ԱՇՈԻՆՔ

Ամառն իր բոլոր պտուղները հասցնելով՝ պահ է տալիս աշունքին, որ ինքը հանգստանա և մյուս տարին էլ նույնքան պտուղ տա։

Շարունակ երկար աշխատությունը երկար էլ հանգստություն է պահանջում։

Գալիս է աշունքը՝ ոչ այնպես ուրախ, ինչպես գարունքը կամ ամառը, և ոչ այնպես տխուր, ինչպես ձմեռը։ Նա լուրջ, խոհեմ կերպով, փորձառու և խելոք մարդու նման հաշիվ է պահանջում իր կրակոտ երիտասարդ եղբորից — ամառնի՛ց, ներում է նրա թերությունները և ինչ որ նա պակաս է լինում թողած, ինքն է լրացնում, որ երբ Ձմեռ պապը գա, նրանից հանդիմանություն չլսի, թե այս չկա, այն պակաս է, այս-ինչ կամ այն-ինչ գործը դեռ չի լրացրած։

Աշունքը երբ որ տեսնում է, թե պակաս բաներ դեռ կան, փչում է իր փողը և ամենքին նոր գործի է հրավիրում։ Ինքն էլ պարապ չի մնում։ Իր փողի ձայնի հետ նա փչում է ցրտավուն քամին։ Այդ քամին որ դիպչում է ծառերին, նրանց վրա մնացած պտուղները բոլորը թափվում են, հատակներին փռվում, դիզվում։ Տերևները այդ քամուց դեղնում, սփրթնում են երկյուղից և դողդողալով թափվում, գետնին կուչ գալիս։

Թռչունները շուտով իրանց շահացրած ձագերը ժողովում են, իրար իմաց են տալիս և մեծ-մեծ կարավաններով — խումբ-խումբ, երամ-երամ, շարան-շարան, բույլ-բույլ, կռկռալով, ծվծվալով, կչկչալով թռչում, հեռանում դեպի ավելի տաք երկիրներ...

Այգեպանը շտապում է իր խաղողը քաղել, գինի քամել, տեղավորել, պահունի մրգերից կախաններ շինել, դեղապետի համար պահել։

Պարտիզպանն էլ իր պարտեզի ու բոստանի մնացած բերքերն է ժողովում, ինչպես — կարտոֆիլը, կաղամբը, սոխը, բողկը, տակը (ճակնդեղ), գազարը (ստեպղին) և մյուս արմտիքը։

Երկրագործն էլ իր ցելերն է կեռավար անում, հազար աղոթքով ու մաղթանքով սերմը հողին պահ տալիս, ցանում, ցաքանում կամ սերմավար անում։ Այնուհետև սկսում է փայտ կրել, եթե փայտ է վառում և ոչ աթար, իր խոտի ու հարդի քանակությանն է նայում, որ եթե քիչ է, վաղօրոք մի կերպ պատրաստություն տեսնե, կամ թե չէ՝ իր տավարն ուրիշին պահ տա։ Գազաններն էլ իրանց բների, որջերի պատրաստությունն են տեսնում։ Որը հին որջն է նորոգում, որր նորն է փորում, կամ մի հարմար ծառի խոռոչ ու քարայր որոնում։

Մի կողմից աշունքը շարունակում է իր փողը փչել՝ օրեցօր ավելի սաստիկ, ավելի ցուրտ։ Դաշտերում եղյամն է դնում, սարերի գլխին՝ ձյուն, որ մարդիկ ձմեռվան պատկերը տեսնեն և ավելի շտապեն։ Առաջ հորդ անձրևներ են գալիս, գետերը վարարում, հետո գալիս են մանրամաղ անձրևներ, որոնք ծծվում են ամեն բանի մեջ և մինչև ներքին խավերն են անցնում։ Այդ տեսակ անձրևներից թեպետ կաթում են հողածածկ տները, բայց դրանք շատ օգտակար են նոր ցանած սերմերին։

Աշնանային օրերը քանի գնում, կարճանում և ցրտում են — գարնանային օրերի հակառակ, որոնք քանի գնում, երկարանում և տաքանում են — մինչև հասնում է ձմեռը և սար ու ձոր ձյունով ծածկում։

Աշնանային ամիսներն են — սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր։

1884