[ 379 ]
ԱՄԱՌ

Տարվա եղանակներն այնպես են հաջորդում միմյանց, ինչպես մարդուս հասակը։

Գարունը երեխայի նմանություն ունի։ Գարունքին ամեն ինչ նոր է ծլում, բողբոջում։ Թռչնիկները դեռ ոչ ձու ունին, ոչ ձագ։ Նրանք աշխույժ և ուրախ մանուկների պես անդադար թրթռում, անդադար թռչկոտում են, և նրանցից շատերն իրանց կյանքի մեջ աոաջին անգամն են բույն շինում։ Մյուս բոլորն էլ, ինչ որ տեսնում ենք գարունքին — խոտ, ծառ, ծաղիկ, ճանճ, բզեզ, ամենքն էլ երեխայի կերպարանք ու բնավորություն ունին։

Երեխան քիչ-քիչ աճում, զարգանում է։ Այդ աճման շարժվիլը մենք չենք տեսնում, բայց մեկ էլ տեսնում ենք մեծացած, հասակն առած։ Գարունքն էլ այսպես մեծանալով, օրեցօր նորանոր գեղեցկություններ ցույց տալով, մտնում է իր երիտասարդության հասակը, այսինքն դառնում է ամառն. հետո էլ ավելի չափահաս է դառնում, այսինքն աշունքանում է և վերջապես ծերանում է և սպիտակում, ինչպես ձմեռը։

Ճշմարիտ որ՝ գարնանային օրերը քանի դնում, երկարանում են և ավելի տաքանում։ Ծաղկազարդ ծառերը փոխում են իրանց ծաղկյա բարուրն ու պատմուճանը և զարդարվում ավելի խիտ ու պինդ հագուստով, այսինքն լայն-լայն տերևներով և նրանց մեջ թաքցնում իրանց գույն-գույն և անուշահոտ պտուղները։ Քանի որ անմեղ երեխա էին, իրանց կիսամերկությունից չէին ամաչում, ինչպես Ադամը, որ երբ արգելված պտուղը կերավ, իր լուսեղեն և ծաղկյա պատմուճանից էլ զրկվեց, և ծածկվեց լայն-լայն տերևներով, որովհետև երեխայական անմեղությունը կորցրել էր և սկսել էր ամաչել իր մերկությունից։

Երեխաների բերանների ջուրը գնում է, երբ որ տեսնում են [ 380 ] նորափթիթ պտուղները — շլորն ու ծիրանը, տանձն ու խնձորը, հաղարջն ու կեռասը, դեղձն ու դամոնը:

Էլ այնքան համբերություն չունին, որ սպասեն մինչև նրանց լավ հասունանալը։

Խակ-խակ ուտում են, ատամներն առցնում, այնպես որ էլ հաց ուտել չեն կարողանում՝ թեև փորները վեց-վեց է անում։

Եթե մանուկներն իմանային, թե որքան վնասակար են խակ պտուղները թե՛ ատամներին և թե՛ իրանց առողջությանը, երբեք չէին ուտիլ։ Ճաշակը նրանց իմաց է տալիս, ասում է՝ «խակ է, թթու է, դեռ ուտելու ժամանակը չէ, մի՛ ուտեք», ատամներն ավելի են կրճտում, բարկանում, թե՝ «էլ չենք կարողանում կրծել, մեզ մի տանջեք». բայց կամակոր ու անմիտ մանուկներն ուտում են և պատիժն էլ կրում, թեպետ իրանք չեն հասկանում, թե այն ցավը, այն ջերմն ու տեսդը ինչի՛ց հանդիպեց իրանց։

Վերջապես խակ պտուղները միմյանց հետևից հասունանում են։ Կեռասը դեղնում կարմրում է և թուշերը պլպլացնում։ Սև ու սպիտակ թութը ծածկում է ծառի հատակը։ Կանաչ վարունգի հոտով ամբողջ բուրաստանը բուրում է։ Նրա հետևից հասնում են և սեխն ու ձմերուկը, անուշահոտ ու նախշուն շամամը:

Ամառը երկրագործի աշխատության ամենաթունդ ժամանակն է։ Երկրի բերքերն այնպես շուտ-շուտ են հասնում իրար հետևից, որ եթե տան մեջ աշխատող ձեռքերը շատ չլինին, մենակ մարդը կշշկլվի, և ոչ մի բան էլ չի կարող անել։

Դեռ գարունքավարը, ցել անելը չվերջացրած, խոտը գալիս հասնում է, որ եթե շուտ չհարվի, կվաղանի, այսինքն հարելու ժամանակը կանցնի, կփչանա։ Ձեռք է զարկում խոտին, մյուս կողմից գարին է հասնում. եթե թութն ունի, արաղ պիտի քաշի, նա է թափվում ծառերիցը. եթե այգի ու բանջարանոց ունի, նրանք էլ այնտեղ են չորանում, ջրվել են ուզում։ Մինչ այս, մինչ այն, աշնանացանն է հասնում. նրան հետևում է գարնանացանը։

Եթե դաշտային տեղ է գյուղը, պետք է երեխեքը, տավարը սարը տանել. ամառվան շոգերին նրանց դաշտումը կարելի [ 381 ] չէ պահել, բայց սարումն էլ նրանց պահող պահպանող է պետք։

Հունձն ընկնում է, մշակ չի ճարվում։ Մենակ մարդն ի՞նչ կարող է անել, ո՞ր մեկին հասնե։ Մինչև մեկ արտը կհնձի, մյուսը կկծղի։

Այսպես երկրագործի ամառնային աշխատությունն այնքան շատ է և բազմակողմանի, որ մի հոգին ամեն բանի հասնել չի կարող։

Այս հանգամանքը մեկ լավ պատճառ է, որ ամենքն էլ ընկերովի աշխատեն, եղբայրները միմյանցից շուտ չբաժանվին, մինչև որ հասած որդիք չունենան. դրացին դրացու հետ ամեն բանում հարաքաշ լինի, այսինքն աշխատակից, ընկերակից: Եվ առաջ հենց այսպես են եղել ամենքը։ Բայց հիմա այդ ընկերության, եղբայրության ոգին վերացել է մեր գյուղերից:

Ամառնային աշխատության շատ մեծ օգնություն են անում և մանր երեխեքը, թե՛ տղերք և թե՛ աղջկերք։ Նրանք եզները պահում են, խոտ ու խուրձ բարձելիս սայլի առջև կանգնում են, հոտաղություն են անում, բանվորներին հաց ու ջուր են տանում։ Ամեն բանում թեթևաշարժ սուրհանդակի պաշտոն են կատարում, արագ-արագ ոստոստելով և ուրախ-ուրախ թռչկոտելով։ Բայց լինում են շատ ծույլ, խլականջ, դանդաղ և անպետք երեխեք էլ, որոնք ոչ մի բանի պետք չեն գալիս: Ափսո՛ս այդպիսիների կերած հացը:

Տղան ամեն բանում պետք է քաջ և ճարպիկ լինի, աշխատելուց չպիտի փախչի, բանից չպիտի վախենա, ամեն բան, ինչ որ ձեռքիցը կգա, պիտի անի։ Կարդալու ժամանակը պետք է կարդալ, խաղաղու ժամանակը՝ խաղալ, բայց բան ու գործի ժամանակն էլ պետք է բանել, գործել։ Դեռ լսված չէ, որ աշխատելուց մարդ վնասված լինի, բայց չաշխատելու և ծուլանալու վնասը ամեն օր տեսնում ենք:

Ամառը մի գեղեցիկ պատկեր է ժրաջանության և աշխատասիրության։ Ձմեռն ուսումնարանումն այնքան բան չի կարող սովորել երեխան, ինչքան ամառը դաշտումը, թե աշխատելով և թե՛ իր չորս կողմի երևույթների վրա նայելով։

Ամեն մի ծառ, ամեն մի թուփ, ամեն մի զեռուն շարժման մեջ է, գործի, աշխատանքի վրա է: Շերամը կամաց-կամաց [ 382 ] իր մետաքսն է գործում սուս ու փուս, մեղուն իր բջիջներն է մեղրով լցնում, մրջիմն իր ձմեռվա պաշարն է տուն կրում, թռչուններն իրանց ձագուկներն են շահացնում։

Հիրավի, ինչքա՜ն տեսնելու բաներ կան։ Շերամի կերպարանափոխությունը, թրթուրների թևավորվիլը, շերեփուկների գորտ դառնալը, մեղուների ձագ տալը, թռչունների բույներն ու ձվաները, տեսակ-տեսակ բզեզները, զեռուններ, սողուններ, ձկնիկներ, խոտեր, ծառեր, ծաղիկներ, բոլորն էլ իրանց կյանքի կայտառ ու երիտասարդ ժամանակ...

Իսկ ինձ (որովհետև ես հիմա երեխա չեմ, որ թիթեռնիկների հետևից վազվզեմ, որ տեսնեմ՝ որը որից ավելի նախշուն է) — ինձ ամեն բանից շատ դուր է գալիս այն, որ այդ ընդհանուր աշխատության, այդ ընդհանուր գործունեության մեջ տեսնում եմ մի շատ գեղեցիկ ներդաշնակություն — միություն:

Ամեն բանի մեջ մի խմբակցություն, մի կապ, մի միություն կա։ Ի՞նչ բան է, օրինակ՝ արտը, եթե ոչ մի խումբ անհամար ցողունների, որոնք իրար վրա հենվելով, իրար վրա շվաք անելով, միասին աճում, միասին հասնում և մեկին վաթսուն և հարյուր պտուղ են տալիս։

Ի՞նչ գեղեցկություն կունենար մի ձմերուկ, եթե նա մեն մենակ ընկած լիներ մի դաշտի մեջ։ Բայց ուրիշ գեղեցկություն ունի բոստանը, ուր հարյուրավոր ձմերուկներ կողք կողքի պառկած՝ իրար ականջի քչփչում են, թե այն օրը պարտիզպանը իրանցից քանի հատ պոկեց։ Կարծես անհամբեր սպասում լինին, թե երբ պիտի իրանք էլ կտրվին, բացվին, ու մարդկանց երեսին ծիծաղելով՝ նրանց ծարավը զովացնեն։

Ամառնային ամիսներն են — հունիս, հուլիս և օգոստոս։

1884