ԱՋ ԵՎ ՁԱԽ

(Քրոնիկ)

Օրերը կուգան կանցնին ամեն մեկը բերելով մեզի իր բաժինը ռամիկ ու հասարակ դեպքերու, որոնցմով կյանքը կը ձեվանա. կաթիլ մը արցունքով և քիչ մը ծիծաղով մարդկությունը՝ ամեն շաբթա գլուխ իր հաշվեհարդարությունը կը կատարե, զոր քրոնիկագիրը սնանկացած խաղամոլի հետաքրքրությամբ կարձանագրե աշխարհիս չորս կողմը։

Եվ երբեմն կը պատահի որ ոչ կաթիլ մը արցունք, ոչ իսկ պզտիկ ժպիտ մը կը գտնեք հրապարակին վրա. ոչի՛նչ, տափակութենե զատ, ուր իզուր աջ և ձախ կր պտտցնես հարթաչափ գործիքը, որուն ջուրե խողովակին մեջ՝ օդին պուտիկը տեղեն չերերար, աննշանությունը նշանակելու փորձ մը ըրած եք երբեք, և այս է հաճախ մեր մեջ քրոնիկագրին տաժանելի ճակատագիրը։

Հին ատենի հելլեն փիլիսոփա մը, զվարճախոս մարդ, կը պնդեր թե փողոց ելած ատեն որ կողմ երթալը կանգիտանար, ուրկե բանասերներն ոմանք հետևցուցին թե Դիոգինես իր ժամանակի քրոնիկը գրողն ըլլալու էր. և ուրկե ես կը հետևցնեմ թե խեղճ մարդը իր ատենին կաթողիկոսական պատվիրակն էր՝ էջմիածին երթալու պատրաստված։ Մեր պատգամավորները հետզհետե կը մեկնին, շալկած իրենց քվեները, խաշի պես սուրբ ու ծանր միանգամայն, եթե խղճահար և պարտաճանաչ են։ Պոլիսեն՝ ուսյալ եկեղեցական մը՝ Օրմանյան սրբազանը և համակրելի ու հարգելի վաճառական մը՝ Տիգրան էֆ. Կյումյուշկերտան, մայրաքաղաքիս հայոց կարծիքը կը տանին ի Վաղարշապատ։


Գլուխնիս դարձնենք Վաղարշապատեն. նայինք... ուր, գրականությա՞ն, ամուլ ու աղքատ, երկու աստիճանով շինված սանդուխ, որուն լրագրական չորս հոդվածով բարձունքը հասած կըլլաս՝ շուրջդ արհամարհանքով դիտելու համար, ուրկե անցյալի մարդիկ սև բիծերու պես միայն աչքիդ կերևան, քեզ որ ներկայի գրագետն ես, այնպես չէ՞։ Եվ հանկարծ այդ սև բիծերեն մին կը շարժի, կը խոսի։ Արդյոք իր երիտասարդության, իր դպրոցական կյանքի հիշատակնե՞րը պիտի բերե մեզի շահեկան անեքտոդներով լեցուն, ոչ. այլ հեգնող սրամտություն մը, բառ մը կը նետե որ, հստակ և որոշ, անհուն անջրպետեն կը հասնի քեզի, վառյա՜կ, քրքիչի մատնելով անհամեստներուն պարծուկ հնդկահավի ձևերը։


Համեստներեն մին ալ թողուց գնաց, ո՛չ հոն ուր նարնջենին կը ծաղկի, այլ հոն ուր դալարն անգամ չի ծաղկիր դեռ, վասնզի թարմ է հողը որ Սրապիոն Հեքիմյանը կը ծածկե։

Վենետիկցի մըն էր այս ալ, Պեշիկթաշլյանի, Թերզյանի, Աճեմյանի պես բանաստեղծ և միանգամայն թատերագիր. իր «Տաղք և Բանաստեղծությունը» ստվար գործը չեն գիտեր շատերը. ինքն ալ կարելի եղածին չափ քիչ շշուկ և աղմուկ ընել ուզած էր, ճիշտ հակառակը անոնց՝ որոնց ցուցամոլությունը հիմա կատարյալ ծանուցումի մը ձևերը կառնե։

Հետո մոռցված էր բոլորովին իր կենդանության մեջ. այս գրաբարագետը սրբապղծումի պես բան մը կը նկատեր իր շուրջը եռացող պղպջացող նոր լեզուն, անկանոն, երբեմն աղեղ, շատ անգամ շնորհալի ու գռեհիկ, ու քաշված էր ասպարեզեն իր տոհմիկ գրագետի մեկուսացման մեջ պահվտած, շուկատ գրականության մը չի քսվելու երկյուղով։


Քանի որ համեստներու վրա է խոսքս, չեմ կրնար չհիշել հոյակապ անուն մը, զոր լսած ենք ամենքս ալ։

Տ. Հովհաննես Հյունքյարպեյենտյան դրացիս էր և փափագեր էր մեծ մարդոց հատուկ խոնարհամտությամբ մը տեսնել զիս անգամ մը. իր ալեհեր ու լայնարձակ ճակատը, որ մեծ իմացականության մը կենտրոնն է, կուրծքը ծածկող սպիտակ մորուքը, այն անունը, որուն տերն է ինք, զիս պատկառանքով կը լեցնեն, և սիրահոժար կը համբուրեմ ձեռքը այս պատվական ծերունիին, որ պատիվն է իր կարգին, իր ազգին և անոր գրականության։

Հմուտ հելլեն գրականության, որուն դասական հեղինակները ծանոթ են իրեն մերիններուն չափ, պարսկագետ ու լատինագետ, Հայր Հյունքյարպեյենտյան լեզվաբանական հսկա և ապերախտ աշխատության մը հեղինակն է հայ բառերու ծագման վրա։

Մեկ երկու հատվածներ, զորս կը հաճի ընթեռնուլ, հիացմամբ կը լեցնեն զիս իր ապշեցուցիչ հմտության, հիշողության վրա։ Այս մեծ բանասերին հետազոտությունները կուտան մեզի շատ մը հայ բառերու ստուգաբանությունը, շատ մը պատմական ու շահեկան ծանոթություններ, որոնք մեր հին գրականության վրա նոր լույս մը կը սփռեն։

Եվ ակամա այս աննման հմտության, այս խորին համեստության քով միտքս կուգա երեկի տղաքր, թոթովախոս դեռ և հավակնոտ այնքան, և չեմ կրնար արգիլել Ություճյանի բառը որ ահա նորեն գրչիս ծայրը կուգա.

— Վառյակնե՜ր։