Ձին հանկարծ իշին մեկ տեղ ռաստ եկավ,
Ճամփեն շատ նեղ էր, անց կենալ չէլավ։
Ձին կարծեց՝ թե էշն իրան պատիվ կտա,
Բալքի ինքն իրան ճամփից դուս կգա։
Բայց ի՞նչ տեղ էր էշն մարիֆաթ առել,
Կոպիտ ծնվել էր, կոպիտ մեծացել։
Էնպես դունչը դուզ՝ ձիու վրա գնաց.
Ձին քաղաքավարի ղոդուղին ասաց։
«Չի՞ լինիլ, մի քիչ դու ղրաղ կանգնիս,
Որ ինձ տեղ ըլի, դու էլ ճամփա գտնիս։
Կամ թո՛ղ տուր, որ ես էլա առաջ գնամ»։―
Բայց իշի ուշը երբ ա մեկ անգամ
Էնպես անոշ խոսք մտել, տեղ արել,
Ոտն ու պոչն սկսեց դհա պինդ ցցել,
Ձիուն տեղ չտալ ու ճամփեն կտրել։
Ձին որ էս տեսավ, ինքն ղրաղ կանգնեց,
Մեր փաշա էշին համեցեք արեց։
«Չեմ ուզում, ասեց, քեզ պատվից քցեմ,
Ու քո իշության փառքիցն քեզ զրկեմ»։―