Պայքարենք հին կենցաղի դեմ

ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԴԵՄ

Հին կենցաղը, որի մնացորդների մեջ դեռ այժմ էլ տառապում է մեր գյուղացիությունը, այն բազմաթիվ չարիքներից մեկն է, որը ժառանգություն է մնացել մեզ նախկին կարգերից։

Ներկայումս մեր նպատակն է՝ ամեն կերպ պայքարել հին կենցաղի մնացորդների դեմ և ամեն կերպ աշխատել, որ հաղթանակի նոր կենցաղը։

Վերափոխենք գյուղացու ապրուստի ձևերը

Նոր կենցաղի մասին խոսելիս, մենք առաջին հերթին ուշադրություն պիտի դարձնենք մեր գյուղացու կյանքը կամ ապրուստի ձևերը փոխելու վրա։ Մենք գիտենք, որ մեր գյուղացին այնքան էլ ուշադրություն չի դարձնում իր առողջապահական գործի վրա, երբեմն իրենց հագուստներն ամիսներով չեն լվանում և, ընդհանրապես, կեղտոտ են ապրում. բացի այդ, նրանք մաքուր չեն պահում իրենց բնակարանները, ջրերը և այլն։ Այս բոլորը հին կենցաղի մնացորդներից են և խոշոր վնաս են հասցնում մեր գյուղացու առողջությանը և հետևապես՝ մեր ամբողջ աշխատանքներին։

Բացի այդ, հին կենցաղի մնացորդներ կան նաև մեր գյուղացու կերակրվելու մեջ։ Նախ պիտի ասենք, որ գյուղացին չափազանց շատ հաց է գործածում, քան սննդի ուրիշ տեսակներից, և, մյուս կողմից էլ, նա իր կերակրվելու ժամերը չի դասավորում, որը առողջապահական տեսակետից առանձնապես վնասակար է։

Գյուղացին կուլտուրական պիտի դառնա

Մեր գյուղացու կյանքն ու կենցաղը բարելավելու համար հարկավոր է նրան կապել կուլտուրական աշխատանքների հետ։ Շատ գյուղերում գյուղացիք դեռ ավելի թանկ են գնահատում օդաներում, փողոցներում և պատերի տակ հեքիաթներով կամ զանազան փտած ու վնասակար խաղերով զբաղվելը, քան խրճիթ-ընթերցարան գնալը, թերթեր ու գրքեր կարդալը, գյուղատնտեսական և այլ դասախոսություններ լսելը և այլն։ Այս երևույթի դեմ ևս պետք է պայքարել, քանի որ դա ևս հին կենցաղի մնացորդներից է և հնարավորություն չի տալիս մեր գյուղացուն կուլտուրապես առաջ գնալու։ Գյուղացին, մանավանդ իր ազատ ժամերին, անպայման խրճիթ-ընթերցարան կամ կուլտուրական մի ուրիշ վայր պիտի հաճախի, որպեսզի գնալով կուլտուրական մարդ դառնա, իսկ առանց դրան նա չի կարող իր կյանքը լավացնել։

Վե՛րջ գրբացներին և տգիտությանը

Մեր գյուղերի այս կամ այն անկյուններում դեռ գործում են գրբաց կանայք, ֆալչիներ, մոլլաներ, գիր անող տերտերներն ու տիրացուները, հեքիմներն ու տատմերներն ու զանազան ինքնակոչ «սրբեր»։ Պետք է ասել, որ դրանք ևս, խաբելով գյուղացիությանը, բավականին վնաս են հասցնում կենցաղի կառուցման գործին։ Քիչ չեն այն դեպքերը, երբ հեքիմների և տատմերների բժշկության պատճառով հիվանդները մահացել են, կամ քիչ չեն այն դեպքերը, երբ գրբաց և խաբեբա մոլլաները, տերտերներն ու տիրացուները, խաբելով գյուղացուն, խլել են նրա ձեռքի վերջին կոպեկը։

Այս վատ և վնասակար երևույթները վերացնելու համար անհրաժեշտ է, մի կողմից՝ դուրս քաշել մութ անկյուններից այդ «սրբազան» գրբացներին, ֆալչիներին, հեքիմներին ու նմաններին և պատժել, մյուս, կողմից էլ՝ հարկ եղած աշխատանք կատարել գյուղացիությանը հասկացնելու և հեռու պահելու այդ երևույթներից։

Անչափանաս և բռնի ամուսնություններ

Այս չարիքը ևս բավականին տարածված է և հաճախ շատ վատ հետևանքներ է թողնում։ Թե ի՛նչ վնասակար երևույթ է անչափահաս ամուսնությունը, մանավանդ առողջ սերունդ ունենալու համար, դրա մասին բոլոր գյուղացիները գիտեն, սակայն շատ հաճախ պատահում են բռնի ամուսնություններ, որոնք մեր օրենքներով արգելվում են։ Այս երևույթները վերացնելու համար անհրաժեշտ է, որ գյուղում խորհուրդները խիստ հսկողություն ունենան ու արգելեն նման քայլերը և, մյուս կողմից էլ՝ գյուղացիությանը հասկացնեն և ծանոթացնեն նման ամուսնության վնասակարության մասին։

Նոր կենցաղն առաջ տանելու համար աշխատանքի պիտի լծվեն գյուղի բոլոր կազմակերպությունները։