Աշնանային (Վարդան Հակոբյան, Արցախա ծուխ)

ԱՇՆԱՆԱՅԻՆ


Խաշամների մեջ թռչունի նման
        մի տերեւ խայտաց,
եւ խաբված կատուն դարան է մտել։
        Ծնկաբաց ծառեր,
որ տնավարի ու անփույթ հագնված
        հարսերի նման
փողոց են ելել մանկան ետեւից-
բացված կոճակի փոխարեն իրենց
        մատները պահած
        խալաթի վրա,
աճապարանքով ետ, տուն են վազում։
Ձայների վրա մի պահ պահվում են
        տերեւ ու կատու,
սակայն փախչելու՝ ոչ միտք, ոչ էլ փորձ։
Այնքան է աշուն։
Այգու մեջ՝ լքված նստարաններ են։
Եվ ամեն ինչից պարզ երեւում է՝
         շատ է պառավել
հատուկենտ լսվող շխկոցը զառի...
Եվ մի հաշտ վախ կա սմքած ձայնի մեջ.
        - Տեսնես ի՞նչ եղավ,
Կիրակոսն այսօր այգի չի եկել...