ԱՌԱՋԻՆ ՃԵՐՄԱԿԸ


Երբ ես առաջին ճերմակը տեսա
վարսերում իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
- Մի՛ տխրիր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Երբ որ ես երկրորդ ճերմակը տեսա
վարսերում իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
- Մի՛ տխրիր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Երբ ամբողջովին նստել էր ձյունը
վարսերին իմ մոր,
                մայրիկս ժպտաց.
Մի տխրի՛ր, որդիս,
ես ջահել եմ դեռ։

Ես մի օր մորս ցույց տվի գլխիս
ճերմակն առաջին,
                հառաչեց հանկարծ
ու մի վայրկյանում
մայրս ծերացավ։