Անվերնագիր (Վարդան Հակոբյան)

Ինձնով է լեռը թեւանցուկ անում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Անվերնագիր)

Վարդան Հակոբյան

Տոնը
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Քարի տաք ափից անշտապ ելավ
ծաղիկը,
        ժպտաց,
լույսերով գգվեց ցանկություններիս,
որ թաքուն էին մնում ինձանից
(թաքուն էլ չէին, բայց չէին խոսում)։
Եվ ինձ ներելու
ուժ փնտրեց օրը,
որովհետեւ այդ ծաղիկը լավն էր,
չափազանց լավը,
եւ ես անպայման պիտի պոկեի։
Ես մի աղջկա տվի ծաղիկը...
Այդ կենտ ծաղիկը՝ մատների մեջ հինգ,
հինգ մատների հետ,
փունջ էր։ -
Աղջիկն այնպես էր բռնել ծաղիկը,
որ, համոզված եմ՝
այն չի դադարի
իմ նվիրածը լինելուց։ Երբե՛ք։
Ես վերադարձա հետո քարի մոտ.
քարին մնում էր ծաղկի ստվերը՝
կարոտի նման,
ու իմ երեսով հպվեցի քարին,
այդպես մնալով չգիտեմ որքան։