Աչքերիդ վճիտ...
Աչքերիդ վճիտ...
Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում—
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...
Ստվերներն իջնում ու փարվում էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՛ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում,—
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...