհոգ նստեր ես,− գոչեց,− չես գիտեր ինչե՜ր կդառնա կոր գլխուդ վրա։

− Ի՞նչ,– հարցուց խեղճը շլմորած։

− Ի՞նչ պիտի ըլլա, խաֆիեին մեկը քեզ ժուռնալ է ըրեր, քոմիթեեն ես եղեր, իրենց փարաները դուն կպահես եղեր։ Ճանըմ, Հուսեփիկ աղա, ինչո՞ւ ատանկ գործերու մեջ կմտնաս, ինչո՞ւդ պետք, դո՞ւն մնացիր ազգը փրկող, զավակներու տեր, այդ տարիքիդ մեջ․․․ վաղը գան քեզի բռնեն, տունդ−տեղդ խուզարկեն, սենյակդ գոցեն, քեզ դատապարտեն կախեն նե՝ ի՞նչ պիտի ընես։

Հուսեփիկ աղա, երեսին գույնը նետած, ահ ու դողի մեջ․ − Ի՜նչ կըսեք, Ժաք էֆենտի, ի՞նչ կըսեք, ես քոմիթե․․․ իրենց փարաները պահե՜մ․․․ ատ ի՜նչ զրպարտություն․․․

− Ալ կրնաս նե՝ Հյուսնի պեյին հասկցուր դուն զրպարտություն ըլլալը։

− Է՜յ, ի՞նչ ընեմ հիմա․․․ ամա՜ն Ժաք էֆենտի, խելք մը սորվեցուցեք ինծի․․․ ինտո՞ր իմացաք ժուռնալ ըլլալը․․․

− Զապթիեն էի աս առտու, երբ որ խաֆիեն բերավ ժուռնալը, առի ձեռքեն սանկ աչք մը նետեցի վրան, անունդ տեսածիս պես անմիջապես մարդուն ըսի, որ փաշային չի տա ու քովը պահե, մինչև որ գամ, ու վազեցի քեզի․․․ սըտեղեն քսան ոսկի տուր մարդուն ձեռքը դնենք, ազատիս։

Ոսկիները կհամրվին ու մյուսյու Ժաք կմեկնի։

Մեկիկ-մեկիկ, Մարկոս էֆենտի, փաստաբան Կարապետ էֆենտի, Սարգիս էֆենտի կվճարեն իրենց փրկանքը մյուսյու Ժաքին, որ ա՛լ ապրուստը ապահոված աղջիկ կփնտռե ամուսնանալու համար։