ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՄՊԱՆԻԱՆ

Մեր երկրում աշնանացանի տարածությունը դեռ չի հասել պատերազմից առաջ եղած չափին։ Շատ գյուղերում, որտեղ փորձը ցույց է տալիս աշնանացան ցորենի օգուտը, գյուղացիք սովորություն չունեն ցանելու աշնանը։

Անցյալ տարի Հայաստանում աշնանացանի տարածությունը եղել է 75 000 հեկտար։ Այս աշնանը որոշված է վարել 90 000 հեկտար։ Աշնանացանի տարածությունը պիտի ավելանա առաջին հերթին լեռնային գավառներում, իսկ դաշտային շրջաններում պիտի ուշք դարձվի բամբակի համար աշնան վարի։

Գավառներում և շրջաններում դարձյալ պիտի կազմակերպվեն արտակարգ լիազորություններ, իսկ գյուղերում՝ եռյակներ, որոնք պիտի հսկեն ծրագրի լրիվ իրագործման։

Առանց շարքացանի և սերմազտիչի՝ բերքը չի ավելանա

Աշնանացանի կամպանիայի ընթացքում առանձին ուշադրություն է դարձվելու, որ ցանքն արվի շարքացանով։ Վարձակայանի և վարկային ընկերության շարքացան մեքենաները պիտի աշխատեցնել։ Ոչ մեքենա պարապ չպիտի մնա։

Հայաստանում կա 100 սերմազտիչ, շուտով կստացվեն ևս 55 հատ։ Այս մեքենաները հերիք են աշնան ցանքի համար անհրաժեշտ սերմացուն մաքրելու։

Գարնանացանի կամպանիայի ընթացքում մենք գրել էինք[1], որ սերմազտիչները գյուղերում քիչ են աշխատում։ Ամեն մեկը պիտի մաքրի տարեկան տաս հազար փութ սերմացու, այնինչ մի հազար էլ չի մաքրել։

Պետք է բոլոր միջոցները կիրառել սերմազտիչները լրիվ օգտագործելու համար։ Ամբողջ սերմացուն պիտի անցկացնել սերմազտիչով և ապա ցանել։

80 հատ նոր տրակտոր

Եղած տրակտորների վրա ավելանալու են 80 նոր տրակտոր։ Եղած տրակտորների մի մասն արդեն հնացել է, նորերը նրանց տեղը կբռնեն և դեռ ավելին կվարեն, քան մինչ այժմ։

Տրակտորների նորոգման համար բաց է թողնվելու առանձին գումար։ Բացի այդ, որոշված է բաց անել 5 նոր արհեստանոց, տրակտորների և, առհասարակ, գյուղատնտեսական մեքենաների վերանորոգման համար։

«Մաճկալի» մի քանի թղթակիցներ գրել էին, որ գարնանացանի կամպանիայի ընթացքում դեպքեր են եղել, երբ տրակտորը չի աշխատել, իզուր կորել են օրերը։ Պատահել է, որ չքավորության համար ստացված տրակտորն ավելի շատ վարել է կուլակի հողը։ Տրակտորով կուլակն իր հողն է վարել, իսկ եզներով էլ՝ չքավորի հողը։ Աշնանացանի ընթացքում նման դեպքեր չպիտի լինեն։

Գարնան ցանքի կամպանիան ուշ սկսվեց, և քիչ ժամանակ կար աշխատանքները կանոնավոր տանելու։ Սակայն դարձյալ բավական աշխատանք է կատարված։

Հենց այժմվանից է սկսվում աշնանացանի կամպանիան, որ ամեն ինչ նախօրոք պատրաստած լինենք, մեքենաները՝ նորոգած, սերմացուն՝ տեղում, չքավոր տնտեսություններին վարկը հանձնած և այլն։

Վարկ և սերմացու չքավոր տնտեսություններին

Աշնանացանի համար չքավոր տնտեսություններին տրվելու է 200 000 ռուբլի։ Այդ գումարը հատկացվելու է սերմացու ձեռք բերելու համար։ Փորձն արդեն ցույց է տվել, որ մեզանում շատ լավ են բսնում աշնանացան ցորենի «Զեմկա» և «Կոոպերատորկա» տեսակները:

Այդ երկու տեսակից էլ որոշված է ձեռք բերել 15 000 փութ և բաժանել բոլոր գավառներին։ Այսպիսով՝ մենք ո՛չ միայն սերմացու կտանք չքավորին, այլ լավ և բերքատու սերմ։

Առանձին ուշադրություն պիտի դարձվի կոլեկտիվ տնտեսությունների վրա։ Կոլեկտիվներին աշնանացանի համար ինվենտար, սերմացու և լծկան ձեռք բերելու նպատակով հատկացվելու են գումարներ։

Կոլեկտիվները պիտի առաջի շարքում լինեն և գործով ցույց տան, որ իրենք ո՛չ միայն ցանում են այնքան, ինչքան ցույց են տալիս, այլև ցանած սերմացուն պիտի լավը լինի, մաքրած սերմազտիչով, հերկն արված տրակտորով, ցանքը՝ մեքենայով։

Առանց դրան նրանք լավ օրինակ չեն կարող լինել։

Ոչ մի փութ գոմաղբ չպիտի մնա գյուղում

Գոմաղբով դեռ բոլորը չեն պարարտացնում նույնիսկ այն գյուղերում, որտեղ ուրիշ վառելանյութ կա։ Մինչև հիմա էլ գյուղի փողոցներում, բակերի մոտ աղբակույտերն անպակաս են։ Արևի, անձրևի տակ փտում, կորչում է ահագին գանձը, իսկ մեր դաշտերը տարեցտարի ուժից ընկնում են, բերքը պակասում է։

Արտակարգ լիազորությունը որոշել է պարտադիր կերպով աղբը դաշտ կրել տալ այն տնտեսություններին, որոնք փոխադրելու միջոց ունեն։ Ժամանակն է, որ մեր գյուղացին վարժվի գոմաղբով հողերը պարարտացնել։ Արտակարգ լիազորության այս որոշումը ուժի մեջ պիտի թողնել, մինչև որ գյուղերը վարժվեն գոմաղբով հողերը պարարտացնելուն։

Չքավոր տնտեսությունների համար գոմաղբի դաշտ տանելը պիտի կատարվի հասարակական աշխատանքների միջոցով։

Գոմաղբից գյուղի փողոցներն ու բակերը պիտի մաքրել և սնունդ տալ ուժասպառ հողերին։

Խոտի պաhեստի ֆոնդեր

Աշնանացանի կամպանիայի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու, որ գյուղերում ցանեն առվույտ ու կորնգան։ Մեր ընթերցողներն արդեն գիտեն, թե ինչքան է տուժում մեր տնտեսությունը կերի պակասից։ Անցած ձմեռը կենդանի օրինակ եղավ մեզ համար։

Որպեսզի նորից նույն վիճակը չապրենք, որոշված է տեղերում կազմակերպել խոտի պահեստի ֆոնդեր։ Այս տարի Հայգյուղկոոպն ու գյուղտրեստը պիտի ձմեռվա համար պատրաստեն 300. 000 փութ խոտ։

Բացի այդ ֆոնդից, յուրաքանչյուր գավառ ու շրջան պիտի ստեղծի խոտի ֆոնդի իր պահեստը, պիտի հավաքվի անտառային բացուտներից, հասարական խոտհարքներից և գյուղական հողային ֆոնդերից։

Միայն այդ ֆոնդը քիչ է։ Գյուղն ինքը պիտի ցանի առվույտ ու կորնգան, լեռնային գավառների կոլեկտիվները որքան միջոց ունեն, պիտի զարկ տան այս աշնանը շատ առվույտ ու կորնգան ցանելու: Ահա թե ինչ աշխատանք պիտի կատարվի այս տարվա աշնանացանի համար։

  1. 1