Հավքը առաջվա նման սրընթաց
Փորձեց ճյուղերի միջով ներս գնալ,
բայց շյուղը բռնեց,
շյուղը անտերեւ,-
հավքից մի քանի փետուրներ թռան...
Հին աշունքենու այտուցված միրգը
(չարդը կտցել էր մի վայրկյան առաջ),
փորձեց գլորվել,
խոզան էր խոտը.-
ինչ-որ չոր փշի ցից ծայրին մնաց...
Բյուր տարվա ճամփան խաշամի միջով
ուզեց հենց այնպես, մի քիչ թափառել,
կորցրեց ինքն իրեն
ու մնաց շվար.-
մի ճամփորդ է պետք՝ որ իրեն գտնի...
Աշնան գույներից ելավ կարմիր ձին,
փորձեց վարգով գալ՝ ամուր էր բռնել
հողը ոտքերին...
Մի վերջին տերեւ
ոտնահետքի մեջ զմռսվեց ցեխում.-
կնիքն է աշնան...